HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարուժան Սուքիասյանը դեռ փնտրտուքների մեջ է

Երեկ կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը (0-0) հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար առաջին հերթին, կարելի է ասել, ծանոթության հանդիպում էր: Սուքիասյանը գործի մեջ տեսավ ընտրանու հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ մի շարք նորեկների:

Եթե չհաշվենք Արզումանյանի, Կասպարովի ու Մովսիսյանի բացակայությունը, որոնց մուտքը հավաքական, չնայած Սուքիասյանի ցանկությանը, արգելել է ՀՖՖ նախագահը (Արզումանյանը նաեւ ինքն է հրաժարվել խաղալուց հավաքականում), ապա բացակայողներից պետք է նշել Կամո Հովհաննիսյանին, Գեւորգ Ղազարյանին եւ Կառլեն Մկրտչյանին: Վերջին շրջանում շատ է խոսվում Կամոյի հոգեբանական պատրաստվածության մասին, Ղազարյանը նոր է մտնում մարզավիճակի մեջ, իսկ Մկրտչյանը պիտի դեռ ապաքինվի վնասվածքից ու չնայած հրավեր ուներ, վերադարձել է իր թիմ՝ Մախաչկալայի «Անժի»:

Սուքիասյանի թիմը խաղում էր 4-4-2 տակտիկական դասավորությամբ: Պաշտպանության կենտրոնում՝ Հարոյան եւ Անդոնյան, եզրերում՝ Հայրապետյան եւ Մկոյան: Կիսապաշտպանությունում՝ Օզբիլիզ, Մալաքյան, Մանոյան, Մխիթարյան, հարձակման գծում՝ Մանուչարյան եւ Մարկոս: Նկատվում էր, որ մարզիչն առաջադրանք է տվել եզրային պաշտպաններին պարբերաբար միանալ գրոհներին, ու պատահական չէր, որ Հայրապետյանն ու հատկապես Մկոյանը հաճախ էին փորձում առջեւ գծում եզրային փոխանցումներով հարվածի դուրս բերել գրոհային խմբի խաղընկերներին: Փոխարենը կիսապաշտպաններից մի փոքր ավելի հետ քաշված էր գործում Գոռ Մալաքյանը, որը, ինչպես խոստովանեց Սուքիասյանը, Մանոյանի հետ տպավորել է իրեն:

Գոռն ու Դավիթը գլխավոր մարզչի կողմից այլեւս դիտարկվում են իբրեւ հիմնական կազմի խաղացողներ: Հատկապես 22-ամյակը չբոլորած Մալաքյանն աչքի ընկավ կատարած աշխատանքի մեծ ծավալով, պայքարող, աշխատասեր ֆուտբոլիստ է, իրեն կարող է դրսեւորել թե հենակետայինի, թե կազմակերպչի դերում: Չի բացառվում, որ Գոռը կարող է լավ դուետ կազմել Կառլեն Մկրտչյանի հետ: Մանոյանն իր հերթին նախկինում հանդես եկել է հավաքականում, միտք ունի, սակայն նրա «թուլությունը» շարունակական վնասվածքներն են, որոնց պատճառով պարբերաբար երկար ժամանակով դուրս է մնում շարքից:     

23-ամյա Արսեն Բեգլարյանը (ծնունդով Կրասնոդարից է) Հայաստանում հայտնվելուց ի վեր համարվել է խոստումնալից դարպասապահ, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Չնայած դարպասապահներին բնորոշ բարձր հասակ չունի՝ 187 սմ, բայց ցատկունակ է, ճարպիկ: Մեր դիտարկմամբ՝ այսօր Բերեզովսկուն լավագույն փոխարինող կարող են լինել Գեւորգ Կասպարովը եւ Արսեն Բեգլարյանը: Վերջինիս դեռ պակասում է միջազգային փորձը: Խաղաժամանակ ստացած նորեկներից Գեղամ Ղադիմյանի ու Տիգրան Բարսեղյանի մասին, թերեւս, վաղը է որեւէ բան ասելը:  

Շեշտենք, որ բելառուսների հետ խաղը ի հայտ չբերեց Հայաստանի հավաքականի բոլոր ուժեղ եւ թույլ կողմերը, քանի որ նախ ընկերական հանդիպում էր, չկար ընտրական փուլի խաղերին բնորոշ լարվածությունը, երկրորդ՝ մրցակիցն էլ առանձնապես ոչնչով չտպավորեց: Սակայն մերոնց գործողություններում, այդուհանդերձ, զգացվում էր խաղակցվածության պակաս, փոխանցումների խոտանը նկատելի էր, արագությունների պակաս կար: Անհաշվենկատ փոխանցումների արդյունքում խաղացողները ստիպված էին լինում ավելորդ աշխատանք կատարել՝ գնդակին հասնելու համար, ինչը ոչ միշտ էր հաջողությամբ ավարտվում: Եղան դրվագներ, որ հիշեցրին «Եվրո-2012»-ի ու ԱԱ-2014-ի ժամանակ թիմի կոմբինացիոն խաղը առջեւի գծում: Օրինակ՝ Մխիթարյան-Արաս-Մանուչարյան-Մխիթարյան կոմբինացիան, որը մեր թիմի կատարմամբ ամենահիշարժան պահն էր առաջին 45 րոպեի ընթացքում: Ճիշտ է՝ բելառուսների ստեղծած պահը Բեգլարյանի դարպասի մոտ ավելի վտանգավոր էր, երբ մրցակցի՝ գլխով հարվածից հետո Արսենը մատների ծայրով գնդակը հանեց անկյունային:

Երկրորդ կեսում կարելի է հիշել Արասի ֆիրմային հարվածը ձախ ոտքով, որը մի փոքր շեղ ստացվեց: Դրվագներից մեկում կարող էր աչքի ընկնել Մանուչարյանը, որ մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառն իրավիճակում գնդակը փորձեց կախել դապասի մեջ, բայց դարպասապահ Չեռնիկը արագ ռեակցիա դրսեւորեց: Շատ լավ պահ կորցրեց նաեւ Արթուր Սարկիսովը, որը մի պահ ուշացրեց խաղընկերոջ՝ եզրից կատարած փոխանցումը հարվածով եզրափակել:

Խնդիրներ կան պաշտպանությունում եւ հարձակման գծում: Եզրային պաշտպանները, ինչպես հայտնի է, առաջին հերթին պիտի արագավազ լինեն, որպեսզի գրոհին մասնակցելուց հետո արագ կարողանան նահանջել, բացի դրանից՝ փակեն մրցակցի եզրային հարձակվողների ճանապարհները: Սակայն նույն Հրայր Մկոյանը, որը երեկ խաղում էր աջ պաշտպանի գոտում, որքան էլ փորձառու է, այդուհանդերձ, աչքի չի ընկնում մեծ արագությամբ: Նրա լավագույն դիրքը, թերեւս, կենտրոնն է: Աջ եզրում հարմարվել էր Կամո Հովհաննիսյանը, նույն գոտում Հովհաննես Համբարձումյանն էլ, մակեդոնական «Վարդարում» խաղալով, փորձ է կուտակել:

Կարելի է ասել՝ Վարուժան Սուքիասյանը դեռ փնտրտուքների մեջ է, քանի որ մեր տեսածը դեռ այն կազմը չէ, որ կարելի է վերջնական համարել ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ: Փորձարկումներ էլի են լինելու, մանավանդ որ նախ՝ նորեկներն են շատ, երկրորդ՝ բացակայողները պիտի միանան: Հնաբնակների ու նորեկների լավագույն համադրությունը պիտի ընտրվի, ընկերական խաղերի ժամանակ դրսեւորած ունակությունների արդյունքում նորեկներից ոմանք գուցե «հներին» ստիպեն նստել պահեստայինների նստարանին, չնայած այս պահի դրությամբ միայն Մալաքյանին կարելի է առանձնացնել:

Հ.Գ. Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի գալիք մրցակիցներից Ռումինիան 1-0 հաշվով հաղթել է Լիտվային, նույն հաշվով Լեհաստանը առավելության է հասել Սերբիայի նկատմամբ, Դանիան 2-1 հաշվով հաղթել է Իսլանդիային, իսկ Մոնտենեգրոն 1-2 հաշվով զիջել է Հունաստանին: Այսօր Ղազախստանը կընդունի Ադրբեջանին, Լեհաստանը՝ Ֆինլանդիային, վաղն էլ կկայանա Ռումինիա-Իսպանիա հանդիպումը: 

Լուսանկարը՝ ffa.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter