HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հասարակական կազմակերպությունների տեղեկատվության մատչելիությունը

«ՀԿ-ների 95 տոկոսը պիտանի չեն, նրանց զբաղմունքն անհայտ է: Նրանք համախմբվում են դրամ շահելու համար: Եթե ֆինանսավորումը դադարեցնես՝ կլուծարվեն, քանի որ այլ միավորող բան չունեն: ՀԿ-ների մի փոքր մասն է միայն պատկերացնում իր աշխատանքը»:

«ՀԿ-ների 99 տոկոսը ստեղծվել է կամ դրամաշնորհ ստանալու կամ անձնական ամբիցիաները բավարելու նպատակով: Մի փոքր թիվ կա, որ ինչ-որ բան անում է եւ նրա աշխատանքը կարեւոր դեր է ունենում, բայց չաշխատողների թիվն այնքան մեծ է, որ փոքր մասի արածը ստվերում է»:

«Հասարակական կազմակերպությունները փող լվանալու միջոց են» եւ այլն:

Այս տեսակետներն արտահայտել են մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով քիչ թե շատ առնչվում են հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությանը: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է հասարակությունը բացասաբար արտահայտվում ՀԿ-ների մասին՝ տեղեկատվության պակասի՞ց, ճշմարտությունն ա՞յդ է, թե՞ մի այլ գործոն է դեր խաղում այստեղ: Պատահաբար ընտրված մի քանի՝ առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների ղեկավարներից փորձեցինք պարզել, թե ինչպես են կարողանում կազմակերպություններն ապահովել ՀԿ-ների մասին օրենքի 14՝ «ՀԿ-ի գործունեության սկզբունքը հրապարակայնությունն է համարվում» եւ 15 հոդվածի պահանջները՝ «ՀԿ-ն պետք է տեղեկատվություն տարածի իր գործունեության մասին»: Այլ կերպ ասած՝ որքանով է թափանցիկ ՀԿ-ների գործունեությունը եւ ինչպես են վերաբերվում իրենց մասին ստեղծված հասարակական կարծիքին:

Հետաքրքիր է, որ ՀԿ-ները հիմնականում համամիտ էին վերը ներկայացված հասարակական կարծիքներին, սակայն ամեն մեկը դա վերագրում էր այլ կազմակերպությունների: «Անշուշտ, կան նման ՀԿ-ներ, որոնք դրանով են զբաղված: 3-4 հոգանոց ՀԿ-ներ են, որոնք ծանոթությունների միջոցով դրամաշնորհներ են ստանում: ՀԿ-ներին գտնելը դժվար չէ, եւ լրագրողները պարզապես կարող են հետեւել նման դրամաշնորհների ճակատագրին»,-ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ապա ավելացրեց. «Այստեղ լրագրողների մեղքի բաժինը մեծ է, որովհետեւ անտարբեր են ՀԿ-ների նկատմամբ եւ նրանց գործունեությունը լիարժեք չի ներկայացվում հանրությանը»: Նա կարծում է, որ ՀԿ-ների մասին բացասական կարծիքն ստեղծվել է լրագրողների մեղքով: «Ինչպես մեր երկրում ամեն ինչ` լրագրողները նույնպես քաղաքականացված են: Ցանկացած քաղաքական ակցիայի վազելով են գնում, իսկ Հկ-ների միջոցառումները հանրությանը ներկայացնելու հարցում բավականին անտարբեր են»:

Պրն Աբրահամայանն իր ղեկավարած կազմակերպության աշխատանքը մամուլի հետ անլիարժեք է համարում՝ «թեպետ մեզ համարում են լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատող ՀԿ, բայց ես դժգոհ եմ, պետք է ավելի սերտացնել համագործակցությունը»: Նշեց, որ «Փյունիկը» 2002թ.-ին մոտ տասը միջոցառում է կազմակերպել՝ հրավերք ուղարկելով 35-40 լրատվամիջոցների, որին լավագույն դեպքում 2-3 լրագրող է մասնակցել: Կազմակերպության նախագահը գտնում է, որ լրատվամիջոցների հետ իրենք աշխատում են միջազգային չափանիշներով, միջոցառումների մասին մամուլի հաղորդագրություն են ուղարկում լրատվամիջոցներին, սակայն դրանք երբեք տեղ չեն գտել թողարկումներում:

Ինչ վերաբերում է իրենց գործունեության հրապարակայնությանը՝ Հ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհ ստանալու դեպքում մեկ-երկու հոդվածներով ներկայացնում են գործունեության ընթացքը, վերջում շնորհանդես են կազմակերպում եւ դրամաշնորհի արդյունքը ներկայացնում են հանրությանը: Կազմակերպության մասին տեղեկատվությունը տեղադրում են կազմակերպության սայթում, չնայած մանրամասն տեղեկություններ չկան, տարին մեկ անգամ տեղեկագիր են հրատարակում: «Մենք մեծ դոնորներ ունենք ԱՄՆ-ից, ամսեկան հաշվետվություններ ենք ներկայացնում նրանց, բացի այդ, մեր գործունեությանը նվիրված տարեկան ամփոփ հաշվետվություն ենք ներկայացնում: Տեղեկագիր ունենք, որտեղ տարեկան ֆինանսական հաշվետվությունն ենք տպագրում»: Վերջերս կազմակերպությունը միջազգային աուդիտի է ենթարկվել սեփական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ծանոթանալ ներքին խոհանոցին եւ դոնորների մոտ ամրապնդել վստահությունը: «Դա նաեւ օգտակար քայլ էր տարբեր դրամաշնորհների դիմելիս՝ վստահության մեծ հարց էր լուծում»,- հայտնեց կազմակերպության ղեկավարը:

Նրա ասելով, շատ քիչ է պատահել, երբ քաղաքացիները ցանկացել են կազմակերպության ֆինանսական հարցերին ծանոթանալ, բայց գործունեությանը ծանոթանալու ցանկություն ունեցողները շատ են, եւ տրամադրում են: «Գուցե լրագրողներն էլ են մտածում, որ ՀԿ-ները փակ են, այնտեղ մտնել չի կարելի: Մեր պարագայում մենք ենք հրավիրում»,- նշեց Հ. Աբրահամյանը:

«Մայրության ֆոնդ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Ասլանյանի ասելով, կազմակերպության գործունեության մասին տեղեկատվության տարածման ձեւերից մեկը թռուցիկներ տարածելն է: Կազմակերպությունը դեռեւս էլեկտրոնային էջ չունի՝ միջոցներ չունենալու պատճառով: ԶԼՄ-ները չեն արձագանքում իրենց հրավերքներին: «Պրոֆեսիոնալ լրագրողները մեզ հետ չեն ուզում աշխատել, նրանց հետ համագործակցելու մեր բոլոր փորձերն արդյունք չտվեցին: Մեզնով հետաքրքրված են սկսնակները, որոնք նյութ հայթայթելու կարիք ունեն, սակայն չեն կարողանում մեր գործունեությունը ներկայացնել ինչպես հարկն է»: Տիկին Ասլանյանը հայտնեց, որ կազմակերպության գործունեության սկզբնական շրջանում լրագրողների միջոցով է ներկայացրել իրենց աշխատանքը, սակայն «սխալ մեկնաբանության, ոչ լիարժեք տեղեկատվության» պատճառով որոշել է դադարեցնել համագործակցությունը: «Բնականաբար, մենք սովոր չենք եղել այդ աշխատանքին, իմ անձի մեղավորությունը կար այդ հարցում, մենք պիտի լրագրողների հետ համագործակցության եզրեր գտնենք»:

Թե ինչպես է հաջողվում կապ հաստատել իրենց շահառուների հետ եւ հասարակության այդ խավը որքանով է ծանոթ «Մայրության ֆոնդի» գործունեությանը՝ Ս. Ասլանյանը հայտնեց, որ 1992 թվականին մեծ ակցիա են իրականացրել Երեւան քաղաքի բազմազավակ ընտանիքներին հայտնաբերելու համար, համակարգչային բանկ են ստեղծել, եւ ներկայումս այդ շրջանակն իրենց լավ է ճանաչում: Տիկին Ասլանյանը կարծում է, որ իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը թափանցիկ է: «Մենք հաշվետվություն ենք ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարությանը, կառավարության մարդասիրական կազմակերպությանը: Մեր հիմնական հաշվետվությունները ներկայացնում ենք դոնորներին»:

Ինչ վերաբերում է ՀԿ-ների վերաբերյալ ստեղծված բացասական կարծիքներին, նա հայտնեց. «Տարբեր են կազմակերպությունները, կան կազմակերպություններ, որոնք ծնվում են հատուկ ինչ-որ դրամաշնորհի համար, կան կազմակերպություններ, որոնք փակ են, երեւի թե թաքցնելու բան ունեն, բայց ինձ թվում է, որ թեւավոր խոսք են դարձրել: Դրամաշնորհը մեզ համար մեծ աջակցություն է, սակայն անկախ նրանից՝ դրամաշնորհ ունենք, թե ոչ՝ մեր դռները երբեք չեն փակվել: Ո՞վ է հետաքրքրվել դրամաշնորհների ճակատագրով, ո՞ր մի լրագրողը հարցրեց՝ տեղեկություն չտվեցի»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լեւոն Ներսիսյանը գտնում է, որ ընդհանրապես պետք է հրապարակել, թե տվյալ կազմակերպությունն ինչ է արել տարվա ընթացքում: Դա կօգնի տարբերակել գործողը` չգործողից, աշխատողին` չաշխատողից: «Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվությանը, ես հաշվետվություն տալիս եմ եւ իմ դոնորներին, եւ հարկային մարմիններին: Բայց, օրինակ, չեմ հասկանում, թե ինչ հաշվետվություն պետք է տամ արդարադատության նախարարությանը (ԱՆ), որը նույնպես ինձնից հաշվետվություն է պահանջում»:

Պրն Ներսիսյանը համոզված է, որ իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը լիովին թափանցիկ է: «Ես լավագույնս աշխատում եմ լրատվամիջոցների հետ, մեր ուսումնասիրություններն եմ տրամադրում, մենք ուսումնասիրում ենք տուն առ տուն, բոլորը չէ, որ նման արդյունքներ ունեն: Էլեկտրոնային էջ ունենք, որտեղ տեղադրում ենք կարեւոր տեղեկատվությունը, բայց դա բավարար չեմ համարում»: Կենտրոնում մեզ տրամադրեցին կազմակերպության գործունեության մասին մի թերթիկ, որտեղ ներկայացված էր, թե 1995թ.-ից սկսած ինչ ծրագրեր են իրականացրել, ովքեր են իրենց դոնորները, ում հետ են համագործակցում, ինչ գործունեություն են իրականացնում եւ այլն: Սակայն, ոչ մի խոսք ֆինանսական հաշվետվության մասին:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ æեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ կազմակերպության գործունեության մասին հանրությունը կարող է ծանոթանալ ինտերնետ էջից: Միաժամանակ խոստովանեց, որ այն ակտիվ գործող սայթ չէ: Ֆինանսական հաշվետվությունները, ինչպես բոլորը, նրանք նույնպես ներկայացնում են ԱՆ-ին, Հարկային մարմիններ եւ այլն: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը նույնպես չի ստացվել: Տիկին Հասրաթյանի ասելով, լրատվամիջոցները, հատկապես պետականները, իրենց ուղարկած մամուլի հաղորդագրություններին հազվադեպ են անդրադառնում: «Նախկինում մեր եւ լրատվամիջոցների միջեւ հակադրություն կար, հետո հասկացանք, որ մենք երկուսս քաղաքացիական հասարակության այն մասն ենք, որ պետք է կառուցողական ընդդիմություն լինի: Այն խիստ կարեւոր է մանավանդ փոփոխվող հասարակության պայմաններում»:

Ըստ տիկին Հասրաթյանի, թեպետ թերի տեղեկատվությունն ու անհաճո մեկնաբանություններն իրենց վանեցին լրագրողներից, սակայն վերջիններիս շատ էլ չի մեղադրում: «Ինչո՞ւ չի ստացվում, որ լրատվամիջոցներն ավելի խորությամբ լուսաբանեն, որովհետեւ լրագրողները ծանր վիճակում են: Նրանք հազիվ հասցնում են միջոցառումների սկզբին մասնակցել, չեն հասցնում թեման խորությամբ ուսումնասիրել: Ինձ թվում է, որ հիմա փոխվել են մեր հարաբերությունները լրագրողների հետ: Գտնում ենք, որ ոչ միայն մենք պետք է լրատվամիջոցների նկատմամբ պահանջներ ունենանք, այլեւ մենք մի բան պետք է անենք նրանց համար: Սեմինարներ կազմակերպեցինք եւ նորմալ հաղորդակցության եզրեր գտանք»:

æ. Հասրաթյանը համամիտ չէ ՀԿ-ների նկատմամբ ձեւավորված բացասական կարծիքներին: «Չի բացառվում, որ որեւէ կազմակերպություն ներընտանեկան լինի, այնքան էլ ընդունելի չէ, չնայած, եթե գումարի հարցը չլիներ՝ ոչ ոք չէր մեղադրի: Մարդիկ հասարակական գործունեություն են ծավալում: Մեր աշխատանքը հասարակական է, մենք հասարակական կարգով պետք է գործենք: Մեկը վարձատրվում է, մյուսն անվճար պետք է անենք»:

Բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանը, որ առիթ է ունեցել ուսումնասիրելու 18-19-րդ դարում Արեւմտյան Հայաստանում եւ Թբիլիսիում գործող առաջին հասարակական կազմակերպությունների գործունեությունը, գտնում է, որ իրական թափանցիկությունը միայն այդ շրջանում գործող ՀԿ-ներին է հաջողվել ապահովել: «Նրանք իրենց բնույթով հիմնականում բարեգործական կազմակերպություններ են եղել՝ լծված ընդհանուր ազգային-ազատագրական գործին, նպաստելով ու օժանդակելով կրթական, լուսավորչական ձեռնարկները: Նրանց գումարները հիմնականում գոյացել են ձեռնարկներից ստացված հասույթներից, հանգանակություններից եւ ազգային բարերաների նվիրատվություններից»: Հիշյալ կազմակերպություններն իրենց ֆինանսական եւ ծրագրային հաշվետվությունները տպագրել են մամուլում եւ առանձին գրքույկներով, որոնք այսօր էլ պահպանվում են գրադարաններում եւ մեծ նյութ են ժամանակի կազմակերպությունների գործունեությունն ուսումնասիրելու համար»: Նա նույնպես նշեց, որ տարիներ անց եթե որեւէ մեկը ցանկանա պատկերացում կազմել ներկայիս ՀԿ-ների ծավալած գործունեության ու դրամական միջոցների մասին՝ չի կարող:

Մեր ուսումնասիրած ՀԿ-ներից միայն Երեւանի մամուլի ակումբն ու Հետաքննող լրագրողների ընկերակցությունն են իրենց էլեկտրոնային էջում հաշվետվություն հրապարակել կազմակերպության ֆինանսական գործունեության մասին: Ներկայացված են ստացած դրամաշնորհները եւ ծախսերը՝ թվարկելով, թե յուրաքանչյուրի համար ինչքան գումար է ծախսվել:

Կարծում ենք` հասարակական կազմակերպությունների նկատմամբ դժգոհությունները նվազագույնի կարող են հասնել, եթե ծրագրեր իրականացնելիս իրենց ֆինանսական գործունեության մասին հաշվետու լինեն հանրությանը: Ամփոփելով մեր կողմից հարցված կազմակերպությունների տեսակետները` կարող ենք ասել, որ նրանք առավել կարեւորում են տեղեկատվությունը հարկային եւ պետական մարմիններին ներկայացնելը, որն օրենքի պարտադրանքն է: Մինչդեռ, հանրության շահերի պաշտպանությանն են կոչված իրենց բնույթով եւ նրանց վստահությունը շահելն առավել անհրաժեշտ է ՀԿ-ներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter