HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015-ի պետական գնումների Սյունիքի խոշոր խաղացողները. մարզպետի ընկերոջից մինչև ԱԺ պատգամավորը

Կառավարությունը 2015թ. հուլիսի 2-ին որոշել է ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4,4 մլրդ դրամ: «Հետքը» սկսում է ուսումնասիրել մարզերում պետական գնումներն ու իրակնացված ծրագրերը: Այսպես է բաշխվել գումարները՝ ըստ մարզերի: 


Create bar charts

Այս գումարից 300 մլն դրամը հատկացվել է Հայաստանի ամենահարավային մարզին՝ Սյունիքին: Սյունիքի մարզպետարանի՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն, Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 9 տարբեր աշխատանքներ են իրականացվել: 300 մլն դրամից, սակայն, շուրջ 245 մլն-ն է ծախսվել այդ ծրագրերի իրականացման համար, իսկ մնացածը` հատկացվել են որոշ համայնքների` սուբվենցիաների տեսքով:

Հիմա տեսնենք, թե ովքեր են առանց մրցույթների այս գումարները ստացել և ինչ աշխատանքներ են կատարել:


Create pie charts

Գորիսի նախկին քաղաքապետը

Այս մարզի ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 112 մլն դրամը հատկացվել է «Ոսմար» ՍՊԸ-ին: Այս գումարից շուրջ 39 մլն դրամով ընկերությունն իրականացրել է Գորիս համայնքի Վանքի տափ թաղամասի բակերի բարեկարգումն ու ասֆալտապատումը: Եվս 55 մլն դրամ հատկացվել է Գորիս համայնքի Վ. Մամիկոնյան թաղամասի բարեկարգմանն ու ասֆալտապատմանը, իսկ 19 մլն դրամը՝ նույն Վ. Մամիկոնյան թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու աշխատանքների համար:

«Ոսմար» ՍՊԸ-ն Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին ու նրա հարազատներին է պատկանում: 40% բաժնեմասի սեփականատերն ինքն է, 25%-ը՝ կնոջ՝ Անահիտ Մարտիրոսյանի բաժնեմասն է, իսկ 35%-ը՝ վերջինիս եղբորը՝ Արթուր Մարտիրոսյանինը, ով 2015թ. հուլիսից նաև ընկերության տնօրենն է:

Մինչ այդ ընկերությունը ղեկավարել է անձամբ Նելսոն Ոսկանյանը: Նելսոն Ոսկանյանը լավ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Այդ մասին չի հերքել նաև Ն. Ոսկանյանը: «Ոսմար» ՍՊԸ-ն նախորդ տարիներին ևս ընդգրկվել է քաղաքի շինաշխատանքներում: Օրինակ՝ 2013թ. 14 մլն դրամով ասֆալտապատել է Գորիսի Ա. Սաթյանի անվան ճանապարհը, 32 մլն դրամով՝ դարձյալ նույն Վանքի տափ թաղամասը:

Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Սիսիանի» ԲՈՒԱՏ-ի 100 % բաժնետերը ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է: Նրա ընկերությունն առանց մրցույթի, բանակցային ընթացակարգով շուրջ 14 մլն դրամի պայմանագիր է կնքել Սյունիքի մարզպետարանի հետ: Իրականացրել է Սիսիան համայնքի Գայի 4, 10, 14, Սիսական 46ա, 9, 11, 13, 15, 19, Ադոնցի 3, Խանջյան 1ա և 3ա բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումն ու ասֆալտապատումը:

Այս մարզում Հերմինե Նաղդալյանի «Սիսիանի» ԲՈՒԱՏ-ը առավել խոշոր ծրագրեր էլ է իրականացրել: 2014-ին վերանորոգել է Երեւան-Երասխ- Գորիս-Մեղրի- Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար ավելի քան 452 միլիոն դրամի կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Իսկ 2013թ.-ին նույն ճանապարհի հիմնանորոգման համար շուրջ 417 մլն դրամ էր հատկացվել:

Հերմինե Նաղդալյանը միայն Սիսիանում չէ, որ պետական գնումների ծրագրերի համար գումարներ է ստանում: 2014-ին նա ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը և հասել Արարարտի մարզ: «Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ»  կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով իրականացրել է մոտ 52.6 միլիոն դրամի շինաշխատանքներ: 14 մլն դրամով ասֆալտապատել է Արարատ քաղաքի Պուշկինի փողոցը, 22.5 մլն դրամով՝ նույն համայնքի Աբովյան 1 նրբանցքը, իսկ 16 մլն դրամով վերանորոգել է Վեդի-Գոռավան- Արարատ մարզային նշանակության ավտոճանապարհը:

Կապանի «Նորոգշին» ՍՊԸ Առանց մրցույթի՝ բանակցային ընթացակարգով երեք ծրագրի իրականացման համար էլ Սյունքի մարզպետարանը 80 մլն դրամի պայմանագրեր է կնքել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերության միանձնյա սեփականատերը, համաձայն, պետռեգիստրի տվյալների, կապանցի Ռազմիկ Փարսյանն է, ով նաև ընկերության տնօրեն է: Սյունիքի մարզպետարանը ևս 43 մլն դրամի գնման պայմանագիր է Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունն իրականացրել է Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում (հասցեները՝ Մ. Ստեփանյան 42, Լենհանքեր 7, Շինարարների 11, Ռ. Մինասյան 20բ, Հ. Ավետիսյան 4, Ռ. Մինասյան 19 Ա): 27 մլն դրամին հասնող գումարով էլ նորոգել է Կապան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը: Ավելի քան 8 մլն դրամ էլ հատկացվել է Վերին Խոտանան համայնքի դպրոցի տանիքի վերանորոգման համար:

Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգումը գնումներով իրականացրել է «Վերելակ» ԱԿ-ն: Դրա համար պետբյուջեից առանց մրցույթի 22 մլն դրամ է հատկացվել: Իսկ Սիսիանի (Նոր Բակ) «Նորոգշին» ԲԲԸ-ն իրականացրել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի հիմնանորոգումը՝ 19 մլն դրամի պետգնման պայմանագիր կնքելով մարզպետարանի հետ:

Մեկնաբանություններ (2)

Eduard
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում 1. «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ - ՉԿԱ էլեկտրոնային համակարգում Այլ կա «ՍԻՍԻԱՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՍՊԸ - 2004-02-06 2. Սիսիանի (Նոր Բակ) «Նորոգշին» - ՉԿԱ էլեկտրոնային համակարգում Այլ կա 2.1. «ՆՈՐՈԳՇԻՆ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ/Ձ ՍՊԸ - 1996-03-14 (Այս ընկերության փաստաթղթերը չեն համապատասխանացվել ՔՕ դրույթներին։) 2.2. «ՆՈՐՈԳՇԻՆ-1» ՍՊԸ - 1996-04-26 - Գործունեությունը դադարեցված է 2.3 . «ՆՈՐՈԳՇԻՆ-2» ՍՊԸ - 1996-01-30 (Այս ընկերության փաստաթղթերը չեն համապատասխանացվել ՔՕ դրույթներին։) 3. «Վերելակ» ԱԿ - ՉԿԱ էլեկտրոնային համակարգում 4. ԿԱՊԱՆԻ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ - 2008-10-02 5. «Ոսմար» ՍՊԸ - ՉԿԱ էլեկտրոնային համակարգում
Քրիստինե
Հարգելի Էդուարդ, Բոլորն էլ կան, միայն թե պետք է ճիշտ որոնում կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter