HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երկու տարվա ընդմիջումից հետո օդում հայկական գույներով ինքնաթիռներ կտեսնենք

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երկար փորձերից հետո հայկական երկինք բարձրանալու հավաստագիր է ստացել: Սա նշանակում է, որ 2014-ի հոկտեմբերից հետո, երբ «Էյր Արմենիան» ոչ առանց արտաքին միջամտության դուրս մղվեց հայկական շուկայից, մեր ավիացիան ի վերջո փոխադրող կունենա, այսինքն՝ օդում կրկին հայկական գույներով ինքնաթիռներ կտեսնենք: 

Մայիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած նիստի ժամանակ կանոնավոր օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդը դրական եզրակացություն է տվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին հավաստագիր տրամադրելու վերաբերյալ: Շատ չանցած՝ մայիսի 16-ին, նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ընկերությանը տրվել է կանոնավոր օդային փոխադրումների իրականացման հավաստագիր: Ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ կատարել 6 ուղղություններով՝ օգտագործելով «Boeing 737-500» տիպի օդանավեր:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն, գյումրեցի նախկին ռազմական օդաչու Գառնիկ Պապիկյանը դիմել էր ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանը: Նախկինում փոխադրումների իրականացման թույլտվությունը տալիս էր հենց այս վարչությունը: Պապիկյանը 36 կանոնավոր եւ 20 ոչ կանոնավոր (չարտեր) ուղղությունների ցանկ էր ներկայացրել, որոնք պիտի իրականացվեին «Զվարթնոցից», ինչպես նաեւ 4 կանոնավոր ուղղություն «Շիրակից»: Նախատեսված էր թռիչքները սկսել 2015-ի գարնանը, սակայն վարչությունից հայտնել էին, որ փաստաթղթերը թերի են:

Ապրիլին ուժի մեջ էր մտել թույլտվությունների տրամադրման նոր կարգը, ըստ որի՝ գործընթացում ներգրավվել էր էկոնոմիկայի նախարարությունը: Դրա համաձայն՝ հայտատուն պիտի բոլոր փատաթղթերը ներկայացներ ԷՆ, այնտեղից էլ ստանար պատասխան: Իսկ այդ ընթացքում դիմումն ու կից փաստաթղթերն անցնում էին ՔԱԳՎ-ի ստորաբաժանումներով, հայտերի քննարկման խորհրդով, որոնք տալիս էին եզրակացություններ, եւ հայտը վերջնարդյունքում հաստատվում կամ մերժվում էր ՔԱԳՎ պետի կողմից: Արդյունքի մասին էլ դիմողն իմանում էր նախարարությունից: Նոր կարգով՝ հայտատուն յուրաքանչյուր օդուղու շահագործման համար պիտի ներկայացներ 100.000 եվրոյի բանկային երաշխիք, ինչին կտրականապես դեմ էր Գ. Պապիկյանը: Այդուհանդերձ, 2015-ի հուլիսին «Տարոն-Ավիան» կրկին դիմել էր թույլտվության համար: ԷՆ-ից եւս հայտնել էին, որ փաստաթղթերը թերի են ու լրացման կարիք ունեն:

Սրանից հետո տեղի ունեցավ հերթական փոփոխությունը: «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո մեծածավալ փոփոխությունների ենթարկվեց «Ավիացիայի մասին» օրենքը, որի նոր դրույթները ուժ ստացան օգոստոսի 1-ին: Փոփոխվեցին նաեւ գործող կարգերը: Կանոնավոր թռիչքների համար, 2015-ի սեպտեմբերի 25-ին ուժի մեջ մտած եւ այժմ գործող կարգի համաձայն, որն ընդունվել է կառավարության կողմից, կանոնավոր օդային փոխադրումների հավաստագիր տալիս է ԷՆ-ն: Հայտատուն դիմում է այս մարմնին, որը հայտը հանձնում է վերոնշյալ խորհրդին՝ քննարկելու համար, խորհուրդը տալիս է խորհրդակցական բնույթի եզրակացություն, ինչի հիման վրա էլ ԷՆ-ն, ավելի կոնկրետ՝ նախարարը հրաման է արձակում տվյալ ընկերությանը հավաստագիր տալու եւ ներկայացված ուղղություններով ավիափոխադրող նշանակելու մասին: Նոր կարգով հանվել է 100.000 եվրոյի երաշխիքի պայմանը, սակայն գործադիրը փոխարենը ներառել է ֆինանսական մի շարք հիմնավորումներ, որը պարտավոր է ներկայացնել հայտատուն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսի 15-ին տեղի ունեցավ հայտնի միջադեպը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ «Էյր Արմենիայի» տերերից Արսեն Ավետիսյանի միջեւ, ինչից հետո վերջինս հայտնվեց  հիվանդանոցում: Մամուլը գրեց, որ պատմության հիմքում «Էյր Արմենիայի» պարտքն է Պապիկյանի «Ala International» ընկերությանը (գրանցված է արաբական Շարժայում)՝ վարձակալած օդանավի համար: Նոյեմբերի 4-ին էլ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկվեց «Ան-12» օդանավը (զոհվեց 41 հոգի), որի սեփականատերը նույն «Ala International»-ն էր: Ճիշտ է՝ «Տարոն-Ավիան» նշված դեպքերում կապ չուներ, սակայն Գառնիկ Պապիկյանի անունը ոչ դրական լույսի ներքո շոշափվեց բազմիցս:          

Վերադառնալով «Տարոն-Ավիային»՝ ասենք, որ մի քանի անգամ հայկական երկինք բարձրանալու փորձերից հետո ընկերությանը տերը իր 3 «Boeing 737-500»-ներից մեկը՝ EK-73775-ը, 2015-ի օգոստոսին վարձակալությամբ տվեց սուդանական «Badr Airlines»-ին: Շուտով նույն ճանապարհն անցավ EK-73772-ը: Այս երկուսի սեփականատերն էլ «Ala International»-ն է, իսկ «Տարոն-Ավիան» շահագործողն է՝ օպերատորը: Աֆրիկական մեկ այլ երկրում՝ Կոնգոյում, շահագործվում էր երրորդ ինքնաթիռը՝ EK-73797-ը: Հայկական օդանավերի աֆրիկյան արկածների մասին գրել ենք: Ներկայում առաջին երկուսը դեռ թռչում են «սեւ մայրցամաքում»՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումը կապելով Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի հետ: Շեշտենք, որ օդանավերում հայկական անձնակազմեր են աշխատում, ինչն էական նշանակություն ունի ներկայում մեր ավիացիայում, որի կադրերից շատերն այլեւս Հայաստանում չեն:

Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ «Տարոն-Ավիան» այս պահին միակ հայկական ընկերությունն է, որ մարդատար օդանավեր է շահագործում: Բնականաբար, սա մեր ավիացիայի լավ օրի մասին չի խոսում: Օդանավեր թռցնող մյուս ընկերությունները բեռնափոխադրողներ են, որ աշխատում են արտերկրում, իսկ ՀՀ-ում կանանավոր փոխադրումների հավաստագիր ստացած մյուս ընկերությունը «Ավիակոմպանիա Արմենիան» ՍՊԸ-ն է, որը դեռեւս բավարարվում է «Georgian Airways»-ի հետ համատեղ (codeshare) թռիչքների իրականացմամբ, չնայած ապրիլի 11-ին նախարար Ա. Մինասյանի հրամանով նշանակվել է 17 միջազգային կանոնավոր ուղղություններով ավիափոխադրող:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter