HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

100 տարեկան կնոջ հարցը. «Դու մինի՞ստր ես, որ խոպան չես էթում»

Դուխիկ Բադոյանը այս տարի նշեց իր 100-ամյակը: Անձնագրային բաժնի աշխատակիցները նրա նույնականացման քարտը վերջերս են հանձնել: Դուխիկ տատի ծնունդը տոնում են հիմնականում փետրվար ամսին, քանի որ կոնկրետ օրը որևէ մեկը չգիտի: Մեկ դար ապրած կինը միակ որդու և նրա ընտանիքի հետ ապրում է Գավառի Արծվաքար թաղամասում: Դուխիկ տատն ունի 1 տղա, 4 թոռ, 10 ծոռ և 3 կոռ: «Հարսի հարսի հարս էլ ունեմ, դու ինչի՞ց ես խաբար»,-հպարտանում է նա:

Դուխիկ տատը նստած էր հյուրասենյակում և շալը ուսերին գցած՝ հեռուստացույց էր դիտում: Անծանոթների այցը սկզբում անհանգստություն պատճառեց նրան: Որդուց հետաքրքրվում էր, թե ինչու ենք եկել իր մոտ, «ի՞նչ հաշիվ է»:

-Ստոնք եկած ընձի տուժե՞ն:

-Չէ, մամա:

-Բա ընչի՞ են մանրամասն քննում:

Դուխիկ Բադոյանը փայլուն հիշողություն ունի: Բավականին շարժուն է, միայն լսողությունն է փոքր-ինչ վատացել:  Մինչև նախորդ տարի հողամասում աշխատել է, անասունների համար խոտ քաղել: Այս տարվա նրա ծրագրերում ևս պլանավորված է հողում աշխատելը: Ասում է՝ պետք է կարտոֆիլ մշակի, որ ուղարկի Երևանում բնակվող թոռներին ու նրանց երեխաներին:

Դուխիկ տատը չի դժգոհում իր կյանքից: Ուտում է, հեռուստացույց դիտում, զբաղվում է՝ ինչով ցանկանում է, իրեն դրանից ավել բան պետք չէ: Ախորժակից նույնպես չի բողոքում:

«Օրաղ եմ խմում: Իմ տղեն ասում ա՝ մամա ջան, մե պուտ խմա, որ ախորժակդ բացվի: Լավ օրաղ եմ խմում: Լավն էն ա, որ խմում եմ՝ չեմ խելռում, իմ տղեն իմ չափը գիդում ա»,-ասում է Դուխիկ տատը և համոզում, որ իր հետ մեկ բաժակ օղի խմենք, որ մեզ «բարի գալուստ» մաղթի: «Որ իմ հետ չխմեք, իմ 100 տարին կեթա կկորի: Առաջին անգամ եք եկել իմ տուն, բա ամոթ չի՞»,-ասում է Դուխիկ տատը և մեզ օրհնելուց, երկրին խաղաղություն մաղթելուց հետո օղու բաժակը մոտեցնում է շուրթերին:

Խմելուն զուգահեռ աչքի պոչով հետևում էր, որ իրեն չխաբեմ ու խմեմ իր առաջարկած օղին: Երբ զգաց, որ «գլուխ» եմ պահում, ձեռքով պարտադրեց դատարկել բաժակի ամբողջ պարունակությունը:

Դուխիկ տատը կարդում է առանց ակնոցի օգնության: Նրա յուրաքանչյուր երկրորդ նախադասությունը որդու և թոռների, նրանց զավակների մասին էր: Ոմանք ապրում են Երևանում, և հեռավորությունը ստիպում է կարոտել: Կարոտած պատմում էր, թե ծոռներին ու կոռներին ոնց կգրկի, ամուր կսեղմի կրծքին:

Դուխիկ տատի տղա ծոռները ծառայում են Հայաստանի զինված ուժերում: Նա կարդում էր պաշտպանության նախարարության կողմից նրանց տրված պատվոգրերը և հպարտանում, որ իր ներդրումն ունի դաստիարակության և կրթության հարցում:

«Հմնին ուսումի եմ տվել, ընչի ձեր նման անգրագե՞տ են»,-կատակում է Դուխիկ տատը: Ասում է, որ տարիներ առաջ անասուններին ամառվա ամիսներին սար է տարել: Թոռը եկել է իր մոտ, տեղեկացրել, որ որդին քննություն է տվել, ընդունվել է համալսարան, բայց գումար չունեն, որ ուսումը շարունակի: Դուխիկ տատը առանց վարանելու մեկ կով է նվեր տվել, որ վաճառեն, ուսման վարձը վճարեն:

«Բա իմ Արմանը քննություն տվել, ընդունվել ա, մնար անուսու՞մ: Ձեր երեխեքին էլ լավ ուսումի տվեք, թող սովրեն, անգրագետները տենան ամչնան»,-խորհուրդ է տալիս Դուխիկ տատը, որը չորրորդ դասարանի կրթություն ունի:

Թեև 100-ամյա կինը հարազատների ուշադրության կենտրոնում էր, որևէ բանից չէր դժգոհում, սակայն նրա հիշողության մեջ մնացել էին իր երիտասարդ տարիները, այն զրկանքները, որ տեսել է պատերազմի տարիներին: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն և մինչ օրս չի հաշտվում այդ մտքի հետ: Միակ որդուն միայնակ է մեծացրել: Հիմա էլ ուրախ է, որ որդին է իրեն պահում: Բոլորին պատմում է իր կենսագրությունը և վերջում պարտադիր երկրին խաղաղություն ցանկանում:

«Ամուսնուս գրկուկ պառկուկ էի տեղաշորիս մեջ, միլիցեն եկավ մեր տուն: Մեր գեղը մի վայիս մարդ կար, հմնին շպիոնություն էր անում, ճամփում էր կռիվ: Ամուսնուս էլ իմ ծոցից հանին տարան, 2 տարեկան երեխեն էլ կողքս էր: 3 ամիսը թմավ, սև թուղթը եկավ: Ընդուց դեն ընձի հազար ուզող ա եկել, ես լավ ղոչաղ կնիկ էի, բայց ոչ մեկին չեմ ուզել: Իմ մատղաշ երեխուն ո՞նց կթողեի պատի տակ, կեթայի մարդի: Նստել երեխուս եմ պահել, հմի էլ իմ Վարդգեսը ինձ ա պախում: Գալում ինձ զոռով կերցնում, քնցնում, ծածկում ա, որ չմրսեմ, չմեռնեմ»,-պատմում է Դուխիկ տատը:

Դ. Բադոյանը համեմատություն է անցկացնում իր երիտասարդ տարիների ու մեր օրերի միջև: Ասում է, որ հիմա ինքը «նախարար» է, այժմ ամեն ինչ հեշտ է, բայց աշխատանք չկա:

«Մկա դժվա՞ր ա ապրելը…չէ: Ուտում, խմում ենք, շոր ենք խաքնում: Էն վախտ շոր չկար, որ խաքինք, տկլոզ, ոտաբոբիկ դաշտ էինք էթում: Մկա էլ աշխատանք չկա: Էթում են խոպան, ընդեղ մեռնում, բերում ստեղ թաղում են,-ասում է Դուխիկ տատը՝ հավելելով,- դու մինի՞ստր ես, որ խոպան չես էթում»: 

Տատը ոչ մի կերպ չէր համաձայնում, որ հիմա էլ է ապրելը դժվար: Իր տեսակետը պնդելու փոխարեն սկսեց պատմել իր զրկանքների մասին:

«Թութուն էինք մշակում, տուկ էինք անում: Մեզ մի բրիգադիր ունեինք, 20 կնիկ էինք աշխատում իրա մոտ: Սովամահ էինք ըլնում:  Ինձ ասում էին՝ դու ղոչաղ կնիկ ես, մեշոկը վեկալ գնա փշի գլուխները հավաքի, բեր մաքրի, բաժանի, որ տանենք երեխեքը ուտեն, քնեն: Փուշը էնքան խամով էր, կնանիք գալի ինձ պաչում էին: Ասում էին՝ երեխեքը իրիկունը կուշտ կերան, ջուրն էլ խմեցին քնան: Մենք էլ կռութ էինք փշրում, լցնում բերաններս, որ չմեռնենք»,-պատմում է Դուխիկ տատը:

Նրա հիշողության մեջ դրոշմվել է նաև ամեն օր իր ընտանիքին բաժին հասնող 300 գրամ հացի համար հերթ կանգնելը, հացի լավ կտորի համար կռիվ անելը. «Թելերով պստլիկ խորոտ կշեռք էր, փռի աշխատողը 300 գրամը կշռում շարում էր: Աչքներս մնում էր հացի չոր գլխների վրեն, մի քիչ շատ էր: Փուշկ էր քցում, թե որ հացը որին պիտի ընկնի: Կնանիք ուրխնում էին, որ իրենց լավ հաց ա ընկել: Սկեսուրս երեխին գրկում նստում էր մեր քանդուկ պատի տակ ու իրիշկում էր իմ ճամփին, թե Դուխիկը երբ պիտի հաց բերա, որ ուտեն: Բա մկա ըտե՞նց ա»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter