HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենակ իմ կորուստը չի, իմ նման շատ մայրեր կան»,- 19-ամյա զոհվածի մայրը

Գայանե Սարգսյան

1993թ.-ին կամավորական ջոկատի կազմում Վանաձորից Լեռնային Ղարաբաղ են մեկնել մտերիմ ընկերներ՝ 18-ամյա Սպարտակ Վարդանյանն ու Դավիթ Քալաշյանը: Սպարտակի զոհվելուց հետո, Դավիթն իր տղային նրա անվամբ է կոչել: 19 տարի անց` Դավիթի որդին` Սպարտակը կրկին զոհվել է ռազմաճակատում:

«Ծնողներս խուլուհամր էին, եղբայրս կարող էր որպես միակ խնամակալ չծառայել, բայց ասաց՝ չէ, ես պետք է գնամ, ես ոչ մեկից լավ տղա չեմ, ինչո՞ւ պետք է նրանք գնան, ես՝ չէ: Ճանապարհելիս ուզում էինք մի ձևով հետ գցենք, ասեց՝ մտքներովդ չանցնի, որովհետև եթե էս անգամ ինձ հետ գցեցիք,  փախնելու եմ գնամ: Ես իմ ընկերներին չեմ թողնի»,- հիշում է Սպարտակի քույրը՝ Սեդան, ով այսօր նրա ընկերոջ՝ Դավիթի կինն է:

Հենց Քելբաջար տանող ճանապարհին Սպարտակը զոհվել է: Քանի որ բոլորի կողմից շատ սիրված էր, վաշտի տղաները որոշում են՝ ով առաջինը տղա ունենա, անունը Սպարտակ է դնելու: Ընկերոջ քրոջ՝ 16-ամյա Սեդայի  հետ ընկերություն անող Դավիթը որոշում է՝ նրա հետ ամուսնանալու է ու իրականացնի խոստումը:

Դավիթը ընկերների հետ 1993-1994 թթ.-երին  մասնակցել է Քելբաջարի ու Նոյեմբերյանի մարտերին: Տուն վերադառնալուն պես` նա ընտանիք է կազմում: Խոստում տված տղաներից առաջինը Դավիթն է տղա ունենում: Սպարտակի ծնունդը Սեդայի ծնողների համար դառնում է երկրորդ շնչառության առիթ:

«Եղբորիցս հետո իրենց մեջ դատարկ էր, երեխուս ծնվելով սկսեցին ապրել, զբաղվել, հետո տղես դարձավ պապիկի ընկերը»,- ասում է Սեդան:

Երբ խնդրում եմ մի փոքր պատմել եղբոր մասին, Սեդան հուզվում է, խառնում անցյալը ներկայի հետ, եղբայր Սպարտակին որդի Սպարտակի հետ ու ասում.

«Եթե եղբորս մասին պատմեմ, դա նույնն է, որ որդուս մասին պատմեմ, ոչ մի տարբերություն: Նույնիսկ ֆիզիկական կառուցվածքով լրիվ եղբայրս էր որդիս, բարության գագաթնակետն էին, չեմ կարող նկարագրել թե ինչ կարգի բարի էին և՛ եղբայրս, և՛ տղաս»:

Եղբորը  կորցրած Սեդայի սիրտն անհանգիստ էր որդու զորակոչվելու համար:

«Էդ վախը կար մեջներս, ասում էինք՝ լավ, գոնե Սպարտակը չծառայի: Բայց ինքն իր Հայաստանը շատ էր սիրում»:

13 տարեկանից պատանի երկրապահի ակումբին անդամագրված Սպարտակն ու քույրը՝ Ստելլան սիրում էին զինվորական գործն ու համազգեստը: Ծնողներն ասում են՝ Ստելլան այնքան լավ էր կրակում, որ հաճախ կատակում էին՝ սնայպեր ես դառնալու, աղջիկ ջան, գնաս մի քանի թուրք խփես, գոնե խիղճներս հանգստանա:
Որդուն փոքրիշատե հանգիստ ծառայություն ապահովելու համար մայրը խորհուրդ է տալիս քաղաքի երաժշտական նվագախմբին կից գործող խմբակում ընդգրկվել, մանավանդ որ վերջինս ոչ միայն լավ լսողություն ուներ, այլ նաև հրաշալի ձայն: Նվագախմբում Սպարտակին բաժին է հասնում ամենամեծ գործիքը:

Որդին, սակայն, ծառայության մեկնելուց կարճ ժամանակ անց որոշում է՝  նվագախմբում նվագելու փոխարեն պետք է ծառայի ընկերների հետ:

Մինչ ապրիլյան պատերազմի մեկնարկը` Սպարտակի ծառայությունն անցնում էր երկրորդ գծում: Ապրիլի 2-ին, սակայն, նրանց գումարտակը զբաղեցնում է առաջնագիծը:

«Ամսի 3-ի լույս 4-ի գիշերը լավ կռիվ են տվել, ընդհուպ մինչև ձեռնամարտ, բայց ոչ զոհ, ոչ վիրավոր չեն ունեցել ու իրենց զորամասը ճանաչվել է Ղարաբաղում ամենամարտունակը: Ասում էր, մամ, տեսա՞ր, ամենաուժեղ զորամասը մերն ա»,- պատմում է մայրը:

Ապրիլի 11-ին Սպարտակը դարձել է 19 տարեկան: Լոռիից Մարտունի տարվող հումանիտար օգնությունն ուղեկցողների թվում Դավիթն էր: Որոշել էր որդուն անակնկալ անել:

«Գնացի, տեսա, լավ էր, մենակ ասում էր՝ մի մտածեք, շատ լավ եմ, ամեն ինչ նորմալ ա: Նկարվեցինք: Ասում էի դուխներդ ո՞նց ա, ասում էր՝ միլիոն: Ասի՝ լավ էլ մնացել ես, էլի, գազան ջան: Մենք պինդ էինք, բայց իրանք մեզանից ավելի պինդ են: Թե մեր արյունը, մեր դուխը փոխանցվել էր իրանց… Մեր դուխն էլ էր մեզ ուտում, բայց իրանք ուրիշ են: Ճանապարհին շատ երեխեք ենք տեսել, ասում էին՝ ձյաձ, դուք ո՞ւր եք եկել, մենք ստեղ ենք, հերիք ա, էլի»,- ասում է հայրը:

Որդու հետ ամեն առավոտ զրուցող մայրը մի կողմից անընդհատ ոգևորել է նրան, մյուս կողմից սառնասրտորեն բացատրել՝ ճակատագիր է, լինելու բանը լինելու է:

Այսօր արդեն մայրը մորմոքվում է. «Իրա հետ խոսալիս  միշտ ասել եմ՝ Սպարտակ ջան, սա կյանք ա, ոչ մեկը չգիտի ինչ ա իրա առաջ պահած, ճակատագիր ա, ոչ մեկը ոչ մի բանից չի կարա փախնի, լինելու բանը լինելու ա: Բայց ես ի՞նչ իմանայի,  որ հենց մեզ է կպնելու այս դժբախտությունը…»:  

Չնայած որդու կորստին, 39-ամյա Սեդան չի կոտրվում:

«Ես կոտրվելու իրավունք չունեմ, իմ ծնողներն իմ աչքերին են նայում: Աղջիկ ունենք, մեր աղջիկն էլ ա մեզ նայում: Շատ դժվար ա, ահավոր ծանր  ա, բայց հասկանում եմ, որ մենակ իմ կորուստը չի, իմ նման շատ ու շատ մայրեր կան` սկսած իմ մորից»:  

Մայրը որդուն հիմա ընկերների մեջ է փնտրում: Ասում է՝ իր ընկերներին գրկում եմ, ասում եմ՝ ինձնից չնեղանաք, ես ամեն օր ձեզ տեսնելիս պիտի գրկեմ, որ գոնե մի քիչ Սպարտակիս կարոտը առնեմ:

Սեդան խոստացել է՝ ամուսնուն նորից որդի է պարգևելու:

Մեկնաբանություններ (1)

Նվարդ Ավագյան
Հարգելի հեղինակ, պատմությունդ տակնուվրա արեց սիրտս...Ուզում եմ դիմել Սպարտակի մորը: Սեդա ջան, իրավունք տուր անծանոթիս՝դու -ով խոսեմ....Աղջիկ ջան, կիսելով վիշտդ՝ ուզում եմ ասել, որ դու էլ ես զինվոր քո այդ՝վեհ ու արի սրտով, Դու հայոց պատմությանը հայտնի ուժեղագույն մայրերից ես, հալալ լինի կերածդ կաթը:Դեռ ջահել ես ու ճիշտ ես որոշել. անպայմա՛ն որդի ունեցիր անպայման... Նահապետին հիշիր, Ձորի Միրոյին....Թուրքի աչքը միայն այդպես կարող ենք հանել մենք՝ հայ մայրերս: Գլուխ եմ խոնարհում որդուդ անմար հիշատակի եւ ձեր ընտանիքի ամուր կամքի առջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter