HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ավանում բնակվարձը թանկացել է 47%-ով. Բնակիչների մի մասը հրաժարվում է վճարելուց

2016թ-ի հունվարին Երևանի Ավան թաղամասի շենքերի մուտքերում փակցվել են հայտարարություններ՝ համատիրությունների ընդհանուր ժողովների մասին, որտեղ քննարկվելու էր առաջիկա տարվա բյուջեի նախագիծը: «Ձեր ներկայությունը ցանկալի է»,- գրված է եղել հայտարարության տեքստում:

Ավանի բնակիչներից շատերը օրեր անց իմացել են, որ ժողովում որոշում է կայացվել բնակվարձը 47%-ով թանկացնելու մասին. մեկ քառակուսի մետրի համար վճարվող նախկին 17 դրամը դարձել է 25 դրամ: Ավանում ասում են, որ թանկացումները միշտ այս համայնքից են սկսվում, հետո տարածվում քաղաքի մյուս համայնքներում ևս:

Գայանե Կարապետյանը, ով բնակվում է 1/10 շենքում, 80 քմ մակերեսով իր բնակարանի համար տարեկան վճարելու է 7560 դրամով ավելի, քան նախորդ տարիներին: Նա ասում է, որ չի իմացել, թե թանկացման հարց է քննարկվելու հունվարին կայացած ժողովում. հայտարարության մեջ այդ մասին ոչինչ նշված չի եղել, և ինքը չի մասնակցել ժողովին: Երբ այնուհետև համատիրության աշխատակիցը պահանջել է բնակվարձը՝ նոր սակագնով, տիկին Գայանեն հրաժարվել է վճարել: Նա ասում է, որ առաջին դեպքը չէ, երբ բնակվարձը թանկանում է. ժամանակին մեկ քառակուսի մետրի համար վճարում էին 10 դրամ, հետո այն դարձավ 15 դրամ:

տկն․ Գայանեն ցույց է տալիս կտրոնները

«Ես Կոմիտասում ևս ծանոթներիցս մեկի բնակվարձը վճարում էի. էնտեղ 10 էր, մեզ մոտ 15 էր: Ու էդ մի երկու տարվա ընթացքում էդ ալիքը էստեղից սկսվեց, ամբողջ քաղաքում տարածվեց, քիչ-քիչ ոնց որ ժողովրդին սովորեցրին: Հետո 15-ից դարձավ 17, իսկ հիմա էլ՝ 47%»,- հիշում է տկն. Գայանեն:

1/10 շենքը «Նարեկ» համատիրության 35 բազմաբնակարան շենքերից մեկն է: Համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը ասում է, որ համայնքում բնակվարձը միշտ էլ 17 դրամ է կազմել, իսկ այս տարի որոշել են փոխել սակագինը, քանի որ «ամեն ինչը թանկացել է»: «Ինչպես գիտեք, 1998 թ-ից մինչև այսօր և՛ շինանյութի, և՛ վերելակի ծախսերի, ամեն ինչի գումարները բարձրացել են»,- ասում է Ա.Մանուչարյանը, ով համատիրությունը ղեկավարում է 2006թ-ից:

Ըստ համատիրության նախագահի՝ հունվարի 23-ին կայացած ժողովին համատիրության մոտ 6000 անդամներից ներկա են եղել 200-ից ավելին, և որոշմանը համաձայն լինելու մասին նրանց ստորագրություններն իր մոտ են: Նա ասում է, որ որոշման հրապարակումից հետո ոչ ոք չի առարկել, և ինքը որևէ բողոքի մասին չի լսել: «Կարող ա լինի շենքում մի հոգի-երկու հոգի, բայց շենքի 99%-ը վճարում ա նորմալ»,- ասում է Ա.Մանուչարյանը:

Հակառակ համատիրության նախագահի այս խոսքերին՝ 1/10 շենքի բնակիչները նշում են, որ բնակվարձի թանկացումը մեծ դիմադրություն է առաջ բերել: Շենքի բնակիչների մի մասը, իսկ թաղամասի որոշ շենքերում՝ գրեթե բոլորը, հրաժարվում են վճարել:

«Էստեղ մի դրամի, երկու դրամի խնդիր չի, հոգեբանական պահն ա, մարդուն, կոպիտ ասած, էշի տեղ դնելու պահն ա: Արդեն դարձել ենք ստրուկի կարգավիճակի մարդ, արդեն մարդ էլ չեն մեզ հաշվում, մեզ կարան ինչ ձևի ցանկանան, շահագործեն»,- ասում է Գայանեի ամուսինը՝ Հովհաննեսը՝ չբացառելով, որ այս թանկացմանը համակերպվելու դեպքում այլ թանկացումների առաջ էլ են կանգնելու:

Բնակիչները բողոքում են, որ շղթայական ռեակցիայով թանկանում է ամեն ինչ՝ սնունդից մինչև դեղեր, այժմ նաև՝ կոմունալ ծառայությունը, և այդ շղթայում միայն իրենց աշխատավարձն է մնում անփոփոխ: «Ասի գոնե 100 դրամ լիներ, 150, միանգամից 700 դրամ դու ինձանից վերցնում ես, ես ինչի՞ տեր եմ»,- համատիրության աշխատակցի հետ իր զրույցն է հիշում 72-ամյա տիկին Ջուլյան, ով միայնակ է ապրում և իր թոշակից այնուամենայնիվ վճարել է՝ չցանկանալով մնացորդը թողնել մյուս ամիսներին:

«Նարեկ» համատիրության շենքերից մի քանիսը

Ավանում 11 համատիրություն կա: Թեև Ա.Մանուչարյանը նշում է, որ բնակվարձի չափը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան գումար է անհրաժեշտ շենքի պահպանման համար, և հետևաբար՝ հարևան երկու շենքերի բնակվարձերը կարող են միանգամայն տարբեր լինել, սակայն տարօրինակ չի համարում, որ Ավանի բոլոր համատիրություններում գումարն ավելացել է նույն չափով: «Երևի բոլորի ծախսերն են նույնը»,- պատասխանում է նա:

Շենքի բնակիչները չեն հերքում, որ գործ արվում է: Նրանք նշում են, որ շենքի մուտքի դուռն են փոխել, միջանցքները ներկել, մաքրություն են անում, կրծողների դեմ պայքարում, սակայն բնակվարձի թանկացումը համարում են անհիմն:

Առնակ Մանուչարյանը պատասխանում է, որ նախկին սակագնով այլև չեն կարողանա սպասարկել՝ ինչպես հարկն է: Նա ասում է, որ ավելացող գումարի հիմնական մասն ուղղվելու է համատիրության 54 վերելակների տեխանվտանգությանն ու վերանորոգմանը: Անհրաժեշտ գումարը չհավաքելու դեպքում, ըստ Մանուչարյանի, կդիմեն դատարան: Նա ասում է, որ նախկինում մի շարք հայցեր են ներկայացրել, և դրանք բոլորը բավարարվել են:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Կարեւոր հարց է բարձրացվում, նույն վիճակն էլ Հալաբյանի շենքերում է, գումարները հավաքում են, վերելակ չկա, մուտքերի վիճակն անմխիթար, մինչեւ տան դուռը բացում -փակում ես շնչահեղձ ես լինում, ինչի վրա են ծախսում այդ գումարները: Ում է պետք այդ համատիրություն կոչեցյալը, երբ ամեն շենք կարող է կառավարվել շենքի բնակիչների կողմից, հավաքվել գումար՝ միայն մուտքի համար ու մուտքի բնակիչների կողմից:
Հրանտ
Հարգելի՛ Վարդան, շնորհակալ եմ արձագանքի համար: Պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները կամ պարտադիր վճարումները ավելի հայտնի են «բնակվարձ» անունով, որտեղից էլ՝ դրա գործածումը տեքստում: Համաձայն եմ, որ խնդիրն ավելի մասշտաբային է ու խորը ուսումնասիրության կարիք ունի: Այս հոդվածը նախնական անդրադարձ է Ավան համայնքի՝ «Հետք»-ին դիմած բնակիչների բողոքին: Ավելի մանրամասն անդրադարձի ժամանակ հաշվի կառնենք Ձեր նկատառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter