HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Սահմանի երեք եղբայրները

Հրանտ Գալստյան

Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որը գրեթե ամբողջությամբ տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կրակահերթերի մասին երեխաների հարցերին պատասխանելու համար տարբեր պատմություններ են հորինում: 42-ամյա Սամվելը իր տղաներին ասում է, որ կրակոցները ուսումնական են, և այդ ձայները հրաձգարանից են գալիս: Իսկ 37-ամյա Արայիկն աղջիկներին սովորեցրել է, որ երեկոյան ոչ թե կրակոցի, այլ հրավառության ձայներ են լսվում:

Արայիկն ասում է՝ պետք չէ խուճապի ենթարկել երեխաներին: Սամվելն էլ չի ուզում վախեցնել նրանց, բայց երբ բացատրել է, որ դրսում խաղալիս պետք է զգույշ լինել, երեխաները սկսել են անհանգստանալ ու արթնանալ այդ ձայներից: «Մենք տեսել ենք, մեզանից մեծերը տեսել են, էս հոգեբանական վիճակները ազդում ա անընդհատ էս էրեխեքի վրա»,- ասում է Սամվելը:

Սամվելը եղբայրներից ավագն է, Արայիկը՝ կրտսերը: Նրանց մյուս եղբայրը՝ Մանվելը, նույն գյուղում է ապրում: Մինչև վերջերս երեքն էլ աշխատում էին որպես պայմանագրային զինծառայողներ: Այս տարի Սամվելը դուրս է եկել ծառայությունից: «Ընտանիքը մեծացել ա, էլ չէի հասցնում»,- բացատրում է նա:

Սամվելի որդիները՝ Հայկը և Տիգրանը

Մինչև 2009թ-ը, երբ անցել է պայմանագրային ծառայության, Սամվելը զբաղվելիս է եղել գյուղատնտեսությամբ, հետո մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Զինվորական ծառայության անցնելիս մտածել է, որ «համ անունը տեղը կլնի, համ էրեխեքս չեն սովի»: Ի տարբերություն գյուղատնտեսության՝ պետք չի եղել ամիսներ շարունակ սպասել արդյունքին, որը գուցե ավելի շատ լիներ, բայց ամեն ամիս չէ, որ թույլ էր տալիս ժամանակին կատարել կոմունալ վճարումները: «Էդ կանխիկ գումարը մոտս ըլնում ա, գլուխս չեմ կախում»,- ասում է նա:

Սամվելն այժմ ընտանի կենդանիներ ունի և պատրաստվում է անասնապահությամբ զբաղվել: Չգիտի՝ ավելի շատ կշահի, թե կտուժի, բայց որոշել է փորձել: Մեր այցելության օրը նա Բերդ՝ վաճառելու էր տարել իր խոզերից մեկին: Ասում է՝ խոզերից մեկը շուտով ձագեր կունենա:

Սամվելը ավագ որդու՝ Ալբերտի հետ

Ներքին Կարմիրաղբյուրը ադրբեջանական դիրքերից հեռու է 700-800 մետր: Այստեղ հողերի հազիվ 20%-ն են մշակում: Սամվելն ասում է, որ մի պարզ բանջարանոց ունենալու համար պետք է պարիսպ կառուցել, «որովհետև ցանկացած տեղ խոցելի ա»:

Կարմիրաղբյուրի հարևանությամբ Այգեպարն է, իսկ երկու գյուղերի դիմաց՝ ադրբեջանական դիրքերի մոտ, ադրբեջանական Ալիբեյլի, Հաջալու, Օքյուզլու գյուղերն են: Հրադադարի կնքումից ի վեր Ներքին Կարմիրաղբյուրում ադրբեջանական դիրքերի կրակոցներին զոհվել են 5 խաղաղ բնակիչներ և երկու զինծառայողներ: Այս տարիներին մի շարք կազմակերպություններ ու անհատներ ցուցաբերել են տարբեր բնույթի օգնություններ. վերանորոգել են դպրոցի շենքը, բազմացնելու պայմանով նվիրաբերել են անասուններ, տվել են արտոնյալ վարկեր: Սամվելը նշում է, որ եթե չլիներ մարդասիրական օգնությունը, գյուղից շատերը կգնային, բայց հավելում է նաև, որ ամաչում են այդ օգնությունից, երբ կարող էին սեփական աշխատանքով բավարարել իրենց կարիքը. «Ամերիկայից էստեղ մի ծով անցնում են, էստեղ բերում մեզ օգնություն են ցույց տալիս, էստեղ, որ կարամ, ասենք, մի 50 մետր էն կողմ պամիդորն անեմ»:

Սամվելը տունը նոր է նորոգել, բայց ցույց է տալիս փամփուշտների թողած անցքերը պատերի ու տանիքի վրա: Նախկին զինծառայողն ասում է, որ ավելի լավ է հասնել խաղաղության՝ փոխադարձ հարվածները խստացնելու փոխարեն. «Թող իմ պատուհանը մնա տեղը, ես չգնամ 2000-3000 դրամ տամ, շուշեն առնեմ գցեմ, իրան տունը ինձ վառելը պետքը չի: Չկրակի իմ պատուհանը փչացնի, մեր էս հոգեկան վիճակը, էս երեխանց ճչոցը չլսեմ»:

Ներքին Կարմիրաղբյուրում, ըստ գյուղապետ Մանվել Կամենդատյանի, 1350 մարդ է ապրում: «Գյուղում 380 տուն կա: Էդ մարդիկ մի քանի անգամ կառուցել են իրենց տները, ո՞ւր գնան»,- հարցնում է գյուղապետը:  

Սամվելի եղբայրները, 40-ից ավելի համագյուղացիների հետ, շարունակում են պայմանագրային ծառայությունը: Սամվելն ասում է՝ նրանք ադրբեջանական դիրքերից հեռու են մինչև 170 մետր: Թեև եղբայրներն այդ մասին ոչինչ չեն ասում, ինքը տարբերում է՝ հնչող կրակոցները նրանց դիրքերի ուղղությա՞մբ էին, թե ոչ: «Նույնն էլ ինձ են հարցրել, ասել են կրակոց կա՞, ասել եմ՝ չէ, լավ ա: Դե տնեցիք են, կին ա, էրեխա ա, աշխատում ենք շատ խուճապ չստեղծվի: Դե կարող ա մի արանք մի ինչ-որ հոգեկան խանգարում ստացած մի հատ կրակեց, դրա համար հո խուճապ չենք գցի»,- ասում է նա:

Արայիկի և Մանվելի երեխաները

Մանվելը նույն դիրքի ավագն է, որտեղ ծառայում է Արայիկը: Նրանք հավատացնում են, որ դիրքերում ծառայակիցներ են, ոչ ավելին: Ասում են, որ ծառայությունից հազիվ վերադարձած՝ իրենց նորից կարող են կանչել դիրքեր, եթե լարվածություն սկսվի: Բայց ամսվա մի կեսին, երբ ծառայության մեջ չեն, տան մյուս գործերն են անում՝ փայտի, խոտի, կենդանիների, եւ այլն: Նաև շատ ժամանակ են տրամադրում երեխաներին, որոնց հետ ամսվա մյուս մասը հեռախոսով են խոսելու:

Արայիկը աղջիկների՝ Մանուշակի և Կարինեի հետ

«Էն օրը հետը խոսում եմ, ձյուն էր եկել. հայրի՛կ ջան, բա ձյունը եկել ա, ասում ա, բա ձմեռ պապը խի՞ չի գալիս: Գիտի ամեն ձյուն գալով ձմեռ պապը պետք ա գա: Ասում եմ՝ ինչ եմ իմանում խի չի գալիս»,- աղջիկներից փոքրին՝ երկու տարեկան Մանուշակին գրկած՝ պատմում է դիրքերից նոր վերադարձած Արայիկը: Մանուշակի համար սա ընտանիքի սովորական մոդելն է, որտեղ հայրը մե՛կ տանն է, մե՛կ՝ հեռու: «Էրեխուն բացատրելու կարիք չի եղել: Երկու տարեկան էրեխուն ինչ բացատրես, ինչ կհասկանա, որ ես 15 օր գնում եմ, 15 օր չլացես, 15 օր չկարոտես… Չես կարա բացատրես, որովհետև էդ էրեխեն չի հասկանա դա»,- ասում է Արայիկը:

Արայիկի աղջիկները

Աղջիկներին նա պատմում է դիրքերի իրենց առօրյայից, պատասխանում նրանց հարցերին: Անիին, որ վեցերորդ դասարանում է սովորում, հետաքրքրում է, թե արդյոք չեն հոգնում հայրն ու ծառայակիցները՝ սահմանին կանգնելիս: Դպրոցում՝ մինչ հոր գալը, Անին նրա մասին ասում է՝ «Առանց իրա լավ չի տանը մենակ, վախենում ենք»:

Արայիկը նշում է, որ թեև աշխատավարձը ժամանակին է ստանում, բայց դրանով չի կարողանում հոգալ մեծացող ընտանիքի պահանջները: Տունը նոր են ապահովել գազամատակարարումով, բայց խնայելով են վառում՝ վստահ չլինելով, թե կկարողանան կատարել վճարումը: Արայիկը մյուս համագյուղացիների նման նշում է, որ ամենաշատն ուզում է լարվածությունը լուծված տեսնել, որ գյուղացիները կարողանան իրենց գործերին անցնել և ստիպված չլինեն «բերքահավաքին գողությամբ զբաղվել»:

Ներքին Կարմիրաղբյուրում պատմում են, որ ադրբեջանական այն գյուղերում, որոնք տեսանելի են Ներքին Կարմիրաղբյուրից, հասարակ գյուղացիները երբեմն դուրս են գալիս իրենց սահմանապահների դեմ, երբ նրանք սկսում են կրակել վարուցանք անող հայ գյուղացիների ուղղությամբ: Իշխանությունները երկու կողմում էլ վստահեցնում են, որ պատասխանը երբեք չի ուշանում. այդ մասին առաջինն այս գյուղերում են իմանում:

Սամվելը ծիծաղում է, երբ համեմատում է գյուղն ու դիրքերը, որտեղ ծառայել է: «Պոստը պրինցիպի ավելի ապահով ա, քան թե գյուղի մեջը: Պոստում հողին տեն խփիլ, կամ էլ փոքրիկ էսքան ծակով պիտի խփի, եթե կարա, էդ էլ հազարից մեկ: Իսկ գյուղում ցանկացած շարժ էլ տենում ա ինքը, ժիվոյ կանգնած: Գյուղի մեջ ավելի վտանգավոր ա»:

Ներքին Կարմիրաղբյուրից վերադառնալուց օրեր անց իմացանք, որ Սամվելի երեք տղաները քույր են ունեցել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter