HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աստղիկ Եդիգարյան. «Հայորդաց տուն հայ զինվորին սնունդ բերող մարդկանց հոսքը չի դադարում»

Գյումու Հայորդաց տան նախասրահում շրջելիս առաջինն, ինչ աչքի է զարնում բազմաթիվ արկղերի կույտերի մեջ, այսպես կոչված «տնական» հյութերի, պահածոների, ջեմերի ու մուրաբաների ապակե տարաներն են: Մի անկյունում պարկերով կարտոֆիլ է շարած, տարբեր չափերի արկղերում սրահում հավաքված մի խումբ երիտասարդներ տեսակավորում են պահածոներ, խտացրած կաթ, քաղցրավենիք եւ այլն: Որոշ տուփերում նկատում եմ նաեւ տաք ծածկոցներ:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանն ասում է, որ Արցախում սահմանը պահող հայ զինվորին աջակցելու կոչ-առաջարկով ապրիլի 3-ին ինքն հանդես է եկել Ֆեյսբուկ սոցիալական ցանցում: «Ես արդեն տեղյակ էի, որ Երեւանի Մաշտոցի պուրակում ապրիլի 4-ին պիտի մարդիկ սնունդ ու հագուստ հավաքեն առաջնագիծ ուղարկելու համար: Մտածեցի մենք էլ մասնակցենք ու նման ակցիա անենք Գյումրիում: Ուղղակի չէի մտածում, թե նման արագությամբ կարձագանքեն ու անհատ անձինք, կազմակերպություններ իրենց աջակցությունը կառաջարկեն»,- ասում է Աստղիկ Եդիգարյանը:

Սկզբում մտածում էին, թե երկու բեռնատար մեքենայի չափով էլ, որ կարողանան սնունդ հավաքել-ուղարկել՝ ահագին բան արած կլինեն: Սակայն անցած երեք օրվա ընթացքում արդեն հինգ բեռնատար մեքենա սնունդ են ուղարկել Արցախ:

«20 տոննա բեռ ենք ուղարկել Արցախ, հիմա էլ 6-րդ մեքենայի այսպես ասած բաժին բեռն ենք պատրաստում: Մենք գումար չենք հավաքում, եղել է դեպք, որ մարդիկ եկել են, գումար են առաջարկել, ասել ենք, որ Հայորդաց տան կողքին խանութ կա, գիտե՞ք ինչ, մտեք էդ գումարի սնունդ գնեք, մենք անպայման կուղարկենք,- կատարած աշխատանքներն է ներկայացնում Հայորդաց տան տնօրենը,- երկու անձնավորություն գումար են տվել 100 հազար դրամի չափով մեքենաների վարորդներին, միայն վառելիքի գումար: Մեկ էլ մի տատիկ, որ էդ պահին եկել էր, թոշակ էր ստացել, տեսավ, որ մեքենան դրոշներով մեկնում է, հանեց 3 հազար դրամ տվեց վարորդին, թե՝ «տղա ջան, վերցրու ճամփեն բանըմ կառնիս», չէր վերցնում վարորդը, հետո տատիկը շատ պնդեց, դեռ մի հազար դրամ էլ ավելացրեց, թե՝ «կողքիդ նստած տղուն կուդաս»:

Առաջին իսկ օրվանից ակցիայի մասին տեղյակ է պահվել Գյումրու զինվորական կոմիսարիատի ղեկավարությանը: Աշխատում են համակարգված: Մոտավորապես 105 արկղ սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ են ուղարկել տեղահանված ընտանիքներին, որ կարող է նրանց բավարարել երկու շաբաթ, մնացածն, ըստ զրուցակցիս հավաստի տեղեկությունների՝ ուղարկվել է զորամասեր: Առաջին երկու մեքենա բեռը տեղափոխել են Քաշաթաղի բնակիչներ:

Աստղիկ Եդիգարյանն ասում է, որ մարդկանց հոսքը չի դադարում, բերում են դպրոցներից, Գյումրուն մոտ գտնվող գյուղական համայնքներից եւ որպեսզի հանկարծ որեւէ մեկի անունը բաց չթողնի՝ գերադասում է չթվարկել: Նշում է միայն, որ այսօր արդեն գյումրեցիներին են միացել Ախալքալաքի երիտասարդները: Ինչ վերաբերում է տնային պայմաններում պատրաստված պահածոներին, ապա որոշել են ուղարկել միայն մուրաբաներն ու ջեմերը: Սննդային թունավորումից խուսափելու նպատակով ոչ գործարանային արտադրանք հանդիսացող պահածոները զինվորներին չեն ուղարկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter