HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի սահմանամերձ Չանախչի գյուղը հայաթափվում է

«Չանախչին առաջ 130 տնտեսություն ուներ, հիմա հազիվ 70 տնտեսություն է ապրում գյուղում, 60 ընտանիք հեռացել է գյուղից, էլ չկան: Շաբաթներով գյուղը լուսավորություն չի ունենում: Մեզ վրացիները ոչ մի բանով չեն օգնում:  Հայկական գյուղ է, Վրաստանի իշխանությունը չի հետևում գյուղին»,-ահազանգում է  Չանախչիի երիտասարդ բնակիչ  Մուժեղ Խաչիկյանը:

Չանախչիի փրկության միակ լուծումը հայ-վրացական սահմանի  Ջիլիզայի անցակետի բացումն է:  ՀՀ կառավարությունը, սակայն, մոռացել է ինչպես հայ –վրացական սահամանագծի, այնպես էլ Ջիլիզայի անցակետի բացման խնդրի կարևորության մասին: Իսկ Վրաստանում սահմանամերձ  հայկական գյուղերի, այդ թվում նաև Չանախչիի  սոցիալ-կենցաղային կենսական խնդիրները տարիներով չեն լուծվում ՝ հենց գյուղերը  հայաթափելու համար:  

Ամխիթար վիճակում է Սադախլոյից դեպի Չանախչի ձգվող 28 կմ երկարությամբ ճանապարհը, որը մարտի 4-ին մենք հատեցինք 1,5 ժամում:  Ճանապարհաեզրին իր ոչխարներն արածացնող Լյովա Գաբոյանի ասելով՝ ավելի վատթար վիճակում է դեպի հայաբնակ Ախքյորփի գնացող ճանապարհը: Չանախչիի խոտհարքների միջով հայ գյուղացիները ժամանակավոր ճանապարհ են բացել: Ճանապարհից  օգտվում են Չանախչի, Ախքյորփի, Խոժոռնի, Գյուլուբաղ, Բրդաձոր և մյուս հայաբնակ  գյուղերը:

«Այստեղ ամեն ինչ դժվար է: Երեկ ուզում էինք մեր հողամասը վարել, չէին թողնում: Վրացի սահամանապահն ասում է գետը սահման է, պետք է սահմանից 500 մետր հեռավորությամբ վարեք հողը: Հինգ հարյուր մետրն էլ, որ հաշվում ես,  հողը գնում է  ճանապարհին հասնում: Ուրեմն իմ հողամասը պետք է անմշակ մնա»,- դժգոհեց Լյովա Գաբոյանը:

Գյուղի սկզբնամասում բնակվող Զոյա Իսրայելյանի ասելով, Չանախչիում մի բուժհաստատություն  չկա, որ հիվանդ ժամանակ գնան բժշկի: Չանախչիի երիտասարդ ընտանիքները հեռացել են գյուղից՝տանը թողնելով օգնության կարիք ունեցող իրենց տարեցներին:

Սենիկ Կոնյանի 3  զավակները տեղափոխվել են Ռուսաստան: «Գնացել են աշխատեն, ապրեն, մենակ եմ էստեղ»,-պատմեց 80-ամյա Սենիկը: 

«Գյուղում մի բուժքույր ունենք, դպրոցում դասատու ա, որ վատանում եմ, նա է օգնում: Էն մի շաբաթ էլ եկավ, ապրի նա: Ճնշումս բարձր էր, 210 –ն էր: Եկավ սրսկեց, էսօր մի քիչ լավն եմ: Տարեց հայուհին պատմեց նաև հայկական գյուղերին սպասարկող ադրբեջանցի բժշկի մասին: Մի օր տեղը նեղ Սենիկ մայրիկը զանգել է նրան: «Եկավ տուն: Ճնշումս չափեց, տեսավ 220 ա: Ասավ, էս ոնց ես ապրում, դեղ խմի: Ասեցի՝ դե դեղ տու, որ խմեմ: Ոչ դեղ տվիր, ոչ սրսկում արիր, ինչ անեմ,- ասի ես: Թուրքը հային մտիկ կանի՞:  Մեկ-մեկ էլ, որ գնում ենք իրա մոտ, ասում ա, հայ եք, գնացեք Հայաստան: Թուրքերը մեզ նեղում չեն, բայց հասնում էլ չեն»:

Չանախչեցի Ժիրո Խաչիկյանը իր աշխատանքով չի կարողանում պահել ընտանիքը: Ժիրոյի ավագ որդին, երրորդ դասարանցի Յուրան մեզ ուղեկցեց իրենց տուն: Ժիրոյի կինը՝ Սուսանը դպրոցում հավաքարար է աշխատում: Իմ այցելության պահին Ժիրոն տանը չէր: Ինձ դիմավորեցին Յուրայի 2  տատիկներն ու  հիվանդ հորեղբայրը՝ Մերուժանը: Վերջինս ասաց, որ  ողնաշարի քաղցկեղ ունի, սակայն փող չունի և չի կարողանում բուժման գնալ:

Տանը կատարյալ աղքատություն էր տիրում: «Որ աշխատանք է լինում Ժիրոն աշխատում է, որ աշխատանք չի լինում, որտեղ աշխատի, չաստնի չոբանի  գործ է անում»,-բացատրեց Մերուժանը:

Ժիրո Խաչիկյանի երեք երեխաներից 2-ը՝ 7 տարեկան  Արմենն ու 6 տարեկան Անահիտը չեն կարողանում  խոսել. «Հիմա  Անահիտի ու Արմենի համար փաստաթուղթ ենք հանելու, որ երեխաները օտարերկրացի են և իրավունք ունեն Չանախչիում դասի գնալ: Երեխաների առողջության համար բժշկի չենք դիմել, քանի որ ֆինանս չի եղել: Անահիտն ու Արմենը  անձնագիր չունեն, որ ասենք մի արանքով անցկացնենք Հայաստան` էնտեղ տանենք բժշկի»,-բացատրեց Մերուժանը:

«Քանի տարեկան ես»,- հարցրի Անահիտին: «Ոնց եմ սովորեցրել»,-քրոջը հիշեցրեց Յուրան: Անահիտը ցույց տվեց 6 մատը: «Այ, ապրես»,- նրան  գովեց Յուրան: Արմենը մեր հարցերից պաշտպանվում էր Յուրայի թիկունքում:

Գյուղից դուրս՝ Չանախչիի դաշտերում արածող գյուղի ոչխարի հոտի մոտ հանդիպեցի Ժիրոյին: Սմքած ու տխուր դեմքով,  40-ի մոտ  հյուծված տղամարդ էր Ժիրոն: «Ինչ անեմ, հենայ, ախպերս էլ է հիվանդ: Հա, լավ երեխեք ունեմ, բայց կարում չեմ պահեմ:  Գիշեր, ցերեկ չոբան եմ գնում: Օրը 10 - 15 լարի են տալիս: Հնար չի լինում, չեմ կարողանում ընտանիքս պահել: Երեխեք են, ուտել են ուզում, ինչ անեմ»,- ձեռքերն անօգնական տարածեց նա:

Չանախչիի  հայկական դպրոցում 20 աշակերտներ են սովորում: Դպրոցը տեղավորված է  կապույտ  ներկված մի քանի տնակներում: Դպրոցի տնօրեն տիկին Մանանն ասաց, որ առանց վերադասի թույլտվության Հայաստանից եկած լրագրողների հարցերին չեն պատասխանում. «Ես հիմա պետք է վերադասին  տեղյակ պահեմ»-բացատրեց նա։ «Ռուսլան մալըմ, մեզ մոտ Հայաստանից եկած ժուռնալիստ կա, ուզում է մեր դպրոցի մասին տեղեկություն ստանալ: Դուք մեզ զգուշացրել եք, դրա համար եմ Ձեզ տեղեկացնում»,-հեռախոսով ադրբեջանցի իր վերադասին հայտնեց  տնօրենը: Ռուսլան մալըմը, բնականաբար, չթույլատրեց ինձ ծանոթանալ Չանախչիի դպրոցի հոգսերին:  

 Չանախչիի  վատ լուսավորության ու աղքատության մասին հարցրի Մառնեուլի շրջանային օրենսդիր մարմնի պատգամավոր Արսեն Հախվերդյանին։ «Ճիշտ են ասում,  ես կուրսի եմ, ուղղակի իրենց պատգամավորը Աիդա Խաչիկյանն է: Միակ գյուղն է Չանախչին, որ էլեկտրասյուները  դեռ չի վերանորոգվել, այս տարի կվերանորոգվի»,-հուսադրեց նա: «Սոցիալապես անապահով հայերը ինչ ուշադրության են արժանանում Վրաստանում»,- հարցրի: «Ոչ թե սոցիալապես անապահով հայերը, այլ  սոցիալապես անապահով ընտանիքները,  որովհետև տարածաշրջանում ոչ միայն հայերն են ապրում, այլ ազգեր էլ են ապրում: Սոցիալապես անապահով ընտանիքները սոցօգնություն են ստանում, ով դիմում է համապատասխան միավորների մեջ է ընկնում, ստանում է սոցօգնություն»,- բացատրեց  պատգամավոր Ա.Հախվերդյանը: Չանախչիի բնակիչները հայ պատգամավորի բացատրած   սոցօգնությունից  անտեղյակ էին:  

Չանախչին հայաթափվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter