HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես ամաչում եմ, պետությունն ինձ նպաստ է տալիս, որ ընտանիքս պահեմ»

Գրիշա Բալասանյան

Կիսաժանգոտած վագոն-տնակից քիչ հեռու՝ ծառերի տակ, կեսօրին ճաշում էին Հովհաննիսյանների ընտանիքի անդամները: Անծանոթ հյուրերի գալուն պես տան տիկինը արագ հեռացավ տարածքից՝ հյուրերի հետ թողնելով ամուսնուն և երկու դպրոցահասակ տղաներին: Նա զրույցին հետևում էր վագոն-տնակի պատուհաններից:

Հովհաննիսյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Համայնքապետարանում որպես անապահով նշեցին նաև նրանց անունը, սակայն ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը, լսելով, որ իր անունը հայտնվել է անապահովների ցուցակում, փոքր-ինչ նեղսրտեց: Նա չցանկացավ, որ իր ընտանիքի մասին նյութ հրապարակվի հենց այն համատեքստում: Մի քանի րոպե զրույցից հետո Հովհաննեսը հանդես եկավ առաջարկությամբ և համաձայնեց զրուցել միայն այդ թեմայի շուրջ:

Հովհաննեսի խոսքով՝ եթե մարդն ի վիճակի է աշխատել, ցանկացած իրեն հարգող հայ տղամարդ իրեն լավ չի զգա, որ ընտանիքը պահելու համար ուրիշները գումար տան:

«Ես ամաչում եմ, պետությունն ինձ նպաստ է տալիս, որ ընտանիքս պահեմ: Առողջ եմ, կարող եմ աշխատել: Իրեն հարգող տղամարդը կամաչի, որ ուրիշի տված փողով երեխեքին պահի: Այս դեպքում՝ պետությունն էլ է ուրիշ: Պետությունը թող ինձ նպաստ չտա, թող պայմաններ ստեղծի աշխատեմ, ընտանիքս պահեմ: Ես վատ եմ զգում, որ սայլակին նստած մարդուն էլ են նպաստ տալիս, որ չի կարողանում աշխատել, ինձ էլ: Ճիշտ է, նպաստի կարիք այսօր ունենք, բայց ես կարող եմ աշխատել՝ ի տարբերություն սայլակի վրա նստողի, ով գուցե չի կարողանում աշխատել: Ինձ համար թող պայմաններ ստեղծեն, ես աշխատեմ, իսկ իմ բաժին նպաստը թող ավելացնեն  նրա նպաստին, որ կարողանա մի քիչ ծայրը ծայրին հասցնել: Այսօր ինձ էլ են քիչ նպաստ տալիս, սայլակի վրա նստած չաշխատող մարդուն էլ: Երկուսս էլ շարունակում ենք աղքատ մնալ, ոովհետև ես աշխատունակ եմ, բայց հնարավորություններ չունեմ, իսկ այդ մարդն ի վիճակի չէ աշխատել և այդ քիչ նպաստի հույսին է: Սա ճիշտ չէ»,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելում, որ հասկանում է՝ պետությունը հարուստ չէ և ամսական 150.000 դրամ նպաստի ակնկալիք չունի, սակայն տված քիչ գումարն էլ պետք է նպատակին ծառայի:

Երիտասարդ ընտանիքը ո՛չ սեփական տուն ունի, ո՛չ հողամաս: Հովհաննեսն ամուսնացել է հայրական տանը, հետո, երբ ընտանիքը մեծացել է, առանձնացել է հոր տնից և հիմա ապրում է քրոջ վագոն-տնակում: Մշակում են տնակի դիմացի 1000քմ հողակտորը: Հիմնականում բանջարեղենի մշակությամբ են զբաղվում:

Բակում մի քանի հատ պոլիէթիլենային տոպրակներով ծածկած ջերմոցներ կային, որտեղ վարունգ ու լոլիկ էին մշակում: Հովհաննեսն ասում է, որ իր ունեցածը ջերմոցային տնտեսություն չէ, ընդամենը շարժական փակ տարածք է: Երկաթից շշերը խփել է հողի մեջ, պոլիէթիլենով ծածկել ու բույս է աճեցնում: Քանի որ այն ամուր շինություն չէ, վերջին օրերի քամին պատռել էր էթիլենը:

Հովհաննեսն առաջարկեց կառավարությանը վերանայել նպաստների տրման համակարգը՝ հատկապես գյուղաբնակների դեպքում: Նրա ասելով՝ ամսական ստանում են 28.000 դրամ նպաստ, մինչդեռ, եթե իր մշակած հողամասի չափով նորմալ ջերմոցային տնտեսություն ունենար ու ընդամենը մեկ անգամ վարունգ հավաքեր, միանգամից ստանալու էր պետության տված 10 ամսվա նպաստի գումարը

«Արդեն պարզից էլ պարզ է, որ երեք ամիս աշխատեմ, մեկ ամիս վաճառք ունենամ, մի քանի անգամ պետության տված գումարից ավել փող կստանամ: Հաստատ չեմ նեղվի: Իսկ այսօր նպաստի գումարով կարողանում եմ միայն էլեկտրաէներգիայի վճարը տամ և մեկ պարկ ալյուր գնեմ»,-նշում է նա:

Հովհաննեսի հաշվարկներով՝ 1000 քմ ջերմոցային տնտեսություն հիմնելու համար անհրաժեշտ է մոտ 2,5-3 միլիոն դրամ: Առաջարկում է իրենց նման ընտանիքներին նպաստ չտալ, այլ ներդրում անել, տնտեսություն հիմնել, որպեսզի ընտանիքները դուրս գան սոցիալական վատ վիճակից:

Նա նույնիսկ կանխիկ գումար չի ուզում, որ հետո պատկան մարմինները մտածեն, թե այդ գումարը նպատակին չի ծառայելու: Ասում է՝ իր հողամասում թող ջերմոցային տնտեսություն հիմնեն և հանձնեն իրենց:

«Ես պետությանը հասկանում եմ, իրոք, կան նման մարդիկ, որ կուտեն գումարը, բայց ոչ մի ներդրում չեն անի: Ես այդ մարդկանցից չեմ, բայց չեմ ասում՝ ինձ գումար տվեք, ասում եմ՝ ինձ ջերմոց տվեք, ես կաշխատեմ, իմ ընտանիքին դուրս կբերեմ այս վիճակից: Պետությունը կարող է տեսնել, թե ով է կարողանում աշխատել և ով ի վիճակի չէ: Երկուսն էլ կարող են անապահով լինել, բայց տարբերություն կա՝ մեկը կարող է աշխատել դուրս գալ այդ վիճակից, մյուսը՝ ոչ: Եթե այսօր նպաստի 28.000 դրամը չհերիքեց, պետք է գնամ խանութ պարտքով ապրանք վերցնեմ, որովհետև գումարը քիչ է, երեխես սոված չպիտի մնա: Հաջորդ ամիս ստացածս նպաստով պարտք եմ փակում ու էլի պարտք եմ վերցնում, ընկնում ավելի վատ վիճակի մեջ: Հետո հողիս եկամուտն եմ պարտք տալիս ու էլի դատարկ նստում եմ: Բայց պետությունը կարող է իմ նման մարդկանց դուրս հանել այս վիճակից: Որոշում ընդունողը ես չեմ, չեմ կարող գնալ նախարարություն ասել՝ օրենքը սխալ է, փոխեք: Իրենք պետք է  անեն»,-ասում է Հովհաննեսը:

Նրա ասելով՝ կողքից հեշտ է ասելը, որ գյուղում ապրողը կարող է իր գլխի ճարը տեսնել՝ հող մշակել, անասուն պահել ու ապրել: Նա բերում է մեկ օրինակ: Ասում է, որ եթե ընտանիքը սոցիալապես անապահով է, նույնիսկ մեկ կով չի կարող պահել: Հովհաննեսը նշում է, որ մեկ կովն արժե 1000 դոլար, ինչը շատ ընտանիքների համար անհասանելի գումար է: Ինքը, ապրելով գյուղում, չի կարող կով պահել, թեև իր երեխաները կաթնամթերքի պահանջ ունեն: Բայց կաթ գնելու հնարավորություն էլ չունի, որովհետև պետության չափորոշիչներով ինքն աղքատ նպաստառու է: Ամսական 28,000 դրամ նպաստ ստացողը չի կարող լիտրը 300 դրամով կաթ գնել:

«Ստացվում է, որ ես գյուղում եմ ապրում, բայց վատ վիճակում: Ես էլ եմ այս երկրի քաղաքացի, վտանգներ կան, ամեն ինչ հնարավոր է: Այնպես չի, որ ես միայն մեր հայոց բանակի ռեզերվ գնացած զինվոր եմ: Կարող է պահ լինի, որ պետությունն ինձ ասի՝ դու պետք ես: Բայց ես ուզում եմ, որ այսօր պետությունն էլ ինձ պետք լինի: Այսօր էլ եթե ասեն դու պետք ես, ես կգնամ: Բայց գնացողները թողնում են տուն, երեխա, ընտանիք, պետությունն էլ պետք է այդ մարդկանց օգնի: Ճիշտ հասկացեք, պետք չի, որ պետությունն ինձ անընդհատ օգնի, որ ես կարողանամ ապրել: Ես իմ վրա վստահ եմ, որ հնարավորություն ստեղծելու դեպքում իմ ընտանիքին, երեխեքիս կպահեմ, մի երկու տարի հետո երեխուս բարձրագույն կրթության էլ կտամ, որ նա էլ հասարակությանը պիտանի մարդ դառնա: Ինձ ընդամենը պետք է ձեռք մեկնեն, ես ամեն ինչ կանեմ»,-ասում է Հովհաննեսը:

Նա ընտանիքը վատ վիճակից դուրս բերելու համար երկու տարով նույնիսկ Ռուսաստան է մեկնել, սակայն հետ է եկել, քանի որ չի կարողացել գումար ուղարկել տուն: Նա գերադասել է գալ ընտանիքի «գլխին լինել», քան այնտեղ լավ սնվել, ապրել և մոռանալ ընտանիքի հոգսերի մասին:

Մինչ հայրը զրուցում էր, երկու տղաները լուռ և ուշադիր լսում էին նրան:

Հովհաննեսի ավագ որդին՝ Օնիկ Հովհաննիսյանը, 15 տարեկան է: Տղան փոխադրվեց 9-րդ դասարան, բայց արդեն մտածում է բարձրագույն կրթություն ստանալու մասին: Գիտի, որ այս պահին ընտանիքն ի վիճակի չէ ուսման վարձ վճարելու, բայց երազանքների մասին բարձրաձայնելուց չի խուսափում:

Օնիկը ցանկանում է դերասան դառնալ և աշխատել միայն թատրոնում: «Հեռուստատեսային դերասանը կարող է սխալ թույլ տալ և իր սխալը հեշտ է ուղղելը, իսկ թատրոնում հնարավոր չէ: Հանդիսատեսն անմիջապես տեսնում է այն, ինչ որ կա»,-ասում է 15-ամյա Օնիկը:

Փոքր տղայի հետաքրքրությունները բոլորովին այլ են: 12-ամյա Նարեկն ուզում է սպորտով զբաղվել, սակայն այստեղ էլ բախվում է ընտանիքի սոցիալական վիճակին:  Գյուղում սպորտային խմբակ չկա, իսկ Էջմիածին գնալ-գալու համար ամեն անգամ 500 դրամ ճանապարհածախս է պետք:

Նարեկը սպորտ է սիրում, որովհետև մարզիկը սեփական ուժով, պայքարով է միայն առաջ գնում, թեև գիտի, որ շատերը մեծ գումար ստանալու դիմաց նույնիսկ պարտվում են:

Սիրում է հատկապես բռնցքամարտ, գիմնաստիկա: Ասում է, որ հիասթափվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամից, քանի որ նա կարող էր հաղթել, բայց չցանկացավ հաղթել, չպայքարեց: Իսկ ինքը չպայքարող մարդկանց չի սիրում:

«Եթե հնարավորություն ունենամ, անպայման կգնամ սպորտի: Հիմա պապայի հետ տանը բռնցքամարտ եմ պարապում, ինքը փոքր ժամանակ պարապել է ու ինձ սովորեցնում է»,-ժպտալով ասում է Նարեկը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter