HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արմանն անընդհատ մեզ ուժ է տալիս, ասում է՝ չմտածես, քայլելով տուն ենք գնալու». վիրավոր զինվորի հայր

Թալիշում վիրավորված զինծառայող Արման Լազգիյանին մայիսի 26-ին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել էին Գերմանիա՝ Համբուրգ, որտեղի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում սկսվել էր նրա բուժման նոր փուլը. հեռացվել են կերակրափողի ու շնչափողի խողովակները, Արմանն ինքնուրույն շնչում է, հաց է ուտում, վերջերս էլ սկսել է  խոսել։ Ընդհանուր կա բուժման դրական դինամիկա. երեկ առաջին անգամ սկսել են ֆիզիոթերապիայով զբաղվել: Սակայն հետագա բուժման համար անհրաժեշտ է մոտ 80 հազար եվրո, որը Արմանի ընտանիքը դեռևս չունի: 

Մինչ օրս Գերմանիայում Արմանի բուժման համար ծախսվել է 39 հազար եվրո, իսկ վերականգնողական բուժման համար ամսական մոտ 30 հազար եվրո է անհրաժեշտ:

«Նախապես գիտեի, որ 100-120 հազար եվրո է պահանջվելու,- ասում է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:- Բայց միշտ հուսով էի, որ էդքան չի պահանջվի, բայց Արմանի մոտ ամեն ինչ իրականում շատ բարդ և ծանր է»,- ասում է նա:

Արմանը չի բուժվում պետության հաշվին, բուժումն իրականացվում է առանձին անհատների և պաշտոնյաների օգնության հաշվին: Արմանը ներառված չէ զինծառայողներին՝ պետության հաշվին արտերկրում անվճար բուժվելու կառավարության ծրագրում: Ոչ մի զինծառայող մինչ օրս այդ ծրագրով չի մեկնել արտերկիր:

Այդ պատճառով Արմանի հայրը օրերս վերադարձել է, որպեսզի զբաղվի ֆինանսական նոր միջոցների հայթայթմամբ:

«Շատ են արդեն խոսում, որ պետությունն է աջակցում, հիմնադրամների անուններ են տալիս՝ «Գյուլբենկյան», «Թուֆենկյան»,- ասում է նա«- բայց ուզում եմ ասել, որ ըտենց բան գոյություն չունի: Դասակարգված որևէ օգնություն գոյություն չունի»,- ասում է Մ.Լազգիյանը:

Բացի այդ, հիփոթեքով գնված բնակարանը 14-րդ հարկում է, և Արմանի հենաշարժողական խնդիրների պատճառով այդտեղ բնակվելն այլևս հարմար չէ:

«Ուզում եմ վաճառել այդ բնակարանը, բայց  դեռ չի ստացվում,- ասում է Մ. Լազգիյանը:-Մտածում եմ  փոխանակել սեփական տան հետ (բնակարանը ՀԱԹ-ի Բ-1 թաղամասում է - հեղ.),  քանի որ եթե վաճառեմ, մի բան էլ բանկին եմ պարտք մնալու»:  

Արմանի ընտանիքին Գերմանիայում աջակցում են տեղի հայերը: Մ. Լազգիյանը պատմում է, որ մեկն իր օրվա աշխատած 20-30 եվրոն բերել է՝ Արմանին օգնելու համար:

«Ինձ անընդհատ հարցնում են՝ արժե՞ր Գերմանիա տանել, ես ասում եմ՝ միանշանակ արժեր»

Արմանի տրամադրությունն արդեն լավացել է: Հայրը պատմում է, որ Գերմանիայի «օդը եկել է Արմանի վրա», որովհետև շատ արագ սկսել է ապաքինվել. «Երկրորդ օրն արդեն թույլ տվեցին, որ ջուր խմի, 3-րդ օրը գաստերոսկոպիայով տեսան, որ 100%-ով վերքը փակ ա, արդեն սկսեցին թողել, որ կերակրեն: 5-րդ 6-րդ օրն էլ արհեստական շնչառության խողովակը հանեցին»,- պատմում է Մ. Լազգիյանը:

Բացվել են նաև ձայնալարերն ու Արմանը սկսել է խոսել և ինքնուրույն սնվել: Հիմա էլ պատրաստվում են վերքերը բուժել, որպեսզի ֆիզիոթերապիայի ժամանակ շարժումներ կատարելիս որևէ վնաս չլինի:


«Ինքն անընդհատ մեզ ուժ ա տալիս, ասում ա՝ չմտածես, քայլելով տուն ենք գնալու»: 

Արմանի հիմնական խնդիրները կապված են ողնաշարի, ողնուղեղի և պառկելախոցի հետ: Ողնաշարի և ողնուղեղի հետազոտություններից հետո միայն պարզ կլինի՝ վնասվածքներն ինչ աստիճանի են, ինչքան ժամանակահատվածում և ինչ աստիճանով հնարավոր կլինի վերականգնել:

Անշարժությունից Արմանի մոտ բարդացել է պառկելախոցը, հնարավոր է՝ նորից վիրահատեն:

Գերմանիայի բժիշկներն ասում են, որ Արմանի բուժումը մեծապես  կախված է նաև նրա օրգանիզիմից՝ ինչպես կընդունի դեղերը, մկանները որքան ժամանակահատվածում կկարողանան շարժել: Բայց դրա համար, թերևս,  ամիսներ են պետք:

«Ինձ անըդհատ հարցնում են՝ արժե՞ր Գերմանիա տանել, ես ասում եմ՝ մենակ էն, որ իրենց տեխնիկան հզոր ա, դեղերը հզոր են, միանշանակ արժեր: Եթե մինչև հիմա Երևանում լինեինք, կարծում եմ, Արմանը հաստատ ոչ ուտելու էր, ոչ խմելու էր, չգիտեմ ինչի, այդ համոզմունք ունեմ»,-ասում է Մ.Լազգիյանը: 

Ճիշտ չէ  հայրենիքը չափման միավոր դարձնելը

Տեսնելով, թե ինչ դժվարությունների միջով է անցել և անցնում իր արդին՝ Մ.Լազգիյանը ցավ է հայտնում, երբ հայրենիքի հողերից են խոսում ու այն  չափում միլիմետրերով և հեկտարներով, և ոչ ոք չի ասում՝ այդ երբվանից հայրենիքը դարձավ չափման միավոր:

«Ո՞նց եք կարողանալու դուք իմ երեխուն նայեք ու ասեք՝ գիտես ինչ կա, ձեր էդ արյուն թափած հողերը, որ դուք մի մետր հետ չեք գնացել, կամ պետք է մեռնեիք կամ հաղթեիք, դրանք անպիտան, անմշակ հողեր են: Արարատյան դաշտավայրում 88 հազար հեկտար գյուղնշանակության հողեր կան, որոնցից 50 հազար հեկտարը անմշակ, անմպիտան հողեր են, եկեք դա էլ մեկին տանք: Ճիշտ չէ հայրենիքը չափման միավոր դարձնելը»,- ասում է Մ. Լազգիյանը:

Արմանի  բուժման համար իր անունով  բանկում հաշիվ է բացված, որը կարելի է տեսնել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter