HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գետափում 10 տարի է` սպասում են մշակույթի տան քայքայված տանիքի հիմնանորոգմանը

Շիրակի մարզի Գետափ գյուղում դպրոցը միակ կառույցը չէ, որ աչքի առաջ քայքայվում է խոնավությունից: Անձրևներն այս տարի էլ ավելի են վատթարացրել առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տան շենքը: «Բազմիցս ենք դիմել կտուրի նորոգման համար,- ասում է Գետափ համայնքի համայնքապետ Գոռ Ստեփանյանը, - խնդրին տեղյակ են եղել նախկին երկու մարզպետները, եղել են խոստումներ հրատապ ծրագրում ընգրկվելու, բայց ինչ-ինչ պատճառներով չի եղել: Հիմա նոր մարզպետին էլ ենք տեղյակ պահել: Գյուղում երկու նման պրոբլեմատիկ շենք ունենք: Մեկը մշակույթի տունն է, մյուսը՝ դպրոցը»:

Դպրոցի խնդրին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: Ինչ վերաբերում է մշակույթի տանը, որտեղ տեղավորված են գյուղապետարանը, փոստի բաժանմունքը, գրադարանը եւ բուժկետը, կառուցված է 1974թ-ին: Երկհարկանի շենքի միայն առաջին հարկի սենյակներն են օգտագործվում, այդ թվում` նաև դահլիճը: Քայքայված տանիքից անձրեւների եւ ձյան հալոցքի ջրերի պարբերբար ներս թափանցումը սպառնում է շենքն ավերել նաեւ ներսից:

Մշակույթի տան դահլիճն ու հատակը

Կտուրի նորոգման համար անհրաժետ է 27 մլն դրամ: Համայնքապետն ասում է` եթե տանիքի համար կառավարությունը հիմա չտրամադրի գումար, ապա ոչ վաղ ապագայում հարկ կլինի մտածել նաեւ շենքի վերանորոգման մասին:

«Կտուրը նորոգելը հնարավորություն կտա շենքը փրկել խոնավությունից: Դահլիճի հատակն արդեն փտել է, որոշ տեղեր կարկատել ենք: Դե ափսոս է, ուզում ենք պահպանել, հիմա չեմ ասում, թե տարբեր խմբեր իրենց կոտորել են գյուղ գալով ու ասենք մենք դահլիճ չունենք, որ տրամադրենք: Ուղղակի դա գյուղի միակ սրահն է, որտեղ նշվում են դպրոցական տարբեր մեծ միջոցառումներ, քանի որ դպրոցը դահլիճ չունի, վերջին զանգ, գյուղական տարբեր միջոցառումներ: Շենքը բոլոր հատվածներում կաթում է, ինչքան հնարավոր է պայքարում ենք, բայց կարկատելով խնդիրը չենք կարողանում լուծել», - նկատում է համայնքապետ Գոռ Ստեփանյանը:

Համայնքային աղքատիք18 մլն դրամ բյուջեով (սեփական եկամուտները` 4 մլն դրամ, դոտացիան՝ 14 մլն դրամ) Գետափում կարողանում են միայն ոչ մեծ ծրագրեր իրականացնել: 11 մլն դրամը տրամադրվում է աշխատավարձի ֆոնդին, 1 մլն դրամը՝ հարակից ծախսերին եւ միայն 6 մլն դրամն է, որի շրջանակներում տարվա կտրվածքով համայնքապետարանը պիտի որոշի իրականացնել այս կամ այն ծրագիրը: Գյուղում որոշ աշխատանքներ իրակացվել են բարերարների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով:

«Եկեղեցին ենք նորոգել արտերկրում ապրող մեր հայրենակցի աջակցությամբ, «Վերջին օրերի սրբեր» բարեգործական կազմակերպության տրամադրած գումարներով խմելու ջրի ջրագծերը փոխեցինք՝ շուրջ 1,5 կմ, մեր ներդրումն էս ծրագրում եղել է աշխատուժը, սեփական միջոցներով կենտրոնական փողոցի լուսավորությունն ենք ավարտել, ընդհանուր հաշվով 25 կետ ենք տեղադրել, այս տարի 5 նոր կետի համար ծախսել ենք 340 հազար դրամ»,- նշում է համայնքապետը:

Համայնքի մասնակցությամբ որեւէ այլ ներդրումային ծրագիր անցած 4 տարիներին չի եղել:

Սեփական ուժերով հիմնանորոգել են գերեզմանատուն տանող ճանապարհը, օգնել են նաեւ Ռուսաստանում ապրող գետափցիները: Շիրակի մարզպետարանից այդ աշխատանքների համար, որպես օգնություն, ստացել են դիզվառելիք: Գյուղամիջյան փողոցներն հարթեցնում են` խճաքարի փոխարեն օգտագործելով տուֆի մնացորդներ: Ասում են` այդպես ավելի քիչ գումար է ծախսվում բյուջեից:

Աղբահանություն Գետափում իրականացվում է ամիսը մեկ անգամ: Համայնքային բյուջեից այդ նպատակով տարեկան տրամադրվում է 400 հազար դրամ:

Գյուղում աղբարկղներ չկան: Բնակիչները սովորաբար կենցաղային աղբը կուտակում են տան բակային հատվածում, ամսվա մեջ մեկ օր մեքենան պտտվում է գյուղում եւ աղբը հավաքում է: Համայնքապետն ասում է, որ սովորաբար նեխող աղբ գյուղերում չի լինում, քանի որ սննդի մնացորդները չեն թափում, տալիս են ընտանի կենդանիներին: Իսկ եթե որոշեն աղբամաններ տեղադրել, ապա ստիպված կլինեն նաեւ աղբատար մեքենա ձեռք բերել, որ իրենց սուղ բյուջեի պարագայում պարզապես անհնար է:

850 բնակիչ ունեցող Գետափում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ եւ անասնապահությամբ: Արտագնա աշխատանքի մեկնողներն էլ քիչ չեն, սեզոնին` 100-150  տղամարդ: Գյուղացիները դժգոհում են հիմնականում կաթը վերամշակող ձեռնարկությունների սահմանած ոչ կայուն գնացուցակից և մսի մթերման կետի բացակայությունից: Տարեսկզբին գյուղատնտեսության նախարարի հայտարարությունը, թե Գյումրիում սպանդանոց է բացվելու, որոշակի հույսեր է տալիս, սակայն էլի կասկածանքով են վերաբերվում. նման խոստումներ մի քանի տարի առաջ էլ են լսել:

Աշոտ Նիկոյանը համայնքապետարանի հաշվապահն է: Աշխատանքին զուգահեռ զբաղվում է այգեգործությամբ: Ասում է, որ Գետափի տանձը հայտնի է ողջ մարզում, Գյումրու շուկայում 1000 դրամից պակաս չի վաճառվում, բայց ինչպես միշտ առավել օգտվում են վերավաճառողները:

«Առավոտ լուսուդեմին, ժամը 5:30-ին, Գետափի հայտնի տանձն ու խնձորը կհասնի Գյումրու շուկայի վերավաճառողներին: Տալիս ենք 200-400 դրամով, իրենք վաճառում են 800-1000 դրամով: Թափած ու փչացած միրգն էլ կուդանք անասունին: Օրինակ` անցած տարի, մալադեց իմ կովերին, 2 տոնից ավելի տանձ ու խնձոր կերան, արդեն զզվել էին, կըսեին ըսիկ տարեք, ուրիշ բան բերեք», - կատակում է Աշոտ Նիկոյանը:

Գյուղում նաեւ ծիրան աճեցնողներ կան ու արդեն սեպտեմբերին հրաշալի բերք են ստանում, որ վաճառում են կգ-ը 1000 դրամով: Մտածում են գյուղում մրգի վերամշակման արտադրամաս ստեղծել, չորանոց, որ ամռանը թարմ միրգը վաճառելուց զատ կարողանան ձմռանն էլ չրեղեն ու մրգերից ստացած հյութեր, պահածոներ վաճառել: Ու այստեղ կրկին ներդրման հարցն է առաջ գալիս:

«1994թ-ին էր, հարեւան Անուշավանից մեկմ Եղեգնաձոր գտել էր մեկին, որ համաձայն էր միրգը ընդունել, եկավ մեզնից բերքը հավաքեց տարավ, մենակ 3 տոննա ես եմ տվել` ծառերի տակի թափած առողջ միրգը: Մեր գյուղից մենակ 40-50 տոննա տարավ,- պատմում է Աշոտ Նիկոյանը,- մեր տանձը առանց սառնարան շատ-շատ դիմանա մինչեւ նոյեմբեր, պիտի մեծ սառնարաններ ունենաս, որ պահես բերքը, ձմռանն էլ վաճառես: Լավ սեզոնին 3-4 տոննա բերք կստանանք մեր այգիներից»:

Անասնապահության հետ Գետափում մեծ հույսեր չեն կապում: Ասում են` եկամտաբեր չէ: Ամռանը կաթի գինն իջնում է մինչեւ 100 դրամ: Գյուղացիների հետ ձեռնարկությունները պայմանագիր չեն կնքում: Ամեն ինչ տեղի է ունենում բանավոր համաձայնության հիման վրա: Գյուղերում շրջում են նույն ձեռնարկությունների ներկայացուցիչներն իրենց մեքենաներով ու կաթը հավաքում:

«Կաթ հավաքողն ասում է լիտրը 120 դրամ է, ձեռք կուդա տվեք, չէ՝ չէ, էս գինն է: Ցուցակ է, մեջը գրած է կնոջս անունը՝ Դարբինյան Նունե, քանի լիտր կաթ է հանձնել առավոտը, հետո քանի լիտր` իրիկունը, կողքը` գումարը: Շրջիկ մեքենաներով կաթը հավաքում ու կենտրոնացնում են հարեւան գյուղում, հետո կտեղափոխեն կոնկրետ էն ձեռնարկություն, որի համար, որ կուտակվել է: Մրցակցությունը կաթը վերամշակող ձեռնարկությունների մեջ է, գինն էլ կամայական է, որովհետեւ գյուղացու հետ անհատապես պայմանագրեր չեն կնքե,- բացատրում է զրուցակիցս,- դրա համար էլ հիմի արդեն մենք մի քանի հարեւաններով էլ չենք հանձնե, իրար մեջ փոխ կուդանք, ամիսը մեկի մոտ կհավաքվի, մեր համար յուղ ու պանիր կսարքենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter