HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ամենաօրինազանց պաշտոնյան Բնապահպանության նախարարն է

2001թ.-ի օգոստոսից Հետաքննող լրագրողների ընկերակցությունը յուրաքանչյուր ամիս հրապարակում է մի «Սեւ ցուցակ», որտեղ հայտնվում են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պետական պաշտոնյաները, հասարակական գործիչները, պետական եւ մասնավոր ձեռնարկությունների ղեկավարները եւ այլն: Նրանց թույլ տված խախտումներն արձանագրում է ընկերակցության կազմում 2001թ. հուլիսին ստեղծված Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Կենտրոնի նպատակը իրավական եւ հասարակական մեխանիզմների միջոցով մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունն է: Անցած երկու տարվա ընթացքում այդ ցուցակում արդեն հայտնվել է հասարակությանը ծանոթ 70 անուն: Այդ պաշտոնյաներն ամենից շատ մերժել են լրագրողներին, ովքեր տեղեկություններ են փնտրում հետաքննություններ անելիս:

Ցուցակում է հայտնվել նաեւ Հանրապետության առաջին դեմքը` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նա միայնակ չէ, ցուցակում նրան ընկերակցում են Նախագահին կից Մարդու իրավունքների եւ քաղաքացիության հարցերի հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ` Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Քաղաքացիների դիմումները անպատասխան թողնելու գործում ամենից ակտիվ է գործադիր իշխանությունը, ընդ որում` որոշ նախարարություններ ցուցակի մշտական «այցելուներն» են: Այսպես, քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար «Սեւ ցուցակ»-ում են ընդգրկվել ՀՀ վարչապետը (4 անգամ), Բնապահպանության նախարարը (6 անգամ), Ներքին գործերի նախարարը (3 անգամ), Արտաքին գործերի նախարարը (2 անգամ), Առողջապահության նախարարը (2 անգամ), Էներգետիկայի նախարարը (3 անգամ), Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը (3 անգամ), Կրթության եւ գիտության նախարարը (2 անգամ), Պետական եկամուտների նախարարը (2 անգամ): Մեկական անգամ «սեւացել են» Տարածքային կառավարման, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի, Սոցիալական ապահովության, Արդարադատության, Տրանսպորտի եւ կապի նախարարները: Գործադիր իշխանության շարքը «Սեւ ցուցակում» ավարտում են ՀՀ կառավարությանն առընթեր զանազան գերատեսչություններ ու հանձնաժողովներ, ինչպես կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը եւ այլն: Նշենք, որ այս մարմիններից պետական կամ այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չեն պահանջվել: Բնապահպանության նախարարությանն, օրինակ, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը շուրջ մեկ տարի խնդրում էր տրամադրել Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանի (Էյ-Սի-Փի ՓԲԸ) էկոփորձաքննության փաստաթղթերը, ինչը մինչ օրս նախարարությունը չի արել: Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիների դիմումներին պատասխանում է օրենքով սահմանված ժամկետների խախտումով: Իսկ արտաքին գործերի նախարարությունն, օրինակ, հարկ չէր համարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել քաղաքացիների դիմումների վերաբերյալ իր եռամսյակային հաշվետվությունը:

Տեղեկության տրամադրումը քաղաքացիներին ամենից քիչ մերժել են օրենսդիր իշխանության մարմինները, կամ էլ քաղաքացիները նրանց հազվադեպ են դիմում: «Սեւ ցուցակ»-ում հայտնվել է միայն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը:

Գործադիր իշխանությանը «Սեւ ցուցակ»-ում զիջում է դատական իշխանությունը: Այս խմբում են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մ. Կատվալյանը, ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը (4 անգամ), Երեւանի դատախազը (2 անգամ), Էրեբունի եւ Նուբարաշեն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազները:

Ցանկը շարունակում են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր պաշտոնյաներ: Առաջին տեղում Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է, ապա` Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի եւ Արարատի մարզպետները: Տեղական ինքնակառավարման մարմինների խումբը գլխավորում է Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը (4 անգամ), ապա հետեւում են Աջափնյակի եւ Նորք Մարաշ համայնքների թաղապետերը (2-ական անգամ): Շարքը եզրափակում են Շենգավիթ, Դավթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները: Համայնքների ղեկավարներից ոմանք, օրինակ, Հետաքննող լրագրողների ընկերակցությանը չեն տրամադրել իրենց համայնքներում հայտնաբերված թափառաշրջիկ եւ մուրացկան երեխաների մասին տեղեկատվությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «աչքից չեն վրիպել» նաեւ կուսակցությունները: Նրանք բոլորը ցուցակում հայտնվել են, որովհետեւ անտեսել էին Հետաքննող լրագրողների ընկերակցության` իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ դիմում-հարցումը: Ցուցակում հայտնվել են թվով 17 կուսակցություն:

Գուցե զարմանալի է, բայց «Սեւ ցուցակ»-ին արժանացել են նաեւ մեր գործընկերները: «Պրոմեթեւս» հ/ը գործադիր տնօրեն Սամվել Մայրապետյանը, «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը եւ «Արմենիա» հ/ը գործադիր տնօրեն Բագրատ Սարգսյանը տարբեր պատճառաբանություններով անարձագանք են թողել Հետաքննող լրագրողների ընկերակցության գրավոր դիմումը` այդպիսով խախտելով լրագրողների տեղեկություն ստանալու սահմանադրական եւ մասնագիտական իրավունքը:

Եվ, վերջապես, ՀՀ քաղաքացիների դիմումներն անպատասխան են թողել 3 միջազգային կազմակերպություն` Լինսի հիմնադրամը, «Հանթսման-Հայաստան» հայ-ամերիկյան միավորումը եւ ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter