HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է». ազատամարտիկ

«91-ի մայիսի 1-ն էր: Աշխատողների հետ ճաշկերույթ պիտի կազմակերպեինք, մեկ էլ ընկերս եկավ, փաթաթվեցինք, ձեռքիս մի տոպրակ կար, հիշում եմ, ասաց՝ Թաթուլը խփվել ա: Տոպրակն ընկավ ձեռքիցս: Քարացա: Էն ժամանակ փողկապ էի կապում, չէի ծխում: Փողկապս պոկեցի, գցեցի առվի մեջ, մոտս մեկը կանգնած էր, ծխախոտ վերցրի… Սպասարկող մեքենա կար, նստեցինք, գնացինք աերոպորտ: Սպասում էինք, թե երբ է Թաթուլը գալու»,- սա պատմելու ընթացքում Միհրանը մի կետի է նայում, ճակատին կնճիռներ են դարսվում: Լռում ենք: Այգու խորքում աքլորի ձայն է լսվում՝ հետկեսօրվա կանչ է: Այգու բաց տարածությունն է՝ դեռևս չծաղկած, միջին հասակի ծառերով:

«Շարժումը մեր ուսերով էր գալիս»

Ազատամարտիկ Միհրան Մանուկյանը շատ չի խոսում պատերազմից: Հպանցիկ է ասում՝ Շուշիի ազատագրմանն է մասնակցել, Լաչինի, Լիսագորի, Ներքին Հոռաթաղի, Փափրավենդի մարտերին: Ավելի շատ խոսում ենք պատերազմից առաջ և հետո ստեղծված վիճակի մասին:

Միհրանը բնակվում է Արագածոտնի Արուճ (նախկին Թալիշ) գյուղում: Գյուղատնտես է: Վերին Սասնաշեն գյուղի դպրոցն է ավարտել, մեկ տարի սովորել է Թալինի տեխնիկական ուսումնարանում: Այդտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի հետ: Միհրանը գյուղատնտես էր ուզում դառնալ (ընդունվել էր գյուղատնտեսական ինստիտուտ), Թաթուլը՝ իրավաբան:

Վ. Սասնաշենում, ասում է, ազգային դպրոց անցավ, ուսուցիչը Գևորգ Հակոբյանն էր: «Իսկ գիտե՞ք նա ով է»,- հարցնում է ինձ, հետո ավելացնում, որ նա «Քելե, լաո», «Ծովասար» երգերի հեղինակն է, «Ծովասար» ազգագրական խումբ ուներ: Եվ երբ, օրինակ, «Զանգեզուր» ֆիլմն էին նայել ու հիացմունքով պատմում էին հեղափոխական հերոսների մասին, ուսուցիչն արգելել էր նայել նման ֆիլմեր, ապա ասել էր, որ կան գաղափարի տղաներ, կա ֆիդայական շարժում: «Մեր ներսում արդեն ցանկանում էինք նմանվել ֆիդայիներին»,- նշում է զրուցակիցս: Իսկ այն ժամանակ, հիշում է, այնպիսի քաղքենի միջավայր էր ձևավորվել, որտեղ ռուսերեն ձգտում կար ռուսերեն խոսել, օտար երգեր լսել, ազգային պարեր պարելն էլ ամոթ էր: Իրենք ուզում էին կոտրել այդ պատնեշը:

Ասում է՝ առաջին քայլը ապրիլի 24-ին Թաթուլի հետ Արտենի լեռանգագաթին կրակ վառելն էր, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց. շատերը մտածում էին, որ դա թուրքերին էր ուղղված, որոնք պետք է տեսնեին այդ կրակը Արևմտյան Հայաստանից: Իսկ Միհրանի կարծիքով՝ դա իրենց ըմբոստության նշանն էր: «Մեր գաղափարը նպատակի վերածելու համար մեզ ընկերներ էին պետք»,- ասում է նա:

Թաթուլի՝ իրավաբանություն բաժին ընդունվելը չստացվեց, զորակոչվեց խորհրդային բանակ: Միհրանը պատմում է, որ այդ ընթացքում ինքը համախոհ ընկերներ ձեռք բերեց հանրակացարանում:

88-ին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, հիշում է, որ փողոցներում ազգագրական երգեր էին երգում, պարեր պարում, հետո դա արդեն ազգային պահանջ դարձավ: «Մեր ուսերով գալիս էր շարժումը, մենք մաքուր, անարատ, զգացմունքային վիճակում էինք: Երբ էսօր վերլուծում ենք, հասկանում ենք, որ չափից դուրս մաքուր էինք»,- ժպտում է: Ասում է՝ փաստ էր, որ Սովետական Միությունը պիտի փլուզվեր, իսկ մենք հանպատրաստից ունեցանք անկախությունը:

Արուճի գյուղատնտեսը

Մինչ պատերազմն սկսելը Արուճի սովխոզի տնօրենն էր: Ազգային երգ-պար էր սովորեցնում երեխաներին, հետո բանակումներ էր կազմակերպում: Գյուղում նրան շատերը չէին հասկանում, բայց քանի որ իշխանություն ուներ, կարողանում էր առաջ տանել իր ծրագիրը:

Կրպեյանի զոհվելուց հետո սովխոզի բանալիները հանձնել էր գյուղապետին, օրերով տուն չէր գնում: Թաթուլի հետ որոշել էին գաղափարի նվիրյալ դառնալ, մտածում էին, որ երևի պետք չէ ամուսնանալ: «Ես թաք էի, մինուճար էի, ինքն ախպերներ ուներ, մորս ասում էր՝ ես Միրոյի բաժին ախպերն եմ»,- մեր զրույցի ժամանակ վառում է սիգարետը: Թաթուլի մահից հետո դարձել է ՀՅԴ անդամ:

Ասում է՝ այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ զենքն էր միակ ճանապարհը, և միացավ Թալինի ջոկատին:

«Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է»

Հրադադարից հետո գյուղ է վերադարձել, զրոյից վերականգնել է իր տնտեսությունը: «Մեր տղաների համար երբեք չի եղել էն, թե մենք ինչ-որ բան արեցինք՝ ինչ-որ պաշտոններ, հնարավորություններ ստանալու համար»,- ասում է նա ու հավելում, որ անելիք ունեն իրենց ընկեների համար, ուղուց չշեղվելու խնդիր ունեն: Տղերքից շատերը նույնիսկ լուսանկարներ չունեն, և դա նաև իրենց, Թաթուլի սկզբունքն էր:

«Մենք մի գաղափարի շուրջ ելանք ճանապարհ ու կորցրեցինք ընկերներ: Մենք անելիք ունենք արդարացնելու մեր գոյությունը, մեր ընկերների առաջ մենք մեղավոր ենք: Մեր երազանքն ազատ, արդար, բարոյական երկիր ունենալն է»,- շարունակում է նա:

Ամենամեծ ձեռքբերումը համարում է բանակը, որտեղ դեռևս շատ անելիք կա: Ասում է՝ այնտեղ ազգային գիտակցությունը պետք է բարձրացնել. «Չգիտեմ՝ ով ինչքան է հավատում... Մենք էսօր տեսանք մեր փրկչին: Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է, որին անտեսել էինք, չէին կարողանում սիրել մինչ վերջերս»:

Որ Մհերը դուրս գա Ագռավաքարից

Հայաստանում հիմա, Միհրանի խոսքով, ծայրահեղ երկու վիճակ է ստեղծվել, և պետք է ընտրություն անել՝ կամ այսօր Մհերը պետք է դուրս գա Ագռավաքարից, կամ նորից Նարեկացու ողբը պիտի լինի: Ասում է՝ պետք է այնպես անենք, որ Մհերը դուրս գա:

Հետո հարցնում է, թե ինչու մութ ու խավար օրերին հայրենիքից չհեռացան մարդիկ, իսկ այսօր լքում են երկիրը. «Հեռացան, որ ինչ-որ բաներ չանեն, որ դուշմանի, թշնամու սրտով լինի: Բոլորն էլ պոտենցիալ հետ դարձող են: Իմ որդին հիմա սովորում է Գերմանիայում, բայց զգում եմ՝ ինքն իր հայրենիքի բալիկն է, ամեն կայացած հայ երբեք չի ձուլվում, հետ է գալիս»:

«Հայրենիքը մարդն է: Գալշոյանը ո՞նց էր ասում՝ ամենաթանկը մարդն է: Հողի կորուստն էլ է թանկ, բայց եթե մարդ լինի, կհասնի, հետ կբերի: Նաև ուզում ենք պահել մեր նահատակ ընկերների կերպարը, մենք չպիտի խեղճանանք»,- ավելացնում է նա՝ կրկին վառելով ծխախոտը:

Միհրանի կինն իր պատրաստած մածունն ու լավաշն է դնում սեղանին: Սեղանի մոտ հավաքվել են ուջանցի, արուճեցի ազատամարտիկները: Պատերազմի հիշողություններից են պատմում: Միհրանը երբեմն ժպտում է, երբեմն գլուխը կախում: Մեր խոսակցությունը գուցե ավելի շատ հարցեր է առաջացնում: Միհրանն ասում է՝ ինքը չի սիրում խոսել պատերազմից:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter