HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը. պաշտոնյաների ունեցվածքի գործերով դիմել գլխավոր դատախազություն

Բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձի չներկայացրած տարեկան հայտարարագրերի թիվը 2015թ-ին մոտ երկու անգամ գերազանցել է 2014թ-ի ցուցանիշը՝ 12-ի փոխարեն 22: Դեռևս մտահոգիչ է ընդհանրապես հայտարարագիր չներկայացնելու դեպքերը: Եթե 2014թ-ին հայտարարագիր չի ներկայացրել 103 անձ, ապա, 2015-ին՝ 80:

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2014-2015թթ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չեն ներկայացվել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը վարչապետի նախկին խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյ Լոքյանի կողմից տարիներ շարունակ հայտարարագիր չներկայացնելու դեպքով «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ հայտարարագրերի չներկայացման կապակցությամբ վարույթներ չեն հարուցվել: Պատպառաբանությունը հետևյալն է. «քանզի օրենքի ցանկացած խախտում չի կարող դիտարկվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոն(ներ)ի խախտման համատեքստում՝  նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ թեև հայտարարագրման համակարգը կենտրոնացված է, այդուհանդերձ, Հանձնաժողովն իրավասու չէ վարույթներ հարուցել սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների կապակցությամբ»:

Ստացվում է, որ Հանձնաժողովը «վախենում» է վարույթ հարուցել նույնիսկ այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր գործադիր մարմնում են և Հանձնաժողովի իրավասության ներքո: Ո՞վ էր խանգարում Հանձնաժողովին հայտարարագիր չներկայացնելու համար վարույթ հարուցել վարչապետի խորհրդականի դեմ:  Մյուս Ստեղծված իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյան, ով օրենքով պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, իսկ նրա էթիկայի կանոնն է՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հայտարարագիր չներկայացնելով չի խախտում ոչ օրենք, ոչ էթիկայի կանոն: Հանձնաժողովի նախագահի պատասխանը, թե օրենքի ցանկացած խախտում չի կարող դիտարկվել բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնի խախտման համատեքստում, մեղմ ասած խուսափողական է՝ «շառ ու փորձանքից» հեռու տրամաբանությամբ:

Իհարկե, օրենքի ցանկացած խախտում չի կարող դիտվել էթիկայի կանոնի խախտում, սակայն՝ տպավորությունն այնպիսին է, որ Հանձնաժողովը չի տարբերակում, թե իր գործառույթը որն է, կամ՝ քաջ գիտակցելով փորձում է դիվանագիտություն «խաղալ»: Խոսքն այս դեպքում ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հարևանի գլխին ջուր լցնելու, նրա հողամասը զավթելու, գույքը ոչնչացնելու, կաշառք վերցնելու, վաշխառություն անելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մասին է, այլ՝ օրենքով նախատեսված կարգով հայտարարագիր չներկայացնելու: Հանձնաժողովը խուսափում է վարույթներ հարուցելուց և փորձում է պաշտպանություն գտնել օրենսդրական բացի տակ: Մինչդեռ ակնհայտ է, որ Հանձնաժողովը գործունեության առաջին իսկ օրվանից երբեք չի «փայլել» համարձակ քայլերով ու նախաձեռնողականությամբ: Իսկ առկա օրենսդրական բացերը, ինչը անշուշտ առկա են, միայն պատրվակ են:

Հանձնաժողովը, եթե հակված է նշված բացերը կարգավերելուն, ապա գործունեության 4 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ կհարուցեր վարույթ և եթե առաջանար հակադրություն, ապա դրանով կնպաստեր, որ օրենսդրական փոփոխություններն արագ իրականանային: Բայց ոչ, ավելի լավ է նստել սպասել, ոչ մի ակտիվ գործողություն չձեռնարկել և 4 տարի շարունակ դժգոհել, որ  Հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ են, իսկ անդամների ձեռքերը՝ կապված:

Եթե մի պահ ընդունենք, որ էթիկայի Հանձնաժողովի համար մանր-մունր բան է հայտարարագիր չներկայացնելը և դա չի տեղավորվում էթիկայի կանոնի խախտման համատեքստում, ապա ի՞նչ է արել հանձնաժողովը մյուս դեպքերում, ու՞ր են Հանձնաժողովի բացահայտումները, հարուցած վարույթները:

Շահերի բախման և ոչ մի դեպք

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է իր գործունեության 2012-2015թթ. հաշվետվությունը: Այդ ժամանակահատվածում հանձնաժողովը որևէ բացահայտում չի արել, չի հայտնաբերել շահերի բախման դեպքեր և բավարարվել է միայն «բարոյական» հաղթանակներով: Իսկ հաշվետվության զգալի հատվածը վերաբերում է հայտարարագրերի հրապարակմանը վերաբերող իրավական ակտերի ընդունմանը, փոփոխմանը, էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրմանը, հայտարարագրերի ուշ ներկայացմանը, չներկայացմանը և այլն: Այսինքն գործողություններ, քայլեր, որոնք պետք է նպաստեին բացահայտումներին, բայց բացահայտումներ չկան ու չկան:

Փոխարենը Հանձնաժողովը վերլուծել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները միջազգային չափորոշիչների համատեքստում և  դուրս է հանել օրենքի բացերն ու թերությունները: Արդյունքում արձանագրվել է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում գործնականում կարող են առաջանալ հակադրություններ:

Ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էլեկտրոնային ռեեստր  որում 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդգրկված է 744 պաշտոնատար և 1001 փոխկապակցված անձ (ամուսին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակ, համատեղ ապրող ծնող): Ստացվում է, որ նշված անձինք մաքրամաքուր են և երբևէ ոչ էթիկայի կանոն են խախտում, ոչ էլ շահերի բախման իրավիճակում են հայտնվում: Մի խոսքով՝ նախանձելի լավ վիճակում ենք:

Օրենսդրական նախաձեռնություն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը և Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարան են ներկայացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են ավելացնել էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, հնարավորություններ ընձեռել հայտարարագրված ունեցվածքի և եկամուտների միջև էական անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և դրանք հաստատվելու դեպքում դիմել իրավասու պետական մարմիններին:

Եթե պատգամավորների նախաձեռնությունն արժանանա քաղաքական մեծամասության հավանությանը և այն ընդունվի, ապա ներկայացրած հայտարարագրերում եկամուտների և հայտարարագրված գույքի ու ունեցվածքի ակնհայտ անհամապատասխանության կամ անհամապատասխանության մասին ողջամիտ կասկածի դեպքում էթկայի հանձնաժողովը իրավունք կունենա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, հիմնարկից, կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր: Բացի այդ՝ բացառությամբ դատարանների, կարող է պահանջել և ստանալ քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ բացատրություններ, անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները:

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են, որպեսզի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, իր ուսումնասիրությունների արդյունքում, այլ անձանցից, ԶԼՄ հրապարակումներից ստացած բարձրաստիճան պաշտոնյայի և նրան փոխկապակցված անձանց ներկայացրած հայտարարագրերում եկամուտների և հայտարարագրված գույքի ու ունեցվածքի առնվազն նվազագույն աշխատավարձի տասը հազարապատիկի չափով անհամապատասխանության մասին տեղեկությունները, դրանց վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքները ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընթացքը օրենքով սահմանված կարգով լուծելու համար:

«Հայաստանում առկա պետական կոռուպցիան վաղուց դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Այն հանգեցրել է պետական կառույցների այլասերմանն ու գործառույթների նենգափոխմանը, բնակչության սոցիալական եւ իրավական անպաշտպանությանը, անկախ պետականության գաղափարի արժեզրկմանը, արտագաղթի եւ այլ չարիքների: Համաձայն «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության 2016թ. հրապարակած կոռուպցիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակի՝ 176 երկրների մեջ Հայաստանը 96-րդ տեղում է, իսկ օրինակ մեր հարևան Վրաստանը` 56-րդ»,-նշում են օրենքի նախագծի հեղինակները:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Գրիշա ջան, թե ինքդ ես իզուր ներվեր քայքայում եւ թե ընթերցողին վրդովեցնում: Պարզապես հարկ չեն համարում! Իսկ ինչու այդ անեն, եթե որեւէ հետեւանք չի նախատեսված?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter