HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանից հետախուզվողների հայտնաբերման հիմնական վայրը Ռուսաստանն է, հոդվածը` զինվորական ծառայությունից խուսափելը

Այս տարի արտերկրում հայտնաբերվել է Հայաստանից հետախուզվող հինգ քաղաքացի: Այս մասին, «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն: Նրանցից երկուսին հայտնաբերել և Հայաստան է ուղարկել Իսպանիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն:

Արտահանձնվածներից  Արմեն Ավետիսյանը հետախուզվում էր արդեն 13-րդ տարին և կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Ոստիկանությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել այն ժամանակ, երբ Երևանի փողոցներից մեկում ինքնաձիգից արձակված կրակոցից մահացավ Արթուր Մկրտչյանը: Իսպանիայից արտահանձնված մյուս քաղաքացին` Արման Հովհաննիսյանը հետախուզվում էր 22-րդ տարին` ծանր հանցագործություններ, այդ թվում` սպանության փորձ կատարելու կասկածանքով: 

2016թ. արտերկրում հայտանաբերված մյուս երեք քաղաքացիների անունները մեզ հայտնի չեն: Ինտերպոլից ստացած տեղեկատվությունից պարզ է միայն, որ որ հայտնաբերվածներից մեկը, ով հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով(գողություն), ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում և առայժմ չի արտահանձնվել:

Չորրորդ և հինգերորդ հայտանբերվածները ոչ միայն չեն արտահանձնվել, այլ նաև չեն ձերբակալվել: Նրանցից մեկը հայտնաբերվել է Շվեդիայում և հետախուզվում էր քրեական օրենսգրքի 327 հոդվածով, այն է` Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը: Մյուսը հայտանբերվել է Գերմանիայում և հետախուզվում էր ՔՕ 130-րդ հոդվածով` Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 

Հայաստանից հետախուզվողների հայտնաբերման հիմնական վայրը Ռուսաստանն է

Ոստիկանության Ինտերպոլի ազգային բյուրոն, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տրամադրել է տեղեկատվություն` վերջին վեց տարիներին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող և այլ երկրներում հայտնաբերված անձանց մասին:

Տրամադրված տեղեկատվությունից երևում է հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների հայտնաբերման աշխարհագրությունն ու առաջադրված քրեական հոդվածները: «Ինտերպոլը», ինչպես նշեցինք, անուններ չի հայտնում` համարելով դա ոչ «նպատակահարմար»: 

2010-2015թթ., ըստ տրամադրված վիճակագրության, աշխարհի 35 տարբեր երկրներում հայտնաբերվել է Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող 497 անձ: Հայտնաբերում դեռևս չի նշանակում ձերբակալություն և արտահանձնում: Արտերկրում հայտնաբերված, ձերբակալված և արտահանձնած քաղաքացիների թվային հարաբերկացությանը կարող եք ծանոթանալ գրաֆիկում: Հայտնաբերվածների մի մասը ոչ ձերբակալվել է, ոչ արտահանձնվել. նրանց կարգավիճակը մեզ համար անհայտ է:

Հայտնաբերված, ձերբակալված և արտահանձնված անձանց թվային հարաբերակցությունը

 

Հայտնաբերման երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը: Քարտեզում ներկայացված են 2010-2015թթ. ընթացքում Հայաստանի իրավապահ ուժերի կողմից հետախուզվող անձանց թվաքանակը` ըստ երկրների: Ռուսաստանում վերջին վեց տարիներին ընթացքում հայտանբերվել է Հայաստանից հետախուզվող 219 քաղաքացի: Մնացած երկրներում հայտնաբերվածները անհամեմատ փոքր թիվ են կազմում:

Արտերկրում հայտնաբերվածները հիմնականում հետախուզվում են զինվորական ծառայությունից խուսափելու համար

2016թ. հայտնաբերվածներից մեկը, արդեն նշեցինք, հետախուզվում էր ՀՀ ՔՕ 327 հոդվածով, այն է Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը: Սա,ինչպես ցույց է տալիս Ինտերպոլի մեզ տրամադրած վիճակագրությունը, ամենից հաճախ հանդիպող հոդվածն է: 2010-2015թթ. արտերկրում հայտնաբերված անձանց թվաքանակին` ըստ քրեական հոդվածների, կարող եք ծանոթանալ գրաֆիկում:

Թվային մեծամասնությունը կազմում են ՔՕ 327-րդ հոդվածով հայտնաբերվածները, երկրորդ տեղում խարդախության հոդվածն է(178), երրորդում` սպանությունը(104): 327 հոդվածով հետախուզվողների հայտնաբերման հիմնական վայրը դարձյալ Ռուսաստանն է:

2010թ. Ռուսաստանում հայտնաբերվել է այս հոդվածով հետախուզվող 9 հոգի, որոնցից ոչ ոք չի ձերբակալվել: 2011թ. հայտնաբերվել է 15 հոգի, որոնցից 6-ը ձերբակալվել են, 2012թ.` 9 հոգի, որոնցից 3-ը ձերբակալվել են, 2013թ.` 8 հոգի, որոնցից 7-ը ձերբակալվել են, 2014թ. 11 հոգի, որոնցից 2-ը ձերբակալվել են, 2015թ. 11 հոգի, որոնցից ձերբակալվել է 1-ը: Նրանցից ոչ ոք չի արտահանձնվել:

Հայաստանից հետախուզվող և արտերկրում հայտնաբերված անձանց քանակը` ըստ քրեական հոդվածների
Create bar charts
Լուսանկարում` Արմեն Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter