HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Երևան սիթին» չպահեց խոստումը. օրենքով արգելված գովազդը շարունակվում է

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի 7 սուպերմարկետից 7-ում էլ խախտվում են «Գովազդի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքները:

Սեբաստիայի 141/5, Ռուբինյանց 15/5, Պետրոսյան 25/5 և Բագրատունյաց 5/3 հասցեներում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետներում փակցված է մանկական սնունդ արտադրող «Հիփ» (Hipp) ընկերության արտաքին գովազդը: Ցանցի մյուս խանութներում գործող «Նատալի ֆարմ» դեղատներում փակցված է «Հիփի» վաճառքը խրախուսող «купи 2 = получи 3» («գնիր 2-ը = ստացիր 3-ը») օտարալեզու գովազդը, ըստ որի՝ 4 ամսականից սկսած երեխաների համար 2 հատ մրգային պյուրե գնելու դեպքում հաճախորդը նվեր կստանա 3-րդը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով արգելվում է «ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը. բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը»: Իսկ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ»:

Մարտի 28-ին «Հետքն» արդեն գրել էր այս մասին (տես՝ «Օրենքով արգելված է, բայց գովազդվում է. տնօրենը խոստանում է խախտումը վերացնել շատ արագ»): Այն ժամանակ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանն ասաց, որ «Հիփի» գովազդներում իրենք կավելացնեն որոշակի նշումներ, որոնք հստակ ցույց կտան, որ գովազդը չի վերաբերում մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդին, քանի որ իրենց նպատակը այդ տարիքային խմբի համար սնունդ վաճառելը չէ:

«Կշարունակենք գովազդը ճիշտ ձևով: Եթե ոչ՝ ընդհանրապես կհանենք գովազդը: Կաշխատենք շատ արագ ուղղել»,- ասել էր Վահրամ Կիրակոսյանը՝ հավելելով, որ «Հիփը», բացի նորածինների և 6 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված սննդից, արտադրում է սնունդ նաև շատ ավելի մեծ տարիքի երեխաների համար, ինչպես նաև խնամքի միջոցներ:

Հոդվածի հրապարակվելուց և Վահրամ Կիրակոսյանի խոստումից մոտ 8 ամիս անց մանկական սննդի արտաքին գովազդները ոչ միայն իրենց տեղում են, այլև ավելացել են 6 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված մրգային պյուրեների գովազդներ:

Ավելին, մանկական սնունդ արտադրող ընկերության ապրանքանիշի գովազդը երևում է նաև սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքի՝ yerevan-city.am-ի «Գովազդ» բաժնում տեղադրված, Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեում գտնվող սուպերմարկետի նկարում:

Երբ զանգահարեցինք «Երևան սիթիի» գլխավոր գրասենյակ՝ գովազդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, ասացին, որ այդ հարցով զբաղվում է Էդգարը: Սակայն Էդգարը պատասխանեց, որ իրենից տեղեկություն ստանալ չենք կարող: «Զանգահարեք մեր քաղաքային համարներով, տեսեք՝ ով կարող է ձեզ օգնի»,- պատասխանեց Էդգարը և հետո հարցրեց, թե կոնկերտ ինչ հարցով ենք զանգահարել:

Երբ հարցրինք, թե ինչու է «Երևան սիթին» գովազդում օրենքով արգելված ապրանք, և արդյոք այդ գովազդը հանվելո՞ւ է, Էդգարը հետաքրքրվեց, թե դա ո՞ր ապրանքն է, հետո խորհուրդ տվեց զանգահարել «Հիփի» գրասենյակ: Այն դիտարկմանը, որ ապրանքը գովազդում է ոչ թե «Հիփը», այլ «Երևան սիթին», գովազդի հարցերով զբաղվող աշխատակիցը նախ հարցրեց, թե «Երևան սիթին» «որտեղ է գովազդում և ինչ միջոցով»: Երբ ասացինք, որ «Երևան սիթին» մանկական սնունդը գովազդում է իր սուպերմարկետներում արտաքին գովազդի՝ մեծ պաստառների միջոցով, նա ասաց. «Ուրեմն դիմում եք «Հիփին», լա՞վ»:

Մասնագետները համոզված են, որ առողջ մեծանալու և հետագա ողջ կյանքում առողջ ապրելու համար երեխան պետք է սնվի մայրական կաթով, քանի որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ սնուցողական բաղադրամասերը, որոնք երեխային պահպանում են տարբեր հիվանդություններից: Այս պատճառով են օրենքներն արգելում մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված արհեստական սննդի գովազդը:

Օրենքը գրվել է 6 տարի առաջ, բայց դեռ չի ընդունվել. այն կփոխի՞ իրավիճակը

Դեռ 2005թ. գրվել է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը, բայց միայն այս տարի է այն զգալիորեն լրամշակվել: Օրինագիծը համատեղ մշակել են Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը և առողջապահության նախարարությունը, որոնք էլ այժմ ավարտում են խմբագրման աշխատանքները:

Կառավարությունը ԱԺ-ին դրական կարծիք է տվել օրինագծի վերաբերյալ: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հույս ունի, որ մինչև այս ամսվա վերջ օրինագիծը կներկայացվի ԱԺ մեծ օրակարգ և առաջին ընթերցմամբ կքվեարկվի այս տարի:

«Քանի որ վարչական տույժի միջոցներ սահմանված չեն, մենք չենք կարողանում այս պահին վարչական տուգանքներ կիրառել»,- «Հետքին» ասաց Սուրեն Քրմոյանը: Իսկ առաջարկվող փաթեթի ընդունվելու դեպքում իրավասու մարմինները՝ առողջապահության նախարարությունը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որակի տեսչությունը, լիազորություն կստանան տույժեր կիրառել, նույնիսկ դադարեցնել օրենքով արգելված ապրանքատեսակների գովազդը:

Օրինագծի հետ նույն փաթեթով ԱԺ-ին առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ անել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում: Պատժամիջոցները ներառելու են տուգանքներ՝ 300 հազարից 1,5 մլն դրամի չափով: Տուգանքը կրկնապատկվում է խախտումը կրկնելու դեպքում: Օրենքով նույնիսկ նախատեսված է որոշակի ապրանքների արտադրության և վաճառքի դադարեցում:

Հարցին, թե արդյոք 1,5 մլն դրամը զգալի՞ գումար է մեծ սուպերմարկետի համար՝ Սուրեն Քրմոյանը պատասխանում է, որ զգալի է, քանի որ մանկական սնունդը շատ մեծ ծավալներով սպառվող ապրանք չէ: Հայաստանում տարեկան ծնվում է մոտ 40 հազար երեխա, մեկ երեխան կաթնախառնուրդի մեկ տուփն օգտագործում է մոտ մեկ շաբաթ: Եթե կաթնախառնուրդը միջինը 2000 դրամ է, ապա 1,5 մլն դրամ տուգանք վճարած սուպերմարկետը պետք է 750 տուփ կաթնախառնուրդ վաճառի՝ այդ գումարը հետ բերելու համար:

«Իսկ տվյալ տեսակի կաթնախառնուրդի 750 տուփ հանրապետությունում, ամենայն հավանականությամբ, սպառվում է մի քանի օրվա ընթացքում»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը նախատեսում է ավելի մեծ խստացումներ ու սահմանափակումներ, քան «Գովազդի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքները:

Նոր օրենքով արգելվելու են մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սննդի և հարակից ապրանքների ոչ միայն գովազդը, այլև խրախուսման բոլոր միջոցները՝ մայրերին անվճար արհեստական սնունդ, նվերներ տալը, նշված ապրանքանշաններով բլոկնոտներ, գրիչներ, հուշանվերներ անվճար տրամադրելը և այլ հնարքներ, որոնք միտված են մանկական սննդի և հարակից ապրանքների սպառումը անհիմն բարելավելուն:

Սուրեն Քրմոյանը լավատես է, որ ընդունվելու դեպքում օրենքի միջոցով կարելի է հասնել մոր և մանկան առողջության ցուցանիշների բարելավման, քանի որ օրենքը ոչ միայն պատժիչ մեխանիզմներ է նախատեսում, այլև միտված է խրախուսել կրծքով սնուցումը: Օրենքի ընդունվելուց հետո նախատեսվում է իրականացնել կրծքով սնուցմանը նպաստող ծրագրեր՝ տեղեկատվության տրամադրում մայրերին, ընտանիքներին, կրթում, հսկողություն արտադրվող տեղեկատվական նյութերի, գովազդի նկատմամբ:

«Շատերը կարող է այդ խախտումը կատարում են, կամ իրենց երեխային կրծքով չեն կերակրում, կամ արտադրողը, վաճառքը իրականացնողը գովազդում ենª ուղղակի չիմացության պատճառով»,- ասում է Սուրեն Քրմոյանը: Նա հավելում է, որ խրախուսման ծրագրերի շնորհիվ Հայաստանում մայրական կաթով սնուցման ցուցանիշը տարեցտարի աճում է:

Լուսանկարում Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող սուպերմարկետն է

Մեկնաբանություններ (4)

Loussine
Մարդկանց այսպիսի վերաբերմունքով օրենքների ու դրանց խախտողների հանդեպ Հայաստանը դեռ օրինական երկիր դառնալուց շաաաաաաաաատ հեռու է:
frre
Yerevan City forever
Manyadan
Nman himar orenq hnaroxner@ aveli lav e heteven aveli karevor orenqner@ gorci dnelu masin te che es xexch joxovrdin ni da lampchji cityy patin inch govazda pakcrac
ARMEN
HANGIST TOXEQ YEREVAN CITYYIN AY PARAP U HOGNAC LRAGROXNER ZBAXVEQ AVELI LURJ GORCEROV

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter