HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կաթնախառնուրդներ. վնասակար են երեխայի առողջության, օգտակար են արտադրողի գրպանի համար

Հայաստանում մինչև 4 ամսական երեխաների գերազանցապես կրծքով սնուցումը 80% է, իսկ բացառապես կրծքով սնուցումը (երբ երեխան, կրծքի կաթից բացի, չի ստանում ոչինչ` նույնիսկ ջուր)` 45%: Մինչդեռ 1994 թ. Հայաստանում կրծքով սնուցումը 20% էր: Մասնագետները համարում են, որ 80%-ը շատ լավ ցուցանիշ է: Սակայն, այս ցուցանիշն այսօր վտանգված է:

«Ավելի ու ավելի վտանգավոր են դառնում կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների ագրեսիվ գովազդը և մարկետինգը, որոնք միտում ունեն կրծքով սնուցման ցուցանիշներն իջեցնել, որովհետև նրանց առևտրային շահերը պահանջում են, որ որքան հնարավոր է շատ երեխաներ կերակրվեն արհեստական սնուցմամբ և գնեն իրենց կաթնախառնուրդները»,- ասաց «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը Ծաղկաձորում Առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստանի» կազմակերպած սեմինարի ժամանակ:

Կաթնախառնուրդի հումքն էժան է. դա ընդամենը կովի կաթն է: Պատրաստման տեխնոլոգիաները ևս բարդ չեն: Սակայն կաթնախառնուրդը թանկ ապրանք է և շահավետ բիզնես: Ուստի, արտադրող ընկերությունները ձգտում են հնարավորինս նպաստել երեխաների` արհեստական սնուցմանն անցնելուն:

Հայաստանի շուկայում, ըստ մանկաբույժի, գերիշխող դիրք ունեն կաթնախառնուրդ արտադրող «Հիփ» («HIPP»), «Նեսթլե» («Nestle») և «Նուտրիցիա» («Nutricia») ընկերությունները: Դաշտում մի շարք այլ ընկերություններ էլ կան, որոնք խախտումներ են անում հիմնականում նրա հետևանքով, որ փորձում են հնարավորինս նպաստել վաճառքին: Իսկ «Հիփը», «Նեսթլեն» և «Նուտրիցիան» առանձնանում են նրանով, որ անում են բազմապրոֆիլ խախտումներ:

Մայրական կաթի առավելությունները

Աշխարհում տարեկան 1,5 մլն երեխա է մահանում համապատասխան կրծքով սնուցման բացակայության պատճառով: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` 6 ամսականից մեծ ևս 12 մլն երեխա մահանում է թերսնուցման պատճառով:

Կրծքի կաթը պարունակում է բոլոր անհրաժեշտ սնուցողական բաղադրամասերը, որոնք երեխային պահպանում են տարբեր հիվանդություններից: Կրծքի կաթով կերակրվող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում շնչառական և մի շարք այլ հիվանդություններով (օրինակ` փորլուծությամբ, լեյկեմիայով), ավելի լավ են արձագանքում պատվաստումներին, մտավոր ավելի զարգացած են, ավելի հազվադեպ են ատամի կարիես ունենում, ավելի լավ տեսողություն ունեն: Մայրական կաթով կերակրվող երեխաներն ավելի քիչ են մահանում հիվանդություններից, հետագայում ավելի քիչ են հիվանդանում բոլոր օրգանների քաղցկեղներով, սրտանոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով:

Կրծքով կերակրելը օգտակար է նաև կնոջ առողջության համար: Այդպիսի կանայք ավելի քիչ են հիվանդանում սակավարյունությամբ, կրծքագեղձերի քաղցկեղով, օստեոպորոզով (ոսկրերի դյուրաբեկություն): Կրծքով կերակրելու ընթացքում նվազում է որոշ հիվանդությունների, օրինակ` շաքարային դիաբետի արտահայտվածությունը:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի խոսքերով` երբեմն լինում են լուրջ բժշկական ցուցումներ, որոնց դեպքում կնոջը խորհուրդ չի տրվում երեխային կերակրել կրծքով: Օրինակ` եթե ՄԻԱՎ վարակակիր կինը իր երեխային կերակրի կրծքի կաթով, ապա երեխայի` վարակվելու վտանգը կմեծանա 2-3 անգամ:

Կաթնախառնուրդներն օգտագործվում են նաև այլ դեպքերում: Օրինակ` ընկեցիկ երեխաներին ծննդատներում կերակրում են կաթնախառնուրդներով: Եվ դա որևէ կերպ չի վնասում կրծքով կերակրման ծրագրին: Իսկ այն կինը, որը իր երեխային կրծքով կերակրելու համար բավարար կաթ կամ համապատասխան հմտությունների չունի, Գայանե Ավագյանի համոզմամբ, ավելի լավ է երեխային կերակրի ադապտացված կաթնախառնուրդով, քան կովի կամ այծի կաթով:

«Կաթնախառնուրդների անհրաժեշտությունը կա: Դրանք պետք է վաճառվեն: Բայց պետք է դադարեցնել դրանք օգտագործելու համար մարդկանց համոզելու և նրանց ընտրության վրա ազդելու այնպիսի եղանակներ, ինչպիսիք են գովազդը, մայրերին անվճար նմուշներ տալը»,- իր հերթին ասում է Սուսաննա Հարությունյանը:

Կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները` օրենքի պահանջների խախտողներ

ՅՈւՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի ռազմավարությանը համահունչ` Հայաստանն ունի ներազգային ռազմավարություն, որն առաջարկում է բացառապես կրծքով սնուցում երեխայի կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում, ապահով և համապատասխան հավելյալ սնունդ` սկսած 6 ամսականից, ինչպես նաև շարունակվող կրծքով սնուցում մինչև 2 տարեկան հասակն ու ավելի երկար, եթե մայրն ու երեխան դրա ցանկությունն ունեն:

1981 թ. ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը, որը խորհրդատվական և ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները և կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների և արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների մասին: Սակայն Հայաստանում այս պահանջը հաճախ է խախտվում:

Օրենսգրքով արգելված է առողջապահական հաստատությանը անվճար կամ ցածր գնով կաթնախառնուրդ տալը, ծննդատանը մորը կաթնախառնուրդ նվիրելը, մինչդեռ Հայաստանում այդպիսի դեպքեր շատ են: Ծնողները թանկ են վճարում այս նվերի համար. եթե ծննդատանը երեխային 2-3 անգամ արհեստական կաթնախառնուրդով ու շշով կերակրես, քիչ հավանական է, որ հետագայում երեխան կարող է կրծքով լիարժեք կերակրվել:

«Մեծ մասամբ այդ ծնողները 1 տարով կախվածության մեջ են ընկնում այդ ֆիրմայից, որովհետև սա արդեն դառնում է երեխայի առողջության համար անհրաժեշտ: Կաթնախառնուրդի մասին կարելի է ասել նույնը, ինչ թմրադեղերի, որոնց առաջին դոզան տրվում է անվճար, և դրանից հետո այդ արդյունաբերությունը մեծ ֆինանսներ է ստանում: Ուղղակի այս կախվածությունը, բարեբախտաբար, տևում է մինչև 1 տարեկանը և ոչ ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Սուսաննա Հարությունյանը:

Նա մի քանի օր առաջ հիվանդանոցներից մեկում տեսել է տուփերով դրված «Հիփ» կաթնախառնուրդներ և բուկլետներ: Չնայած լրագրողների խնդրանքին` Սուսաննա Հարությունյանը չասաց ծննդատան անունը, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում անվճար կաթնախառնուրդներ են ստանում գրեթե բոլոր ծննդատներն ու մանկական հիվանդանոցները և բաժանում մայրերին:

Օրենսգիրքն արգելում է կաթնախառնուրդների խրախուսումը առողջապահական հաստատություններում: Մինչդեռ հայաստանյան ծննդատներում բժիշկներին տալիս են խալաթներ, որոնց վրա կաթնախառնուրդ արտադրող որևէ ընկերության լոգոն է: «Հիփի» և «Նեսթլեի» լոգոյով խալաթներ արդեն բաժանվել են Երևանի ծննդատներին: Այդ խալաթը հագած բժիշկը դառնում է քայլող գովազդ:

«Այսօր նաև ՀՀ-ում կան բժիշկներ, որոնք վարձատրվում են կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների կողմից որոշակի միջոցառումների մասնակցելու, օրինակ` արտասահմանյան շատ լավ ուղևորության գնալու համար: Վարձատրվում են օգտագործված նույնիսկ ամեն տուփ կաթնախառնուրդի կամ ամեն երեխայի համար, որն անցել է արհեստական սնուցման»,- նշում է Սուսաննա Հարությունյանը:

Ըստ մանկաբույժի` շատ վտանգավոր է, որ Հայաստանում ծնողներին տալիս են «Սիմիլակ» («Similac») ընկերության քարտը, որի վրա գրված է բժշկի անունը: Եթե ծնողն այդ քարտով վաճառքի կետից կաթնախառնուրդ է գնում, բժիշկը դրանից որոշակի հավելավճար է ստանում: Այս քարտերը բժիշկներին կարող են բաժանվել կոնֆերանսների ժամանակ:

Օրենսգիրքն արգելում է նաև արհեստական սնուցումն իդեալականացնող բառերի կամ պատկերների, այդ թվում մանուկների նկարների տեղադրումը արտադրանքի պիտակներին: Այդ պիտակները պետք է բացատրեն կրծքով սնուցման առավելությունները և արհեստական սնուցման ծախսերն ու վտանգները: Մինչդեռ Հայաստանում չի վաճառվում որևէ կաթնախառնուրդ, որի տուփի վրա գրված լինի, թե ինչու է վտանգավոր արհեստական սնուցումը:

Սուսաննա Հարությունյանի խոսքերով` հայաստանյան շուկայում վաճառվող «Սիմիլակ» կոչվող սոյայի կաթնախառնուրդի պիտակին հայերեն որևէ մակնշում չկա: Վերջերս հայաստանյան շուկայում հայտնված «Հումանա» («Humana») ընկերությունը ևս սկսել է խախտել օրենքը: Այս ընկերությունը բուժաշխատողներին համար պատրաստում է բրոշյուրներ, որոնց վրա ոչ մի բառ չկա այն մասին, որ երեխայի համար լավագույնը կրծքի կաթն է:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելվում է մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր և ծծակներ գովազդելը, գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը և այլն:

Սուսաննա Հարությունյանը նշում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն ամեն օր` առավոտյան, հեռարձակում է «Հիփ» ընկերության` 4 ամսականից սկսած երեխաների համար հյութերի գովազդը: Նման գովազդներ հեռարձակում են նաև այլ հեռուստաընկերություններ:

Մշակվում է ոլորտը կարգավորող օրենք

Մի քանի տարի առաջ «Վստահություն» ՀԿ-ն դիմել է «Հիփ» ընկերությանը և ուշադրություն հրավիրել այն բանին, որ ընկերությունը խախտում է օրենքը` մեկ շաբաթական տարիքից սկսած երեխաների համար թեյ արտադրելով: «Հիփից» ՀԿ-ին պատասխանել են, որ իրենք թեյ ընդհանրապես չեն արտադրում: Երբ ՀԿ-ն «Հիփին» ուղարկել է թեյի տուփը, պատասխանել են. «Թող ձեր Կառավարությունը պահանջի, որ մենք սա դադարեցնենք»:

Այնուհետև «Հիփին» ու «Նեսթլեին» ուղարկվել են նամակներ, որոնք ստորագրել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի ազգային գրասենյակները: «Հիփը» որևէ կերպ չարձագանքեց այս նամակներին: Իսկ «Նեսթլեն», հերքելով իր արած մի քանի խախտումներ, դադարեցրեց մի քանի այլ խախտումներ: Այդ ժամանակ «Նեսթլեն» խոստացավ Հայաստանում չվաճառել 4 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված շիլաներ, ինչը ԱՀԿ-ի պահանջն է, բայց տարիներ անց վերսկսեց վաճառքը, և այսօր այդ շիլաները վաճառքում են:

Սուսաննա Հարությունյանը ստեղծված իրավիճակի պատճառը համարում է համապատասխան օրենքի բացակայությունը: Եղած օրենսդրությունն էլ խախտումները դադարեցնելու մեխանիզմներ չի նախատեսում:

Մանկական սննդի ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է հատուկ նշանակության սննդամթերքի (որի մեջ մտնում է մանկական սնունդը) մակնշմանը, տվյալների շտեմարանին և գովազդին վերաբերող պահանջներ, ինչպես նաև կարգավորում է այլ խնդիրներ:

«Սննդամթերքի անվտանգության և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի բացն այն է, որ դրա նկատմամբ պատժամիջոցներ, օրինակ` վարչական տուգանք սահմանված չէ»,- ասում է առողջապահության նախարարի իրավախորհրդական Սուրեն Քրմոյանը:

ՀԿ-ները և առողջապահության նախարարությունը բազմաթիվ գրություններ են ուղղել հեռուստաընկերություններին և արտադրող ընկերություններին` պարտադրելու հանել գովազդը: Սակայն «Վստահություն» ՀԿ-ի նախագահը նշում է, որ հենց ընկերությունները տեսնում են, որ դու դադարեցրել կամ թուլացրել ես մոնիտորինգը, վերսկսում են խախտումները:

Առողջապահության նախարարությունը և Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն ավարտում են «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Սուրեն Քրմոյանը հույս ունի, որ օրինագիծն ԱԺ-ում կքվեարկվի այս գարնանը:

«Այս օրենքի առաջին խնդիրն է խրախուսել, պաշտպանել, աջակցել կրծքով սնուցումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց` մանուկների և վաղ տարիքի երեխաների համար: Բացառապես կրծքով սնուցում պետք է լինի մինչև 6 ամսական: Մենք առաջին անգամ որպես իրավունք և որպես պարտականություն` ամրագրում ենք կրծքով սնուցման գաղափարը: Այսինքն` մոր հրաժարվելը, եթե բժշկական ցուցումներ չկան, արդեն դիտարկվում է որպես երեխայի իրավունքների խախտում»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

Օրենքը կանոնակարգելու է նաև այն դեպքերը, երբ մայրն ի վիճակի չէ կրծքով կերակրել երեխային, կամ երեխան բժշկական ցուցումներով լրացուցիչ և հավելյալ սննդի կարիք ունի: Օրենքով արգելվելու են կաթնախառնուրդների վաճառքը բուժհաստատություններում, բուժաշխատողների կողմից դրանց գովազդը:

Բացի մայր օրենքից` ներկայացվելու են փոփոխություններ նաև այլ օրենքներում, օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Ստուգումների մասին» օրենքում: Սա նշանակում է, որ առողջապահության նախարարությունը վերահսկողություն է իրականացնելու` առանց նախազգուշացման: Նախարարության տեսուչները իրավունք են ունենալու ցանկացած պահի մտնել առևտրի կետեր ու ծննդատներ և ստուգումներ անել:

«Եվ կանոնակարգվելու է պատասխանատվությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանվելու և բժիշկների, և բուժհաստատությունների, և հեռուստաընկերությունների, և արտադրողների նկատմամբ»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

Մեկնաբանություններ (2)

Սեդա
Բարև ձեզ, ես էլ նույն խնդիրն ունեմ ու դադարեցրել եմ կրծքով սնուցումը։ Ընտրեք այն, որը բալիկը կհավանի, միայն թե բաղադրությունը ստուգեք։ Չպետք է պարունակի արմավի յուղ, ներկանյութեր, ԳՄՕ։ Փորձեք առավել պարզ բաղադրիչներով ընտրել։
Գայանե
Բարև ձեզ։ խնդրում եմ ինձ խորհուրդ կտաք որ անվան կաթնախարնուրդից օգտվենք։ Թոռնիկս 4 ամսական է, ցավոք հարսիս մոտ առողջական խնդիրներ առաջացան , սպիպված պեպքե օգտվենք կաթնախարնուրդից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter