HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏՄՊՊՀ-ն տուգանքի որոշում է կայացրել օրենքի խախտումներով. Տնտեսվարողը դիմել է դատարան

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընկերությանը 2 մլն դրամ տուգանելու որոշումը վերացնելու պահանջով: Գործը գտնվում է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթում:

ՏՄՊՊՀ-ում տեղադրված է «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի մշակած հաշվապահական հաշվառման ծրագիրը, այսինքն՝ հանձնաժողովը հանդիսանում է ընկերության հաճախորդը: «Հայկական ծրագրեր»-ը իր հաճախորդներին, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ին ուղարկել է սպասարկման գների բարձրացման մասին գրություն: Հանձնաժողովն էլ որոշել է նախաձեռնել վարչական վարույթ՝ «օրենքի հանարավոր խախտման, այդ թվում՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման» վերաբերյալ:  Սակայն, ընկերության պնդմամբ` հանձնաժողովը վարույթը հարուցելուց հետո 87 օրվա ընթացքում չի որոշել այն ապրանքային շուկան, որում գործում է «Հայկական ծրագրեր» ընկերությունը և մի շարք փաստաթղթեր է պահանջել վերջինից՝ ներառյալ ծախսերի մասին տեղեկություններ:

Ինչպես հավաստիացնում են ընկերության ներկայացուցիչները՝ փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Ռուստամ Բադասյանը, «Հայկական ծրագրեր»-ը տրամադրել է փաստաթղթերը պահանջված և հնարավոր ծավալով։ Հանձնաժողովը 18.07.2015թ. և 24.08.2015թ. գրություններով պահանջել է տեղեկատվություն 2014 և 2015 թվականների համար՝ ըստ ամիսների։ Ընկերությունը տրամադրել է պահանջված տեղեկատվության մի մասը՝ միաժամանակ պարզաբանել է, թե ինչու հնարավոր չէ տրամադրել դրանց մի մասը։ Հանձնաժողովը ևս մեկ գրություն է ուղարկել կից ներկայացնելով նաև որոշում՝ վարչական վարույթի իրականացման ժամկետը կասեցնելու վերաբերյալ։ Այդ որոշումն ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ օրենքով նախատեսված առավելագույն 90 օրյա ժամկետը լրացել է, իսկ վարչական վարույթն ավարտվել։

Չնայած այն հանգամանքին, որ վարույթն ավարտվել է, Հանձնաժողովը վարույթի շրջանակներում ընկերությունից պահանջել է նոր փաստաթղթեր՝ 2011-2013թթ.-ի համար, իսկ որպես կասեցման հիմնավորում նշել է փաստաթղթերը ոչ լրիվ ծավալով տրամադրելու պատճառաբանությունը: Մինչդեռ այդ ժամանակահատվածում 2011-2013թթ-ի համար տեղեկատվություն չի պահանջվել ընկերությունից։

Այնուամենայնիվ «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն տուգանվել է 2 մլն դրամի չափով՝ Հանձնաժողովին տեղեկատվություն չտրամադրելու պատճառաբանությամբ: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ որոշումն անվավեր է, քանի որ ընդունվել է անօրինական հարուցված վարույթի հիման վրա: Նրանց պնդմամբ՝ Հանձնաժողովը վարույթի ընթացքում ապրանքային շուկա չի որոշել, բացի այդ՝ վարույթ է հարուցել մի տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, որի վրա չի տարածվում օրենքի գործողությունը:

Ընկերության փաստաբանները մեկնաբանելով օրենքի համապատասխան ներմերը, հանգել են այն եզրակացության, որ հնարավոր չէ որոշել գերիշխող դիրքի առկայությունը, եթե չկա ապրանքային շուկայի հասկացությունը: Մասնավորապես՝ ՏՄՊՊՀ-ն իր որոշմամբ չի սահմանել դրա ապրանքատեսակային, աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտներին և չի որոշել ծավալը: Չանդրադառնալով այդ հարցին հանձնաժողովն արդեն պարզում է առավելապես գերիշխող դիրքի չարաշահմանը վերաբերող, մասամբ էլ գերիշխող դիրքի առկայությանը վերաբերող հանգամանքները, ինչը վկայում է, որ վարույթը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի իրականացվում, միտում ունի պատժել «Հայկական ծրագրեր» ընկերությանը:

«Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովը շուկայից անկախ փորձում է պարզել Հայցվորի գործունեությունը, գնահատել, թե որ դեպքում հնարավոր կլինի ֆորմալ չափանիշներով պնդել, որ առկա է խախտում, և հետո նոր որոշել շուկան՝ միաժամանակ տուգանելով Հայցվորին: Ավելին՝ նիստի ժամանակ առկա պնդումներից տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է արհեստականորեն սահմանվի որևէ շուկա, օրինակ «սեփական արտադրության ծրագրերի սպասարկում», ինչը միանշանակ կլինի հայեցողական լիազորությունների չարաշահում: Եթե նույնիսկ նշված հանգամանքները պարզվեն միևնույն վարույթի շրջանակներում, Հանձնաժողովը պարտավոր է սկզբում պարզել և սահմանել շուկան, դրա կազմը և այլ չափանիշները, և նոր դրանից հետո անդրադառնալ անձանց դիրքին շուկայում և հնարավոր, ենթադրյալ չարաշահումներին»,-կարծում են «Հայկական ծրագրեր»-ի ներկայացուցիչները:

Նրանց պնդմամբ՝ ընկերության արտադրանքը՝ լիցենզային ծրագրերը, մտավոր գործունեության արդյունք են։ Դրանց նկատմամբ իրավունքների իրացման ընթացքում կարող են առաջանալ բազմաթիվ հարաբերություններ։ Օրենքի սահմանած լայն ձևակերպումից բխում է, որ լիցենզային ծրագրի վաճառքից բխող հարաբերությունները ևս մտավոր սեփականության գործունեության արդյունք են, հետևաբար վարչական վարույթ չէր կարող հարուցվել, բացառությամբ եթե օրենքով այլ բան է նախատեսված։  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով որևէ բացառություն սահմանված չէ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների նկատմամբ օրենքի կիրառման վերաբերյալ։

Մյուս կողմից ՝ 18.07.2015թ.-ին հարուցված վարչական վարույթի առավելագուն ժամկետը ավարտվել էր այն պահին, երբ վարույթը կասեցնելու մասին  հանձնաժողովի որոշումը մտել է ուժի մեջ։ Կասեցման որոշումը ուժի մեջ է մտել առավելագույն՝ 90-օրյա ժամկետի ավարտից հետո, հետևաբար Հանձնաժողովի կողմից ընկերությունից փաստաթղթեր պահանջելը իրավաչափ չի եղել:

Դատարանում Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն անվավեր է, քանի որ կասեցման հիմքերը բացակայել են, նման որոշումը ընդունվել է օրենքի խախտմամբ և նպատակ է հետապնդել խուսափել վարչական վարույթի առավելագույն ժամկետների լրանալուց:

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի դիրքորոշումն այն է, որ Հանձնաժողովի համար առնվազն պարզ է եղել, որ ընկերությանը ներկայացվել են անիրական պահանջներ և ներկայացված պահանջը եղել է տարընկալում առաջացնող։ Այս ամենից էլ բխում է, որ կասեցման որոշումը ապօրինի է, նախկինում չի պահանջվել այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորության սահմաններում լիարժեք չի տրամադրվել, իսկ 2011-2013թթ. համար որևէ տեղեկատվություն չի պահանջվել: Միաժամանակ, ընկերությունը թե ի պատասխան կասեցման որոշման, թե վարչական լսման ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել տեղեկատվությունը վարչական վարույթը վերսկսելուց հետո։

Ընդհանուր սկզբունքի համաձայն վարույթի կասեցման պահից մինչև վարույթի վերսկսումը ժամկետները չեն հոսում և որևէ գործողություն բացի կասեցումը վերացնելը վարույթի մասնակիցները չեն իրականացում: Ընկերության համար անհասկանալի է, որ Հանձնաժողովը նույն որոշման մի կետով կասեցնում է վարույթը, իսկ մյուսով՝ տեղեկություններ խնդրում: «Քանի դեռ վարույթը կասեցված է, ընկերությունը չի կարող, իրավունք չունի որևէ տեղեկություն ներկայացնել»,-կարծում են փաստաբանները:

Բնականաբար ՏՄՊՊՀ-ն համաձայն չէ «Հայկական ծրագրեր»-ի դիրքորոշմանը և դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան:  Ըստ հանձնաժողովի՝ անկախ այն հանգամանքից տեղեկատվությունն ընկերությունից պահանջվել է կասեցված վարչական վարույթի ընթացքում, թե կոնկրետ վարչական վարույթից դուրս, օրինակ՝ ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում, ընկերությունը պարտավոր է այն ներկայացնել սահմանված ժամկետում: Հետևաբար, ըստ Հանձնաժողովի՝ ընկերության կողմից վկայակոչած փաստարկները որև նշանակություն չունեն 2 մլն դրամի չափով ընկերությանը տուգանելու իրավաչափության հարցի պարզման համար:

Հանձնաժողովը նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ օրենքը չի տարածվում ընկերության գործունեության վրա, քանի որ վերջինս արտադրում է մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող արտադրանք: Ըստ Հանձնաժողովի՝ օրենքի գործողության ոլորտից նախատեսվում է բացառություն ոչ թե մտավոր սեփականության օբյեկտ արտադրող տնտեսվարող սուբյեկտների գործունեության, այլ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների նկատմամբ:

Հանձնաժողովը գտնում է, որ ընկերության հայցն անհիմն է և ենթակա է ամբողջությամբ մերժման:

Դատարանը մեկ նիստով պարզեց վիճելի հարաբերությունը, կողմերի միջև բաշխեց ապացուցման պարտականությունը: Հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 26-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter