HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակցի համայնքապետերը կառավարությունից խնդրում են վերահսկել մթերվող կաթի գները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ էր եկել «աչքալուսանքով»՝ սկսվել է ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթացը, գյուղացիները կարող են դիմել ու ստանալ վարկ 14 տոկոս տոկոսադրույքով, որի 6 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Եվ եթե նախորդ տարիներին սուբսիդավորվող վարկերի տրամադրման ծրագրում ընդգրկված էր 5  բանկ, ապա այս տարվանից վարկի տրամադրումով զբաղվելու է միայն ԱԳԲԱ բանկը: Նախարարի փոխանցմամբ ինչ-ինչ պատճառներով մյուս բանկերը հրաժարվել են ծրագրին մասնակցելուց:

Հանդիպմանը ներկա Աղվորիկ համայնքի ղեկավար Նար Ղարիբջանյանը փորձեց գյուղնախարարից ճշտել, թե ինչու են կառավարության հայտարարություններն ու բանկերի գործելաոճը հակասում իրար եւ կա՞ արդյոք վերահսկողություն, թե որքան եւ ինչ սկզբունքով են հատկացվում արտոնյալ վարկերը: «Լինում է, որ դիմում ես բանկին վարկ ստանալու համար, ասում են՝ դու չես համապատասխանում չափանիշներին, հետո մի քանի օրից կանչում են, թե կուզե՞ս վարկը տանք, բայց դոլարով, մի 5000-ի չափով: Ինչպե՞ս հասկանանք դա, պարոն նախարար, կա՞ արդյոք մեխանիզմներ ձեր կողմից վարկի տրամադրումը վերահսկելու»,-հարցրեց համայնքապետը:

Սերգո Կարապետյանն իհարկե պատասխանեց համայնքապետին, սակայն չհստակեցրեց, թե կառավարությունն ինչպես եւ արդյո՞ք վերահսկում է գործընթացը, միայն նշեց, որ տրամադրվող գումարները մեծ չեն, օրինակ այս տարի 7 մլրդ դրամ է հատկացվել գարնանային աշխատանքները վարկավորելու համար եւ 7,5 մլրդ դրամ էլ կհատկացվի աշնանը եւ դա պատճառը, որ բանկը գերադասում է փոքր գումարներով առավել մեծ թվով մարդկանց վարկեր տրամադրել: Իսկ թե ինչու է բանկը սկզբում մերժում, հետո առաջարկում վարկավորել, բայց արդեն արտարժույթով հարցին նախարարը պատասխան չուներ եւ գերադասեց շրջանցել այն: Դրա փոխարեն, որպեսզի գյուղացիները խնդիրներ չունենան, նա կոչ արեց համայնքապետերին օգտվել միայն ԱԳԲԱ բանկի ծառայություններից:

Մյուս «աչքալուսանքը» վերաբերում էր մարզում սպանդանոց կառուցելուն, որ այս տարի ի վերջո իրականություն է դառնալու: Հարցը բարձրացվել էր նախորդ մարզպետի՝ Ֆելիքս Ցոլակյանի կողմից: Բացի այդ, Շիրակի մարզում պլանավորվել են բացել անասնաբուժական երկրորդ կենտրոնը: Այս տարի եւս Շիրակի մարզից համայնքներ կընդգրկվեն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրարբիացման» ծրագրում:

Սիզավետ համայնքի ղեկավար Արարատ Պողոսյանը խնդրեց նախարարին միջոցներ ձեռք առնել վերահսկելու կաթի մթերման գինը, որ մշտապես տատանվում է եւ հատկապես ամռանը հասնում մինչեւ մեկ լիտրի դիմաց 110 դրամ սակագնի:

«Ինչպես որ խաղողի մթերման հարցն եք լուծել, որ ասենք չպիտի 170 դրամից պակաս լինի, էնպես արեք, որ կաթի մթերման գինն էլ գոնե 150 դրամից պակաս չլինի, այլապես հատկապես ամռան ամիսներին գոյւղացին շատ է տուժում»,- նշեց համայնքապետը:

Սերգո Երիցյանի հավաստիացմամբ իրենք կաթ վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ աշխատանքներ տանում են, սակայն պարտադրել կամ գին թելադրել չեն կարող: «Կանչում եմ, վիրավորում եմ, հորդորում եմ, որ գոնե 130 դրամից չիջնեն ամռան սեզոնին: Տեսնենք, խոստացել են, բայց եկեք նաեւ խոստովանենք, որ կաթի որակն էլ էն չէ»,- նկատեց նախարարը:

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանին մտահոգել էր գարու ներկրված սեմերի սորտափորձարկում անցնելու փաստը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը գրանցված -3 աստիճանի պայմաններում ՌԴ-ից ներկրված «Ռադնիկ» տեսակի գարու սերմացուն, որ ցանվել էր մարզի մոտ 20 համայնքում՝ ցրտահարվել էր: Արդյո՞ք գյուղացուն տրամադրվում է փորձարկում անցած, տեղի կլիմային հարմարված հացահատիկի սերմեր՝ հետաքրքրվեց համայնքապետը:

Նախարարը նկատեց, որ կոնկրետ «Ռադնիկ» տեսակի գարու սերմացուն անցած եւ նախանցած տարիներին ցանվել է Շիրակի մարզում եւ հաջողությամբ անցել փորձարկումը: «Մենք իմիջայլոց, ներկրում ենք էն սորտերը, որոնց պահանջը մեզ ներկայացնում են մարզպետարանները»,-պատասխանեց նախարարը:

Համայնքապետերը բարձրացրեցին նաեւ գյուղտեխնիկայի վերաբերյալ, հատկապես հացահավաք կոմբայնի պակասի հետեւանքով հացքաղի ժամանակ գյուղերում առաջացող խնդիրները: Հայկավանի համայնքապետն առաջարկեց ստեղծել մեխանիզատրակտորային պարկ մարզում եւ համալրել գյուղնշանակության տեխնիկայով:

Նախարար Սերգո Կարապետյանը մերժեց առաջարկը՝ նշելով, որ հետ վերադարձ խորհրդային տարիներին չի լինելու, այլ հարց է, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա որեւէ անհատ, կազմակերպություն՝ իրենք պատրաստ են աջակցել լիզինգային եղանակով գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter