HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կեղծ դեղեր․որտեղի՞ց և ինչպե՞ս են դրանք բերվում Հայաստան

«Հետք»-ին տված մի հարցազրույցում «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեց կեղծ դեղերի մասին՝  նշելով, որ այդ հարցով  իրենց մոտ են եկել նույնիսկ «Ինտերպոլ»-ից, սակայն որևէ բան չմանրամասնեց՝ մարդկանց մոտ ավելորդ  խուճապ չառաջացնելու համար։

Մենք հարցում ուղարկեցինք Ոստիկանությանն առընթեր «Ինտերպոլի ազգային բյուրո»՝ խնդրելով տեղեկացնել, թե վերջին մի քանի տարիների ընթացքում ի՞նչ հետաքննություններ են իրականացրել կեղծ դեղերի վերաբերյալ:

Սկզբում նրանք խոստացան տեղեկություն տրամադրել  30-օրյա ժամկետում, այնուհետև նշեցին, որ «Ինտերպոլի ԱԿԲ»-ն որևէ հետաքննություն չի իրականացնում, այն իրականացնում են այլ իրավապահ մարմիններ։
Քննչական կոմիտեն մեր նույնատիպ հարցմանը պատասխանեց, որ նշված թեմայի վերաբերյալ  իրենք «հաշվառում չեն իրականացնում»։

Դեռևս փետրվարին մենք հարցում էինք ուղարկել նաև Ֆինանսների նախարարություն ՝ խնդրելով տեղեկություն տրամարել կեղծ դեղերի մուտքի, դրանց  ծավալների և ներկրողների վերաբերյալ։ Սկզբում պատասխանի համար ժամանակ խնդրեցին, իսկ երեկ պատասխանեցին, որ «կեղծ դեղորայքի ներմուծման և արտահանման վերաբերյալ նյութեր չեն ստացվել»։

Այնուհանդերձ, մենք փորձեցինք պարզել՝ որտեղի՞ց և ի՞նչ կեղծ դեղեր են ներկրվում Հայաստան։

12 անվանում կեղծ դեղ և կենսական հավելում` 5 տարում

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2010-2015թթ. ընթացքում հայտնաբերվել է 12 անվանում կեղծ դեղ և կենսական հավելում։
Դրանցից 4-ը Հայաստան է ներկրել «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ն Վրաստանով, մնացած 8-ի ներկրողը հայտնի չէ.դրանք հայտնաբերվել են վաճառքի ժամանակ, դեղատներում։

«Վիտաֆլեքս» ՍՊԸ-ն հիմանդրվել է 2013թ։ Ընկերության տնօրենն է Սաթենիկ Թերզյանը։ Որպես ընկերության 100 %-անոց բաժնետեր՝ էլեկտրոնային ռեգիստրում նշված են երկու հոգի՝ Հասմիկ Սիմոնյանն ու Սամվել Մուսաելյանը։

 

Ինչու՞ հենց Վրաստանը

Հայաստանում դեղի գրանցման գործընթացը տևում է 180 օրացուցային օր՝ 6 ամիս։ Եվրոպական կամ ամերիկյան գրանցում ունեցող դեղերի ճանաչման համար այդ գործընթացը պարզեցված է՝ 15-30 օր։
Վրաստանում, ի տարբերություն Հայասատանի, դեղերի գրանցման խիստ  պայմաններ չկան․ այն գրանցվում և իրացման հնարավորություն է ստանում ընդամենը 7 օրում։
Բացի այդ, Վրաստանում չկա նաև դեղերի ներմուծման ԱԱՀ, ինչպես Հայաստանում է։
Վրաստանում դեղի գրանցման համար անհրաժեշտ է  230 ԱՄՆ դոլար, կրկնակի  գրանցման համար՝ 90 դոլար, մինչդեռ մեզ մոտ այդ գումարը կազմում է 900 000 դրամ (մոտ 2000 ԱՄՆ դոլար)։
Այս գումարը նույնն էթե՛ սովորական և թե՛ պարզեցված ընթացակարգով գրանցվող դեղերի համար, մինչդեռ երկրորդ դեպքում «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի ծախսերը քիչ են։

«Վրաստանը գրանցման գործընթաց չունի, այն շատ պարզ է, որը դուր է գալիս մեր բոլոր ներմուծողներին, -ասում է Հ. Թոփչյանը։- Այնտեղ 7 օրում կարելի է դեղ գրանցել»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն  ուսումնասիրություններ է իրականացրել Վրաստանում և հայտնաբերել  է մի շարք թերություններ՝ պահանջելով վերացնել դրանք և սահմանել գրանցման գործընթացի հստակեցում։

5 տարվա ընթացքում ընդամենը մեկ գործ է մտել դատարան


Կեղծ դեղերի իրացումն արգելվում է  ՀՀ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածով, այն է՝ «մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը»:

Ըստ Դատական դեպարտամենտի  տրամադրած տվյալների՝  2010-2015թթ. ընթացքում այդ հոդվածով դատարան է մտել ընդամենը 1 գործ՝ 2011թ.ին:
280-րդ հոդվածի 2-րդ մասով (կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը) քրեական գործ է հարուցվել  Տիգրան Ավետիսյանի դեմ. նա կեղծել է որոշ դեղերի պարունակությունը,  տարբեր դեղատներից ժամկետանց դեղեր է ձեռք բերել և իրացրել դրանք, մաքրել ժամկետներն ու նույն տեղում համակարգչի միջոցով տպված այլ պիտակներ է փակցրել։
Այդ գործունեությամբ Տ. Ավետիսյանը զբաղվել է Մկրտիչ Մխիթարյանի հետ 2009թ հուլիսից։

 2009-2010թթ. ընթացքում Տիգրան Ավետիսյանի կողմից պատրաստվել և տարբեր դեղատներում իրացվել է 38 հատ «Էլիվիտ»,«Ադվիլ», «Վարփարի», «Ֆ99», «Տրիովիտ» «Գերիմաքս» տեսակների, իսկ Տ. Ավետիսյանի և Մ. Մխիթարյանի կողմից իրացվել են Տ. Ավետիսյանի կողմից պատրաստված 814 հատ «Գերիմաքս», «Տրիովիտ», «Տերավիտ», «Պրենգա», «Բիցիլին 5» տեսակների կեղծ դեղամիջոցներ:

2011թ․ին Տիգրան Ավետիսյանը  դատապարտվել է 4,  Մ.Մխիթարյանը՝  2 տարի 1 ամիս ազատազրկման։

Ինչպե՞ս  է կանխվում կեղծ դեղերի մուտքը Հայաստան

2007թ. ՀՀ նախագահի կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» ծրագիրը, որտեղ կեղծ դեղերի դեմ պայքարն ամրագրվել է որպես ազգային անվտանգության պահպանման գործոն։
Դրանից հետո՝ 2008թ., ԱՊՀ երկրները Քիշնևում ստորագրել են «Կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի համագործակցության մասին համաձայնագիր»։

ԱՆ աշխատակազմի Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունից «Հետք»-ին հայտնել են, որ կեղծ դեղերի մուտքը Հայաստան կանխելու համար իրականացվում են մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես ՝ դրանց դեմ են ուղղված արդեն ընդունված մի շարք որոշումներ (2000թ. սեպտեմբերի 20-ի N 581-Ն, որտեղ սահմանված է դեղերի ներկրման կարգը), 2003թ. ստեղծված դեղերի տվյալների բազան (2005թ. դրանք գրանցված փաթեթի նկարներով տեղադրվում են դեղգործակալության կայքում):
 «Դեղերի մասին»  նոր օրենքի նախագծում սահմանվել են դեղերի «ներկրման և իրացման ավելի խիստ պայմաններ», ինչպես նաև «կանոնակարգվել է զուգահեռ ներմուծման կարգը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter