HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես առողջացնել տնտեսական մրցակցության միջավայրը. մասնագետներից՝ ՏՄՊՊՀ- ին

ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՀՀ ՏՄՊՊՀ) իր գործունեության ընթացքում որևէ կերպ չի միջամտել պետական մարմինների աշխատանքին, մինչդեռ դա օրենքի պահանջ է: Հանձնաժողովը հիմնականում որպես վարչարարության թիրախ ընտրել է փոքր և միջին բիզնեսը՝ կոնկրետ տնտեսական գործունեության ճյուղերում։ Հանձնաժողովի կողմից «փակ» աշխատանքը չի նպաստում այն նպատակներն, որոնք իր առջև դրել է այս կառույցը. սրանք ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ  առկա բաթողումներից միայն երեքն են, որոնց վերաբերյալ հետազոտություն և վերլուծություն է արել «Արնի Քոնսալթ» իրավաբանական գրասենյակը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ։ Հեղինակներն են իրավական ոլորտի մասնագետներ Արտակ Զեյնալյանը, Արա Ղազարյանը, Դավիթ Ասատրյանը, Արամ Օրբելյանը և Ռուստամ Բադասյանը։ Հետազոտության նպատակն է եղել վեր հանել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա օրենսդրական և իրավակիրառական խնդիրները, ինչպես նաև՝ տնտեսական մրցակցության ապահովման գործընթացների ու ՏՄՊՊՀ-ի դերի  արդյունավետության բարձրացման հարցերը։

Մասնագետներն իրենց հետազոտությունն այսօր ներկայացրին «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով կոնֆերանսին։

Ըստ բանախոսների՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ քննություն իրականացնելիս ՏՄՊՊՀ-ն ի սկզբանե գտնվում է դոմինանտ կարգավիճակում և դա պայմանավորված է ոչ թե օրենքների թերությամբ, այլ՝ Հանձնաժողովի կողմից վարչարարության անհրաժեշտ փուլերի, վարչարարության հիմնարար սկզբունքների անտեսմամբ, ինչպես նաև՝ դատական վերահսկողության անարդյունավետությամբ։  «Որպես դրա արտացոլում Հանձանաժողովը դատական ատյաններում շահում է գրեթե բոլոր գործերը։ Տպավորություն է ստեղծվում, որ դատական վարույթներում հանձնաժողովը գտնվում է արտոնյալ կարգավիճակում՝ նաև ի հակառակ այլ պետական մարմինների դեմ ներկայացված գործերով կայացված դատական ակտերում արտահայտած իրավական դիրքորոշումների։ Հաճախ դատարանները միակողմանի են մեկնաբանում վարչարարության հիմունքները, որի արդյունքում երբեմն խեղաթյուրվում են վարչարարության առարկան ու նպատակը, արգելափակվում են անձանց սահմանադրական իրավունքները»,- եզրակացնում են հետազոտության հեղինակները։

Հետազոտողներն առանձին ուշադրություն են դարձրել նաև ՏՄՊՊՀ-ի կողմից կայացված որոշումների 2001-2015թթ. վիճակագրությանը և գործունեության թափանցիկությանը։ «Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնց վերաբերյալ հասանելի է միայն 2001-2013 թթ. որոշումների բաշխվածությունը։     594 որոշումներից 568-ը, այսինքն ծանրակշիռ մեծամասնությունը, Հանձնաժողովը կայացրել է տեղեկատվություն չտրամադրելու կամ սպառողների իրավունքների պաշտպանության իրականացման համար: Բացահայտ է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության նպատակների իրականացումը անհնար է հասնել միայն տեղեկատվություն չտրամադրելու համար պատասխանատվության ենթարկելով և սպառողների իրավունքների պաշտպանությամբ, որն իր հերթին քաղաքացիաիրավական խնդիր է և ավելի քիչ է հակված վարչարարությանը:  Մեր կողմից իրականացվել է տեղեկատվության հարցում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որտեղ խնդրել ենք Հանձնաժողովից տրամադրել Հանձնաժողվի կողմից 2013 թվականից մինչև 2015 թվականը կայացված որոշումները, այնինչ Հանձնաժողովը փաստացի մերժել է հարցումը, նշելով, որ պահանջվող տեղեկատվության որոշ մասը զետեղվում է տարեկան հաշվետվության մեջ:

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նաև չի բացահայտում այն հարցադրումը, թե ինչու՞ է հրապարկվել մինչև 2013 թվականը կայացված որոշումները, այնինչ մնացած ժամանակաշրջանը չի հրապարկվել, արդյո՞ք մինչև 2013 թվականը կայացված որոշումներում առկա չեն օրենքով պահպանվող գաղտնիքներ»,- նկատում են հեղինակները:

Կոնֆերանսին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ Ա. Մինասյանի՝ հաճախ է խոսվում տարբեր շուկաներում արհեստականորեն ձևավորված գերիշխանության կամ առանձին դեպքերում՝ մենաշնորհների մասին, սակայն ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արդյոք այդքան հեշտ է մենաշնորհների դեմ պայքարը։ «Մենք այսօր այս ամբողջ դաշտում կարիք ունենք վերանայումների՝ սահմանադրական նոր կարգավորումների ներքո»,- շեշտեց Ա. Մինասյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ներկայում հստակ աշխատանքներ են տարվում մրցակցության միջավայրի բարելավման ուղղությամբ։

Պ. Սվիտալսկին  ևս շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունն՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարի և ՀՀ վարչապետի, այսօր շահագրգռված է տնտեսական մրցակցության միջավայրը բարելավելու հարցում։ Եվ որ մրցակցության միջավայրի բարելավումը Հայաստանի տնտեսության զարգացման ճիշտ ուղիներից մեկն է։

Ի դեպ, կոնֆերանսին ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչներից որևէ մեկը չէր ներկայացել։

Ինչ անել

70  էջանոց հետազոտությունը հեղինակները առաջարկություններով են եզրափակում։ Ըստ էության, դրանով մասնագետները դեղատոմսեր են առաջարկում ՀՀ տնտեսական մրցակցության մթնոլորտը առողջացնելու համար։ Նրանց առաջարկությունները փորձել ենք մեկտեղել ստորև գտնվող պատկերում։ Դրանում մատնանշվում են ոլորտում առկա հիմնական խնդիրները՝ ըստ հետազոտության հեղինակների։

Նշենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է «Հայկական Ծրագրեր» ՍՊ ընկերության պատվերով և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ։ Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն 2 մլն դրամի չափով տուգանել է  «Հայկական Ծրագրեր» ընկերությանը՝ պահանջած տեղեկությունը չտալու համար։ Այդ մասին բաց նամակով հանդես է եկել և իր անհամաձայնությունը հայտնել «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը, որին երկու օր անց արձագանքել է ՏՄՊՊՀ-ն։

Ծանոթացեք ՏՄՊՊՀ պարզաբանմանը` այս հրապարակման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter