HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաղանիսի գյուղապետ. «Եթե ադրբեջանական 2 սահմանային հենակետերը վերացվեն, մեր բնակչությունը կարող է խաղաղ ապրել»

«Ի տարբերություն Արցախի` Տավուշի մարզի սահմանային գյուղերն ավելի մոտ են ադրբեջանական սահմանային հենակետերին: Մեր գյուղերն անմիջապես գտնվում են ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերի տակ: Կոնկրետ Բաղանիսին ադրբեջանական երկու` «Ուղտի մեջք» և «Նոր տարի» հենակետերն են սպառնում: Եթե այդ երկու հենակետերը վերացվեն, մեր բնակչությունը կարող է խաղաղ ապրել»,- ասում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Հակառակորդի «Ուխտի մեջք» և «Նոր տարի» դիրքերը տեղակայված են Բաղանիս և Ոսկեվան գյուղերին հանդիպակաց՝ հազիվ 1 կմ հեռավորության վրա գտնվող լեռների գագաթին: Բաղանիսի տների մեծ մասն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են: «Նոր տարի» ադրբեջանական  դիրքից մի փոքր ներքև տեղակայված է նաև հայկական հենակետներից մեկը: Իրենց  դիրքերով ադրբեջանցիները Արցախի պատերազմի 1994թ. հրադադարից հետո շարունակում են վերահսկել ոչ միայն Բաղանիսը, այլև Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհը:

Ապրիլի 6-ի երեկոյան՝ ժամը 10:00-ից 24:00-ը, ադրբեջանական այդ դիրքերից կրկին գնդակոծել են Բաղանիսը: «Եթե 1994թ. Ղարաբաղյան պատերազմի հրադադարից առաջ կամ գոնե հետո վերացվեին ադրբեջանական «Ուղտի մեջք» և «Նոր տարի» դիրքերը, մենք այսօր գնդակոծության թիրախում չէինք լինի: Մեր թիվ մեկ խնդիրը մեր բնակչության կյանքի անվտանգության ապահովումն է»,- ասաց  Բաղանիսի գյուղապետը:

Գնդակոծությունների ժամանակ ինչպես սահմանային մյուս գյուղերը, բաղանիսցիները նույնպես պաշտպանվում են տարերայնորեն. «Բնակչության մոտ ռեֆլեքս է ձեռք բերվել, ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է: Գյուղում ապաստարան չունենք, մասնավոր մարդիկ ամենքն իրենց համար սարքել են, բայց դպրոցի համար Կարմիր խաչի ֆինանսավորմամբ անցյալ տարի ենք կառուցել ապահով սենյակ, լուսամուտները փակել ենք և այլն: Եթե միայն մտածենք կրակելու մասին և ոչինչ չանենք, այդպես չի լինի: Մենք պետք է առաջ քայլենք»,-բացատրեց Ն. Սահակյանը:

Ապրիլի 6-ի գնդակոծության հաջորդ օրը Բաղանիսում հանգիստ վիճակ էր, թեև գյուղացիների մոտ դեռ չէին մարել գիշերային գնդակոծության տագնապները: Ն. Սահակյանի ասելով` ապրիլի 1-5-ը գյուղում հանգիստ է եղել: Ապրիլի 6-ի երեկոյան ադրբեջանցիները 12/7 տրամաչափի գնդացրից (ДШК) գնդակներ են ուղվել Բաղանիսի վրա: Գյուղապետը ցույց  տվեց դրանցից 2-ը: «Այսօր են բերել գյուղացիները: Փառք Աստծո, երջանիկ պատահականությամբ տուժածներ և  նյութական վնասներ չունենք»,- ասաց նա:

Գնդակոծությունը գիշերը դադարել է միայն հայ զինվորների պատասխան կրակից հետո: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, պաշտպանության տեսանկյունից ինչ վիճակ է Բաղանիսում, գյուղապետը պատասխանեց. «Մենք մեր բանակին վստահում ենք»:

Այս տարվա փետրվարի 8-ից 12-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Բաղանիսում ստեղծվել է 81 գյուղացիներից կազմված զինվորական վաշտ, որը ներկայումս մասնակցում է գյուղի պաշտպանությանը: Բաղանիսում ապրում է 955 մարդ: Գյուղն ունի 262 տնտեսություն, 510 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 385 հա վարելահող, որից 120 հա-ն ադրբեջանական հենակետերի նշանառության տակ են: «Ջրագծեր ենք անցկացրել, ոռոգման ցանցը ընդլայնվել է, գյուղացիները կանոնավոր մշակում են իրենց հողերը: Որպես տեղական իշխանություն` մեզ պարտավորված ենք զգում գյուղացիների համար հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար ստեղծել պայմաններ»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ Բաղանիսի երիտասարդությունը չի հեռանում գյուղից:

Այսուհանդերձ, բաղանիսցիները ծայրահեղ աղքատ են: Արմեն Հարությունյանի ընտանիքը 8 անձից է կազմված: Ընտանիքը պահելու համար նա 8 օր առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ աշխատելու: «Տղես երկու ուսանող աղջիկ ունի Երևանում, ուսման վարձ են ուզում: Մեկի ուսման վարձը 400 հազար է, մյուսինը՝ 300 հազար դրամ: Գնացել էր աշխատելու, հիմա էլ ասում է՝ գործ չկա, հետ է գալիս: Ընդամենը 8 օր է, ինչ գնացել է»,- ասաց Արմենի մայրը՝ Վիկտորյա Հարությունյանը: 

Գնդակոծությունից պաշտպանվելու համար Արմենը պատով փակել է իր լուսամուտները: «Կրակոցները կպչում են մեր պատուհաններին, բա ի՞նչ անենք: Տանիքն ամբողջությամբ շարքից հանել են»,- ասաց Արմենի կինը: Ընտանիքը գնդակոծության ժամանակ պատսպարվում է սեփական տան նկուղում: Արմենի 1-ին դասարանցի երկվորյակ տղաներից հատկապես Արգամը շատ է վախենում կրակոցներից: 

Վիկտորյա Հարությունյանի ասելով՝ 8 անձից բաղկացած ընտանիքը գոյությունը պահում է Արգամի և Վանի նպաստով, մեկ էլ՝ իր 50 հազար դրամ թոշակով. «Ես էլ նեղանում եմ, ասում եմ՝ հիվանդ կնիկ եմ, ես խի՞ եմ իմ թոշակը ձեզ տալի: Հեսա, կուռս աշխատում չի, փող չունեմ, որ գնամ բժշկի: Նեղություն է առաջանում, էլի»,-դժգոհեց Վիկտորյան:

Բազմանդամ այս ընտանիքի վարելահողերը ադրբեջանցիների նշանառության տակ են: Անասնապահությամբ էլ առանփնապես չեն զբաղվում, ընդամենը երկու կով ունեն:

Գյուղամիջյան մթերային խանութի մոտ կանգնած Բաղանիսի տղամարդիկ ասացին, որ թաքնված են ապրում, հողն էլ չեն կարողանում մշակել:

Խանութի սեփականատեր Լենա Հարությունյանը դժգոհեց խանութի «նիսյայից. «1000-ից մի մարդ, որ կանխիկ է ապրանքը վերցնում: Գյուղը 2,5 մլն դրամ պարտք ունի մեր խանութին»,- հայտնեց Լենան:

«Ես  մտածում եմ, որ ադրբեջանցիների «Ուղտի մեջք» և «Նոր տարի» սահմանային հենակետերի վերացման խնդիրը պետք է լուծվի: Դա Բաղանիսի անվտանգության միակ լուծումն է: Անցած գիշեր գյուղը նորից գնդակոծել են: Այդ կրակոցներով ընդամենը բնակչության նյարդերի հետ են խաղում: Դրանով ուզում են բնակչությանը հասցնել մի վիճակի, որ թողնեն գնան»,- հրաժեշտ տալիս ասաց գյուղապետ Նարեկ Սահակյանը: 

Մեկնաբանություններ (1)

Anna
These unfortunate villagers live under fear and terror every day. they are suffering from azeri attacks. What are the armenian authorities doing in order to stop the azeri military aggression against this peaceful population? 24 years passed already. What the future will bring to them: peace or continuous war? Our authorities in armenia should provide stability and peace for its citizens for they could live, work,create and raise families in a peaceful country.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter