HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արտոնություններ» բյուջեի հաշվին․ դեղը պետությանը կրկնակի թանկ է վաճառվում

Վերահսկիչ պալատի 2015թ. հաշվետվության մեջ ներկայացված էին առողջապահական ոլորտի մի քանի խախտումներ և չարաշահումներ: Դրանցից 2-ը վերաբերում էին պետական գնումներով  չհիմնավորված բարձր գնով (մոտ 2 անգամ թանկ) դեղերի ձեռքբերմանը:

«Հետք»-ն ուսումնասիրել է այդ 2 դեպքերը և պարզել, որ դրանց միջև կա անմիջական կապ. երկուսն էլ Հայաստան է ներկրում միևնույն ընկերությունը, ավելին՝ այդպիսի գնային քաղաքականությունն իրականացնողը մեր ընթերցողին արդեն հայտնի հնդկական դեղ ներկրող «Արմֆարմ» ընկերությունն է:

Պետությանը 2 անգամ թանկ վաճառվող դեղը

Առողջապահության նախարությունը  պետության կարիքների համար ձեռք է բերում «Դեսմոպրեսին»  0,1մգ/5մլ դեղը։ Այն ունի հակադիուրետիկ ազդեցություն, տրվում է ոչ շաքարային դիաբետ  ունեցողներին։ Դեղն արտադրում է վրացական «ԲիոՖարմ» ԲԸ-ն ։

2014թ․ պետգնումներով ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին»: Դրա մեկ դեղահատը պետությունը գնել է  5789 դրամով՝ կնքելով մոտ 27 մլն դրամի պայմանագիր, այն դեպքում, երբ նշված դեղը Հայաստան է ներմուծվել մոտ 2 անգամ էժան՝ 2720 դրամով՝  ներառյալ ԱԱՀ։

2015թ․ նույն «Դեսմոպրեսին»-ից ԱՆ գնել է 5000 դեղահատ՝  5267 դրամով (ընհանուր՝ 26,3 մլն դրամ), այն դեպքում, երբ դեղը ներմուծվել է 3000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ։  Այսինքն՝ պետությունը դարձյալ  75 %-ով թանկ է  ձեռք բերել:

Այս դեղը դեղատներում այժմ չի վաճառվում. «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցերից և մի քանի այլ մասնավոր դեղատներից մեզ հայտնեցին, որ նմանատիպ դեղ ցանցում չկա կամ վերջին խմաքանակը եղել է մոտ 2-3 ամիս առաջ։ Մեր այն հարցին՝ այլ, համարժեք դեղ ունեն, թե ոչ, աշխատակիցները բացասական պատասխան տվեցին։

«Դեսմոպրեսին» չկար նաև «Արմֆարմ» ընկերությանը պատկանող Աբովյան 23 հասցեում գործող դեղատանը։

«DiaZone MR»-ը պետությանը վաճառվել է 64%-ով բարձր գնով

Վերահսկիչ պալատի 2015թ. հաշվետվության մեջ անդրադարձ է կատարված «Արմֆարմ» ընկերությունից ձեռք բերվող մեկ այլ՝  հնդկական «DiaZone MR» դեղին: Ըստ այդմ՝ «Գլիկլազիդ»  60 մգ (նույն՝ Diazon-MR-ը) դեղը 2015թ․ պետությանը վաճառվել է ներմուծման գնից  64%  բարձր գնով՝ 44.7 դրամով, բայց ներմուծվել է 27.2 դրամով (ներառյալ ԱԱՀ): Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի ձեռք է բերվել 358 500 հատ՝ մոտ 16 մլն ՀՀ դրամով։

Դեռևս  2015թ․ սեպտեմբերին  «Հետք»-ը ներկայացրել էր «Արմֆարմ» ընկերության գնային քաղաքականության՝ «DiaZone MR» դեղի այս դեպքը:

Ավելին, հակառակ կառավարության որոշմանը՝  ԱՆ, ֆրանսիականին զուգահեռ, շարունակում էր գնել  հնդկական դեղը, թեև նախկինից էժան, բայց ֆրանսիականի համեմատ՝ այնումենայնիվ թանկ. մեկ հաբը՝ համապատասխանաբար՝ 42,33 և 44,7 դրամով:

Անպատիժ չարաշահումներ

Մոտ  մեկ տարի առաջ ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը  կոչ էր անում շնորհակալություն հայտնել  բազմաթիվ դժգոհություններ առաջացրած հնդկական դեղի ներկրող «Արմֆարմ» ընկերությանը, որի շնորհիվ ֆրանսիական «Սերվիե» ընկերությունը մի քանի անգամ նվազեցրեց շաքարային դիաբետի իր ՝ «Diabeton» դեղի գինը: «Այս 2 տարիներին այդ ներկրող կազմակերպությունը լուրջ նշանակություն ունեցավ այս գնային մրցավազքում, պետք է նաև գնահատել այս կազմակերպության ջանքը և այս 2 տարվա մատակարարումը, իր գնային առաջարկությունները»,- նշել էր փոխնախարարը:

Հավանաբար, երբ 27,2 դրամով ներկրված դեղը, հակառակ կառավարության որոշմանը, ձեռք է բերվում  44,7 դրամով, այն էլ նույն՝ ֆրանսիականից 2,4 դրամով թանկ, դա կոչվում է «նվազեցրած գին»:

ՎՊ թեև արձանագրում է սա իբրև «Գլիկլազիդ» դեղի՝ անմիջապես արտադրողից գնելու «ձեռքբերում»-ը, սակայն նշում է, որ «դեռևս լուծված չէ «Գլիմեպիրիդ» և «Մետֆորմին» շաքարային դիաբետի դեղերի («Diamar» և  «Diamet», հեղ.)՝ անմիջապես նույն  եղանակով գնման հարցը»:
Նշենք, որ այս 2 հնդկական դեղերը ևս ներկրում է «Արմֆարմ» ընկերությունը:

Գնագոյացման խնդիրները լուծելու համար ՎՊ-ն հետագա համալիր և համափարփակ ուսումնասիրությունների անհրաժեշտություն է տեսնում:

«Հետք»-ը շուրջ մեկուկես տարի ուսումնասիրում ու ներկայացնում է կոնկրետ «Արմֆարմ» ընկերությանն առնչվող փաստեր: Բայց «չգիտես ինչու» այդ ընկերությունը  կարողանում է պետական գնումների մրցույթներում հաղթել, անկախ կառավարության որոշումից՝  պայմանագրեր կնքել և ավելի թանկ գնով դեղեր վաճառել Առողջապահության նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter