HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանն օտարել է գազատարով ու էլեկտրական մալուխներով ծանրաբեռնված հողը, հետն էլ՝ շինթույլտվություն տվել

Արդեն 10 տարուց ավելի Երևան քաղաքի բնակիչ Նորայր Մակվեցյանը դատարաններում պայքարում է իր խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն դեռ գործի վերջը չի երևում: Պատճառը Երևանի քաղաքապետարանի նույնանման իրավիճակում ոչ հավասար պայմանների ապահովումն է՝ արգելված գոտու օտարումը, ինչն էլ վիճարկվում է դատական կարգով:

Բանն այն է, որ Ն. Մակվեցյանը մասնակցելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցին հարող տարածքի 1550քմ մակերեսով հողի աճուրդ վաճառքին` 2003թ. փետրվարին ճանաչվել է հաղթող: Նույն ամսում Մակվեցյանի և քաղաքապետարանի միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, ինչից հետո հողամասի նկատմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը: Հետագայում Գրիբոյեդով փողոցի` իրեն պատկանող հողատարածքի սահմաններում  Ն. Մակվեցյանը ստացել է նաև բնակելի տուն կառուցելու շինթույլտվություն:

2003թ. մայիս ամսին Նորայր Մակվեցյանի հողամասի և Գրիբոյեդով փողոցի մայթի միջև ընկած հատվածում տեղադրվել է անօրինական տաղավար, ինչից էլ սկսվել է ամբողջ դատական քաշքշուկը:

Քաղաքացի Տիգրան Աղաջանյանը ցանկացել է օտարել վարձակալությամբ տրված տվյալ տարածքը: Երևանի քաղաքապետարանը նույն տարվա դեկտեմբերի 25-ին գրությամբ մերժել էր այդ հողամասը օտարելու մասին Տիգրան Աղաջանյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ նշված տարածքը ներառված է  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ և օտարման ենթակա չէ: 

Նշենք, որ այդ սահմանափակումներով արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են և այլն:

Մերժումից հետո քաղաքապետարանի պաշտոնյայի գործողությունները վիճարկելու պահանջով Տ. Աղաջանյանը դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Վճիռը կայացվել է նրա օգտին և 2004թ. Տիգրան  Աղաջանյանին 171քմ հողամասի վերաբերյալ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Հետագայում Երևանի քաղաքապետարանը, որը մասնակից չէր դարձել դատաքննությանը, վճռաբեկ բողոք է ներկայացրել վճռի դեմ և վճիռը բեկանվել ու գործն ուղարկվել է վերաքննիչ դատարան:

Տիգրան Աղաջանյանի կողմից դատարան չներկայանալու հիմքով վերջինիս դիմումը թողնվել է առանց քննության: Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից չեղարկվել է Գրիբոյեդով փողոցին հարող տարածքում գտնվող շինության նկատմամբ Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքի ճանաչելու և տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման համապատասխան կետը: Տիգրան Աղաջանյանը, իրավաբանական ուժը կորցրած իր անվամբ դեռևս գոյություն ունեցող սեփականության իրավունքի վկայականի հիման վրա, մասնատելով ընդհանուր հողատարածքը` հողամասը վաճառել է քաղաքացի Զոհրակ Ղալթախչյանին, ով նույն տարածքը վաճառել է Նորայր Ղուկասյանին, ով իր հերթին վաճառել է Ռազմիկ Բադալյանին: Նորայր Մակվեցյանի պնդմամբ` այդպիսով Տիգրան Աղաջանյանը վերը նշված կապակցված գործարքներով փորձել է ստեղծել գույքի բարեխիղճ ձեռքբերման տպավորություն, որը նրանց չհաջողվեց:

2005թ. Նորայր Մակվեցյանն ընդդեմ Աղաջանյանի, Զոհրակ Ղալթախչյանի, Նորայր Ղուկասյանի և Ռազմիկ Բադալյանի և կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժնման դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով սեփականության վկայականները, գործարքները անվավեր ճանաչելու և տարածքը նախկին տեսքին բերելու մասին:

Նույն գործի շրջանակում Երևանի քաղաքապետարանն ընդդեմ նույն անձանց հայցադիմում է ներկայացրել` պահանջելով վաղաժամկետ լուծել հողի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև անվավեր ճանաչել գործարքները և սեփականության իրավունքի պետական գրանցումները: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Առաքելյանի վճռով քաղաքապետարանի հայցը բավարարվել է:

Գործը հասել է մինչև վճռաբեկ դատարան և մնացել անփոփոխ: Նշված դատական ակտի հիմքում դրվել է 03.08.2004թ-ին քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետի զեկուցագիրն առ այն, որ վիճելի հողատարածքը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների մեջ, օտարել  չի կարելի և վերջ:

Ըստ Նորայր Մակվեցյանի` 2012թ-ին աճուրդի ներկայացնելիս նույն վարչության պետը, շատ լավ իմանալով երեք ատյանների վճիռների մասին, իր դիրքորոշումը 360 աստիճան փոխել է վերադասի հրամանով:

Երբ օրենքի առջև բոլորը հավասար չեն

Քաղաքապետարանի նման վճռականությունից հետո թվում էր, թե հարցը պետք է լուծվի, քանի որ վիճելի հողատարածքի օտարում հնարավոր չէ՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների պատճառով: Նշենք, որ երբ 2006թ. Նորայր Մակվեցյանը դիմել էր քաղաքապետարան իր սեփական տարածքի վրա տուն կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանքի թույլտվություն ստանալու խնդրանքով, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը իր գրությամբ տեղեկացրել է, որ նշված տարածքը կարմիր գիծ է, և կառուցվելիք տունը Գրիբոյեդով փողոցից պետք է առնվազն 8 մետր հետ դրված լինի, ինչը և ապահովել է Մակվեցյանը:

Սակայն Երևանի քաղաքապետարանը ժամանակին տաղավարներով զբաղեցրած ընդհանուր հողամասը 2012թ. մայիսին օտարել է Ռազմիկ Բալդալյանի հորը՝ Արմեն Բադալյանին: Ավելին՝ օգոստոս ամսին նույն տարածքում առևտրի սրահ կառուցելու համար տվել է շինարարության թույլտվություն, ինչով էլ խախտել է Նորայր Մակվեցյանի սեփականության իրավունքի անարգել իրականացման, բնակելի տան պատշաճ օգտագործման իրավունքը:

Քաղաքապետարանն անտեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնց համաձայն՝ նշված հողամասը սահմանափակումներով է և չի կարող օտարվել: Բացի այդ, քաղաքապետարանը իր տարբեր գրություններով, այդ թվում՝ դատարան ներկայացրած հիմնավորումներով, ևս հաստատել է, որ վիճելի տարածքը սահմանափակումով հողամաս է և օտարման ենթակա չէ և դա է եղել պատճառը, որ այն ժամանակին չի օտարվել Տիգրան Աղաջանյանին և մի խումբ մարդկանց: Սակայն, հակասելով իր իսկ որոշումներին և դիրքորոշումներին, անտեսելով մի շարք իրավական ակտերի պահանջները քաղաքապետարանը որոշել է հողն օտարել Արմեն Բադալյանին:

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ խնդրո առարկա տարածքը վարձակալելու համար ինձ քաղաքապետարանը մերժեց՝ ասելով, որ սահմանափակումներով հողատարածք է, օտարման ենթակա չէ, կարմիր գիծ է, գազի խողովակ, հոսանքի մալուխներ են անցնում և պարտադրեց իր տունն էլ կառուցել  սեփականության ճակատային մասից 8 մետր հեռավորության վրա, իսկ մեկ այլ անձի նույն տարածքը օտարել է առանց այս բոլոր սահմանափակումները հաշվի առնելու»,- ասում է Նորայր Մակվեցյանը:

Նշենք, որ Նորայր Մակվեցյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Արմեն Բադալյանին հողն օտարելու որոշումը և հողամասի կառուցապատման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն՝ պարզելու համար արդյոք Արմեն Բադալյանին շինարարական թույլտվությունը տրվել է  քաղաքաշինական նորմերի պահանջների պահպանմամբ, թե ոչ:

15.03.2015թ-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված եզրակացության համաձայն՝ թե աճուրդով հողի օտարումը, թե հետագայում շինթույլտվության տրամադրումն իրականացվել է օրենքի, այլ իրավական ակտերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ հաշվի չեն առնվել սահմանափակումները, տարածքով անցնող գազատար խողովակի ու էլեկտրական մալուխների առկայությունը: «Ակնհայտ է, որ Ա. Բադալյանի կողմից շինության կառուցմամբ խախտվել են Գրիբոյեդով փողոցի կարմիր և կառուցապատման գծերը: Արդյունքում Մակվեցյանին բնակելի տան կառուցման  համար դեռևս 2003թ. աճուրդային կարգով տրամադրված  հողամասը հայտնվել է  Ա. Բադալյանի կողմից կառուցվող շինության բակային հատվածում՝ զրկելով փողոցի կողմնորոշումից և որպես սպասարկման տարածք հողամասին հարակից փողոցից օգտվելու հնարավորությունից»,- նշում է փորձագետը:

Փորձագետը հետևություններ է արել, որ Բադալյանի կողմից կառուցված շինությամբ խախտվել են քաղաքաշինական ծրագրային և կառուցապատման նախագծային փաստաթղթերով սահմանված  Գրիբոյեդով փողոցի կարմիր գծի սահմանները, շինությունը կառուցվել է փողոցի մայթի հատվածում:

Քաղաքապետարանի թույլտվության հիման վրա շինության կառուցմամբ խոչընդոտվել է Նորայր Մակվեցյանի տնամերձ հողամասի երկայնքով` որպես սպասարկման տարածք անմիջապես փողոցի կողմից հետիոտնի շարժումը, մեքենաների, դրանց թվում՝ հակահրդեհային մեքենաների մուտքի ապահովումը:

Մակվեցյանը զրկվել է իր տարածքը առանձին գույքային միավորների առանձնացնելու հնարավորությունից: Առնվազն 10.08մ2 մակերեսը գտնվում է Մակվեցյանին պատկանող տարածքում, զրկվել է որպես տնամերձ հողամասի 251 մ2 մակերեսից օգտվելու հնարավորությունից: Խախտվել են այլ քաղաքաշինական պահանջներ ևս, որոնք մանրամասն տրված են եզրակացության հետազոտական մասում:

Նշված եզրակացությամբ հաստատվել է, որ աճուրդի առաջարկվող տարածքն ի սկզբանե հանդիսացել է Մակվեցյանին պատկանող հողամասի սպասարկման, ինչպես նաև կարմիր գծերի սահմաններում գտնվող տարածք:

2012թ-ից գործը գտնվում է վարչական դատարանում: Նախագահությամբ դատավոր Հրաչ Այվազյանի, դատական նիստը նշանակվել է հունիսի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter