HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գագիկ Վարդանյան. «Հումոր չունեցող մարդիկ ամենավտանգավորն են»

Ասում են Գյումրին այն քաղաքն է, որտեղ շատ հեշտորեն կարող ես ճանաչում ձեռք բերել, սակայն եթե չընդունվեցիր հանրության կողմից՝ նույն հեշտությամբ էլ կկորցնես: Դժվար է նաեւ այստեղ կայանալը՝ պիտի առաջին հերթին ապացուցես «օր խելռի նման կսիրես քաղաքդ»:

«Ըշտը ես էդ տեսակն եմ,-ծիծաղում է զրուցակիցս՝ Գյումրու ու Շիրակ աշխարհի մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ Գագիկ Վարդանյանը,- եթե էրթալու էղնեի Գյումրիից՝ շուտ կերթայի: Ես երկրաշարժից հետո մենակ Երեւան եմ գնացել գործով, հեչ մի անգամ քաղաքից չեմ բացակայել: Ես փողոց դուրս գամ, ընձի բարեւ չտա՞ն՝ չեմ դիմանա, ինֆարկտ կստանամ: Ես բդի փողոցով իջնիմ, բարեւ տամ, հարցուփորձ էնեմ, կատակով, հումորով շարունակեմ ճամփես: Ես չեմ կրնա ուրիշ տեղ ապրի: Ես չեմ պատկերացնե, օր բարեւ տամ ու հանկարծ իմ բարեւս հեչ մարդու պետք չէղնի: 15 տարի տնակի մեջ եմ ապրել, բայց քաղաքը լքելու մասին հեչ մի անգամ չեմ մտածել»:

Մարտի 29-ն է, նախորդ գիշեր եկած ձյունը արեւի ջերմությունից հալվել ու առվակների վերածված հոսում է փողոցներով: Գագիկը գյումրեցիներին բնորոշ ջերմությամբ պնդում է տուն գնալ՝ «խո փողոցի մեջտեղը չբդի՞ կանգնինք, էրթանք տուն, մարդավարի նստինք խոսանք»: Ասում եմ, բայց լուսանկարներում ավելի հաղթանդամ ես երեւում, բարձրահասակ: «Չէ հա, ի՞նչ բարձրահասակ, ես օր կմտնիմ խանութ, կըսեմ «Ախթամար» տվեք, վաճառողը կհարցնե՝ որի՞ց, կըսեմ՝ իմ բոյից,-Գագիկը ծիծաղում է,-տաղանդն ու շնորհքը բոյի հետ կապ չունին, Նապոլեոնն էլ էր կարճահասակ»:

Ծնվել է 1962թ-ին, Լենինականում, տեքստիլագործների ընտանիքում: Ապրել է Ստրոմմաշինա թաղամասում, սովորել ու ավարտել է թիվ 28 դպրոցը: Հաճախել է Գյումրու թիվ 2 երաժշտական դպրոցը, սկզբում դաշնամուրային բաժին, հետո՝ ակորդեոնի: «Ուրեմն 11 համարի ավտոբուս կար, ըդուրով կերթայի երաժշտական դպրոց,-պատմում է Գագիկը,-80 բասանոց ակարդեոն էր, ֆուտլյարն էլ հետը ահագին քաշ ուներ, ես էլ բարձրահասակ չէի՝ մե կերպըմ քաշ կուտայի, որովհետեւ բոյիս էր, բայց օր կսիրես էդ բաները հաշվի չես առնի: Ես միշտ ըսել եմ, ինչ օր կսորվիս, բդի սիրելով սորվիս օր արդյունքի հասնիս»:

Գագիկի հյուրընկալ հարկի ներքո ենք, հյուրասենյակում սուրճի սեղան է պատրաստված, ասում է՝ «գյումրեցու տունն առանց հյուրասիրության՝ սուտ է, գոնե կոֆեմ բդի խմենք անպայման, հետո շատ երկար նստանք, մեկ էլ տեսար խինկալի էլ կերանք» ու անմիջապես մի անեկդոտ է պատմում.

Որեմն լեննագանցի Օնոն հյուր կերթա երեւանցու տուն: Մե քիչմ երկար կնստի, տանտերը ստիպված կհարցնե.
-Կարո՞ղ է մի բաժակ գինի խմես:
- Ընչի չեմ խմե, մեծ հաճույքով,-կպատասխանե Օնոն:
-Կարմի՞ր, թե՞ սպիտակ: 
-Կարմիր:
-Իտալակա՞ն , թե վրացական.
-Իտալական:
-Քա՞ղցր, դա՞ռը, թե՞ կիսաքաղցր:
-Դառը:
-Չո՞ր, թե ՞ կիսաչոր:
-Վաաաաաաաաաաաաա՜յ.....մե բաժակ գինու համար մե ժամըմ ինտերվյու տվի, էդ գինին էլ խմել կէղնի՞, ախպեր ջան:

Ըստ զրուցակցիս, հումոր չունեցող մարդիկ ամենավտանգավորն են եւ ինքը բազմիցս է համոզվել դրանում: «Եթե դիմացինդ, հատկապես կողակիցդ հումոր չունեցավ՝ կռիվն անխուսափելի է: Հումորով կարելի է հարթել ամեն ինչ»: Հարցնում եմ. «Կինդ հումորի զգացում ունի՞»: «Ի՞նչխ չունի, օր չունենար, ընձի կդիմանա՞ր»: Պատմում է, որ ամուսնացել են մորաքրոջ աղջկա շնորհիվ, սիրահարված չի եղել, 25 տարեկան է եղել, կինը՝ Կարինեն 19 տարեկան, ասել են լավ տան աղջիկ է՝ համեստ, շնորհքով, իրենք էլ գնացել են ուզելու, բայց սկզբնական շրջանում խնամիներից թաքցրել են իր երաժիշտ լինելն ու հարսանիքներում նվագելու փաստը:

«Էն ժամանակ աղավնի պահողին, հարսնիք նվագողին, տաքսի քշողին ու խոպանչիներին աղջիկ չէին տա: Աներս օր իմացավ երաժիշտ եմ, զարմացել էր: Սկզբում չէինք ասել, հետո արդեն նշանադրության օրը որոշեցի շնորհքս ցույց տալ՝ երաժիշտներից ակորդեոնը վերցրի նվագեցի: Անակնկալի եկան, բայց դե հո նշանը հետ չէի՞ն տա: Չնայած մարդ էր եղել, օր չարախոսել էր, թե նարկոման եմ, բայց ես դաժե չէի ծխե էդ ժամանակ: Ծխել սկսել եմ միայն 28 տարեկանից, երկրաշարժից հետո, անգամ բանակ տեղ սաղ սորուկ ման գուկային, ես չեմ իմացել ծխախոտն ինչ բան է,-Գագիկը ձեռքն է թափ տալիս,-մարդու վատություն էլի, բայց դե իրանք գիտեին, օր գործարան կաշխատիմ, մերոնք էլ հարգված, աշխատավոր մարդիկ էին՝ պրոբլեմ չեղավ»:

Գագիկ Վարդանյան, 1980թ.

Պատմում է, որ 14-15 տարեկանից հարսանիքներում նվագելով գումար է աշխատել՝ 200-ից մինչեւ 400 ռուբլի, որ ավելի շատ էր, քան տեքստիլագործ ծնողների աշխատավարձը միասին վերցրած: «Ես մե գիշերվա մեջ 200 ռուբլի կաշխատեի, հիմիկվա էս տեխնիկան չկար է՜, քրտիքը ճակատիցս կկաթար: Կբերեի փողը կուդայի մորս, ընձի մե 5 ռուբլի փող կուդային՝ ջեբի փող, բայց հեչ մի անգամ չեմ դժգոհել: Փոքր էի, բայց օր լավ կնվագեի, ընձի մարդիկ հետները կտանեին: Ես Վիդոկի հետ եմ նվագել, Պաբեդի հետ եմ նվագել, հներն իրանց կհիշեն»,-ասում է Գագիկը:

Թեպետ դպրոցում լավ է սովորել՝ հատկապես հումանիտար առարկաները, սակայն կրթությունը բարձրագույն հաստատությունում շարունակելու իմաստը չի տեսել: Դպրոցական տարիներից ստեղծագործել է, թղթակցել «Պիոներ կանչ» թերթին, գրել է բանաստեղծություններ: Ասում է իրեն շատ ավելի լավ ճանաչողները գիտեն, որ նաեւ երաժշտություն է գրում ու երգում: Խնդրում եմ ինչ որ մի բան իր ստեղծագործություններից կատարել նաեւ մեզ համար: Համաձայնվում է, մի փոքր նեղվում է, որ ակորդեոնը տանը չէ ու գործիքային նվագակցում չի լինելու, հետո զգուշացնում է. «Բայց նախ իմ սիրած բանաստեղծությունը կարտասանեմ, որ ես եմ գրել»:

«Խորհրդային տարիներին ինքնագործ խմբեր կային բանվորական ակումբներում, որտեղ հանդես եմ եկել: Տեքստիլագործների մշակույթի պալատում, Շինարարների պալատում կար ժողգործիքների խումբ՝ էնտեղ եմ նվագել, միկրոշարժիչների գործարանն ուներ ակումբ, որ ղեկավարում էր գուսան Իգիթը, այ էնտեղ եմ նվագել, հետո արդեն ես եմ խումբ ստեղծել»,-հիշում է զրուցակիցս:

1990թ-ին,  երկրաշաժից հետո, Գագիկն աշխատում էր հղկող հաստոցների գործարանում: Հենց նույն տարում էլ նրան հրավիրում են Շիրակի մարզի Հովունի գյուղ, որտեղ ստեղծում է երեխաների ազգագրական երգ ու պարի խումբ: Հետագայում տեղափոխվում է Գյումրիում նորաստեղծ «Ընտանիք» կենտրոն եւ ստեղծում «Կիլիկիա» մանկական ազգագրական երգի համույթը:

«Հետագայում «Շիրակի շնորհալիներ» փառատոնն եմ կազմակերպել, 1996թ-ին տեքստիլագործների մշակույթի պալատում եմ խումբ ղեկավարել, հետո հրավիրեցին թիվ 29, 41, 35 դպրոցներ, որ խմբեր ստեղծեմ, «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնում 1997 թ-ին օգնեցի որ խումբ ստեղծեն: Մի խոսքով քիչ գործ չեմ արել, բայց էլ նման գործունեությամբ չեմ զբաղվում՝ հիմա գրում եմ մենակ»:

Առաջին գիրքը կոչվում էր «Շիրակի շնորհալիները», տպագրվել է 1997 թ-ին, գրքում Գագիկը ներկայացնում է փառատոնին աչքի ընկած լավագույն մասնակիցներին: Հաջորդ գիրքը, որ տպագրվեց 2003թ-ին, պատմում էր Շիրակի մարզի առողջապահության ոլորտում իրենց ավանդն ունեցած բուժաշխատողների մասին:

«Հըմի երեւի կմտածեք թե էս մարդն ու՜ր, առողջապահությունն ու՜ր,-զրուցակիցս խորամանկորեն ժպտում է,-տատիկս երկար տարիներ մայրապետ է աշխատել Ճերմակ հիվանդանոցում ու միշտ շատ հետաքրքիր պատմություներ կպատմեր էնտեղի բժիշկների մասին: Ես կեղնեի էդ ժամանակ մի տաս տարեկան ու մեջս տպավորվել էր Նինոզյանի, Տիրոսյանի, Աղոյանի մասին պատմությունները: Հետո, օր մեծըցա, որոշեցի անդրադառնալ մարզում աշխատած հայտնի ու ճանաչված բուժաշխատողներին, հիվանդանոցների պատմությանը, էդպես ծնվավ էդ գիրքը»:

Հետագայում տպագրվում է 9 մասից բաղկացած մի շարք, որ կոչվում է «Շիրակ աշխարհ>, երկու հատորից բաղկացած «Գյումրի», «Անցյալը չի լռում», «Հումորի հայրաքաղաք Գյումրի» գրքերը եւ այլն: Գրքերից ամենամեծ տպաքանակն ունեցել է «Գյումրին»՝ 1000 օրինակ, մնացածը տպագրվել են 500-ից 300 օրինակով:

«Մարդ բդի կենսագրություն ունենա, անցյալ ունենա ու արժե, օր էդ մարդու մասին գրվի, օր սերունդներն էլ իմանան,-ասում է Գագիկ Վարդանյանը,-տեսեք, գյումրեցուն կհարցնեն, թե ինչի՞ դուք սաղին մականուն կկպցնեք, կըսե, որովհետեւ մենք մարդու համ դուրսը կտեսնինք, համ ներսը: Մենք քաղաքում հայտնի մականունավորներ ենք ունեցել՝ Փուրչուլուխ Հենդո, Կճուճ Հենդո, Ճուճուլ Աղաս, Մեռել Հարութ, խելառ Սարգիս, օրիորդ Վարսենիկ, Տուն շինող Վարդան ու իրանց մասին հաստատ արժե գրել, էդ մարդիկ իրանց մեջ քաղաքի պատմությունն են կրել»:

Գագիկը սեղանին է շարում իր հեղինակած գրքեըը, որոնք ավելի շուտ արխիվային նյութերի հարուստ հավաքածու են հիշեցնում: «Հումորի հայրաքաղաք Գյումրի» գրքից որեւէ օրինակ չեմ տեսնում, ասում է, թե ինքն էլ չունի՝ այլապես կնվիրեր: Ասում եմ ոչինչ, դու այնտեղ տեղ գտած հումորներից պատմի՝ ես կփոխանցեմ մեր ընթերցողներին:

Մե կնիգմ կբողոքվի.

-Ըսպես էլ բան կեղնի՞, մարդս ամեն օր խմած տուն կմտնի, ընձի կըսե կնի՛կ, ռուկի վերխ: Ըբը չսե՞մ, այ մարդ, մե օրմ էլ մտի տուն, ըսա, կնի՛կ նոգի վերխ, ի՞նչ կեղնի օր...

***

- Աղջի Վարդուշ, ընչի՞ գուզես Մկոյից բաժնվիս.
– Ըբը ի՞նչ էնեմ, Մկոն էնքան ուրիշ կընկտանց հետ է էղե օր, հըմի չիտենք, թե մեր երեխեքն ումից են:

***

Լեննականցին ու քյավառցին բասով արաղ կխմեն, էս քյավառցին կհարբի, լեննականցու հեչ պետքը չէ, կսե.
- Յա, էդ ինչխ եղավ, օր դու չես հարբի:
Կսե.
- Հըլը կուլ չեմ տվե:

***
Փեսա Գրիշը նստել է մահամերձ պառկած զոքանչի կողքին: Մե պահմ զոքանչը կսկսե նայել սենյակում թռչող ճանճին: Գրիշը չի դիմանա.
- Զոքանչ ջան, հերիք է բուն թեմայից շեղվիս, դու գործիդ աշե, ժամանակ չկա…

***

Երբ առավոտյան աղջիկը տեսնում է, որ մորական տատը տանը չի գիշերել, անհանգստանում է,բայց հայրը նրան հանգստացնում է.
-Գիշերն օր տուն գուքայի, տեսա մամդ ընկել էր փոսը, շա՜տ չարչրվա, օր հանեմ, չկռնացա:
-Հետո՞, ըդպես էլ թողեցիր, էկա՞ր:
-Չէ ի՜նչ կըսես, փոսը լցեցի, օր հանկարծ, էլ ուրիշ մարդ չընկներ:

***
Ամուսիններով գնում են եկեղեցի.
-Տեր հայր,մենք եկեղեցիով ենք ամուսնացել,եկեղեցիով էլ ուզում ենք բաժանվել:
Տեր հայրը վերցնում է ամենամեծ կտակարանը ու սկսում է աջ ու ձախ խփել սրանց գլխին: Կինն այլևս չի դիմանում.
-Վա՜յ,ինչ ե՞ք անում Տեր Հայր,սպանեցիք:
-Եկեղեցին բաժանելու այլ տարբերակ չունի....ահա կարդացեք... «Միայն մահը կբաժանի....»:

***

Վարդանիկը կմտնի դեղատուն:
-Քուր ջան, ընձի ուժեղ ցավազրկող տուր:
-Բայց քու ի՞նչդ  կցավա…
-Հլը օր հեչ մե տեղս, բայց պապան քիչըմ հետո, ժողովից գուքա:

***
- Չոփուռ, էդ մարդու դուռն օր սարքել ես, ընչի՞չի չի փակվի:
- Պոլոզ ջան, էդ մարդու բերած մատերիալն օր էղնի՝ գողցած ու թաց, ես էլ սաղ օրը՝ ուտեմ՝ սոխ ու հաց, ըշտը էդ մարդու դուռն էլ, բըդի մնա՝ բաց ու բաց....

Լուսանկարները և տեսանյութը՝ Արսեն Միրզախանյանի

Մեկնաբանություններ (1)

Асмик
Прекрасная статья ,вспомнили ,посмеялись .Гагику удачи,счастья и любви .Улыбайтесь миру и мир улыбнётся вас.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter