HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին հանրակացարանի բնակիչները մնացել են օդում. վարչապետի ու մարզպետի խոսքերը չեն համընկնում

Երեք տարի է՝ Արմավիր քաղաքի նախկին պահածոների գործարանի հանրակացարանում բնակվող քաղաքացիները սպասում են իրենց նոր հանրակացարանային բնակարանների սեփականաշնորհման վկայականներին: Սկզբում վարչապետը խոստացել է բնակարանները քաղաքացիներին հատկացնել անվճար, սակայն Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ սեփականության իրավունքի գրանցման համար պետական վճարումները պետք է իրականացնեն բնակիչները: Իսկ այնտեղ ապրողները հիմնականում կարիքավորներ են և գումարներ չունեն գործընթացն ավարտին հասցնելու համար:

Արմավիր քաղաքի նախկին պահածոների գործարանում աշխատող մի քանի տասնյակ ընտանիքներ սեփական տուն չունենալու պատճառով խորհրդային տարիներից ապրել են գործարանի հանրակացարանում: Այդ շենքում ծնվել և ապրել է մի քանի սերունդ: Տարիների ընթացքում շենքն այնքան է խարխլվել, որ դարձել է 4-րդ աստիճանի վթարային:

2012թ., երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է գործարանի տարածք, վթարային շենքի բնակիչները մոտեցել են նրան և ներկայացրել իրենց մտահոգությունները: Բնակիչների խոսքերով՝ Տ. Սարգսյանը հանձնարարել է վերանորոգել գործարանի հանրակացարանի մեկ այլ մասնաշենքը, որը մի քանի մետր հեռու է գտնվել և անվճար հատկացնել բնակիչներին: Վերջիններս նոր մասնաշենք տեղափոխվել են 2013թ., իսկ հին շենքի հետքը նույնիսկ չի երևում: Այն քանդել են, իսկ տարածքը քիչ-քիչ վերածվում է աղբանոցի:

Անահիտ Թորոսյաննը ծնվել է արդեն գոյություն չունեցող հանրակացարանի շենքում: Նա այն բազմաթիվ բնակիչներից մեկն է, ով հնարավորություն չունի իր միջոցներով սեփականաշնորհել իրեն հատկացված փոքր սենյակը:

«Տիգրան Սարգսյանը եկավ, բոլորիս բանալիները տվեց, ասաց, որ ձեր խնդիրը լուծվել է: Ասաց, որ սենյակների սեփականության վկայականները մեզ պետք է հատկացնեն անվճար: Սակայն մինչ օրս այդ հարցը չի լուծվել: Տեսանք, որ խնդիրը չի լուծվում բոլորս էլ գնացել մարզպետի հետ հանդիպել ենք, նույնիսկ մարզպետարանի իրավաբան Յուրի Մանվելյանի հետ ենք խոսել: Իրավաբանն ասել է, որ սեփականության վկայականները կտան, բայց ամեն անգամ մի քաշքշուկ ստեղծում են: Մի օր էլ նա եկավ շենք, ասացի, որ հերիք է 44 ընտանիքներին մատի վրա ֆռռացնեք, սեփականացրեք մեր բնակարանները: Օրեր անց զանգեց ասաց, որ սեփականաշնորհում են, բայց 68.000 դրամ պիտի վճարեք»,-պատմում է Անահիտը:

Նրա խոսքերով՝ շենքում բոլորը գործազուրկ են, հիմնականում ապրում են նպաստով կամ թոշակով: Նա իր օրինակով ներկայացրեց իրավիճակը: «Թոշակառու մայր եմ պահում, 80 տարեկան կին է, իր 40 հազար դրամ թոշակով ենք ապրում: Ես ինչքա՞ն գումար հավաքեմ, որ կոմունալները վճարեմ, մեկ ամիս ապրեմ և գումար հետ գցեմ: Այս շենքն էլ, որ վերանորոգեցին տվեցին մեզ, լրիվ անորակ են իրականացրել շինարարությունը: Ծորակներն էև շարքից դուրս եկել, պատերն են ճաքել: Բայց բանի տեղ չենք դրել, որովհետև նախորդն ավելի վատ վիճակում էր գտնվում»,-նշում է Անահիտ Թորոսյանը:

Արմավիրի մարզպետարանը՝ առանց նոտարական վավերացման և վճար սահմանելու բնակելի տարածքի վարձակալության ձևական պայմանագրեր է կնքել բնակիչների հետ: 2013թ. նմանատիպ պայմանագիր կնքվել է նաև Անահիտ Թորոսյանի հետ: Նրան հատկացվել է երկու սենյականոց բնակարան՝ ընդհանուրը 35,36 քմ մակերեսով, որից միայն 27,70քմ է բնակելի:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրել է, որ ներկայումս նոր շենքի բնակիչների հետ կնքվում են իրենց կողմից զբաղեցրած բնակարանների նվիրատվության պայմանագրեր:

«Մինչև այս պահը կնքվել է թվով 7 պայանագիր, գործընթացը շարունակվում է: Նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված տուրքերի վճարումներն իրականացվում են քաղաքացիների կողմից: Բնակարանների հատկացումներն իրականացվել են՝ հաշվի առնելով բնակիչների փաստացի զբաղեցրած տարածքի չափերը, ընտանիքի անդամնեի թվաքանակը և ելնելով այն հանգամանքից, որ նոր մասնաշենքի վերակառուցման արդյունքում ձևավորվել են մեկ, երկու և երեք սենյականոց բնակարաններ»,-ասում է մարզպետ Ղահրամանյանը:

Բնակիչները հակադարձում են. նշում են, որ արդեն քանդված շենքում իրենց բնակարաններն ավելի մեծ էին:

Բնակչուհի Կարինե Զախարյանը պատմեց, որ որդին մոտ 9 տարի է՝ Հայաստանի սահմաններին է ծառայում: Իրենց հատկացրել են 2 փոքր սենյակ և  ընտանիքի երեք չափահաս ու 2 մանկահասակ երեխաներով ապրում են փոքր տարածքում: «Համարյա իրար ծոց ենք քնում»,-ասում է Կարինեն:

«Բազմիցս դիմել եմ նախարարություն, կառավարություն, որ շենքում բնակարաններ կան, որոնք բնակեցված չեն, դրանցից հատկացում անեն: Մարդիկ գումար ունեին ստացան, սեփականաշնորհեցին ու գնացին, հետո էլ կգան կվաճառեն: Գնացել եմ մարզպետարան, հարցնում եմ՝ ինչքան արժե այդ փոքր սենյակների սեփականաշնորհումը, ասում են՝ մոտ 70 հազար դրամ: 70 հազար դրամ ունենամ իմ երեխուն հաց ու ջուր կառնեմ: Բայց վարչապետն ասում էր, որ սեփականաշնորհումը անվճար անեն: Ճիշտ խոսքը չի անցնում, բայց պիտի ասեմ. գրպանդ լայն բացի՝ ով փող տվեց, նա տեղ ունի, ով չէ՝ դու ով ես, ես ով եմ: Ես էլ փող չունեմ, մենակ զինվոր տղես է աշխատում»,-հավելում է նա:

Կարինե Զախարյանը պատմում էր, որ պարտքերի պատճառով իրենց էլեկտրաէներգիան և խմելու ջուրն անջատված են: Հարևանի սենյակից են տարաներով ջուրը բերում, օգտագործում:

«Երեխեն արհեստական կաթ է ուտում, միակ եկամուտն էլ տղուս աշխատավարձն է, որտեղի՞ց կարողանանք ապրել: Դիմել եմ, որ նպաստ ստանանք, ասում են՝ չի հասնում, տղեդ աշխատում ա: Բայց հաշվի չեն առնում, թե ինչքան աշխատավարձ է ստանում: Հեսա տաքերն ընկնի, ընկնելու ենք դաշտերը: Մասնավորի մոտ փողով հողերում աշխատում ենք, բայց մինչև հիմա անցյալ տարվա փողերը չեն տվել: Մարդը բերք է ցանել, տուժվել է, չի կարողանում վճարել: Դիմել եմ վարչապետին, որ ես ձեռք ունեմ, ոտք ունեմ, կարող եմ աշխատել, ինչի գնամ փող մուրամ, մի տեղ տեղավորեք աշխատեմ».-ասում է տիկին Կարինեն: Նրա խոսքերով՝ դիմելուց հետո իրեն զանգահարել և տեղեկացրել են, որ քաղաքային հիվանդանոցում  կարող է հավաքարար աշխատել: Շտապել է հիվանդանոց, բայց այնտեղ խոսք չեն տվել, որ կաշխատի: Ասել են՝ սպասիր:

«Հիմա պիտի ծանոթ, բարեկամ ունենաս, որ օգնեն: Ես էլ չունեմ նման բարեկամներ, իմ բարեկամները պաշտոնյաներն են, դե թող օգնեն աշխատեմ»,-հավելում է Կարինեն:

Խոսակցությունները լսելուց հետո բակում նստած Ժենիկ տատի նյարդերը տեղի տվեցին: Նա սկսեց բարձր ձայնով մեղադրել իրենց՝ բնակիչներին, ասելով, որ այս վիճակի համար իրենք են մեղավոր:

«Պիտի մեր սեփականության հարցը լուծեին նոր տեղափոխվեինք այս շենք:  Կամ՝ պիտի չվերցնեինք փոքր սենյակները, ասեինք՝ չի համապատասխանում չափերը ընտանիքի պահանջներին: Մենք ենք մեղավոր, վռազեցինք»,-ասում էր նա:

Թե ինչպես է լուծվելու բնակիչները հարցը՝ պարզ չէ: Նրանք պնդում են վարչապետի խոսքը, որ անվճար է լինելու սեփականաշրհումը, մարզպետն էլ ասում է ճիշտ հակառակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter