HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կոտայքի մարզպետը Գառնի էր գնացել` հոխորտալու

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ապրիլի 26-ին այցելել է Գառնի՝ հոխորտալու, բնակչությանը սաստելու, սպառնալու նպատակով: Չգիտեմ, թե պաշտոնական արարողակարգային լեքսիկոնում նման այցերն ինչպես են անվանում, հատկապես, երբ մարզպետարանի պաշտոնական կայքը չի լուսաբանում մարզպետի այցը: Համայնքապետարանում տեղավորված մարզպետի հոխորտանքը լսելու համար աշխատանքային ժամին դպրոցներից բերման են ենթարկել ուսուցիչներին, հիվանդանոցից` բուժաշխատողներին, Գառնիի համայնքապետարանի ենթակայության այլ հիմնարկների աշխատողներին: Մարզպետը որոշել է հնազանդեցնել գառնեցիներին, որոնք ապրիլի 13-ին Երեւան-Գառնի ավտոճանապարհը փակելով հարկադրեցին դադարեցնել Ազատի կիրճի ավերումը եւ շինտեխնիկան դուրս բերել կիրճից:

Գառնեցիներին հնազանդեցնելու իր նախաձեռնությունը նա սկսել էր բյուջետային հիմնարկների աշխատողներից: Մարզպետի ժարգոնային բառապաշարը համայնքապետարանում հավաքվածներին լիարժեք հնարավորություն չի տվել ըմբռնելու նրա պահանջները, բայց երկու միտք մտապահել են: Առաջինը, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» կառուցումը լավ ծրագիր է, եւ գառնեցիները չպետք է խոչընդոտեն ծրագիրն իրականացնելուն, եւ երկրորդ՝ «Աշոտին ըստեղ բան ասող չլինի» (նկատի ունի Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանին):

Համայնքապետարանում հավաքված բյուջետային հիմնարկների աշխատողներին սաստելուց հետո նա կարգադրել է իր մոտ կանչել ճանապարհը փակողներին: Վերջիններս հրաժարվել են հանդիպել մարզպետին:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը երեկ գյուղի թաղամասերում շարունակել է հանդիպումը գառնեցիների հետ եւ խորը հիասթափություն է պատճառել նրանց, քանի որ խոսել է միայն Ազատ գետից ջուրը վերցնելու անհրաժեշտության մասին: Նաեւ որոշ խոստումներ է տվել, որոնք շատ չեն տարբերվել 90-ական թվականների պատգամավորության թեկնածուների խոստումներից:

Մարզպետից բնակչության սպասելիքներն այլ են եղել: Մեկ օր առաջ նրա այցը նախապատրաստող մարզպետարանի աշխատակիցների եւ Գառնիի համայնքապետի դեմքի լրջությունը տեսնելով` ենթադրել են, թե վերջապես մարզպետն անցել է իր պարտականությունների կատարմանը: Բնակիչներին համայնքապետարանում հավաքելով՝ հավանաբար ցանկանում է քննարկման դնել Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի 2015թ. գործունեության հաշվետվությունը կամ` Գառնի համայնքի քառամյա ռազմավարական ծրագրի կատարումը:

Վերջապես եկել է բնակիչներից լսելու, թե 1996թ.-ից Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Աշոտ Վարդանյանն իր պաշտոնավարման 20 տարիներին ի՞նչ հարց է լուծել համայնքում:

Նման լավատեսության հիմքը, թերեւս, այն էր, որ անցնող տարեվերջին մարզպետարանը, ամփոփելով համայնքային բյուջեների կատարումը, արձանագրել էր, որ Գառնիի համայնքապետարանը բյուջեն կատարել է 50%-ով (այսպիսի ցուցանիշ սահմանամերձ 50 հոգանոց համայնքն էլ չունի): Ենթադրվում էր, որ մարզպետը բնակչության եւ համայնքապետարանի աշխատողների հետ կքննարկեր հարկերը չհավաքագրելու պատճառները, որն էլ նրան հնարավորություն կտար ծանոթանալ անցնող 20 տարիներին գյուղում կուտակված հիմնախնդիրներին: Պարզել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարել համայնքի ղեկավարն ու ավագանին: Բացի այն, որ բնակչության կամքին դեմ գնալով թույլատրել են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որոշում են կայացրել վաճառել համայնքի միակ մանկապարտեզի խաղահրապարակը, համայնքային սեփականության հողատարածքները, չեն վճարել իրենց հարկերը եւ այլն:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներին ծանոթանալու համար մարզպետի միջամտությունն անհրաժեշտ է, քանի որ Գառնիի բնակչությունը որեւէ պատկերացում չունի համայնքապետի եւ ավագանու գործունեության մասին: Անցնող տարվա օգոստոս ամսից համայնքապետը դադարեցրել է համայնքի պաշտոնական կայքի գործունեությունը եւ բնակչությանը չի իրազեկել, թե իր եւ ավագանու կայացրած որոշումներին որտեղ կարող են ծանոթանալ:

Չնայած հավաքվածների հայտնած դժգոհություններին՝ մարզպետ Գուլոյանն այդպես էլ չի ցանկացել պարզել, թե Կոտայքի մարզի ամենաշատ ջրային պաշարներ ունեցող համայնքում ինչո՞ւ է բնակչությանն օրական 1-2 ժամ խմելու ջուր տրվում: Ինչո՞ւ մինչ օրս չի փոխվել գյուղի կենտրոնական հատվածի ջրամատակարարման ցանցը, որ կառուցվել է անցյալ դարի 60-ական թվականներին եւ գոյություն չունի արդեն, ջրերը գետնի տակով են հոսում՝ կոյուղատարին խառնվելով: Ինչո՞ւ ջրահեռացման ցանց գոյություն չունի: Գյուղի կենտրոնական հատվածի միայն մի փողոցով է կոյուղատար անցնում, որը նույնպես կառուցվել է անցյալ դարի 60-ականներին: Հաճախակի խցանվելու, ջարդվելու, չնորոգվելու պատճառով այն շարքից դուրս է եկել, իսկ կեղտաջրերը լցվում են գյուղի տարածքով անցնող սելավատարը եւ ոռոգում այգիներն ու բանջարանոցները:

Մարզպետը չի ցանկացել պարզել, թե ի՞նչ է արել համայնքապետը հարյուրավոր հեկտար հողատարածքների վաճառքից գոյացած գումարները, եթե ջրամատակարարման ցանցը չի փոխել, կոյուղատար չի կառուցել, ջրահեռացում չի ապահովել:

Գյուղի ոռոգման ցանցը խիստ անմխիթար վիճակում է, բնակչության գերակշիռ մասը ողջ սեզոնի ընթացքում 1-2 անգամ է կարողանում ոռոգում իրականացնել: Սակայն, Կառավարությունը խոստանում է ռոգման ցանցը բարեկարգել միայն մի պայմանով, եթե թույլատրվի Ազատ գետի ջուրը հասցնել Արտաշատ: Ինձ դեռեւս հայտնի չէ մի դեպք, որ որեւէ համայնքում ներդրում կատարելու համար նման պահանջ ներկայացվի:

Մշակույթի տունը ավերակ վիճակում է, բայց մարզպետը համայնքի ղեկավարին չի հարցրել, թե 7500 բնակիչների մշակութային առօրյան ինչպես է կազմակերպում: Չէ՞ որ մշակութային կյանքի կազմակերպումն օրենսդրորեն համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է, նա դրա համար վարձատրվում է: Մարզպետին չի անհանգստացրել ոչ միայն ներհամայնքային փողոցների, այլեւ պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհների խիստ անբարեկարգ եւ անմխիթար վիճակը, ամենուր կուտակված աղբը: Ինչո՞ւ հանրապետության ամենահայտնի զբոսաշրջավայր Գառնիում աղբանահում չի իրականացվում, գիշերային լուսավորություն չի անցկացվում: Գառնին եւ շրջակա 5 գյուղերին սպասարկող հիվանդանոցը (չհաշված զբոսաշրջիկներին) շտապօգնության մեքենա չունի, հագեցված չէ բժշկական սարքավորումներով,  չունի որակյալ բուժանձնակազմ:

Մարզպետը չի ցանկացել պարզել, թե բնակչությանն ի՞նչ ծառայություն է մատուցում համայնքապետարանն իր ուռճացած աշխատակազմով, ինչո՞ւ են ապառքով ստանում աշխատավարձերը, ովքե՞ր են հաստիքացուցակում ընդգրկված 2 վարորդները եւ ի՞նչ աշխատանքի դիմաց են վարձատրվում, կանաչապատման 3 բանվորները գյուղի ո՞ր կանաչապատ տարածքներն են խնամում: Որտե՞ղ են համայնքային սեփականություն հանդիսացող ԳԱԶ-31, ԳԱԶԵԼ-38 եւ ՊԱԶ-625 ավտոմեքենաները։ Ինչո՞ւ է Աշոտ Վարդանյանն իր սեփական ԲՄՎ-Լ 5 ավտոմեքենան համայնքապետարանին վաճառելով՝ բյուջեից յուրացրել 9 մլն դրամ: Համոզվա՞ծ եք, որ բնակիչների նպատակը նրան թանկարժեք մեքենայով ապահովելն էր, թե՞, օրինակ, այդ գումարով մշակույթի տան 2-3 սենյակ բարեկարգելը:

Նշածս հարցերի մի մասն անցյալ տարվա նոյեմբերի 5-ին քննարկվել է ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, դրանց վերաբերյալ հանձնարարականներ են տրվել պրն Գուլոյանին: Հայտնի չէ, թե պրն Գուլոյանն այդ հանձնարարականների որ մասն է կատարել եւ, արդյոք, կատարե՞լ է:

Բայց այն հարցը, որի համար նա երկու օր անընդմեջ Գառնի է այցելում, հանձնարարականներում ներառված չէր:

Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրի լավ կամ վատ լինելու մասին կարող են խոսել մասնագետները, բայց ոչ մարզպետ Կ. Գուլոյանը: Գառնեցիներին պետք չէ համոզել ծրագրի վատ կամ լավ լինելու մեջ, նրանք լավ գիտեն, որ «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելով՝ Գառնին կկորցնի, իսկ Քաղցրաշենը ոչինչ չի շահի:

Պրն Գուլոյանին Գառնի գործուղողներն էլ լավ գիտեն դա, նրանց անհանգստացնողը վերցրած ատկատները վերադարձնելու միտքն է:

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Մի հարց էլ ես ավելացնեմ, բայց գառնեցիներին ուղղված. եթե ամեն ինչ այնպես է, ինչ գրված է, ինչու է Աշոտ Վարդանյանը 20 տարի գյուղապետ մնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter