HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կոտայքի մարզպետն ու Եղվարդի քաղաքապետը կառավարություն չեն ներկայացրել քամուց տուժածի անունը

2015 թվականի նոյեմբերին ուժեղ քամիների պատճառով հանրապետության մի շարք համայնքերում փլուզումներ տեղի ունեցան: Կառավարությունը, բնակիչների վնասը փոխհատուցելու նպատակով, ընդունեց համապատասխան որոշում:

Նախատեսվեց կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացնել ընդհանուր մոտ 730 միլիոն դրամ` քամուց տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը փոխհատուցելու համար:

«Հետք»-ին է դիմել Երևանի բնակիչ Վալյա Շտոյանը: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի` նրա ընտանիքին պատկանող սեփական տան պարիսպը ևս փլուզվել է նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով: Թեև Եղվարդի քաղաքապետարանը համապատասխան ակտով հաստատել է, որ փլուզման պատճառը քամին է, սակայն մինչ օրս չի տրամադրել կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցումը: 

Եղվարդի քաղաքապետարանը փոխհատուցման ակտը ժամանակին չի ներկայացրել մարզպետարան

Նոյեմբերի 15-ին, Վ. Շտոյանի ահազանգով, դեպքի վայրում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն արձանագրում են, որ փլուզումը տեղի է ունեցել քամու պատճառով: 

Վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար Եղվարդի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող հանձնաժողովը կազմում է համապատասխան ակտը: Փլուզումից օրեր անց` նոյեմբերի 18-ին, Եղվարդի քաղաքապետարանից զանգում են Վ. Շտոյանին և կանչում ստորագրելու այն: Վերջինս նշում է, որ միայն այդ ժամանակ է տեսնում, թե ինչ չափի վնաս է ներկայացված ակտում:

Քաղաքապետարանը կատարել է միայն նյութածախսի հաշվարկ, որն, ըստ ակտի, կազմել է 85,600 դրամ: Հաշվարկած չէ պարսպի վերականգման աշխատանքի արժեքը: Բացակայում են տվյալներ կոտրված 9 պտղատու ծառերի վերաբերյալ, որոնք առկա են արտակարգ իրավիճակների նախարարության կազմած արձանագրության մեջ:

Պարիսպն ու ծառերը` փլուզումից առաջ և հետո

Թեև համաձայն չլինելով կատարված հաշվարկի հետ` Վ. Շտոյանը ստորագրում է ակտը` հույս ունենալով գոնե այդ գումարը ստանալ: Ակտը ստորագրելուց օրեր են անցնում, սակայն ոչ քաղաքապետարանից, ոչ էլ մարզպետարանից նրան չեն կանչում` փոխհատուցումը ստանալու:

Վ. Շտոյանը գրավոր հարցում է ուղարկում մարզպետարան: Մարզպետարանից նրա հարցումը մակագրում են Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին, ապա վերջինից ստացած պարզաբանումներով պատասխանն ուղարկում Վ. Շտոյանին: Միայն այս պատասխանից հետո Վ. Շոտյանը պարզում է, որ իր ստորագրած ակտը չի ներկայացվել մարզպետարան:

Քաղաքապետը երկու պատճառ է ներկայացնում, երկուսն էլ` անհիմն

Մարզպետարանից քաղաքապետարան մակագրված հարցմանը քաղաքապետ Նորայր Սարգսյանը պատասխանում է, որ փլուզված բնակարանի սեփականատերը նախապես ընդգրկվել է քամու հետևանքներից տուժած բնակիչների` մարզպետարան ներկայացվելիք նախնական ցուցակում, սակայն վերջնական ցուցակներից նրան փոխհատուցելու համար կազմած ակտը դուրս է մնացել և չի ուղարկվել մարզպետարան երկու պատճառով:

Ներկայացրած պատճառներից մեկը, ըստ քաղաքապետի, Վ. Շտոյանի` ոստիկանության Նաիրիի բաժին փլուզմանը հաջորդիվ տրված հաղորդումն էր: Համաձայն այդ հաղորդման, ինչպես տեղեկացնում է քաղաքապետը, Վ. Շտոյանը կասկածում էր իր հարևանին դիտավորյալ կերպով պատը քանդելու մեջ, ինչը քննության կողմից հաստատվելու պարագայում չէր կարող դիտարկվել որպես բնական աղետի հետևանքով պատճառած վնաս: 

Վ. Շտոյանը մանրամասնում  է. դեռևս փլուզումից առաջ վեճ է ունեցել հարևանի հետ, ով իր տան պարսպին կպած շինություն էր կառուցել: Կասկածելով, որ հնարավոր է` պարիսպը փլուզված լինի ոչ թե քամուց, այլ հարևանի միջամտությամբ` պատի սեյսմակայունության խախտման հետևանքով, ահազանգել էր նաև ոստիկանություն:

Ոստիկանության Նաիրիի բաժինը այս դիմումի հիման վրա սկսել է ստուգումներ իրականացնել: Փաստաթղթերը, սակայն, ցույց են տալիս, որ քննությունը սկսվել է նոյեմբերի 14-ին և ավարտվել նոյեմբերի 17, այսինքն` կառավարության` փոխհատուցում տրամադրելու որոշումից երկու օր առաջ: Հետևաբար, մինչև կառավարության որոշումը կայացնելը, Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը տեղյակ է եղել, որ Վալյա Շտոյանը պետք է լիներ փոխհատուցում ստացող քաղաքացիների ցանկում: Ավելին, ոստիակնության քննության արդյունքներում, որը ստորագրված է նոյեմբերի 17-ին, գրված է, որ ակտը ուղարկվել է Կոտայքի մարզպետարան:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քննության արդյունքը.

«Ձեռք բերված տվյալների համաձայն Ձեզ պատկանող Եղվարդ քաղաքի Մ. Եղվարդեցու 4-րդ փողոցի 8-րդ հասցեի 25մ երկարության քարե մեկ տակ շարվածքով պարսպի փլուզման պատճառը եղել է բնական աղետը, որի վերաբերյալ Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն է կազմել և ուղարկել Կոտայքի մարզպետարան»:

Քաղաքապետի ներկայացրած երկրորդ պատճառը: Նորայր Սարգսյանը մարզպետին տված պատասխանում գրում է, որ Վալյա Շտոյանի փոխհատուցման համար կազմված ակտը չէր համապատասխանում փոխհատուցման առաջ քաշած չափորոշիչներին: Քաղաքապետը պարզաբանում է. «Փոխհատուցման համար մեր կողմից մարզպետարան պետք է ուղարկվեին միայն վնասված տանիքների, դրանց մակերեսների և սեփականատերերի վերաբերյալ տվյալներ»:

Նշենք, որ կառավարության որոշման մեջ նման սահմանափակում չկա: Փոխհատուցումը տրամադրվում  էր ոչ միայն վնասված տանիքների, այլև առհասարակ` վնասի համար:

Որտեղի՞ց է քաղաքապետ Նորայր Սարգսյանը ստացել միայն տանիքներին հասցված վնասի ակտերը կազմելու այս կարգադրությունը` անհայտ է, սակայն, պարզ է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը այս ամենից տեղյակ է եղել: 

Կառավարության որոշումից մոտ մեկուկես ամիս անց ևս մեկ դիմում ուղարկելուց հետո միայն, քաղապետը որոշում է «ֆինանսական օգնություն» տրամադրել Վալյա Շտոյանին: Գումարը սակայն ավելի քիչ էր, քան ներկայացված էր ակտում (70 հազար դրամ), և տրամադրվել էր ոչ թե կառավարության պահուստային ֆոնդի` փոխհատուցման համար տրամադրված գումարից, այլ համայնքի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրից: 

Վալյա Շտոյանը պատրաստվում է դատարան դիմել

«Ես պարսպի վերականգման համար մոտ 1100 դոլարի ծախս եմ արել: Միայն բանվորներին աշխատանքի համար վճարել եմ 210 հազար դրամ»,- մեզ հետ զրույցում ասում է Վալյա Շտոյանը: Նա պատրաստվում է դատարանում ավարտել պատասխանատու մարմինների հետ արդեն չորրորդ ամիսը ձգվող պայքարը` վիճարկելով նաև ակտում հաշվարկված վնասի չափը:

Քաղաքապետարանն ու մարզպետարանը, ի պատասխան Վ. Շտոյանի հարցումների, չեն տրամադրել նաև փոխհատուցում ստացած անձանց ցանկը, ինչը ևս նա պատրաստվում է ձեռք բերել դատական կարգով:

Լուսանկարները տրամադրել է Վալյա Շտոյանը

Մեկնաբանություններ (3)

Վ. Առաքելյան
Տիկին Վալյա Շտոյան, Ձեր տրամադրած նկարից երևում է, որ 3 մետրից ավելի բարձրություն ունեցող պարսպի փլուզումը տեղի է ունեցել մեր, պետական և մասնավոր շինարարության նորմերը վերահսկող պետական համապատասխան մարմնի գործունեության կամ անգործության պատճառով: Նույն պատճառով մեծ երկրաշարժից հետո ունեցանք տասնյակ հազարավոր զոհեր: Փոխհատուցման մի մասն էլ անհրաժեշտ է պարսպի պատշարներից պահանջել, քանի որ նկարից պարզ երևում է, որ առաջին շարքում ամուր հիմքի վրա կապակցող շաղախ չկա, ինչպես նաև չեն երևում պատը պահող՝ հիմքից դեպի վեր հենասյուներ:
Մարինե Մադաթյան
Բարև Արմեն: Կարող եք զանգել խմբագրություն այս համարին (010) 563363
Armen
Բարև ձեզ, նմանատիպ պատմության մեջ ես եմ հայտնվել, ինչպես կարող եմ կապվել ձեզ հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter