HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր պատկերացրած երկիրն էսօր չկա». ազատամարտիկ Գրիգոր Ազատյան

«Էն վախտ ուրիշ էր, ավելի շատ էր մաքրությունը, պարզությունը… Իրականում կարոտում եմ էդ տարիները: Մեր կռված տղերքի մեջ մնացել ա էդ մաքրությունը: Չգիտեմ՝ ինչի՞ց ա, որ փոխվել ա»,- ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանն այս խոսքերից հետո հոգոց է հանում: Շատ բան է փոխվել Հայաստանում. անկախության այն հասկացությունը, որ ունեին, փոխվել է. իրենք երազում էին անկախ երկրի մասին, բայց ունեցանք հակառակը: Սա ասվում է ոչ թե ցուցադրական պաթետիզմով, այլ դառնությամբ:

Գրիգոր Ազատյանը սասունցի է: Ասում է՝ մայրական պապը՝ Աբրահամ Ղազարյանը, 14 տարեկանում եղել է Անդրանիկի զինվորը, հետախույզը: ««Ռանչապարների կանչ»-ի մեջ մի դրվագ կա, երբ Անդրանիկն ասում է՝ կանչեք պստիկ Աբոյին, թող գնա ռազվդեկի: Պապս համ քրդերեն է իմացել, համ թուրքերեն, փոքր է եղել, միշտ ուղարկել են ռազվեդկայի»,- ասում է նա:

Երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, Գրիգոր Ազատյանը 22 տարեկան էր: Սկզբից ընկերներով միացել էին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցերին, ապա, ասում է, հասկացել էին, որ միտինգով հարց չի լուծվում: Ուջանցի 13 տղաներով կամավորագրվել էին: Լայնամաստաբ գործողությունները դեռևս չէին սկսվել, դիրքային փոխհրաձգություն էր: Հիմնականում Հայաստանի սահմանամերձ գյուղերում էին լինում՝ Արարատի մարզում, Մեղրիում, Սյունիքի Կոռնիձոր, Տավուշի Ոսկեպար գուղերում:

1989 թ. դեկտեմբերի 7-ին Կոռնիձորում առաջին մարդկային կորուստն ունեցան. զոհվեց ուջանցի Նորիկ Հարությունյանը: «Շատ ծանր տարանք... Վրեժխնդրությունն ավելի շատացավ հատկապես ուջանցի տղերքի մոտ»,- սա ասելուց հետո լռում է: Պատերազմի մասին պատմություններում ազատամարտիկներն ավելի շատ լռում են, և այդ լռությունը մեծ տարածության է նման, որտեղ ոչ մի ածական չի սոսնձվում: Հաճախ նրանք այդ դադարներին ծխախոտ են հանում, սկսում ծխել:

Հետո սկսում ենք խոսել մարտական գործողություններից: Հրամանատար Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշ) զոհվելուց հետո ուջանցիներով մտան Հատուկ գունդ: Ղարաբաղում Գրիգոր Ազատյանի մասնակցությամբ առաջինը գործողությունը եղավ Շուշիի ազատագրումը:

«Պատրոնով դարպասին գրեցինք «Ուջան»»

Ազատամարտիկը հիշում է, որ գործողության չորս ուղղություններից արևելյան՝ Շոշ գյուղի ուղղությամբ էին շարժվում: Քաղաքն ազատագրելուց հետո մի տուն էին տեսել, դարպասին փամփուշտով գրել «Ուջան» ու մտածում էին, որ կգան, տեր կկանգնեն այդ տանը. «Մի ամիս հետո Աղդամի ու Ասկերանի մեջտեղում պոստերն էինք պահում «Դյավոլի» ջոկատի հետ, սմենափոխ արեցինք, ասինք՝ գնանք Շուշվա տունը տեսնենք: Տան ներսում մոտ 30 հոգի նստած քեֆ էին անում, Շուշվա Վաչոն էր, մոտեցավ մեզ, թե՝ ինչով կարող ենք օգտակար լինել: Նաիրոն ասաց՝ էս եկել եք մեր տուն, չեք էլ սևանում, յանի առանց տանտիրոջ եկել նստել եք, Վաչոն ասաց՝ Ուջանը դո՞ւ ես, Նաիրոն էլ թե՝ չէ, ես Ուջանը չեմ, էս լրիվ Ուջանն ա: Եկավ փաթաթվեց, ասաց՝ ախպեր, տունս գրադով խփեցին, եկա տեսա էս տունը, ասի, տեսնեմ էդ Ուջանը երբ կգա, հետո ասի՝ մինչև գա, մնամ էստեղ: Մենք էլ ասինք՝ ի՞նչ տարբերություն մենք ենք մնալո՞ւ, թե՞ դու»:

Շուշիի ազատագրումից հետո Գրիգոր Ազատյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, Մարտակերտի, Հորադիզի, Ջաբրայիլի մարտերին:

Հրադադարի մասին իմացել է, երբ Ստեփանակերտում էր: Ասում է՝ գյուղեր կային, որ մտնում էին, տեսնում էին դատարկ, քանի որ հակառակորդը փախել էր: Համոզված է՝ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմի առաջխաղացումն ավելի մեծ էր լինելու: Այն ժամանակ մտածում էին, որ հաջորդն Արևմտյան Հայաստանն են ազատագրելու: Քիչ անց ավելացնում է, թե հրադադարը գուցե քաղաքական որոշում է եղել, որին չեն խառնվում, իրենք զինվոր են:

«Մեր պատկերացրած երկիրն էսօր չկա: Մենք պատկերացնում էինք, որ հաղթանակից հետո երկիրը հզորանալու է, մարդկային ռեսուրսը շատանալու է, ժողովուրդը լավ է ապրելու: Մտածում էինք, որ փոխվելու ա մեր կյանքը: Անկախությունը մեծ հասկացություն ա, մտածում էինք՝ անկախ ենք լինելու, մենք ենք լինելու մեր երկրի տերը: Էսօր կարելի ա ասել ոչ, մենք չենք երկրի տերը, ռուսն ա»,- ասում է Գրիգոր Ազատյանը:

Հայաստանի ներկա վիճակի պատճառն էլ, զրուցակցիս կարծիքով, ռուսների քաղաքականությունն է: «Հայաստանը քաղաքական հարցեր լուծող մահակ է դարձել ռուսների համար: Հայաստանով կարողանում է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ հարցեր լուծել: Էդպես չի՞»:

Խաղաղ ապրելու հեռանկարը

Գրիգոր Ազատյանն ասում է, թե ղարաբաղյան հարցը լուծելու ճանապարհը կրկին պատերազմն է: Խաղաղ ապրելու հեռանկարը բանակցություններով հնարավոր չէ: Ադրբեջանի սպառազինվելու մասին էլ ասում է. «Էն վախտ էլ ուներ: Էն վախտ ինքը տանկ ուներ, մենք բան չունեինք, ավտոմատով տանկի դեմն էինք, բայց կարողացանք տանկն էլ, տեխնիկան էլ վերցնենք, իրենց զենքը օգտագործենք իրենց դեմ»: Հավելում է, թե պատերազմում հեշտ բան չկա: Մարդ սպանելն է ամենասարսափելին՝ անկախ ազգությունից, բայց եթե կռիվ է, կամ քեզ պիտի խփեն, կամ դու պիտի խփես: Այդ ամենը, սակայն, տարիներ հետո հոգեբանորեն անդրադառնում է կռված տղերքի վրա: «Փառք Աստծու, էսօր ամեն ինչ էլ ունենք՝ շաքարից բռնած...»,- ծիծաղելով ասում է նա:

Զրույցի վերջում պատերազմի ժամանակ հումորային իրավիճակներից մեկն է հիշում. «Մի անգամ Կոռնիձորում էինք, աշտարակցի տաքսու վարորդ էր եկել շարժմանը մասնակցելու, նստած կարտ էինք խաղում, մեկ էլ ջեբից կալոդներով փող հանեց, ասինք՝ կալդոներով փողն ինչի՞ ես բերել, ասաց՝ ադա, պլեն ընկնել կա, ազատվել կա: Մեկ էլ թուրքերը սկսեցին կրակել, ասաց՝ ադա, ստեղ մարդ էլ կսպանեն»: Ծիծաղում ենք: Ծխախոտի տուփից նոր սիգարետ է վերցնում:

Գրիգոր Ազատյանը փոխգնդապետի կոչում ունի, ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալն է: Հետո եմ իմանում, որ մինչ այդ որոշ ժամանակ աշխատանք չունենալու պատճառով տաքսի էր քշում, ինքը չի նշում դա: Գնահատված լինելու խնդիրը կռված տղերքը չունեն, նրանք արել են այն, ինչ պիտի անեին, ու կանեն էլի նույնը, եթե պետք լինի: «Չկասկածեք»,- եզրափակում է Գրիգոր Ազատյանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Գ. Ազատյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter