HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով էր պատրաստ արդար ընտրությունների

Ավան -Առինջ թաղամասում գտնվող մեր շենքի բնակիչներից ջեռուցման վարձեր հավաքող պապիկը երկու օր առաջ մեր դռների մեջ ուրախ-ուրախ հայտարարեց.

 - Մինչեւ մարտի 15-ը ջեռուցում եք ունենալու, մի քիչ վճարեք:

 - Ինչո՞ւ մինչեւ մարտի 15-ը, ընտրությունների համա՞ր, - հարցրեց տղաս:

 - Հա, տղա ջան, ձեր բախտը բերել է, որ ընտրությունները ջեռուցման սեզոնին են եղել, - պատասխանեց պապիկը եւ յուրովի «մոլորեցրեց» ընդամենը երկու տարի հետո ընտրություններին մասնակցելու իրավունքը ստացող որդուս:

«Ընդդիմությունը պատրաստ չէր արդար ընտրությունների», - հայտարարեց գործող նախագահ Ռ. Քոչարյանը օրերս Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում: Ի պատասխան հարցազրույցը վարող թղթակցի դիտարկմանը, թե առաջին անգամ է խոսվում ընդդիմության կատարած խախտումների մասին, նախագահի թեկնածուն ավելացրեց. «Խախտումների մեջ նրանք շատ ավելի ակտիվ էին»: Նա մասնավորապես նշեց փետրվարի 18-19-ի գիշերը հանձնաժողովի անդամների վրա Երկրապահի մի թեւի, քրեածին տարրերի մասնակցությամբ իրականացված ճնշումները, թռուցիկների տարածումը եւ այլն: Իր այս ոչ ստանդարտ բացատրությունը Ռ. Քոչարյանը «շտկեց» մեկ օր անց, մամուլի ասուլիսի ժամանակ. իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել ընդդիմության խախտումները կասեցնելու ուղղությամբ, որովհետեւ կողմ են եղել իսկապես ազատ ընտրություններին: Ասել է թե` քվեարկության օրը իշխանության ցանկացած միջամտություն կարող էր ունենալ հակառակ ազդեցությունը, չընկալվել:

Մինչդեռ հանուն «արդար ընտրությունների» թույլ տրված այս կրավորականության արդյունքում «խախտումների մեջ ավելի ակտիվ ընդդիմությունն», օրինակ, իր հաղթանակով կարող էր հանգեցնել խորքային ու արմատական շրջադարձի. 180 աստիճանով դեպի ետ` կոմունիզմ, 90 աստիճանով դեպի ձախ` նացիոնալ-սոցիալիզմ, կամ էլ սլաքի 360 աստիճանի խելահեղ շրջապտույտով դեպի քաոս ու քաղաքացիական պատերազմ: Բարեբախտաբար մեզանում կոմունիստները եղանակ չեն ստեղծում, «նացիոնալ-սոցիալիզմը» պատմամշակութային բացառիկության մասին դրույթներից այն կողմ չի անցնում:

Քաղաքացիական պատերազմն էլ ուղղակի անհնարին բան է, քանի որ մեր ժողովուրդն այնքան «իմաստուն է ու այնքան գիտակից», որ չի մոռանում Ղարաբաղը կորցնելու, երկրի սահմանները անպաշտպան թողնելու վտանգների մասին: Չի մոռանում, բայց ամեն դեպքում «մոլորյալ» միտինգավորներին իրենց հայտարարություններով այդ վտանգները հիշեցրին երկրի ուժային բոլոր կառույցները: Մեկ օրվա ընթացքում, իրար ետեւից:

 Շրջապատով թեկնածուները

Ըստ էության հիմա արդեն ոչ ոք չի ասում, թե անկախ ընտրությունների արդյունքներից, միեւնույն է, իշխանությունը չենք տա: Արտասահմանից բերվեցին թափանցիկ քվեատուփեր, թեկնածուներն ունեցան պետական լրատվամիջոցներում անվճար քարոզչության հավասար չափ, համապատասխան ատյաններին գրավոր դիմումով որպես դիտորդ կարող էին գրանցվել երկրում գործող հասակակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլն: Նույնիսկ «ընդդիմության ավելի ակտիվ խախտումների» նկատմամբ հանդուրժողականությունն է իր հերթին «կոչված» ցույց տալու, թե այս իշխանությունը, ի տարբերություն բոլոր նախորդների եւ ի տարբերություն այս ընդդիմության, «պատրաստ էր եւ է» ընդունել ժողովրդի որոշումը, համակերպվել իր չվերընտրման փաստի հետ:

Համոզմունքը, թե ժողովուրդն իր քվեն տալու է անցած տարիների ընթացքում տնտեսական «այսպիսի աճ» եւ մինչեւ քարոզարշավը տիրող կայունությունն ապահոված իշխանության օգտին, արտահայտվում էր ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ դրանից հետո: «...Այսպիսի տնտեսական վերելք ունեցող երկրում այս կարգի կեցվածք որոշ քաղաքական ուժերի կողմից , ուղղակի անհասկանալի է... », «մինչեւ քարոզարշավը եւ դրանից հետո անհամեմատելի է ներքին իրավիճակը»,- ասում է Ռ.Քոչարյանը:

Իշխանական լծակները, հետեւաբար, բազմաթիվ օրինական ու անօրեն արտոնություններից, ամենագլխավորը` տնտեսական մենաշնորհից զրկվելու վտանգը միշտ դրդում են այդ շրջապատին լինել ավելի ագրեսիվ, քան ինքը նախագահի ցանկացած թեկնածուն, ավելի անհանդուժող, քան նույնիսկ ամենածայրահեղական ընդդիմությունը: Հինգ տարին մեկ Հայաստանում ջանասիրաբար կազմակերպվում են «կենաց-մահու պատերազմներ», որոնք միշտ չէ, որ հաջողվում է պահել նեղիշխանական սահմաններում:

Պատրա՞ստ էր, արդյոք, Քոչարյանի շրջապատը հանձնելու իշխանությունը «հանուն արդար ու ազատի»: Իհարկե ոչ, եւ ապացույցը կարող ենք գտնել հեշտորեն. «Տեսեք, թե ով կա կանգնած ներկայիս հավակնորդի շրջապատում,- ասում են իշխանական շրջանակները, - նրանք, ովքեր եղել են նախկինների շարքերում, ովքեր հարստացել են իշխանական իրենց լծակների շնորհիվ եւ ունեցել են կորուստներ»: Ու չի ընդգծվում, որ օրինակ, «ցեմենտի գործարան կորցրած» Արամ Սարգսյանը վարչապետ է նշանակվել հենց այս նախագահի կողմից, ու նշանակվել է հենց այն հիմնավորմամբ, որ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Միմիայն: Բնական է, որ այժմ մարդիկ քվեարկելու են այն անձի օգտին, որը նույնպես սպանված Կարեն Դեմիրճյանի որդին է: Եվ կարեւոր չէ, թե նույն այդ մարդիկ հաճախ կարող են շփոթել Ստեփանը Կարենի հետ ու մեկին հիշատակեն մյուսի անունով:

Որքան «հիմնավորվեց» այն ժամանակ հենց Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելը, նույնքան ջանասիրաբար այժմ հնչում է քննադատությունը, թե տեսեք ինչի համար են մարդիկ քվեարկում Ստեփան Դեմիրճյանի օգտին: Միայն այն բանի համար, որ Կարեն Դեմիրճյանի որդին է: Պատրա՞ստ էր արդյոք Քոչարյանը այնպիսի արդար ընտրությունների, որոնց արդյունքում պաշտոնավարման ժառանգականության հենց իր իսկ ստեղծած նախադեպով կարող էր հաղթել Ստեփան Դեմիրճյանը: Մի մարդ, որը նախագահի իր պաշտոնում առաջին հերթին վերանայման էր ուղարկելու «հոկտեմբերի 27-ի» ողջ քննությունը ու փորձելու էր անպայման գտնել իրեն զուտ մարդկայնորեն տանջող հարցերի պատասխանները: Իհարկե, պատրաստ չէր, եւ պատրաստ չէր ոչ թե այն պատճառով, որ ինքն է մեղավորն այն արյունոտ չորեքշաբթիի համար, այլ, որ մեզ մոտ դարձյալ ինքն է սերմանել բոլոր նախկիններին առանց խտրականության մեղադրելու, եւ բոլոր իրեն քննադատողներին «նախկինների» տակ անց կացնելու վտանգավոր սովորույթը: Ու, եթե իսկապես ներկա ընդդիմության մեջ «երեւում են նախկին իշխանության ականջները», ապա մի՞թե այդ իշխանությունների մեջ չկային եւ երբեք չեն եղել այնպիսիք, որոնք չեն գողացել, ծառայել են ազնվորեն եւ որոնք կարող էին մնալ իրենց պաշտոններում ու աշխատել Քոչարյանի հետ նույն թիմում:

Առաջին փուլի արդյունքները չընդունող ընդդիմությունը կարողացավ փողոց դորս բերել տասնյակ հազարավոր մարդկանց: Իհարկե, մի մասը այսպես կոչված «կողքից հորանջողներն են», մյուս մասն իսկապես նրանք, ովքեր ձայն են տվել քաղաքական ասպարեզում բոլորովին փորձ չունեցող անձի օգտին ու հույսը դրել են նրա գենետիկ առանձնահատկությունների վրա, երրորդ խումբը կարող են լինել գլխաքանակ ապահովող « շրջաններից բերվածները», չորրորդն այն թեկնածուների էլեկտորատը, ովքեր հրաժարվեցին մրցապայքարից ի սկզբանե, կամ էլ պարտվեցին առաջին փուլում: Մի խոսքով, հավաքվածները ժողովրդի ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներն են: Եվ հետեւաբար, ճիշտ են այն մարդիկ, ովքեր պնդում են. կայունությունն ու զարգացումը այս ընտրապայքարում իր գլխավոր այցեքարտը դարձրած իշխանությունները լավ կլիներ մտածեին այն հիմնական պատճառների մասին, որոնք դրդել են ընտրազանգվածի մի ստվար մասին դուրս գալ փողոցները եւ սատարել անփորձ մի անձնավորության: Ուրեմն, կամ այդքան շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան է տնտեսական աճն ու կայունությունը, կամ այս աճն ու այս կայունությունը քարոզչական պատրանք են:

Մարտի 5-ին ընտրությունների արդյունքները այս հարցերի պատասխանները, միեւնույնն է, չեն տալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter