HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 տարի ծառայող Կարենը երազում էր սերժանտի կոչում ստանալու մասին

Գայանե Սարգսյան 

«Մամ, արի գնանք մեր տուն, որ պապան գա»,- ամեն առավոտ հենց այս խոսքերով է դիմում մայրիկին Ազնվաձորում՝ պապիկի տանը ժամանակավորապես բնակվող 3-ամյա Անին՝ ապրիլի 6-ին Քարվաճառում զոհված Կարեն Դավթյանի դուստրը: Եղբայրը՝ 1 տարեկան Արգիշտին դեռ լավ չի խոսում, փոխարենը տասնյակ նկարների մեջ արագ գտնում է հայրիկին ու անվերջ համբուրում:

«Ախպորս ընկերն էր, միասին էին ծառայում: Մի օր եկել էր մեր տուն ու հավանել, բայց մտածել էր, որ ես իրեն չեմ ընտրի: Ինձնից 10 տարով մեծ էր: Ասում էր՝ քեզ երեխու պես եմ պահելու: Ու էդպես էլ կար: Ասում էր՝ ես երեք երեխա ունեմ՝ մի տղա, երկու աղջիկ: Չկար մի բան, որ ես ուզեի, ինքը չաներ»,- չի կարողանում հուզմունքը զսպել Մարինեն:

Ամուսնական կյանքի երջանկության 4 տարիները վերապրող 25-ամյա Մարինեն հարցերի չի սպասում: Կուտակվածը, չասվածը ասելու անզուսպ ցանկությամբ նա պատմում է սիրելիի մասին՝ բաց չթողնելով նույնիսկ առօրեական մանրուքներն ու փոքրիկ դիպվածները:

«Որտեղ աշխատել է, շատ նվիրված է եղել իր գործին: Ծառայությունից ազատ օրերին հացի փռում էր աշխատում: Ես գիտեի, որ իրեն հարգում են, բայց իր մահից հետո ավելին իմացա իր մասին: Շատ ինքնամփոփ էր, շատ…,- բառերը չեն հերիքում ու Մարինեն չհերիքող բառերը տեղավորում է մի մտքի մեջ,-մի ուրիշ էր ինքը»:

Շարքային Կարենը պարզվում է՝ ծառայության 14 տարիների ընթացքում երազել է սերժանտ դառնալու մասին:

«Շատ էր ուզում սերժանտ դառնալ: Շատ էր մտածում այդ մասին: Անընդհատ սպասում էր,  որ ուր որ է կբարձրացնեն պաշտոնը, սերժանտ կտան: Այդպես էլ չտվեցին»,- ասում է կինը:

Ամեն անգամ ծառայության մեկնելիս Կարենն այնպիսի ոգևորությամբ էր գնում, որ ընտանիքի անդամները զարմանում էին:  

«Այս անգամ էլ ոգևորված գնաց, ասեց՝ Մար ջան, էս անգամ էլ գնամ գամ, սաղ լավ ա էղնելու: Իրա սիրած բառն էր՝ սաղ լավ ա էղնելու, բայց սաղ վատ գնաց…»:

Դեպքի օրը հերթափոխող պայմանագրայինների խմբին Կարենն առաջարկել է վերադառնալ ավելի անվտանգ ճանապարհով: Ընկերները, սակայն, ընտրել են այլ ճանապարհ:

«Մի քանի անգամ փորձանքից պրծել էր: Այդ օրն էլ ասել էր՝ տղերք, ոնց որ ձյունը ճռճռում ա, եկեք մյուս ճամփով գնանք, բայց ընկերները չեն համաձայնվել: Ստիպված ինքն էլ է այդ ճանապարհով գնացել ու փորձանքն եկել ա,- ընկերների պատմածն է փոխանցում Մարինեն:

Օրեր առաջ նույն վտանգավոր ճանապարհով գնալ ցանկացող տղաներից մեկին Կարենը նախատել էր. «Առաջ ամուսնացած չէիր, իսկ հիմա արդեն ընտանիք ունես, որ քեզ մի բան լինի, ես կնոջդ ի՞նչ պատասխան եմ տալու»:

«Հիմա այդ ընկերը եկել ու  ինձ է ասում՝ բա ես քեզ ի՞նչ պատասխան տամ,- ասում է Մարինեն ու ավելացնում,- բայց ես ոչ ոքից պատասխան չեմ սպասում, իհարկե»:

Նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին Կարենն անընդհատ հանգստացրել է՝ վտանգավոր ոչինչ չկա:

«Միշտ ասում էր՝ Մար, չմտածես, աստված իմ կողմն ա: Որ ասում էի՝ Կար, ձեր մոտ էլ ե՞ն կրակում, կատակի էր տալիս, թե՝ ո՞վ ա գժվել էս ձնին բարձրանա էստեղ»: 

Դեպքին հաջորդող օրերին Մարինեին հոգատարությամբ են պարուրել ոչ միայն հայրական տանը՝ Ազնվաձորում, այլև ծանոթ-անծանոթները: Համացանցում նույնիսկ դրամահավաք են սկսել Մարինեին ու երկու փոքրիկներին բնակարանով ապահովելու համար: Ցուցաբերված ուշադրությունից երիտասարդ կինը հուզված ու զգացված է: Ասում է. «Կարենը երազում էր սեփական բնակարան ունենալու մասին: Հիմա բնակարանը կունենանք, բայց տան պատերն առանց Կարենի սառը կլինեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter