HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Չկա հայցապահանջ, բայց կա դատարանի վճիտ

Միջնորդ դատարանը չի կարեւորում դատավարական օրենսգրքի պահանջները

«Ես Միջնորդ դատարանին հողի սեփականության իրավունքի վերաբերյալ հայց չեմ ներկայացրել, դատաքննություն տեղի չի ունեցել, բայց վճիռ է կայացվել, որով իմ սեփական հողամասը բաժանվել է այլոց միջեւ»,- Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնեց երեւանաբնակ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը: Նրա ասելով, վճռի գոյությունն իրեն հայտնի է դարձել 2002թ. մայիսի սկզբին՝ երբ կադաստրի աշխատակիցները բակում չափագրումներ են սկսել՝ իրեն պատկանող հողատարածքը Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին (այսուհետ ՄԻՊՀԿ) առընթեր միջնորդ դատարանի 2002թ. փետրվարի 20-ի վճռի հիման վրա բաժանելով տան մյուս սեփականատերերի միջեւ՝ դուրս թողնելով տկն. Մսրյանին:

Վերջինս հայտնեց, որ 2001թ. մայիսի 13-ին դիմել է ՄԻՊՀԿ-ին՝ խնդրելով պարզաբանել իր սեփականատիրական իրավունքներն ունեցած հողի նկատմամբ, որը դեպքերի բերումով վիճարկելի էր դարձել: Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանի ասելով, գրավոր պատասխանի փոխարեն Կենտրոնից հեռախոսազանգով պահանջել են 35 հազար դրամ վճարել՝ հարցը միջնորդ դատարանի միջոցով լուծելու համար: «Ես առարկեցի, պատճառաբանելով, որ ոչ մի դատական հայց չեմ ներկայացրել, սակայն ստիպված եղա 2001թ. հունիսի 16-ին գումարը վճարել մեր տուն ուղարկված Կենտրոնի աշխատակցին»: Անցնում են ամիսներ, ու դարձյալ պատասխան չստանալով հոկտեմբերի 19-ին Պ. Մսրյանը երկրորդ դիմումն է գրել Կենտրոնին՝ նշելով, որ պահանջված գումարն ինքը վճարել է, սակայն Կենտրոնն ընթացք չի տվել իր դիմումին: Այս նամակին նույնպես չեն պատասխանել:

Վեճ հողի համար

Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը պատմեց, որ հարեւանուհին՝ Սիլվա Պարունովան, որին տարիներ առաջ վաճառել էր տան երկրորդ հարկը, որոշել էր վաճառել իր հարկաբաժինը: Հարեւանուհին՝ տան մյուս սեփականատերերին՝ տկն. Պերճանուշին եւ նրա երկու դուստրերին, առաջարկել է վաճառել ողջ առանձնատունը, ասելով, որ այդպես ավելի շահեկան կլինի: «Մենք համաձայն էինք միայն այն դեպքում, եթե վաճառքը նպաստավոր լիներ: Գնորդ գտնվեց եւ սկսեցին որոշել, թե ում ինչքան գումար պետք է հասնի: Այդ ժամանակ ասացին, որ ինձ ոչինչ չի հասնում, որովհետեւ իմ անունով ոչ մի կառույց չկա: Առանձնատան մյուս սեփականատերերի հետ սկսեցինք վիճարկել հողի սեփականության իմ իրավունքը եւ ես լսելով ՄԻՊՀԿ Կենտրոնի գոյության մասին՝ դիմեցի նրանց իրավական պարզաբանում ստանալու խնդրանքով»:

Հանրապետության վաստակավոր շինարար-ճարտարապետ Պ. Մսրյան-Օքսուզյանը հայտնեց, որ 928 քմ տարածքով՝ Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի թիվ 1 հասցեի հողամասն իրեն հատկացվել է 1946թ. Երեւանի քաղսովետի գործկոմի որոշմամբ՝ անհատական բնակարանային շինարարության համար: Կառուցել է երկհարկանի առանձնատուն, 1973թ. տան երկրորդ հարկը վաճառել է հարեւանին: 1991թ. հողամասը սեփականաշնորհվել է որպես անհատույց սեփականություն առանց վերագրանցման պահանջի: 1995թ.-ին տկն. Պերճանուշը նոտարական պայմանագրով իր հարկաբաժինը կիսել է երկու աղջիկների միջեւ: «Ոչ մի գործարքում հողի օտարում կամ մասնատում չեմ կատարել, ինձ թողել եմ հողի եւ նրա վրա գտնվող չգույքագրված կառույցների սեփականության իրավունքը (որոնք չեն հիշատակված նվիրատվության պայմանագրերում)»,- ասում է տիկին Մսրյանը:

Իրավական օգնության փոխարեն՝ միջնորդ դատարանի վճիռ

Մեր հարցին, թե ինչի հիման վրա է վճիռ կայացվել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը եւ Միջնորդ դատարանի նախագահ Ս. Բեգլարյանը մատնացույց արեցին Պ. Մսրյանի դիմումն ուղղված Կենտրոնին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը գտնում է, որ Պ. Մսրյանի դիմումը կարելի է համարել հայցադիմում եւ քաղաքացուն պատասխանել միջնորդ դատարանի վճռով: Իբրեւ վճռի օրինականության հիմնավորում նրանք ներկայացրին երկու միջնորդ համաձայնագրեր՝ կնքված Պերճանուշ Մսրյանի եւ նույն հասցեի սեփականատերեր Ս. Պարունովայի ու Ա. Օքսուզյանի միջեւ եւ Կենտրոնին վճարված 35 հազար դրամի կտրոնը: Համաձայն «Միջնորդ դատարանի (ՄԴ) մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ հայցվորը պետք է ներկայացնի հայցադիմում, որտեղ պետք է նշված լինեն հայցվորի պահանջները, կողմերի անունը եւ հասցեն, հայցվորի պահանջների հիմքերը հաստատող ապացույցները, հայցագինը, ինչպես նաեւ հայցադիմումին կցված փաստաթղթերի ցանկը, միջնորդ դատարան կազմավորելու առաջարկությունը, հայցվորի նշանակած դատավորի անունը եւ այլն: Այսպիսով, ՄԴ-ի մասին օրենքի 18 հոդվածի բոլոր պահանջները խախտվել են:

«Միջնորդ համաձայնագրերը միանգամայն նորություն են»,-եղավ տիկին Մսրյան-Օքսուզյանի արձագանքը, երբ նրան տեղեկացրի, որ Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանն ինձ ծանոթացրել է Միջնորդ համաձայնագրերին: Ի դեպ. համաձայնագրերի կողմեր հանդես եկած Ս. Պարունովայի ներկայացուցիչն ու Ալինա Օքսուզյանը հայտնեցին, որ միջնորդ համաձայնագիրը ստորագրել են տարբեր ամիսների՝ առաջինը ստորագրել է 2001թ. օգոստոսին, մյուսը՝ 2002թ. փետրվարին: «Երբ Ս. Մարտիրոսյանը ցույց տվեց Պ. Մսրյանի ստորագրությունը համաձայնագրի տակ՝ մենք համաձայնեցինք ստորագրել այն»: Նշենք նաեւ ՄԴ-ի մասին օրենքի հոդված 17-ի պահանջը: «Հայցվորն իր հայցը շարադրում է հայցադիմումի ձեւով եւ ուղարկում է պատասխանողին՝ փոստով, պատվիրված: Հետը պետք է լինի միջնորդ դատարան կազմավորելու առաջարկությունը եւ հայցվորի նշանակած դատավորի անունը»: Իհարկե, օրենքի այս պահանջը նույնպես չի իրականացվել:

Գումարը, որը Կենտրոնի ղեկավարությունը դատական ծախս է համարում՝ վճարված է 2001թ. հունիսի 16-ին, իսկ Միջնորդ համաձայնագիրը գրվել է 2002թ.ի փետրվարի 20-ին, այսինքն, այն օրը, որով թվագրվել է վճիռը: Եթե տիկին Մսրյանը դատական ծախս է վճարել, ուրեմն ինչո՞ւ Միջնորդ համաձայնությունը (ՄՀ) նույն ժամկետում չի կնքվել, այլ՝ 6 ամիս հետո: ՄԴ-ի մասին օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ Միջնորդ համաձայնությունը կողմերի միջեւ գրավոր կնքված համաձայնություն է վեճը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին: Թե ինչպես են առանց կողմերի համաձայնության, այսինքն առանց միջնորդ համաձայնագրի դատաքննություն սկսել, թե ինչպես են վճիռը կայացնելու օրը միջնորդ համաձայնագիր կնքել, երբ նույն համաձայնագրով կողմերը նաեւ դատավոր պետք է ընտրեին, որը պետք է դատաքննությունը նախապատրաստեր՝ ՄԻՊՀԿ-ին առընթեր միջնորդ դատավորները բացատրություն չունեն:

Դատաքննություն՝ առանց հայցվորի ու առանց դատավորի

Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Ս. Մարտիրոսյանը հաստատեց, որ մինչեւ վճիռ կայացնելը՝ այսինքն, 2002թ. փետրվարի 20-ից առաջ, դատական նիստեր եղել են. «Առաջին նիստը ես եմ նախագահել, սակայն հետո Պ. Մսրյան-Օքսուզյանը չհամաձայնեց, Ս. Բեգլարյանը նախագահեց»: «Չհամաձայնեց» ասելով տնօրենը նկատի ունի դատավորին հայտնվող բացարկը, սակայն ՄԴ-ի մասին 14 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատվորին կարող է բացարկ հայտնվել մինչեւ գործի քննությունն սկսելը: «Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը»: Դատաքննությունը նախագահող պրն. Բեգլարյանը նույնպես հայտնեց, որ մի քանի անգամ նիստ է եղել, որին Պ. Մսրյան-Օքսուզյանը մասնակցել է, շեշտեց, որ Պ. Մսրյանը Ս.Մարտիրոսյանին բացարկը հայտնել է բանավոր: «Նրանց դատական նիստի մասին ծանուցվել է պատշաճ կարգով: Մենք 3 նիստի մասին ծանուցել ենք: Պերճանուշ Մսրյանը մասնակցել է իր աղջկա՝ Էլինա Օքսուզյանի ու նրա ամուսնու հետ: Նրանք հարմարվել էին վճռին, ոչինչ չեն խոսել, արձանագրության մեջ ոչինչ չկա»,-ասում է պրն Բեգլարյանը՝ պատշաճ ծանուցման վերաբերյալ ոչ մի փաստարկ չներկայացնելով:

Փաստաթղթերը հիմնավորում են, որ 2001թ. հոկտեմբերի 19-ին, Պ. Մսրյանը երկրորդ դիմումն է գրել Կենտրոնի տնօրենին՝ հիշեցնելով, որ ինքը պատասխանի է սպասում: Դարձյալ դիմումը մնացել է անպատասխան: «Հոկտեմբերի 19-ի դիմումը ստացել եմ, պատրաստվում էի պատասխանել, որ գործի նյութերը չենք կարող հետ ուղարկել, քանի որ միջնորդ համաձայնագիրը կնքված է եւ գործը գտնվում է միջնորդ դատարանի վարույթում, իսկ ես չեմ կարող միջնորդ դատարանի նախագահին պարտադրել գործը հեչ անել»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը՝ դարձյալ մոռանալով, որ միջնորդ համաձայնագիրը, եթե նույնիսկ այն իրականություն է, կնքվել է 2002թ. փետրվարի 20-ին, իսկ դիմումը գրվել է 2001թ. հոկտեմբերի 19-ին:

Այդուհանդերձ, փետրվարի 20-ին վճիռ կայացնելը Պ. Մսրյանն անհնարին է համարում մի քանի պատճառով. նախ՝ իրենք չեն ծանուցվել դատական նիստի մասին: Վճիռը թվագրել են փետրվարի 20-ին, որովհետեւ ինքը մարտի 18-ին դիմել է Ս. Մարտիրոսյանին՝ պահանջելով վերադարձնել գումարը եւ փաստաթղթերը, պատասխան չստանալաով ապրիլի 9-ին պատվիրված նամակ է ուղարկել: Օրենքը նախատեսում է, որ եթե մինչեւ դատավարությունը հայցվորը հրաժարվում է հայցից՝ գործի վարույթը կարճվում է: «Մենք նման դիմում չենք ստացել: Նա դիմել է վճիռը կայացնելուց հետո, ապրիլ ամսին, վճիռը կայացվել է փետրվար ամսին, դիմումը բնականաբար...»,- ասում է Սմբատ Մարտիրոսյանը այդպես էլ չպատասխանելով՝ եթե ճիշտ է, որ Պ. Մսրյանը մասնակցել է դատաքննությանը, ուրեմն ինչո՞ւ Կենտրոնը նրան չի պատասխանել, որ դատաքննությունն արդեն ավարտված է, ի՞նչ փաստաթղթեր ու գումար եք պահանջում:

«2002թ. փետրվարի 20-ին նշված եռյակ դատավորների կազմով դատավարություն տեղի չի ունեցել, դատավոր հանդես եկած Կենտրոնի նախագահ Ս. Մարտիրոսյանը, Ա. Բեգլարյանը եւ Մանուկյանը երբեք միատեղ չեն գտնվել»,- պնդում է Պ. Մսրյանը: Իսկ Կենտրոնի նախկին փոխտնօրեն Գոհար Գալստյանը հավելում է՝ «վճիռը կայացնելու ժամանակ Կենտրոնի նախագահ Ս. Մարտիրոսյանը Թայլանդում է եղել, դատավարությանը չի մասնակցել»: «Այո, ես Թայլանդում եմ եղել, երբ վճիռ է կայացվել, վերադարձել եմ ու ստորագրել»,- պատասխանեց Կենտրոնի գլխավոր տնօրեն Ս. Մարտիրոսյանը:

Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Կենտրոնում վճարովի ծառայություն է

Կենտրոնի նախկին փոխնախագահ Գ. Գալստյանի ասելով, 87-ամյա Մսրյանը Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի հերթական զոհերից մեկն է: «Կենտրոնի իրավաբանական ծառայությունները պետք է անվճար լինեն, բայց քաղաքացիներից գումարներ են գանձում նրանց իրավունքները պաշտպանելու համար: Գումարներ են գանձվել նաեւ իմ անունով, որի մասին չեմ իմացել: Մինչեւ այսօր քաղաքացիներ են փնտրում ինձ՝ իրենց խաբված իրավունքների համար»,- հայտնեց տիկին Գալստյանը:

Չի պահպանվել օրենքի 33 հոդվածի պահանջը, ըստ որի վճռի տեքստը պատշաճ ձեւով ուղարկվում է կողմերին վճիռը կայացնելու օրից 10 օրվա ընթացքում: Վճիռը նրանց հանձնվել է 2002թ. մայիսի 20-ին՝ Պ. Մսրյանի պահանջով: «Փեսան եկել էր տանելու՝ մերժել եմ, քանի որ լիազորված անձ չէր»,- ասում է կենտրոնի նախագահը՝ չանդրադառնալով օրենքի այս պահանջին: Իսկ վճիռ ասվածն իրականում զավեշտալի մի գրություն է, թե ձեւի, թե բովանդակային իմաստով եւ չի համապատասխանում ՄԴ-ի մասին օրենքի 35 հոդվածով վճռի բովանդակությանն առաջադրվող պահանջներին: Երբ չկա հայցապահանջ, բայց կա դատարանի վճիռ: Էլ չենք խոսում դատաքննության ողջամիտ ժամկետի մասին, պարտավոր էին դատաքննությունն սկսել մեկ ամսվա ընթացքում, ոչ թե կես տարի հետո, ինչպես վարվել են Կենտրոնում: Այսքանով հանդերձ, Կենտրոնի ղեկավարությունը գտնում է, որ պահպանել են Միջնորդ դատարանի գործունեության վերաբերյալ օրենքի պահանջները:

 2002թ. օգոստոսի 5-ին Պ. Մսրյան-Օքսուզյանը Կենտրոնի անօրինական գործողությունների մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դիմումով խնդրելով պատասխանատվության ենթարկել «Կենտրոնի» ղեկավարներին՝ առընթեր Միջնորդ դատարանի «օրինազանց գործունեության համար»: Դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանը հայտնել է, որ գործում առկա են կողմերի միջեւ կնքված միջնորդ համաձայնությունը եւ դատական նիստի արձանագրությունը, այսինքն ամենի ինչ հենց այնպես է, ինչպես պետք է լիներ: Դատախազության պատասխանը բողոքարկվել է, երկրորդ գրությամբ հայտնել են, որ իրենք անհատի շահերի պաշտպանությամբ չեն զբաղվում: Նույն դիմումը 2002թ. հուլիսի 26-ին Պ. Մսրյանը ներկայացրել է նաեւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ու մնացել անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter