HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում քննարկվում է մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հարցը. իսկ օլիգարխ տնտեսվարողնե՞րը

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Հարկերի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագծերը, նշեց, որ ներկայացված փաթեթը պայմանավորված է ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններով: Ըստ այդմ, ներդաշնակության տեսանկյունից միությանը անդամակցող երկրները պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն իրենց՝ քրեական և վարչական օրենսդրությունում:

Վ. Միրումյանը ներկայացրեց հիմնական շեշտադրումները, որոնք առաջ են քաշվել նախագծերի փաթեթով: Առաջարկվում է ապաքրեականացնել մաքսանենգություն հոդվածը, որը սահմանված է գործող ՀՀ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով:

«Դա նշանակում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ապրանքների ներմուծումը, որը ինչ-ինչ պատճառներից ելնելով կատարվել է մաքսային կանոնների խախտմամբ, այսինքն՝ չի հայտարարագրվել, կամ՝ թերի է հայտարարագրվել, մաքսային հսկողությունը շրջանցելով է կատարվել, ոչ հավաստի տեղեկություններ են ներառվել հայտարարագրերում, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց պաշտոնատար անձինք միանգամից ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվեն, այլ մոտեցումը փոխվելու է»,- ասում է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նրա խոսքերով՝ նման տնտեսվարող սուբյեկտներին այդ կանոնների խախտման արդյունքում առաջադրվելու են պակաս հաշվարկված հարկերը և պարտադիր վճարները, հաշվարկվելու են դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով տույժերն ու տուգանքները, որից հետո, եթե տնտեսվարող սուբյեկտները կամ դրանց պաշտոնատար անձինք փոխհատուցեն պետությանը պատճառված վնասը՝ հարցն ամբողջությամբ կավարտվի վարչական վարույթի շրջանակում: Իսկ եթե չհատուցեն վնասը, ապա կկիրառվի ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածը, որը վերաբերում է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն:

«Այլ կերպ ասած՝ տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց լրացուցիչ հնարավորություն է ընձեռվում մինչև քրեական պատասխանատվության ենթարկվելը, պետությանը պատճառած վնասը հատուցելու եղանակով խուսափել քրեական պատասխանատվությունից, շարունակել իրենց տնտեսական գործունեությունը  և հարցն ավարտել վարչական վարույթի շրջանակում»,- նշեց Վ. Միրումյանը:

Ըստ նրա՝ ասվածը չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, հոգեներգործուն միջոցները, ռադիոակտիվ նյութերը, զենք-զինամթերքը, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար սահմանված առավելագույն չափը գերազանցող չափով ներմուծումները:

Վ. Միրումյանն ասաց, որ մաքսանենգության ծավալները Հայաստանում մեծ չեն, եթե մեծ լինեին, հանդես չէին գա հոդվածը ապաքրեականացնելու առաջարկով: Այսօրվա դրությամբ մաքսանենգության հոդվածով հարուցված է 185 քրեական գործ՝ 460 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Հաջորդ առաջարկությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի ևս մեկ հոդվածի ապաքրեականացմանը, որը վերաբերում է արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին (հոդված 345), եթե դա չի կատարվել խոշոր չափերով:

«Մենք առաջարկում ենք վերանայել այս մոտեցումը, երբ արգելանքի տակ դրված գույքի ապօրինի օգտագործումը տեղի չի ունենում խոշոր չափերով, իսկ որպես այդպիսին սահմանված է մինչև 500,000 դրամ արժեքով գույքը, ապա նման դեպքերում սահմանափակվել միայն վարչական պատասխանատվությամբ՝ նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով և չկիրառել քրեական պատասխանատվություն»,-ասում է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Առանց մաքսային ապահովման միջոցների

Ինչ վերաբերում է փաթեթի շրջանակում ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, ապա ներքին սպառման համար նորմուծման ռեժիմից տարբերվող ռեժիմով ներմուծման համար այլևս մաքսային ապահովման միջոցներ չեն պահանջվելու: Վ. Միրումյանի խոսքերով՝ գործող կարգավորումներն այնպիսին են, որ, օրինակ՝ եթե վերամշակման նպատակով ՀՀ ներմուծվում են ապրանքներ, ապա անհրաժեշտ է մաքսային ապահովում այն ապրանքների նկատմամբ հաշվարկված մաքսային վճարների չափով, որը հավասար պայմաններով կհարկվեր, եթե դրանք սովորական ներմուծում եղանակով ներմուծվեին:

Հիմնական զեկուցողը նշեց, որ թեթևացում են նախատեսում նաև լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտում: Լիազորված տնտեսական օպերատորներն այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք բարեխիղճ ներմուծող և արտահանողներ են, ունեն արտաքին տնտեսական գործունեության որոշակի պատմություն: Նման կարգավիճակ ունեցող տնտեսվարողներին թույլատրվելու է պարզեցված ընթացակարգով անցնել մաքսազերծման գործընթացը:

Տուգանքի չափերը՝ տնտեսական մոնոպոլիստների համար օրվա արևածաղիկ «չրթելու» փող է

ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով կառավարության ներկայացուցչին, ասաց, որ եթե մենք ունենային այնպիսի տնտեսություն, որը պակաս ստվերային ու մոնոպոլացված լիներ, միանգամայն ողջունելի կլիներ ներկայացված նախագիծը:

«Այո, շատ լավ է, որ մեկ հեռախոս ներմուծողին, բերողին, որը ձևակերպումներում որոշակի անճշտություններ է թույլ տվել՝ ապաքրեականացվի, դա հասկանալի է: Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ունենք մոնոպոլացված տնտեսություն և բոլոր մոնոպոլիստներին, նաև այստեղ նստած տնտեսական մոնոպոլիստներին, անգիր գիտենք: Մամուլում էլ քանիցս հրապարակումներ եղել են, որ օրինակ՝ շաքարը ձևակերպվում է մաքսային անցման կետում ոչ թե շաքար, այլ՝ շաքարի նյութ, կամ շաքար արտադրելու բաղադրանյութ և այլն»,- ասաց Ն. Զոհրաբյանը մտավախություն հայտնելով, որ այս փաթեթի ընդունման դեպքում խոշոր մոնոպոլիստներին հերթական անգամ կտրվի հնարավորություն տուգանքներով ազատվել և շարունակել իրենց հակապետական և ապօրինի գործունեությունը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջարկվող տուգանքի չափերը խոշոր մոնոպոլիստների «օրվա արևածաղիկ չրթելու փողն է», ինչը վճարելը առանձնապես դժվարություն չի ներկայացնում:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ նշված ռիսկերը հաշվի են առել, իսկ վարչական պատասխանատվությունն այնպիսի շեմի վրա է դրված՝ մաքսային արժեքի մինչև 100%, որպեսզի տնտեսապես ձեռնտու չլինի նման քայլի գնալը:

Դրան ի պատասխան Նաիրա  Զոհրաբյանն ասաց, որ հարկերից չարամտորեն խուսափողներին անգիր գիտենք, և չգիտես ինչու նրանք շարունակում են հարկերից չարամտորեն խուսափել: Պատգամավորը նշեց, որ, օրինակ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտումներ է անում, մինչդեռ մենաշնորհ ունեցող տնտեսվարողները շատ երջանիկ, իսկ նրանց ներկայացուցիչները ինքնագոհ ժպիտներով դուրս են գալիս հանձնաժողովի նիստից: Իսկ տուգանքի չափը իրենց համար խիստ սինվոլիկ է և օրվա եկամուտի 1 րոպեի չափաբաժնին անգամ անհամարժեք: Դրանք վճարում են և շատ գոհ ու երջանիկ են լինում, որ վճարելով ազատվեցին պատասխանատվությունից, ինչից հետո շարունակում են իրենց գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter