HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակավանցիները պնդում են, որ բանկերը շանտաժի միջոցով երաշխավորներին ստիպում են մուծել պարտք ունեցող վարկառուի փոխարեն

Շիրակավանի բնակիչ Վաղինակ Խաչատրյանի հետ կանգնել ենք գյուղի ցեխառատ խաչմերուկներից մեկում ու զրուցում ենք: Թեման՝ վարկերն են: Փողոցն այն կողմ կանգնած տղամարդիկ շրջվում են, երբ լուսանկարչական ապարատն ուղղում եմ իրենց կողմը: «Գյուղի պարապներն են,- կատակում է Վաղինակը,-գործ չկա՝ ելել արեւ կչորցնեն»: Հարեւան տան բակում՝ ցանկապատն այն կողմ, հորթերը ծուլորեն պոկում են հողի տակից հազիվ դուրս պրծած խոտի ցողունները: Ասում եմ՝ ինչ էլ սիրուն են, բայց ինչու՞ էսքան կեղտոտ:

Վաղինակը բացատրում է. «Դե տան տղամարդը խոպան է, անասուններին նորմալ մաքրող չկա, համ էլ մաքրեն-չմաքրեն՝ մեկ է բանկի աշխատողները չեն տարբերե իրարից,-ասում է ու շրջվելով փողոցով անցնող համագյուղացու կողմը՝ ծիծաղելով ձայն տալիս,-ճիշտ չեմ ըսե՞ Գայան, էս կենդանիները բանկից եկող էն տղուն արդեն դեմքով կճանչեն, իսկ էդ տղեն վրեն չի ֆայմի, թե արդեն երրորդ բակը կմտնի՝ նույն անասունն է կանգնած: Մեր գյուղացի Էմման էլ ըդպես չստացա՞վ իրա վարկը՝ իմ 5 մոզիով, հարեւանի 20 գլուխ ոչխարով, էն մյուսի հավ ու ճիվով»:

Վաղինակ Խաչատրյանի գոմում ընդամենը երկու կով է մնացել՝ ցուլիկներն ու կովերի մի մասը վաճառել է ոչ թե իր, այլ ուրիշի վարկային պարտքերը փակելու համար: Ասում է. «Անասունը ջհանդամը, քիչ էր մնացել կնգանիցս բաժնվեի: Բանկի աշխատողն եկել խալադելնիկը կնկարեր, կամպյուտրը նկարեց, հետո էլ դառավ, թե՝ տիկին Նվարդ, էլ ի՞նչ ունիք: Ըսի, տո լսե, ընգեր ջան, տիկին Նվարդը մե մարդմ ունի, հմի էդ էլ չունի: Ըսի ու Նվարդին էդ տղու հետ տնից դուրս հանի»: Հիշելով այդ դրվագը՝ Վաղինակը ծիծաղում է: Զրուցելով հասնում ենք իր տան մոտ, ասում է. «էրթանք ներս, թող Նվարդն ինքը պատմե սեփական բարեսրտության հետեւանքների մասին»:

Խաչատրյան ամուսիններն անձամբ վարկային կազմակերպությունների հետ երբեւէ խնդիրներ չեն ունեցել, երբ վերցրել են՝ պարտաճանաչ փակել են առանց ուշացումների: Պատմում են, որ սկզբնական շրջանում միայն ԱԳԲԱ բանկից էին օգտվում, գյուղատնտեսական նշանակության վարկեր էին վերցնում, գումարը փոքր էր՝ կարողանում էին փակվել: Մշտապես հաշվարկել են, արդյո՞ք կարողանալու են վարկը փակել, հետո նոր դիմել են բանկերին:

Վաղինակ Խաչատրյանն ասում է, որ հիմա պրոբլեմն այլ է: Եթե նախկինում միայն ԱԳԲԱ-ն էր դնում պահանջ, որ գյուղերում ձեւավորվեն գյուղացիական միավորումներ, որոնց անդամները մեկը մյուսի համար երաշխավոր են համարվում, ապա ներկայում նման գործելակերպ են որդեգրել բոլոր վարկային կազմակերպությունները: Նրանց պահանջով պետք է 4-5 հոգանոց խումբ կազմվի եւ խմբում անպայման ընդգրկվի մշտական կայուն եկամուտ՝ այս դեպքում աշխատավարձ ստացող մեկը:

«Մինչեւ խումբ չէղնի, վարկ չեն տա, ու թե առաջ 200-ից 500 հազար դրամ կուտային ամենաշատը, հիմի՝ միլիոնից ավելի,-ասում է Վաղինակը,-ստիպում են անպայման, որ խումբ կազմես: Վարկ վերցնողի համար խմբի մյուս անդամներն անպայման բդի թուղթ ստորագերն, ուրդեղ գրած է, օր չփակելու դեպքում իրանք բդի փակեն: Հետո ըսպես բանմ էլ էղավ: Ժողովրդին սկզբում թույլ տվեցին, օր օգտվին միաժամանակ մի քանի բանկերից՝ մեկից վերցնեն՝ մյուսի պարտքը փակեն: Երկու տարի էլ ըդպես ֆռըցրին մարդկանց ու մեկից դեմերը խաչը քաշեցին, թե էլ ըդպես բան չկա՝ օր էս բանկից վերցրել ես, էն մյուսից էլ իրավունք չունիս վերցնելու: Ժողովուրդը մնաց մանթրաժ, պարտք գումարը շատըցավ, էլ չկրցան փակեին, նախկին կառուսելն էլ չկար»:

Զրույցին միանում է Վաղինակի կինը՝ տիկին Նվարդը: Ասում է՝ «փափուկ սրտի» պատճառով է կրակն ընկել, հարեւանուհի Էմման ասել է վարկը վերցնում է մինուճար տղայի բուժման համար՝ ինքն էլ ստորագրել է՝ չնայած ամուսինն արգելել էր:

«Ես «Արեգակի» զոհն եմ, Երանուհի ջան,-ասում է տիկին Նվարդը,-մի անգամ փող էր պետք՝ մտա խմբի մեջ, վերցրեցի 300 հազար՝ փակվա, հետո արդեն գուզեի խմբից դուրս գայի, մեր հարեւան Բեյբության Էմման եկավ, թե արի ստորագրե, ընձի փող է պետք, վերցնեմ տղուս օպերացիայի ու բանակի հարցերը լուծեմ: Մեղքս տվեց, իմ մոտս օր երեխու անուն կուդան, ինչխոր չկրնանամ մերժեմ: Վերջը համաձայնվա, Վաղինակին ըսի, թող ես ստորագրեմ, մեկ է, բանկի աշխատողն օր եկավ տեսավ իրանց տնտեսությունն՝ ըդքան փող դժվար էլ իրանց տա»:

Արի ու տես, որ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի աշխատակիցը «չի արդարացրել» տիկին Նվարդի սպասումները եւ հաստատել է Էմմա եւ Սուսաննա Բեյբությաններին 3 մլն 300 հազար դրամ վարկի տրամադրումը:

«Ես շշմա, թե ի՞նչխ իրանք էդ վարկը ստացան՝ ոչ նորմալ տուն ունին, ոչ՝ ապրուստ: Մեկին 1 մլն 500 հազար տվին, մյուսին՝ 1 մլն 800 հազար դրամ: Ըդտեղ կասկածն ընկավ սիրտս, օր հաստատ բանկի աշխատողին հախ են տվել, թե չէ իրանք չիդեի՞ն, օր էդ մարդիկ Ֆինկային էլ են պարտք, Կամուրջին էլ»,-կնոջ խոսքը շարունակում է Վաղինակը:

Բանկի ներկայացուցչին, ով գործի բերումով հաճախակի է լինում Շիրակավանում, գյուղում կոչում են յալանչի (լարախաղացի օգնական, ով զանազան ծամածռություներ, հնարքներ բանեցնելով հանդիսատեսից փող է հավաքում-հեղ.): Վաղինակն ասում է. «Էդ յալանչին անգիր գիտե, թե էս գյուղում ով ինչ ունեցվածքի տեր է: Ինքը դաժե մեր բարեկամուհուն ըսել էր, թե գնա Վաղինակին ասա, թող քո փոխարեն դիմի բանկ, վարկ վերցնի՝ իրան հաստատ կուդան: Բայց հմի, էս դեպքից հետո, ինչ Էմման վարկը չի փակել՝ կնոջս գցել են «սեւ» ցուցակ՝ ընձի էլ հետը: Էն օրը գնացել էի կաֆել առնելու, մի 150 հազար դրամի պատմություն էր, ապառիկ չձեւակերպեցին, թե կնիգդ «չէպէ» ունի, չենք տա: Տո կըսեմ, ես կնգաս թողել եմ, չեն հավատա: Ոսկեղեն ունենք բանկում, որ էլի չենք կարողանում հանել Էմմայի պարտքի երեսից, հողերիս վրա կալանք է դրած, տանս ապրանքն էլ ցուցակագրել են, բայց բուն պարտքատիրոջ տանը մոտիկ էլ չեն էրթա»:

Շիրակավանում վարկերի պատճառով թշնամական մթնոլորտ է ձեւավորվել: Գյուղում կատակում են, թե հնար լինի բարիկադներ կկառուցեն ու կսկսեն գրոհել միմյանց վրա: Շիրակավանի համայնքապետ Մարատ Մկրտչյանը չգիտի ինչպես օգնել համագյուղացիներին:

«Իրավունք էլ չունեմ ասելու, թե մի վերցրեք,- նկատում է համայնքապետը,- բայց էս պարագայում եւ բանկն է մեղավոր, եւ վարկառուն: Կառույցը, որ տալիս է առանց հաշվի առնելու վարկառուի կարողությունները, վարկառուն, որ վերցնում է ու օգտագործում ոչ նպատակային: Բանկը պիտի հետամուտ լինի, եթե տվել է գյուղատնտեսական նպատակով, արդյո՞ք այդ նպատակով էլ օգտագործվել է: Գյուղապետարանը տեղեկանք է տալիս տվյալ գյուղացու ունեցվածքի հետ կապված՝ տուն, անասուն, մեքենա, հող՝ վերջնական որոշում կայացնողը բանկն է»:

Հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ գտնվող Շիրակավանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Վարձատրվող աշխատատեղեր ապահովում են միայն գյուղապետարանն ու դպրոցը: Գյուղի տղամարդկանց հիմանական մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Սեզոնին 100-ից ավելի տղամարդ բացակայում է գյուղից: Այս տարի երկու ընտանիք ընդհանրապես հեռացել են Շիրակավանից: Բնակիչների միայն 60 տոկոսն է գյուղում, ասում է համայնքապետը, 47 դուռ գյուղում փակ է:

«796 բնակիչ ունենք գյուղում, ընտրողների թիվը 585 է, բայց ընտրության գուկան ընդամենը 270 հոգի: Դե պատկերացրեք վիճակը՝ լրիվը դուրսն են: էս տարի էլ մեծ մասը անասունը մորթեցին, որ վարկերը փակեն,-մտահոգվում է Մարատ Մկրտչյանը,- վերցրած մայր գումարն ավելի քիչ է, քան տուժն ու տուգանքները, որ ավելացելեն: 500 հազար ստացող մարդը միլիոն հարյուր հազար դրամի վարկ կփակե: Գյուղում մի 4-5 ընտանիք ունենք, որ սաղին կրակն են գցել, մեր դպրոցի 7 ուսուցիչներ կես աշխատավարձ կստանան մենակ մի գերդաստանի անդամների համար երաշխավոր կանգնելու պատճառով»:

Համայնքապետարանի հաշվապահ Սլավիկ Վարոսյանն ինքն էլ վարկառու է, նաեւ երաշխավորել է այլ վարկառուների վարկ վերցնելու համար ու նրանց ժամկետանց պարտավորությունների պատճառով հայտնվել անելանելի վիճակում: «Պարտադիր պայման էր, որ երաշխավորն անպայման լիներ աշխատավարձով աշխատող մեկը: Կանգնել ենք երաշխավոր մեր տնից ես եւ ուսուցչուհի կինս: Հիմի ամեն ամիս մեր աշխատավարձի 50 տոկոսը գնում է ուրիշների վարկերի փակմանը: Ես երաշխավորել եմ ընկերոջս՝ Շահեն Հովհաննիսյանին, որ վարկ վերցնի Պրոկրեդիտ բանկից, Ֆաստկրեդիտից, ինչքան հնարավոր կրեդիտներ կան վերցրել է: Աշխատավարձս 90 հազար է, ամեն ամիս դրա կեսը գնում է ուրիշի վարկերի փակմանը»,-ասում է Շահենը: Արդեն 500 հազար դրամից ավելի պարտք են փակել Շահենն ու իր կինն անցած վեց ամիսների ընթացքում՝ ամեն ամիս ընտանեկան բյուջեից, ոչ իրենց կամքով՝ հատկացնելով 82 հազար դրամ: Շահենի վեց անձից բաղկացած ընտանիքում երեք անչափահաս երեխա են մեծանում:

«Հլը առայժմ Շահենի պարտքն է 800 հազար՝ 20 ամսվա կպրծնիմ, հետո կանցնիմ Նազանի 2,5 մլնը կփակվիմ 10 տարվա կպրծնիմ, հետո էլ հետեւաց գլխիս ինչ գուկա, չիդեմ,-լացելու աստիճան տհաճ իրավիճակը հումորով ներկայացնում է զրուցակիցս,- կինս էլ Վարդի տեղը 37 հազարով կփակվի 4,5 մլն-ը, ու ըդպես շարունակ: Աչքիս լատարեա կխաղամ, վրես խաբար չկա: Ոչ մեր մեղքով իմ ու կնոջս վարկային պատմությունը լրիվ ընկած է՝ սեւ չէ, էնպես ոչինչ սեռիոտ ցուցակի մեջ ենք»:

Շահենն ասում է, որ թակարդի պես մի բան է երաշխավորության այս մեխանիզմը: Եթե նախկինում դա խնդիրներ չէր հարուցում, ապա հիմա ամեն ինչ փոխվել է: Բանկը կամ վարկային կազմակերպությունը գտել է շատ հեշտ եղանակ իր գումարները հետ ստանալու համար՝ դատարանի որոշումով կալանք է տարածում անպարտաճանաչ վարկառուի համար երաշխավոր կանգնած կայուն եկամուտ ունեցողի դրամական միջոցների վրա:

«Ո՞նց կարող է Շիրակավան համայնքի նման ոչ հարուստ համանքում ապրող մարդը 5-10 մլն դրամի վարկային պարտավորություն ունենա՝ նշանակում է վերցրել, կերել է,-ասում է Շահենը,-փողը երբեք ծախսելու տեսանկյունից քիչ չի լինում, կոնկրետ Շահենենց պահով կարող եմ ասել, որ իրենց եղբայրը վատառողջ էր, երիտասարդ տարիքում մահացավ, իրենք բուժման համար էին գումար վերցրել, բայց դե դրանից առաջ էլ այլ նպատակով էին վերցրել: Բանկերն էլ զարմանալիորեն նմաններին են տալիս վարկը՝ առանց հաշվի առնելու նախորդ պարտքերը՝ կրակը գցելով մեզ»: 

Շիրակավանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նաթելա Համբարյանն ասում է, թե ամբողջ կյանքում բանկերի դռները չեն գնացել, վարկ չեն վերցրել, բայց ուրիշի վարկի պատճառով երեք ամիս մղձավանջի մեջ են ապրել: 2013 թ-ին Նաթելային է դիմել ազգականը՝ Համբարյան Վարդանը եւ խնդրել երաշխավոր կանգնել Պրոկրեդիտ բանկից 2 մլն դրամ վարկավորում ստանալու համար: Զրուցակիցս համաձայնվել է, սակայն չի իմացել, որ ազգականները 2015 թ-ի երկրորդ կեսից դադարեցրել են մուծումներ կատարելն ու վարկի մնացորդ 550 հազար դրամի վրա տույժ ու տուգանքներ են եկել՝ դառնալով 840 հազար դրամ:

«Անցած տարվա դեկտեմբեր ամսին նամակ եմ ստանում ԴԱՀԿ-ից, որ կալանք է դրվում իմ աշխատավարձի վրա: Ես անհանգստանում եմ իհարկե եւ կապ եմ հաստատում Վարդանի ընտանիքի հետ, որ վարկը վերցնելուց հետո տեղափոխվել էր Ռուսաստան: Ինձ հանգստացնում են, թե դեկտեմբերի 25-ին գումարը կուղարկենք, դու մասնակի մուծում ցույց կտաս, մնացածն էլ հունվարին կուղարկենք,-պատմում է Նաթելան,-հունվարին, ամանօրյա տոներից հետո արդեն նամակ եմ ստանում դատարանից, որ գործը մտել է դատարան»:

Մարտի 5-ին, երբ Նաթելա Համբարյանը փորձում է աշխատավարձ ստանալ քարտային տարբերակով՝ պարզում է, որ 108 հազար դրամ աշխատավարձից քարտի վրա առկա է միայն 8 հազար դրամը: «Ես քարտը մտցնում եմ բանկամատ՝ գրվում է մինուս 740 հազար դրամ: Այսինքն 100 հազարս միանգամից տանում է: Ես ընկնում եմ սթրեսի մեջ: Մենք միշտ մեր աշխատանքով, մեր քրտինքով ապրող մարդիկ ենք եղել ու հիմի էսպիսի բաներ են կատարվում: Գնում ենք բանկի կառավարիչի դուռը, ոտքերն ենք ընկնում, գնում ենք ԴԱՀԿ ծառայություն, նորից աղաչանք-պաղատանք, որ ժամանակավոր կալանքը հանեն, մենք էս հարցին լուծում տանք: Մի շաբաթ ուղիղ մենք իրանց դռներն ենք ընկնում, կառավարիչի հետ լեզու բերան ենք գտնում, որ դատարանից գործը հետ վերցնի, տոկոսները թափի, մենք էդ 550 հազարը մուծենք, հեռենանք էս գործից: Մենք ամեն օր գնում էին բանկ, մեզ ասում էին էդ 850 հազարն էսօր դարձել է 890 հազար, վաղը կդառնա 900, մյուս օրը կդառնա…ու դե պատկերացրեք իմ հոգեկան ապրումները դրանք լսելիս»:

Պրոկրեդիտ բանկի Գյումրու մասնաճյուղի կառավարիչը համաձայնվում է դատարանից հետ վերցնել հայցը մի պայմանով, որ Նաթելան մուծում է Համբարյան Վարդանի պարտք 550 հազար դրամը եւ 150 հազար դրամ էլ բանկի դատական ծախսը: Նաթելան ասում է, որ եթե այդ 700 հազար դրամը, որ ընտանիքով պարտք են արել տարբեր մարդկանցից, ինքը չմուծեր, ապա մարտի 14-ին ստիպված էր լինելու մասնակցել դատական նիստի, իսկ գումարն էլ տույժ-տուգանքներով կազմելու էր 1 մլն 200 հազար դրամ:

«Իմ հոգեկանը լրիվ խանգարվել էր: Պատկերացրեք, դպրոցում աշակերտին հարցը տալիս էի՝ պատասխանը չէի լսում: Դարձել էի դյուրագրգիռ, գոռում էի բոլորի վրա: Ամուսինս զգում էր, որ արդեն կորցնում է ինձ, դրա համար էլ գերադասեց ինքը մտնի պարտքի տակ՝ էս հարցին լուծում տալու համար: Հիմա էլ զանգում եմ էդ իմ ազգականներին Ռուսաստան՝ անհասանելի են, հավանաբար հեռախոսի համարն են փոխել»:

Առաջին պլանում՝ Մանուշակ Վարդանյանը

Շիրակավանի համայնքապետարանում հավաքված կանայք սկզբում բավական զուսպ ներկայացնում են իրենց պատմությունը, հետո մթնոլորտը լարվում է, միմյանց չեն վիրավորում, սակայն բարձրաձայն խոսակցությունը հետզհետե վերածվում է գոռգոռոցի, ներկաներից մեկն անգամ արտասվում է: Պարզվում է բանկերից ամենաշատ վարկեր վերցրած Արեգնազան Գեւորգյանի հարսն է՝ Վերգուշ Հարությունյանը: Վերջինս ասում է, որ սկեսուրը սկեսրայրի ու երեք տղաներ հետ Ռուսաստանում է, ինքը կապ չի ունեցել այդ գումարների հետ, սակայն համագյուղացիներն ամեն անգամ իր տուն են գալիս:

Հայտարարությունը հուներից հանում է 60-ամյա Մանուշակ Վարդանյանին: «Ինչխ կրնաս խաբար չեղնիս, երբ օր մե ընտանիք եք: Հասկցանք, օր կեսուրդ է վերցրել, մենք քեզնից չենք ուզե, բայց մի ըսե, թե խաբար չես,-վրդովվում է տիկին Մանուշակը,-իրանց պատճառով աղջիկս աշխատավարձի կեսը կստանա, իմ թոշակիս վրա կալանք չկա դրած, բայց ես էլ չեմ կրնա ոսկեղենս հանեմ բանկից: էս գործն էլ արդեն մտել է դատարան: Անցած ամառ մի նիստ եղավ՝ բոլորս գնացել էինք, երկրորդ նիստին մենակ ես էի ներկա: Էս կառավարությունն ու բանկերը մեզի ինադու ցեխն են շպրտել: Նազանը վարկ է վերցրել 1 մլն 300 հազար, էդ փողն հմի դառել է 2 մլն 55 հազար դրամ տույժերով-տուգանքներով ու կրակն ընգել ենք երաշխավոր կանգնածներս: Ինքը գեղից փախած է՝ փողը մենք բդի մուծենք»:

Զրույցին ներկա են նաեւ շիրակավանցի Սոֆյա Ղարիբյանն ու Սեդա Մկրտչյանը: Գյուղի փոստային բաժանմունքի պետ Սոֆյան երաշխավոր է կանգնել Սեդային Ֆաստկրեդիտ բանկից վարկ վերցնելու համար: Պարտքատերն ու երաշխավորը բավական համերաշխ ու զուսպ վարքագիծ են դրսեւորում, թեպետ այդ վարկի պատճառով Սոֆյա Ղարիբյանն իր 55 հազար դրամ աշխատավարձի կեսն է ստանում:

«Մենք պարտք չենք ունեցել,- պատմում է Սեդա Մկրտչյանը,- իմ ամուսինը խմբի անդամ էր, պարտք էդ խմբից ունեցել է մեր հարեւանուհին, բայց բանկի աշխատողը մշտապես մեր տուն էր գալիս, մեզ էր անհանգստացնում, թե մուծումներ արեք, թե չէ էդ 650 հազարը կաճի: Ընձի ստիպեցին, որ վարկ վերցնեմ պարտքատիրոջ վարկը փակեմ, սպառնացին, թե ամուսնուդ ռոզիսկ կուդանք, Ռուսաստանից ետ կկանչենք: Ես ունեմ երեք անչափահաս երեխա, միակ աշխատողն ամուսինս էր ու ես ստիպված համաձայնվել եմ: Եկել ենք գյուղապետարան, վեճ, կռիվ, ես լաց եմ եղել, դաժե առաջին ամսվա պարտքը մեր գյուղապետն է մուծել: Մեզի բանկից խաբին, թե էդ պարտքը վիզ վերցրեք փակեք, քեզի վարկ կուդանք, դու ուրիշ բանկ պարտք ունես, էդ պարտքը կմուծես: Ինձ տվեցին 1 մլն 80 հազար դրամ վարկ, ես մուծեցի ուրիշի 650 հազար դրամ պարտքը, ում համար, որ մուծել եմ, ինձ ասում է 5 տարի հետո, երբ փող ունեցա՝ կուդամ: Այ էդ վարկի համար է կանգնել երաշխավոր Սոֆյան, որ Ռուսաստանում ռուբլու կուրսն ընկնելուց հետո չկարողացանք փակվել, եղան ուշացումներ՝ բնականաբար տույժ-տուգանքներն էլ չուշացան»:

Շիրակավանցիները պնդում են, որ բանկերը շանտաժի միջոցով ստիպում են երաշխավոր կանգնած անձանց մուծել պարտք ունեցող վարկառուի փոխարեն: Տուն, մեքենա, հողամաս, որ պատկանում է պարտքատիրոջը՝ վաճառքի չի հանվում, դրա փոխարեն գույքագրվում է երաշխավորների ունեցվածքը, կալանք է տարածվում նրանց դրամական միջոցների վրա: Շատ հաճախ էլ պարտքատիրոջ վարկը փակելու համար, բանկ առաջարկում է երաշխավոր կանգնած անձին վարկ ձեւակերպել արդեն իր անունով ու ստանձնել կրկնակի  պարտավորություն:

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
արեգակ կոչված բանկա թե ինչ զահռմարա, նոյեմբերյանի մասնաճյուղը նույնպես էս մարդկանց պատմություննա բերում անմեղ երաշխավորների գլխին: թամամ տուն տեղ չունեցող, սև ցուցակ ընգած, խայտառակ բնութագիր ունեցող, մի քանի տեղից վերցրած, նամարդներին տալիսա շատ հեշտությամբ ու կրակը քցում խեղճ երաշխավորներին: գնացեք նոյեմբերյնի մասնաճյուղ արեգակ կոչվածի ու ստտուգումներ իրականացրեք տեսեք թե ինչ խաբեբայություն ու հանցագործություններ են կատարում էտ աֆերիստ աշխատողները թե քնի անմեղ երաշխավորա տուժվել դրանց խաբեբայության ու ապօրինության համար: բիջ բերած փողոցայիններից բռնած վարկ են տալիս, երաշխավորին վերը գրված մարդկանց կյանքին արժանացնում: դրանք քերողներ են , լկտիներ բառիս բուն իմաստով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter