HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դրամ, դոլար, դալլաքու տարե». Մեծ Թաղերի վարսավիր Յուրան

«Մի հատ կոֆե տնիմ, խմինք»,- վարսավիրանոցի հայելու միջից մեզ նայելով՝ ասում է վարսավիր Յուրան: Ժպտում ենք: Ասում ենք՝ գյուղում գործեր ունենք, վերջացնենք, հետո:

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 44 տարի է՝ վարսավիրություն է անում Յուրա Սանամյանը: Մեկ ամսից կդառնա 67 տարեկան:

Վարսավիրանոցը գտնվում է գյուղապետարանի առաջին հարկում: Աշխատում է որդու՝ Ալյոշայի հետ: Տղան մի ամիս է՝ դիրքերում է: Վարսավիրանոցի համար տեղի վճար, հարկ չի տալիս, բայց լսել է, որ գյուղապետարանը կարող է վերանորոգեն: Իրեն ասել են, որ հանգիստ լինի, տեղ կտան վարսավիրանոցի համար:

Վարսավիրի երկու աթոռներից մեկին Յուրան է նստել, մյուսում՝ ես: Իրար հետ խոսում ենք՝ երբեմն նայելով հայելիների միջով: Դրանց վերևի մասում աղջիկների նկարներ են փակցված, սանրեր ու մազ կտրող մեքենաներ են կախված պատին ամրացված մեխերից, պատուհանի մոտ էլ վառարանն է: Վարսավիրանոցի կողքով ոչխարի հոտ է անցնում, ուշացած մայուն է լսվում, խառնվում մեր զրույցին:

«44 տարե հինչըն ա՞ քեզ պահալ էս գործում»,- հարցնում եմ վարպետ Յուրային: Ծիծաղում է, թե մի փեշակ պիտի սովորեր՝ դալլաքություն (վարսավիրություն) կամ կոշկակարություն... Վարսավիրությունն է ընտրել: Դա էլ պատահական չեղավ: «Իմ պատմությունն ուրիշ տեղան ա քիս (ուրիշ տեղից է գալիս)»,- նայում է մեզ:

Յուրան գյուղում հայտնի է որպես դալլաք Յուրա: «Ասըմն՝ դրամ, դոլար, դալլաքու տարե (տարի)»,- ժպտում է նա:

Վարսավիրություն սովորել է Բաքվում: 1966-ին եղբոր մոտ էր գնացել: Շինարարությունում աշխատանքի էր տեղավորվել, հետո եղբորը խնդրել էր՝ մի արհեստավորի մոտ տանի, փեշակ սովորի: Շամախեցի վարսավիր Սերգեյի մոտ էր տարել: Շինարարարական աշխատանքներին զուգահեռ վարսավիրություն է սովորել: Վարպետ Սերգեյի միջոցով 250 ռուբլով աշխատանքի էր տեղավորվել Բաքվի կենտրոնի վարսավիրանոցներից մեկում: Գործը շատ էր, մեկ տարի աշխատելուց հետո լուր էր ստացել, որ կրտսեր եղբայրը սպանվել է գյուղում: 1972-ին վերադարձել է գյուղ՝ ծնողներին մենակ չթողնելու համար:

Այստեղ շարունակել է աշխատանքը: Այն ժամանակ գյուղում երկու վարսավիր կար, գործը ներկա վիճակից շատ ավելի լավ էր, «մաշինկաներ» շատերը չունեին գյուղում: Հիմա, ասում է, ամեն տանը «մաշինկա» կա, վարսավիրանոց քիչ են գալիս: «Իիի՜, տի հուվ ա հըմբրելիս, օր ա լյա, որ 5-10 հղե ընք լյա տըրալ (ով է հաշվել, օր է եղել, որ 5-10 հոգու ճանապարհել ենք)»,- ասում է դալլաք Յուրան:

Առավոտյան ժամը 9-10-ին բացում է վարսավիրանոցը: Գյուղում բացի Սանամյաններից, էլի վարսավիրներ կան. երեխաների, կանացի, տղամարդկանց վարսավիրներ: Հարցնում եմ՝ կանացի մազեր չի՞ կտրել, ծիծաղում է. «Պատմությունս ստեղ ա քեցալ: Աղջկա մազեր կտրած կամ վեչ, բայց Բաքու մի տեղավ գործի ըմ լյա, զրույց ա, անում ընք մհենգ, մի տղա սըվերած լյա աղջկորանց ունքերը, պռոշներ լյա սարքե... (աղջկա մազեր չեմ կտրել, բայց Բաքվում մի տեղ աշխատում էի, զրուցում ենք հիմա, մի տղա սովորել էր աղջիկների հոնքեր, շրթունքներ սարքել)»:

Հիմա աշխատանքի դիմաց 300-400 դրամ է վերցնում: Գյուղում մարդիկ կան, որ պարտքով են գնում մազերը կտրելու: «Պարտքատետր, չէ, մատաղ, օնիմ վեչ: Հանցը կա, վըր փող ալ օնե, բայց կըկյա, կասե՝ փող չօնիմ: Յոլա տանիլը լյավ պեն ա, լի»,- ասում է վարսավիրը:

Հիշում է, որ մի քանի տարի առաջ գյուղի վարսավիրներից մեկը գրել էր՝ «պարտքով չկա»: «Կլիենտ կա, որ ասում ըմ՝ հարկավեր չի փողը: Մի հորթ կպահիմ, տեղը կըկյա, կփակե: Յոլա տանիլը լյավ պեն ա, մինակ խաղաղ ապրինք»,- ասում է վարպետ Յուրան:

1990-ականներին Յուրան վարսավիրություն էր անում դիրքերում: Սա իմիջիայլոց է հիշում: Ասում է՝ դժվար ժամանակներ են, մեկը մյուսին պիտի օգնի: «Կյանքը քանի քիս ա… Մհենգ էդքան հաջող չի... Խոխեքը քիս ըն Հայաստան կամ Ռուսաստան»,- ասում է նա:

Երբ ավարտում ենք զրույցը, ասում է՝ գնանք տուն, հաց ուտենք: Հրաժարվում ենք, ասում ենք՝ գործեր ունենք գյուղում: Մեզ ուղեկցում է մինչև բակ, հետներիցս կրկնում է, թե՝ դե որ վերջացնեք, կգաք:

Լուսանկարները՝ Քնար Բաբայանի, Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter