HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քարտեզից ջնջված Տանձատափը իր անունը վերականգնելու հնարավորություն ունի

Անցյալ դարի քսանական թվականներին Սյունիքի մարզի Տանձատափ գյուղի բնակչությունը տրոհել են երեք մասի. մի մասին վերաբնակեցրել են հարեւան Քաշունի գյուղում, մի մասին՝ Աղվանի գյուղում:

Հիշյալ գյուղերի բնակչության ներկայիս իրական թիվը նույնիսկ ամենաիրազեկ անձինք բարձրաձայն չեն հայտնում: Պատճառն այն չէ, որ այս գյուղերում մեկ դար առաջ սկսված եւ մինչ օրս շարունակվող միգրացիան դժվարացնում է թվաբանական ճիշտ հաշվարկ կատարել, այլ մարդկանց դժվար է հավատացնել, որ 6-7 բնակիչ ունեցող Քաշունին էլ գյուղ է: Ավելին, տեղական իշխանությունն այնտեղ առկա է իր բոլոր կառույցներով՝ համայնքի ղեկավար, որն իր նստավայրն ունի, եւ օրենսդիր իշխանություն՝ ավագանու երեք հոգանոց կազմով: 

Երկրորդ անգամ Տանձատափի բնակչությունը մասնատվել է 1957-ին, որի արդյունքում գյուղն այնքան է փոքրացել, որ քարտեզներում անունն այլեւս չի հիշատակվել: Տանձատափցիներից մեկը, այս փաստից հուսահատված, համագյուղացիներին սփոփել է՝ ասելով. «Մեր գյուղի անունը քարտեզում չկա, բայց գրքում գրված է, որ Հայաստանի ամենալավ մեղրը Տանձատափի մեղրն է»: Ներկայումս Տանձատափում, ոչ պաշտոնական տվյալներով, 80 մարդ է բնակվում, որն իր գործադիր մարմինն ունի՝ համայնքի ղեկավարն իր աշխատակազմով, ավագանի՝ չորս հոգանոց կազմով, զարգացման քառամյա ծրագիր եւ այլն:

Տանձատափ համայնքի ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի ասելով՝ արտագաղթը գյուղում դադարել է արդեն, նույնիսկ ներգաղթ կա. Կապանում ու Երեւանում բնակություն հաստատած տանձատափցիներից նրանք, ովքեր կենսաթոշակի են անցել, վերադառնում են:

Ի հավաստումն ասվածի՝ փողոցով անցնելիս մատնացույց է անում գյուղացիներից մեկին, ով ջերմեռանդորեն դարպասն ու ցանկապատն էր ներկում: «Կնշանակի՝ ուզում է վերադառնալ»,- ասում է մեզ եւ իր կարծիքում համոզվելու մտադրությամբ մեկ անգամ էլ նույնը բարձրաձայն կրկնում է տարիներ առաջ Կապանում բնակություն հաստատած համագյուղացու համար: Վերջինս հարցական ծոր է տալիս:

Համայնքապետին ուրախացնող ներգաղթը, սակայն, գյուղի բնակչության ժողովրդագրական պատկերում դրական փոփոխություն չի մտցնում՝ 1947 թ. կառուցված դպրոցն այսօր բավականին մեծ է եղած 12 աշակերտի համար: Մոտ երկու շաբաթ առաջ Տանձատափ գյուղում վերանորոգված դպրոցի եւ նորակառույց համայնքային կենտրոնի բացումը կատարեցին, որն իրականացվել է սփյուռքահայ բարերարներ Պերճ եւ Մարի Կարապետյանների ներդրումով եւ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: «Հավանաբար, հեռանկար տեսնում են Տանձատափ գյուղի համար, որ ֆինանսական ներդրումեր են կատարում»,- ասում եմ նրանց: «Հիմա մտածում են, որ գյուղերը պահեն, բայց արդեն ուշացել են, հիմա Աղվանիում էլ, Քաշունիում էլ շատ քիչ բնակչություն կա»,- ասածիս արձագանքում է համայնքապետի հայրը` Վահան Ստեփանյանը:

Տանձատափի համայնքապետը նշում է, որ բնակչության արտագաղթը հիմնականում պայմանավորված է երեխաների կրթություն ստանալու խնդրով: «Մանկավարժներ չունենք, դպրոցի չորս ուսուցիչներից երկուսը բարձրագույն կրթություն ունեն, օտար լեզուներից միայն ռուսերեն են սովորեցնում, այդ էլ այլ առարկայի ուսուցիչ է պարապում»,- ասում է համայնքի ղեկավարը: Նորակառույց համայնքային կենտրոնում տեղական իշխանությունից բացի տեղավորել են գյուղի գրադարանը, ամբուլատորիան: «Գորիսից է բժիշկը գալու, բայց նրան ո՞վ է տեսել, որ կանչում են՝ ասում է մեքենա բռնեք, բերեք»,- ասում են գյուղամիջում հավաքված տղամարդիկ, որոնց շատ էլ չի ուրախացնում դատարկ շինությունը: Գյուղի գրադարանը վերջին 20 տարիներին գրականությամբ չի համալրվել, բայց ունեցած 3000 կտոր գրականությունը` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով, միանգամայն բավարար է նույնիսկ հարեւան գյուղերի ամենախստապահանջ ընթերցողներին գոհացնելու համար:

Տաթեւի ճոպանուղու գործարկումը, համայնքապետ Ռոբերտ Մուշեղյանի ասելով, ավելի դրական անդրադարձ ունեցավ Տանձատափի, քան Տաթեւի համար: Տանձատափ գյուղը Տաթեւի վանական համալիրից բաժանում է Որոտանի կիրճը, սակայն այստեղից վանքն ավելի վեհաշուք տեսք ունի եւ ավելի տեսանելի է, քան Տաթեւ գյուղից: «Ամառն այստեղ տուրիզմն ավելի ակտիվ է լինում, քան Տաթեւում, հիմնականում արտասահմանցիներ են գալիս, հատկապես՝ ֆրանսիացիներ: Ես տուրիզմի զարգացման հեռանկար տեսնում եմ մեր գյուղում, հիմա եթե վերանորոգված տներ են լինում, խմբերով գալիս են մնում: Ճոպանուղին այդ հարցը լուծեց` 3000 դրամ վճարում են գիշերավարձի ու նախաճաշի համար, «տուրի» մեջ նաեւ մեքենայով Տանձատափում շրջագայելն է մտնում, որից հետո գոհ հեռանում են»,- պատմում է համայնքի ղեկավարը:

Տանձատափի համար շահեկան է եղել ոչ միայն ճոպանուղու կառուցումը՝ տուրիստների այցելության շնորհիվ, թեկուզ եւ ոչ էական չափերով, լրացնելով գյուղացիների ընտանեկան բյուջեն, այլեւ՝ ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը գյուղ: Տանձատափի համայնքային բյուջեն այս տարի ավելացել է 980 հազար դրամով, որը Բիլայնի եւ Օրանժի ալեհավաքների տեղադրման համար վարձակալված հողի տարեկան վճարն է: 3,5 մլն դոտացիայից, 172 հազար դրամ հողի հարկից, 62.500 դրամ արոտավայրի վարձավճարից ձեւավորվող տեղական բյուջեն համայնքապետարանի 5 հաստիքների աշխատավարձը վճարելուց բացի, պարզվում է, նաեւ փոքր ներդրումեր կատարելու հնարավորություն է ընձեռում: «Սյունիքի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացման ծրագրով» անասունների համար խմելաջրի տեղ են սարքել, որին իր միջոցներից ֆինանսական ներդրում է կատարել նաեւ համայնքը, խմելաջրի նոր ինքնահոս խողովակ ենք բերել, ճանապարհները միշտ շեբենապատում ենք, ձմռանը կարողանում ենք ճանապարհները մաքրել»,- նշում է համայնքի ղեկավարը: 2005 թ.-ից Տանձատափը ղեկավարող Ռ. Մուշեղյանը նշում է, որ գյուղն ապահովել է գյուղտեխնիկայով, ալեհավաք է տեղադրել եւ այլն:

Տանձատափն այս տարի Սյունիքի մարզպետարանի վարչական հսկողության ենթակա համայնքների ցանկում է եղել: Համայնքի ղեկավարի կառավարման դրական ցուցանիշներն արձանագրելուց բացի, ակտում գրանցվել են նաեւ թերացումները եւ համայնքապետին ժամանակ է տրվել «հարկերի ամբողջական հավաքագրումն ապահովելու», «աշխատակազմում համայնքային ծառայության կազմակերպման ոլորտում արձանագրված թերությունները շտկելու ուղղությամբ» եւ այլն: Համայնքային ծառայության կազմակերպում ասելով՝ հսկողություն իրականացնողները նկատի են ունեցել նաեւ աշխատանքային կանոնակարգով նախատեսված պարտավորությունների կատարումը, որտեղ հիմնական դերակատարումը վերապահված է աշխատակազմի քարտուղարին: Մինչդեռ, Տանձատափի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, նաեւ՝ հաշվապահը, Գորիսում են բնակվում, որովհետեւ գյուղում բարձրագույն կրթություն ունեցող չի գտնվել քարտուղարի հաստիքը զբաղեցնելու համար: «Ինչպե՞ս են այդ հեռավորությունից աշխատում եւ համայնքը կառավարում» հարցիս Ռոբերտ  Մուշեղյանը պատասխանում է. «Ես հարկերը հավաքում- տանում եմ այնտեղ, նրանք մուտք են անում»: Սրանով կարելի է ավարտված համարել համայնքային ծառայողների մասով հսկողություն իրականացնողների ակտում արված բոլոր դրական եւ բացասական գրառումները:

Անտառներով շրջապատված եւ բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող Տանձատափում եւ անասնապահությամբ, եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար պայմանները չափազանց նպաստավոր են: Սակայն տղամարդիկ տրտնջում էին, որ մեկ-երկու կովից ավելի չեն կարող պահել: «Անտառում թույլ չեն տալիս պահենք, իսկ արոտավայրեր չունենք»,- ասում էին նրանք (պաշտոնական տվյալներով՝ գյուղը 61 հա արոտավայր ունի, որը պետք է որ բավարար լինի 21 տնտեսության համար): 

«Տանձատափում, եթե նույնիսկ անասուն չպահես, աշխատես՝ սոված չես մնա: Դաշտում ամեն ինչ կա, գյուղը հարուստ է, պտղատու ծառերի բոլոր տեսակները կան, ուղղակի երիտասարդությունը օտարված է հողից»,- ափսոսանքով հայտնում է գյուղացիներից Սվետլանա Ավանեսյանը: Ս. Ավանեսյանը, ով նաեւ ավագանու անդամ է, նշում է, որ գյուղացիները շուկայի խնդիր ունեն, դրա համար բերքը լցվում է ծառերի տակ ու փչանում: Նրա ասելով, անասնապահության համար դժվարություններ չկան, իրենք 15 կով են պահում, կաթնամթերքը մշակում են, իսկ արտադրանքը հիմնականում տնից են իրացնում:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter