HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արմավիրի սոցապի գործ». Մեղադրողն ընդգծված դրական վերաբերմունք ունի ամբաստանյալներից մեկի նկատմամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հրաչիկ Սարգսյանի, ավարտին է մոտենում «Արմավիրի սոցապի գործ»-ը, որտեղ պետությանը հասցված վնասի չափը 450 մլն դրամ է: Ամբաստանյալները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Այս գործով վնասը գերազանցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ «Վազգեն Խաչիկյանի թոշակների գործով» պետությունից հափշտակված գումարի չափը՝ 240 մլն դրամը:

Մեղադրյալները հինգն են՝ սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի նախկին պետ Սեյրան Կարապետյանը, վերջինիս տեղակալ Հերիքնազ Ասատրյանը, Արմավիրի ՍԱՏԲ-ի գլխավոր մասնագետ Ալվարդ Պողոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Սամվել Պողոսյանը և նույն ընկերության թիվ 01 փոստայի բաժանմունքի պետ Գոհարիկ Դավթյանը:

Թեև ի պաշտոնե բաժնի պետ Սեյրան Կարապետյանն է պատասխանատու «մի խումբ անձանց կողմից» պետությանը պատճառված վնասի համար, սակայն մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանը ամենամեղմ պատիժը հենց նրա համար է միջնորդել՝ ազատազրկում 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Բացի այդ, միջնորդել է նրա նկատմամբ կիրառել համաներում և ազատել հիմնական պատժից: Դատախազը «թոթափել» է նաև ամբաստանյալ Կարապետյանի մեղավորության աստիճանը, նրան դարձրել «ոչ խարդախ»:

Նշենք, որ Ս. Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 2002թ. նոյեմբերի 1-ից աշխատելով սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ: Այն է՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական բյուջեից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի` 450.016.000 ՀՀ դրամի դրամական միջոցներ»:

Օրենքով այս արարքի համար առավելագույն պատիժը ազատազրկումն է՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով: Դատախազն ակնհայտորեն միջնորդել է մեղմ պատիժ:

Ամբաստանյալներից Հերիքնազ Ասատրյանին և մյուս անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Ըստ մեղադրանքի՝ Հ. Ասատրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ օժտված է եղել ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների, թաղման նպաստների, մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարների և սոցիալական այլ ծրագրերի նշանակման, վերահաշվարկման, ինչպես նաև հիշյալ գումարների վճարման նպատակով ֆինանսավորման պահանջագրեր ձևավորելու, վճարային ցուցակների կազմման գործընթացը վերահսկելու լիազորություններով:

Հ. Ասատրյանը 2008-2010թթ. ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն բաժնի գլխավոր մասնագետ /օպերատոր/ Ալվարդ Պողոսյանի, «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի փոստային մասնաճյուղի տնօրեն Սամվել Պողոսյանի և «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի փոստային մասնաճյուղի թիվ 01 փոստայի բաժանքունքի պետ Գոհար Դավթյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հափշտակել են 450.016.000 ՀՀ դրամ: Իբր Հ. Ասատրյանն ու Ա. Պողոսյանը կազմել և Արմավիրի ՍԱՏԲ-ի պետ Սեյրան Կարապետյանի հաստատմանն են ներկայացրել նպաստառուներին հասանելիք թաղման նպաստների և ժառանգվող գումարների իրական չափը գերազանցող` հավելագրումներով ձևավորված ֆինանսավորման ամսական պահանջագրեր և վճարային ցուցակներ: Այնուհետև կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով յուրաքանչյուրն իր հերթին ոչնչացրել է վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը և շտեմարանում խեղաթյուրել կենսաթոշակային տվյալները:

Մեղադրողը Հերիքնազ Ասատրյանի համար միջնորդել է 7 տարի ժամկետով ազատազրկում, Ալվարդ Պողոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և «հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները» միջնորդել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Գոհարիկ Դավթյանի և Սամվել Պողոսյանի համար դատախազը միջնորդել է համապատասխանաբար՝ 5 և 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Հերիքնազ Ասատրյանն ասում է, որ քննչական վարչությունը անտեսել և հաշվի չի առել քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունները, որով ինքը վերը նշված լիազորությունները չի ունեցել: Ավելին՝ հիմք է ընդունվել Սեյրան Կարապետյանի ներքին հրամանագիրքը, ինչպես նաև նրա կողմից 10.01.2008թ. տրված  ներքին գաղտնի հրամանը, որով Հ. Ասատրյանի վրա է դրվել վճարումը կասեցված և վերականգնված գործերին վերաբերող գործառույթներ: Մինչդեռ Հ. Ասատրյանն ասում է, որ ինքն այդ հրամանի մասին պատշաճ չի տեղեկացվել և դրանով Ս. Կարապետյանը պարզապես պատասխանատվությունը փորձել է իր վրայից գցել:

«Իր այդ ներքին հրամանագիրքը չունի իրավական ուժ իր բոլոր հրամաններով, որից կառչած Ս. Կարապետյանը թալանած փողերի հզորությամբ, փորձում է այս քրեական գործը բարդել ինձ վրա»,-ասում է Հերիքնազ Ասատրյանը և հավելում, որ Ս. Կարապետյանը նախաքննության շեմին նշել է Իտալիայում գտնվող եղբոր անունը և նրանց կապերը, շեշտելով, որ նրա միջոցով էլ ինքն իր հարցերը կլուծի: Այնուհետև նշում է, որ Ս. Կարապետյանը «բարերար եղբայրների» օգնությամբ վերականգնել է պետությունից թալանված փողերը՝ 180 մլն դրամի չափով, այդպիսով ընդունելով իր հանցանքը:

Հերիքնազ Ասատրյանի փաստաբան Ղևոնդ Պապոյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ նախաքննությունն իրականացվել է կոպիտ խախտումերով: Մեղադրողի կողմից  Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի վերին շեմին մոտ պատիժ նշանակելու միջնորդությամբ հանդես գալը վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինը մեղադրողի հսկողությամբ  իրականացրել է ուղղորդված քննություն՝ նպատակ ունենալով  ամբաստանյալներից մի քանիսին ազատել պատժից, իսկ Հ. Ասատրյանին՝ դատապարտել երկարաժամկետ ազատազրկման:

Հերիքնազ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա միջնորդել է դատախազին, որպեսզի վերջինս օգտվի իր իրավունքից և մինչև  դատարանի խորհրդակցական սենյակ գնալը ամբաստանյալ Սեյրան Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխի և նոր մեղադրանք առաջադրի:

Հերիքնազ Ասատրյանն իր միջնորդության մեջ նշել է, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալ Ս. Կարապետյանը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է: «Սեյրան Խանամիրի Կարապետյանի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, այն պետք է որակվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-նշում է Հ. Ասատրյանը: Նրա  հիմնավորմամբ՝ Սեյրան Կարապետյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Հերիքնազ Ասատրյանն ասում է, որ Սեյրան Կարապետյանը  ծառայության տարածքային բաժնի  կանոնադրությամբ օժտված է եղել լայն լիազորություններով: 2008-2010թթ. ընթացքում իրականացնելով իրեն վերապահված գործառույթները, միայն նա կարող էր ի պաշտոնե խարդախությամբ  հափշտակել գումարները:

Հ. Ասատրյանը նշեց, որ  Սեյրան Կարապետյանը 2008-2010թթ. ձեռք է բերել տասնյակ միլիոններ արժեցող անշարժ գույք, երբ նրա ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 150 հազար դրամ: Դեռևս որպես վկա հարցաքննության կանչվելուց հետո բաժնի պետն իր անվամբ գրանցված գրեթե ամբողջ անշարժ գույքը նվիրել է իր մերձավոր ազգականներին: Հ. Ասատրյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է սոցիալապես վատ վիճակում և կարիքները հոգալու համար վարկեր է վերցրել, մինչդեռ իրեն մեղադրում են 450 մլն դրամ հափշտակելու մեջ:

«Հարգելի մեղադրող, խնդրում եմ պարզ և հասկանալի ձևով պարզաբանել նաև, թե նախաքննության ընթացքում ինչու չեն ստուգվել ամբաստանյալ Ս. Կարապետյանի մի քանի տասնյակ միլիոնների հասնող գույքի ձեռք բերման հիմքերը: Կարծում եմ, որ նախաքննական մարմինը պարտավոր էր ստուգելու այդ հանգամանքը, ինչը չի կատարել»,-միջնորդության մեջ ասում է Հ. Ասատրյանը:

Դատախազ Դ. Վեքիլյանը Հերիքնազ Ասատրյանի նշված միջնորդությունը ուղարկել է գործը քննող դատարան՝ քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Արդեն դատարանում Հերիքնազ Ասատրյանը հետաքրքրվեց իր ճակատագրով: Դատավոր Սարգսյանն ասաց, որ դատարանն իրավասու չէ ազդել դատախազի որոշման վրա և եթե վերջինս առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու պատրաստակամություն ունի, ապա կարող է դա անել: Սակայն, դատախազ Վիքիլյանը որևէ կերպ չարձագանքեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter