HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ազատանը մինչև 2008 թ.-ը ղեկավարած Կարապետ Ազատյանը ներկա համայնքապետին մեղադրում է ֆինանսական չարաշահումների մեջ

Անստորագիր նամակներ գրելու խորհրդային տարիների արատավոր երեւույթի վերադարձը սեփական մաշկի վրա զգացած Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը խոստովանում է, որ թեթեւացած շունչ է քաշել, երբ ի վերջո կոնկրետ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

«Համայնքապետ ընտրված օրվանից, 6 տարի շարունակ իմ վրա անստորագիր նամակներ են գրել ու գրողն էլ եղել է նախկին համայնքապետ Կարապետ Ազատյանը,-ասում է Ազատան համայնքի ներկայիս համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,-էն տանը, որտեղ գրում էին, մինչեւ նամակն ուղարկելն ինձ տեղեկացնում էին, թե էլի քո վրա գրել են: Մարդ ամաչում էր, որ ամեն մարզխորհրդի նիստի մարզպետը վերջում զգուշացնում էր, թե հարգելի համայնքապետեր, ուշադիր եղեք, ձեր վրա անանուն նամակներ են գրում, էս է, Ազատանի համայնքապետի վրա էլի գրել են: Վերջը էդ մարդը տեսավ, որ անանիմկով իր ուզածին չի հասնում՝ կոնկրետ հաղորդում տվեց, որի հիման վրա էլ քրեական գործ հարուցեցին»:

Քրեական գործ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի նկատմամբ հարուցվել է 2013թ-ի հոկտեմբերին՝ պաշտոնական դիրքը չարաշահելու փաստի կապակցությամբ: 2014թ-ի հունվարին Ախուրյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Մ. Մկոյանը որոշում է կայացրել առգրավել համայնքապետարանում առկա փաստաթղթերը, որոնք վերաբերում էին 2009-2013թթ.-ին Ազատան համայնքում իրականացված ծրագրերին: Առգրավված նյութերի մեջ եղել են սոցիալական աջակցություն ստացած բնակիչների ցուցակն ու տրված գումարների չափը, Ազատան համայնքի կենտրոնական ճանապարհի կապիտալ նորոգման եւ Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի մերձակա տարածքում կատարած աշխատանքների փաթեթները, հակակարկտային կայանների եւ   կանգառների տեղադրման աշխատանքների հետ կապված փաստաթղթերը, Ազատան գյուղին դիզելային վառելիքի տրամադրման փաթեթը, ավտոմեքենաների եւ շինությունների գույքահարկի վճարման ցուցակը:

 Վարդան Իկիլիկյան

«Գիտեք, մարդ անչափ հոգնում է, երբ հերթական անգամ լսում է, որ իր վրա անստորագիր նամակ են գրել ու մեղադրել մի բանում, որ չես արել, դրա համար էլ շատ լավ եղավ, որ այս գործը հարուցվեց,-ասում է Վարդան Իկիլիկյանը,-պահանջ էր դրվել, որ ստուգումներ իրականացներ նաեւ ֆինանսների նախարարությունը, բայց քանի որ նշված բոլոր ծրագրերն իրականացվել էին ոչ թե պետբյուջեից, այլ սեփական եկամուտների հաշվին, ապա նախարարությունից չեկան, սակայն տարածքային նախարարության պահանջով վարչական հսկողություն իրականացրեց Շիրակի մարզպետարանը»:

Վարչական հսկողություն իրականացրած հանձնաժողովի անդամներից մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանի փոխանցմամբ Ազատանում վարչական հսկողություն իրականացվել է տարվա հաստատված ժամանակցույցից դուրս:

«2015 թ-ի նոյեմբերին ենք իրականցրել հսկողությունը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների հիմա արդեն նախկին նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ,-նշում է Զորիկ Խաչատրյանը,-նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ կազմվեց հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին նաեւ ներկայացուցիչներ նախարարությունից: Ստուգել ենք հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ոչ մի էական խախտում, չարաշահում չենք հայտնաբերել: Ինչ որ մանր-մունր թերացումներ եղել են, որոնց շտկման համար համայնքի ղեկավարին ու ավագանուն հանձնարարություն է տրվել: Կոնկրետ մեր բնագավառի մասով Ազատան համայնքում գույքի օտարման, օգտագործման, տրամադրման հողային օրենսդրության պահանջների պահպանման էական խախտումներ մենք չենք հայտնաբերել»:


Զորիկ Խաչատրյան

Ազատան համայնքում գյուքի օտարումները հիմնականում համապատասխանել են հողային օրենսդրության, տեղական ինքնակառավարման մասին օրենքի եւ հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջներին: Որոշակի թերություններ արձանագրվել են իրավական ակտերի տեխնիկական պահանջների կատարման մեջ՝ օտարվել է հողամասը, սակայն համայնքի ավագանու որոշման մեջ չի նշվել հողի նպատակային կամ գործառնական նշանակությունը, որն ըստ Զորիկ Խաչատրյանի, էական ազդեցություն չի ունեցել գործընթացի վրա:

Ստուգումների արդյունքում արձանագրվել է նաեւ, որ սոցիալական աջակցության նպատակով Ազատանի ավագանին նշված հինգ տարիների ընթացքում ստացել եւ քննել է 350 դիմում, որից բավարարվել է 345-ը: Համայնքային բյուջեից որպես սոցիալական աջակցություն տրամադրվել է 16 մլն 350  հազար դրամ, որը մարզպետարանի աշխատակցի կարծիքով, Ազատանի նման հարուստ համայնքի համար մեծ գումար չէ, մանավանդ, որ այդ գումարը տրամադրվել է 2009-2013թթ-ի ընթացքում: Ի դեպ, սոցիալական աջակցություն ստացած բոլոր ազատանցիները հարցաքննվել են, մասնակցել են քննչական գործողություններին, սակայն ոչ մի չարաշահում այս ոլորտում չի հայտնաբերվել:

Գումարների մխսման փաստ չի արձանագրվել նաեւ համայնք մտնող կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում՝ նշում է Վարդան Իկիլիկյանը: Փոսալցման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2009-2012թթ-ին: Կատարվել է 113 մլն դրամի աշխատանք, որն իրականացրել է «Ախուրյան> ՃՇՇ-ն: Գումարները հատկացվել են համայնքի միջոցներից: 2,8 կմ ճանապարհն ամբողջությամբ փոսային նորոգման է ենթարկվել, իսկ 800 գծամետրը կապիտալ նորոգվել է: Ճանապարհի 700 մետր հատվածը վերականգնվել է բազալտե մայթեզրերով, ճանապարհն ապահովվել է ջրահեռացման համակարգով:

«Փորձաքննություն է նշանակվել որակի հետ կապված, եկել ասֆալտ են ծակել, հաստություն են ստուգել, ես ներկա չեմ եղել, բայց նախկին գյուղապետը մասնակցել է: Հետո էլ բողոք է գրել, որ ներկա չեմ եղել փորձաքննությանը, բայց ես այդ ժամանակ Դիլիջանում սեմինարի էի, իմ փոխարեն տեղակալս է եղել: Փորձաքննությունն անցել է, տվել են դրական եզրակացություն»,-ասում է Վարդան Իկիլիկյանը:

2012թ-ին Ազատան գյուղի սկզբնամասում գտնվող համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշարձանի տարածքում աշխատանքներ են կատարվել, որոնց վերաբերյալ եւս եղել է բողոք: 250 մետր հատված պարսպապատվել է, որպեսզի անասունը չմտնի տարածք:

«Մետաղյա ցանկապատերը եղել են համայնքինը, որը նախկին գյուղապետը տարել էր՝ մենք հետ ենք վերադարձրել, վերանորոգել, ներկել եւ տեղադրել ենք տարածքում: Նախկին գյուղապետն երեւի մտածել է, թե ես դա գումար եմ ցույց տվել, սակայն դա այդպես չէ,-շեշտում է զրուցակիցս,-մեր մոտ գումար ծախսվել է միայն ներկի, ավազի, բետոնի, բանվորական ուժի, տեղադրման աշխատանքների վրա՝ ամբողջը մոտ 400 հազար դրամ է կազմել»:

Հուշարձանը կառուցվել է 1970-ականների սկզբին ու դրանից հետո ոչ մի տեսակի վերանորոգման աշխատանքներ չէին կատարվել: Հուշարձանը շրջապատող սալերը նստել էին, ջուրը լցվում էր հուշարձանի տակ, պատմում է համայնքապետը: Այդ սալիկներն եւս ամբողջությամբ քանդել եւ փոխարինել են բազալտով, որն ավելի դիմացկուն շինանյութ է: Ասֆալտապատվել է հուշարձան տանող մուտքի ճանապարհը:

Ազատանը միակ համայնքն է, որ հակակարկտային կայաններ տեղադրելիս ոչ մի անգամ պետական բյուջեից աջակցություն չի ստացել, տեղադրել են իրենց ուժերով եւ հիմա նախկին գյուղապետը որոշել է, որ էլի գումարներ են մխսվել, որովհետեւ 9 կայանները ձեռք են բերվել տարբեր արժեքներով: «Երբ 2009թ-ին Ազատան համայնքին պատկանող 1100 հա հողատարածք կարկտահարվեց՝ որոշեցի հակակարկտային կայաններ տեղադրել: Գրեցի արտակարգ իրավիճակների նախարարություն, էնտեղից պատասխանեցին, թե քանի որ դուք ռադիոլոկացիոն  ցանց չունեք, մենք հակակարկտային կայանների  ներդրում չենք կարող իրականացնել: Ես էլ խնայած գումարներ ունեի, բոլոր ծրագրերիս մեջ արագ փոփոխություն արեցի, էդ տարին միանգամից հինգ կայան տեղադրեցինք»: 

Ազատանի համայնքապետը «Բարվա» ընկերությունից կայանները գնել է 7 մլն 800 հազար դրամով, թեպետ իսկզբանե առաջարկված գինն եղել է 8մլն 300 հազար դրամ մեկ կայանի համար:

«Այսինքն յուրաքանչյուր կայանի գնման գործարքի մեջ 500 հազար դրամ խնայել եմ,-հպարտանում է համայնքապետը,-հիմի արդեն իրենք էդ կայանները վաճառում են 4 մլն դրամով, այսինքն գինն իջել է: Հաջորդ տարի երկու հատ էլ առա՝ մեզ տվեց 6 մլն դրամով, որովհետեւ էդ պահին էդ գինն էր շուկայական: Բացի այդ գնել եմ երկու հատ էլ 300 հա տարածք պաշտպանող հզոր կայաններ, մեկը 10 մլն դրամով, մյուսն էլ 10,5 մլն դրամով: Վերջին կայանը գնելուց 7,5 մլն դրամը տվել է «Քէր» կազմակերպությունը:Եվ հիմա նախկին գյուղապետը գրում է, որ ես կայանները անհամապատասխան գնով եմ առել»:

Ազատանի վարչական սահմաններում տեղադրված 9 հակակարկտային կայանների համար սեփական բյուջեից ծախսվել է 64 մլն դրամ: Կայանների գնման գնային տարբերությունը բացատրվում է շուկայում «Բարվա» ընկերության մենաշնորհային դիրքով: «Ինքը միակ պաշտոնական ներկայացուցիչն է երկրում, միակ արտադրողն է, եւ ես բնականաբար չէի կարող մրցույթ հայտարարել, որովհետեւ չկա այլ կազմակերպություն, չկա մրցակցություն, այսինքն գին թելադրողն էլ է ինքը, գին իջեցնող ու բարձրացնողն էլ է ինքը»:

2012թ-ին Ազատանին հատկացված դիզվառելիքի հետ կապված եւս բողոքներ են եղել: Նախկին գյուղապետը գրել է, որ 35 տոննա սոլյարայուղի պակասորդ է եղել: Վարդան Իկիլիկյանն ասում է, որ գյուղատնտեսական աշխատանքների համար պետական ծրագրով տրված դիզվառելիքի մասին է խոսքը, մեկ լիտրը արժեցել է 350 դրամ: Նրանք, ովքեր դրա կարիքն ունեցել են՝ վճարել, ստացել են, խնդիրներ չեն եղել, ստուգումներն եւս չարաշահման դեպքեր չեն բացահայտել: Կարապետ Ազատյանի մեկ այլ դժգոհությունը վերաբերել է համայնքում տեղադրված կանգառներին: «Համայնքում տեղադրվել է 8 կանգառ՝ մեկ կանգառը 390 հազար դրամով, էն դեպքում երբ դրանք սովորաբար վաճառվել են 430 հազար դրամով: Ես խնայողություն եմ արել՝ նախկին գյուղապետն էլ համարում է, որ գումարներ եմ մխսել»,-ասում է Վարդան Իկիլիկյանը:

Համայնքապետը փաստում է՝ ամեն տարի բոլոր հոդվածներով խնայողություններ են ունենում: Ազատանի բյուջեն՝ ֆոնդայինն էլ հետը, այս տարի կազմել է 172 մլն դրամ, պետությունից հատկացվող դոտացիան էլ 79 մլն-ից դարձել է 86 մլն: Այս տարի եւս կարողացել են խնայողություններ կատարել՝ 20 մլն դրամի չափով: Համայնքապետն ասում է, որ նախատեսել են բավական ընդարձակ խաղահրապարակի կառուցում, որտեղ կլինեն նաեւ մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր, փոքրիկների համար տրենաժորներ եւ խաղեր:

«Ինչ անում եմ, ձգտում եմ համայնքի միջոցներով անել,-նկատում է զրուցակիցս,- մանկապարտեզ եմ պահում, որի համար 35-40 մլն դրամ եմ ծախսում տարեկան, 26 աշխատակից կա մանկապարտեզում: Սպորտ դպրոց ունենք, արվեստի դպրոց, մշակույթի տանը պարի խումբ ենք բացել, աշխատում ենք էնպես անել, որ մարդիկ չգնան իրենց ծննդավայրից ու երկրից: Այս տարի դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները կսկսվեն պետբյուջեից հատկացված գումարներով: Գիշերային լուսավորության ցանցն եմ ընդարձակում սեփական եկամուտների հաշվին: Ասենք ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել, որ կոչվի աշխատանք, ոչ թե գումարների մխսում»:

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը 2015թ-ի ապրիլին դիմել է դատարան՝ քննիչի որոշումը չեղարկելու պահանջով՝ համարելով, որ խախտվել է անմեղության կանխավարկածը, քանի որ արդեն 2 տարի 8  ամիս է քննությունը ընթանում է, սակայն այդ առնչությամբ ոչ մի հստակեցում չի եղել ու որեւէ կոնկրետ փաստ պաշտոնեական դիրքի չարաշահման չի հայտնաբերվել:

«Երբ այս քննչական հետապնդումները սկսվեցին, ես խոստացա նախկին գյուղապետին, որ սխալս կուղղեմ ու իր կողմից ժամանակին թույլ տված չարաշահումները ջրիս երես կհանեմ, էն որ 60-70 մլն դրամի կորուստներ են արձանագրվել իր ղեկավարած տարիներին ու ես չեմ բարձրաձայնել, պահել եմ, որ 15 տարի աշխատած համայնքապետին չտանեմ գցեմ դատախազությունները,-ասում է Վարդան Իկիլիկյանը,-ես նախորդ տարիներին Կարապետ Ազատյանի կողմից կատարված բոլոր չարաշահումները փաստերով ներկայացրել եմ քննիչներին: Հիմա գործից մաս է առանձնացվել, նախկին գյուղապետի վրա գործ է հարուցվել: Էնպես, որ եթե ես եմ մեղավոր թող ինձ դատեն, եթե ինքն է մեղավոր թող ինքը պատասխան տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter