HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լանջաղբյուրում տղամարդու «դեֆիցիտ» է

Քայլում ենք Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի փողոցներով: Փորձում ենք գտնել համայնքապետարանի շենքը: Փողոցներում մարդ չկար: Չէին լսվում բակերում խաղացող երեխաների ձայները, տղամարդիկ պատերի տակ կանգնած չէին, ինչպես բնորոշ է շատ գյուղերին: Խաչվող փողոցներից մեկում նկատեցինք մի տղամարդու և արագ քայլերով մոտեցանք նրան: Նա ցույց տվեց համայնքապետարանի շենքը և զննող հայացքով լուռ հետևեց մեզ:

Աշխատանքային ժամ էր: Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանն աշխատասենյակում չէր: Համայնքապետարանի շենքում ևս խոր լռություն էր, իսկ մենք հերթով բացում էինք դռները: Աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում մի քանի տղամարդկանց հետ նստած էր համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը. նա հանգիստ նստած համակարգչային խաղ էր խաղում: Մարդիկ պարապ էին, անելիք չկար:

Յուրիկ Բաղդասարյանն արդեն 11 տարի է՝ ղեկավարում է համայնքը: Ինչպես մյուս լեռնային գյուղերում, Լանջաղբյուրում ևս մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Սակայն տնտեսության այդ երկու ճյուղերն էլ գնալով նահանջ են ապրում: Գյուղում 7 ամիս «ձմեռ» է, անասուններին պահում են գոմերում և կերակրում կուտակած կերով: Իսկ ձմեռացման խոտը ավելի թանկ հաճույք է, քան անասունից ստացված եկամուտը:

Մնում է միայն կարտոֆիլի մշակությունը, սակայն դրա վրա էլ գյուղացին չի կարող հույս դնել: Գալիս է բերքի իրացման ժամանակը և առաջ են գալիս շուկաներ գտնելու, վաճառելու փնտրտուքը, ինչը ոչ միշտ է լուծվում գյուղացու օգտին:

«Կարտոշկեն միշտ հասնում է վերավաճառողներին, գյուղացին չի կարողանում իր բերքը վաճառի: Այսօր շուկաներն էլ են գրավել: Ամեն շուկա ունի իր հիմնական աշխատողները՝ վերավաճառողները, լավ տեղեր ունեն, հաճախորդներն ունեն: Գյուղացին կարտոֆիլը վաճառելու համար պետք է առնվազն մեկ շաբաթ մնա Երևանում: Փողոցում չի մնալու, պետք է գնա հյուրանոց: Վաճառածն էլ պետք է տա ուտելիքին ու հյուրանոցին, ձեռք չի տալիս: Մեկ է՝գյուղացին շուկայում չի կարող այն առևտուրն անել, ինչն անում են վերավաճառողները»,-ասում է Յու. Բաղդասարյանը:

Գյուղում դեռ պահեստավորած կարտոֆիլ կա և ամեն օր 5-10 տոննա տանում են շուկա վաճառելու: Համայնքապետն ասում է, որ գինը չի արդարացնում, վաճառում են 110 դրամով: Տեղափոխելու, մշակելու, հյուրանոցում մնալու ծախսերը եթե դուրս է գալիս, ապա ըստ համայնքապետի՝ տակը բան չի մնում: Իսկ եկամուտից ստացված միջինը 10-150 հազար դրամով լանջաղբյուրցին չի կարող մեկ տարի ապրել:

Գյուղն ունի 2500 բնակիչ: Աշխատանքի սեզոնին տարեկան 600-800 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ գյուղում երիտասարդ տղամարդ չի լինում, բոլորը գնում են խոպան: «18 տարեկանից սկսած մինչև այն տարիքը, որ ի վիճակի է աշխատել, գնում է արտագնա աշխատանքի: Թոշակառուներն էլ են գնում, եթե ֆիզիկական աշխատանք կարողանում են կատարել: Հիմնականում մեկնում են Ռուսաստան և Ղազախստան, այնտեղ բանվորություն են անում»,-ասում է Յուրիկ Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ՝ գյուղում տղամարդ չլինելն է պատճառներից մեկը, որ անասնապահությունն անկում է ապրում: Ամառը պետք է սկսվի անասնակերի հավաքը, իսկ այդ աշխատանքներն իրականացնող աշխատուժ չկա:

«Մարդիկ հիմնականում մեկնում են խոպան աշխատանքի բացակայության պատճառով: Մեկ տարվա ընթացքում Լանջաղբյուրից արտերկիր է մեկնել երեք ընտանիք: 10 տարի առաջ մի 30-40 ընտանիք գնացին:  Այս տարիների ընթացքում ոչ մի ընտանիք չէր գնացել, ընդամենը տղամարդիկ էին գնում արտագնա աշխատանքի ու հետ էին գալիս: Բայց անցյալ տարվանից սկսեցին ընտանիքներով գնալ: Տղամարդիկ, որ գնում են խոպան հողերն էլ չի մշակվում: Կարելի է ասել միայն տան դիմացի հողերն են մշակում: Իսկ կանայք անում են այն, ինչ կարողանում են, այդ թվում՝ տղամարդու գործ»,-նշում է համայնքապետը:

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին ընտանիքներում երեխաների թիվն էլ չի ավելանում: Եթե նախկինում 4-5 երեխա էին ունենում, այժմ առավելագույնը 2-3:

Թեև Լանջաղբյուրում դժվարությունները շատ են, սակայն գյուղում գործում է խաղասենյակ, որտեղ նարդի ու շախմատ են խաղում: Գործում է նաև մանկապարտեզ, որոշ ճանապարհներ լուսավորվում են և այլն: Յուրիկ Բաղդասարյանի ասելով՝ համայնքի սեփական եկամուտները 10 մլն դրամ է: Եթե չլիներ համահարթեցման մոտ 40 մլն դրամ դոտացիան, անհնար կլիներ այդ գումարով որևէ գործ ձեռնարկելը:

Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter