HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Նամակ Մոսկվայից. «Տոլկո պո զայավկամ»

Հայրս ՝ Ռաֆայել Իշխանյանը, միշտ չէր կարողանում Մոսկվայում հյուրանոցում տեղավորվել: Հիշում եմ` ասել էին, որ կաշառք պիտի տաս, ու մի անգամ էլ անձնագրի մեջ դրած տասանոցը տվել էր ադմինստրատորին, սա էլ ջղայնացած ոստիկան էր կանչել:

Այս նամակն էլ նրա մեկ այլ պատմությունն է Մոսկվայում:

Նամակը թվագրված չի, հայրս այն հավանաբար գրել է 1970-ականների վերջին, երբ սկսել էր զբաղվել հայոց հնագույն պատմության հարցերով: Նրանք ովքեր չեն տեսել Սովետը, այս նամակով կպատկերացնեն, թե ինչ էր Սովետում հյուրանոց տեղավորվելը, և ընդհանրապես Մոսկվան: Նամակի մեջ նրա ընկերը՝ Պողոս Պողոսյանը լեզվաբան էր, Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: Նրա մասին գիտեմ, որ շատ գրական էր խոսում՝ այս ու այն-ով, ու մեկ էլ էն ժամանակ լուրջ բանավեճ կար՝ հայերենը յո՞թ, թե՞ հինգ հոլով ունի, լեզվաբանները բաժանված էին երկու խմբի՝ հինգհոլովականներ, որոնց մեջ հայրս էր, և յոթհոլովականներ: Պողոս Պողոսյանը ութհոլովական էր:

 

Անգիններս

Ուզո՞ւմ եք իմանաք, թե ինչ ա Մոսկվան, ահա.

Հենց գնացքից իջա, նստեցի տաքսի ու ասացի՝ «վ գաստինիցու Ռոսիյա»: Կանգնեց աժդահա շենքի առաջ: Մտա: Մի հսկա սրահ, լիքը մարդ, ամեն կողմում հերթ: Ի՞նչ անեմ: Մոտեցա մուտքապահին.

-Կա՞կ մոժնո զդես ուստռոիցա:

- շտո՞ ուստռոիցա:

- վ գաստինիցե ուստռոիցա:

-Ա՜, ու նաս նելզյա: Տոլկո պո բրոնյամ: Ու վաս ե՞ստյ զայավկա:

-Նյետ:

-Նու, ու նաս տոլկո պա զայավկամ:

Առաջ որ Մոսկվա էի գալիս, հյուրանոցներում կամանդիրովոչնի էին հարցնում, իսկ հիմա նոր բաներ կան՝ բռնոնյա , զայավկա:

Մուտքապահին չլսեցի, գնացի հերթերից մեկի պոչին կանգնեցի: Մի կես ժամ կանգնած կլինեի, մեկ էլ տեսա դեպի ինձ ա գալիս Պողոս Պողոսի Պողոսյանը: Մոտեցավ ու քնքշորեն ժպտաց մինչև ականջները. Բարևեց, հետո թե՝

-Ո՞նց ես, այս ի՞նչ ես անում այստեղ:

Ես կարգին ուրախացա, նախ, որ ծանոթ մարդ տեսա էս անծանոթ օվկիանոսում, հետո մտածեցի, սա ինձ կօգնի, որ տեղավորվեմ, ու ասացի.

-Լավ չեմ:

-Ի՞նչ է եղել, այսօր ե՞ս եկել, ես մի օր է այստեղ եմ: ինչո՞ւ լավ չես: Այդ ի՞նչ է եղել:

Ես որոշեցի մի կերպ դիմանալ Պողոս Պողոսյանի այս ու այն-ին, է-ին էլ հետը, մենակ օգնի, որ տեղ ճարեմ:

-Տեղ չունեմ, դրա համար էլ լավ չեմ: Կարա՞ս մի բան անես:

-Ո՜չ, Ռաֆիկ ջան, այսօր ամբողջ օրը չարչարվել եմ, ոչինչ չի ստացվել: Այս անգամ անհաջող եղավ, այս տեսակ բան...

Թու՛, էսքան այս-եր որտեղից ա ճարում էս ՊՊ-ն:

-Բա ի՞նչ անենք:

-Այս հյուրանոցում հավանաբար ոչինչ չի ստացվի:

Պարզ էր, որ Պողոսից Պողոս Պետրոս դուրս չի գա:

Հերթս հասավ: Մի չաղ կնիկ ա նստած: Չգիտեմ, ո՞նց ասեմ, ի՞նչ ասեմ:

-Ըըմ, զնայետե...

-Չտո՞ վամ նադը:

-Ուստրոիցա...

-Զայավկա եստյ:

-Նետ:

-Նիչեվո նե բուդյետ: Նյե ժդյիտե: Սլեդույուշչիյ:

-Նո, զնայետե, յա...

-Նյե յա՞սնը սկազանը, նյե՛-բու՛-բուդյե՛տ, նապռասնը նյե ժդիտյե:

Բայց ես սպասեցի, էն էլ Պողոսի հետ: Սպասեցի չորս ժամ՝ մոտենալով-հեռանալով էդ չաղ կընգան, քծնաբար ժպտալով և այլն, բայց՝

-Յա վամ յասնը սկազալա, նյե բուձյետ:

ՊՊ-ի առաջարկով գնացինք կենտրոնից հետո ընկած հյուրանոցներ՝

Դռուժբա-

-Տուրիսծիչեսկիյե պուտյովկի ե՞ստյ:

-Նյետ:

-Նիչեվո նյե բուձյետ: Նյե ժդիտյե:

Ռեչնոյ վակզալ-

-Ու նաս վսյե մեստա զանիմայետ մինիստեռստվո սելսկոխազայստվեննովո աբառուդո....

Խիմիկի-

-Նյետ մեստով:

Յուժնայա-

-Նյետ նի ադնավո մեստա, ի նյե բուդյետ:

Կոլոս, Յարոսլավսկայա և այլք

-Ու նաս տոլյկը պազայավկամ, ի նյե ժձիծյե:

Նորից կենտրոն՝ Պեկին, Մինսկ և այլն:

-Տոլյկը պա բռոնյամ:

-Ու նաս կամանդիռովոչնըյե:

-Պա կամանդիռովոչնըմ ու նաս մեստա նյե դայուտսյա: Մապռասնը նյե ժձիծյե:

Ոչ մի տեղ էդ կամանդիռովոչնի-ն չանցավ: Կասկած չկա, մի քիչ ժամանակ անց էդ բռոնյան, զայավկան ու պուտյովկան էլ չեն անցնի, մի նոր բան կհնարեն:

Ժամը 1-ին նորից հասանք Ռասիյա: Էն չաղ կընգան մի ուրիշ չաղ կնիկ էր փոխել: Ծխախոտը դրեց բերնին: Էդ րոպեին ես մոտեցա, հերթ էլ չկար:

-Սպիչկի ե՞սծ:

Այ թարս բան, գոնե լուցկի լիներ մոտս, ՊՊ-ն էլ ծխող չի: Ծխախոտը վառեի տեղ կտար:

-Յա սիչաս նայդու,-քծնանքով ասացի ու ուզեցի գնամ, որ լուցկի ճարեմ: Բայց մի ուրիշը հասցրեց վառել:

-Սպասիբը:

Ու էդ վառողին էլ տեղ չտվեց: Լավ էր ես չվառեցի: Տոլյկը պա զայավկամ:

Մի քանի անգամ էլ «նյե ժձիտյե» լսելուց հետո, ժամը 3 անց կեսին, բազմոցի վրա մի ազատ տեղ նկատեցի, հրաշք էր ի՞նչ էր: Իսկույն նստեցի ու քնեցի: Սկզբից մի ուզբեկ զարթնացրեց, թե իմ տեղն ա: Չվեր կացա: Հետո մի միլիցա զարթնացրեց.

-Դակումենտի:

Ցույց տվեցի: Քնեցի մինչև 6-ը: Նույն միլիցան զարթնացրեց.

-Պռիվիդիտծե սյեբյա վ պառյադըկ:

Երևաց ՊՊ-ն:

-Այս գիշեր այսպես անցկացրինք, տեսնենք այսօր ի՞նչ կլինի: Այն աթոռի վրա էի քնել, հետո այդտեղից վեր կացրին, գնացի այն կողմը, այն սեղանի մոտ մի կերպ...

Մի խոսքով(մի խոսքով այ քեզ Մոսկվա), լուսացավ: Նորից մոտեցանք էս անգամ լղար, կյաժ կընգան, սա էլ քշեց.

-Նյետ ի նյե բուդյետ:

Հանդիպեցի Սվերդլովի փողոցի տղաներից մեկին, կերած-խմած, հագած-կապած, չաղ: Ճանաչեց: Բարևեցինք:

-Տեղ ունե՞ս,-հարցրի:

-Հա, ադինառնի:

Գիշերվա իմ դիտումներից նկատել էի, որ առանձին սենյակ ստանալը՝ նույնիսկ բռոնյաներով ու զայավկաներով անհնար բան է, բայց Սերոժը(կարծես անունը Սերոժ էր) ունի:

-Բա ո՞նց արեցիր,-հարցրի ես,-մի բան արա ես էլ ճարեմ:

Բայց Սերոժը զրույցը ավարտված էր համարել ու մի ուրիշ Սերոժի հետ գնաց, սկի ցտեսություն էլ չասեց:

Էլի մի քանի ծանոթ հանդիպեցի՝ մարքսիզմի դասախոս Սերգեյին, մի գրողի, գործակատար Սեդրակին, մինիստրության աշխատող Գարեին: Բոլորը տեղավորված՝ մեկը Կենտկոմի բռոնյայով, մեկը՝ գրողների միության զայավկայով, Սեդրակը ասեց՝ 25 ռուբլի տվի, Գարեն էլ թե՝ ծանոթ ա պետք, ծանոթ ունես, կտեղավորվես: Պատմաբան Գագիկ Սարգսյանին էլ տեսա:

-Ո՞նց տեղավորվեցիր:

-Ծանոթով:

Գնացի Սեդայի ասած ծանոթի մոտ:

-Շանյի Օսիպըվիչ,- ասացի ես քծնական ժպիտով,-ինձ Սեդան է ուղարկել, ասաց որ...

-Կակա՞յա Սեդա:

-Մելքումովի ծանոթը:

-Կա՞կ ֆամիլյա:

-Հակոբյան:

-Նյե զնայու:- Հետո հիշեց,-տա չտո վ դեցկըմ սադո՞ւ:

-Դա, դա, դա, դա...

-Նու չտո ուստրոիտյ վաս վ Ռասիի յա նյե մագու, տո յեսծյ մոյ զնակոմիյ նյե մոժետ:

Ռաֆայել Իշխանյանը Սոչիում. 30 հունվարի, 1978թ. 

Վերջը գնացի էլի ծայրամաս՝ ВДНХ կամ ինչպես Պողոսն ա ասում՝ վեէնդեխա: Մի երեք տեղ էլ լսեցինք տոլյկը պա զայավկամ, պա կամանդիռովըչնըմ մեստա նյե դայուցա, նյե ժձիծյե: Մի խմած մուտքապահ խոստացավ մի հավաքարարի մոտ տեղավորի, եթե իրեն մի օղու շշի փող տանք: Գնացինք: Հավաքարարին ոչ մի տեղ չգտավ: Ետ եկանք գասծինիցա Յառոսլավսկայա, կոռպուս տռետիյ: Էդտեղի նեժձիծեն մի շեկ, չար կնիկ էր, երեսից ժանգ էր թափվում: Մի հինգ անգամ կոպտեց, դուռը ցույց տվեց: Դիմացանք: Հետո ոնց եղավ, տաս ռուբլիանոցի մանր պետք եղավ: ՊՊ-ն արագ ձեռքը տարավ գրպանը, շտապ հանեց(որ հանկարծ էդ ծառայությունը մի ուրիշը չանի, իսկ սպասողներ լիքն են), հաշվեց՝ ինը ռուբլի էր: Իսկույն մի ռուբլի հասցրի, և շեկ կնիկը տասնոցը մանրեց:

-Ա մեստը բուձյետ,-հարցրի ես:

Դեմքին ժպտի կայծ երևաց: Դրանից էլ բռնեցինք: Թե բա ամբողջ գիշեր դուրսն ենք եղել, չգիտեինք, որ կամանդիռովըչնին չի անցնում, որ ես կարծում էի, թե ինքը ժպտալ չգիտի, բայց լավ ժպիտ ունի և նման ախմախություններ:

Վերջը ժամը 2-ին տեղավորվեցինք: Պարզվեց, որ պետք է 10 ռուբլի կաշառք տայինք, իսկ էդ Պողոսը ընդամենը 4 ռուբլի ավել տվեց, դրա համար էլ ընկանք արտաքնոցի մոտ, չորսհոգանոց մի սենյակ: Մի կենողն էլ հեռակայող ա, ամբողջ օրը սենյակում նստած դաս ա սովորում՝ օդը ծանր, զզվելի: Քնում ա գիշերվա մեկին: Մնացած ամեն ինչը լավ ա:

Առավոտը ժ. 7-ին վեր ենք կենում ես ու Պողոսը, հագնվում, լվացվում, թրաշվում, զխտվում, վազում... ո՞ւր՝ Լենինի անվան գրադարան... որ ի՞նչ անենք՝ կարդանք...ի՞նչ կարդանք, միայն ախմախ բաներ: Ես, օրինակ, կարդում եմ Դարեհ Վշտասպ առաջինի արձանագրությունը 2500 տարի առաջ գրված 3 լեզվով: Մի ահավոր տխմարություն: Ու էդ տխամրությամբ պիտի ապացուցեմ, որ ուրարտը հայն է... թքած թե ուրարտը հայն է, թե թուրքը: Բայց արի տե՛ս, գիտություն կա, բան կա, ու բոլորը լուրջ տեսք ընդունած առավոտ գիշերով գալիս են հսկա գրադարանի մոտ մի հսկա հերթ կանգնում, որ ներս մտնեն, հետո հերթ կանգնում, որ վերարկուները հանեն, հետո՝ որ գիրք պատվիրեն, հետո՝ որ տեղ բռնեն, հետո՝ որ գիրք ստանան, հետո, որ ուտեն, հետո որ ք...ն: Արդյունքը լինում է գիտության զարգացումը: Դե դա, իհարկե, կարևոր բան ա, շատ կարևոր, եթե գիտությունը չլներ էսքան մարդը ինչո՞վ պիտի զբաղվեր: Դարեհ Վշտասպի արձանագրությամբ ահագին մարդիկ են զբաղվել, գրքեր գրել, վիճել ու հիմա էլ զբաղվում են, ու լուրջ են զբաղվում՝ հերթ կանգնելով, ուտելով և այլն: Իհարկե, բոլորը էդ ապուշ արձանագրությամբ չեն զբաղվում, օրինակ Պողոսը կարդում է Քվինտիլիսնոսի 12 հատորանոց աշխատությունը հռետորական արվեստի մասին ու ասում է.

-Հանճարեղ գործ է, հրաշալի է այս այնը, այսօրվա այնպիսի այդով...

Խանութնե՜րը:

Հերթ, հերթ, հերթ: Սա կաստյումչիկի հերթ ա, սա՝ նարինջի, սա սրբիչի, սա «վեչեռնայա Մոսկվա»-յի, սա տապըչկայի, սա «իմպըռտնիյե կուռտկի», ա էտը՝ իմպըռտնըյե դուխի... Զա չե՞մ օչերեձ.

-Կա՞կ զաչեմ, կամու չտո նադը:

-Նու, զա կալբասոյ, զա մասլըմ, զա յայցամի...

Լավ զզվեցի (միայն գրադարանում 3 ու կես ժամ հերթ կանգնեցի), երեկոյան կոկորդս ցավեց, սկսեցի քրտնել, պռոշս դուրս տվեց... Մյուս օրը գնացի դեղատուն.

-Տետռացիկլինի ե՞սծ:

-Սոռըկշեսծ կապեյեկ:

Դեղատան մեջ հաստ օձի պես օլոր-մոլոր մի հսկա հերթ էր կանգնած: Կանգնեցի: Ուզեցի ալբուցիտ էլ առնեմ.

-Աձինցծյ կապեյեկ:

Բայց էս հերթը մյուսի երկու չափը կունենար: Փախա: Մտա ԳՈՒՄ:

-Նայլոնովիյե զանավեսկի ե՞սծ:

-Նյետ:

-Գոլլանդսկիյե իլի ֆռանցուզսկիյե մածեռյալը դլյա ժենսկըվը պլածյա ե՞սծյ:

-Նյետու:

-Մագնիտաֆոննայա լենտա ե՞սծյ:

-Նյետու:

-Ջինս ե՞սծյ:

-Նյետու:

-Բելըյե բասանոշկի, ժենսկիյե ե՞սծյ:

-Նյետու:

-Բումագա պիսչայա եսծյ:

-Նյետ:

-Պոպոքջարդիչ եսծյ:

-Նյետու:

-60 համարի լավ գլխարկ եսծյ:

--նյետ:

-Զահրումար եսծյ:

-նյետ... Ա չտո տակոյե էտը:

-էտը չոռ քեզ:

-Չո՞ռտ:

Փոստում հեռախոսի հերթ, ժամուկես կանգնեցի, վերջը մի կերպ միացրի, ոչ ոք հեռախոսը չվերցրեց: Հետո հեռագրի համար հերթ, բայց փոքր:

Շախմատի գրքերն ուղարկեցի: Գումում շատ թափառելուց հետո որոշեցի կոշիկ առնեմ: Ընչի՞ս էր պետք, չգիտեմ: Առա: Հա՛, հիշեցի, ինչի առա Յաշկա Չուբարն ու Լիդան հա ասում են տաք կոշիկների մասին, թե՝ քեզ (այսինքն ինձ) պետք են և այլն: Դրա համար էլ առա: Հագա: Ու նոր հասկացա, որ կարելի էր չառնել, մանավանդ, որ սղմում են:

 Մի խոսքով, չհասկացա, թե մարդիկ ինչի են խելքները թռցնում էս Մոսկվայի համար: Շատ ախմախ տեղ ա՝ վազում, վազում, ուտում, ուտում, հերթ կանգնում, հերթ կանգնում (յա զա վամի բուդու), էլի վազում՝ մետրո, մետրո... պերեխոդ նա կլյցեվույու, պերեխոդ նա ստանցյու կամսամոլյսկայա, հետո էլի վազում, էլի ուտում, էլի ք...ում... որ ի՞նչ: Դրա համար անպայման Մոսկվա՞ յա պետք:

Լավն էն ա, որ կա՝ թուզ, արմավ, ծիրանի չիր (լավը), ընկույզ, նաև նարինջ (թեկուզ հերթով): Լավ էր նաև «Վիշնյովի սադ»-ը Մխատ-ում, գլխավոր դերում Տարասովան էր, իրոք լավ էր, զգացմունքով: Մեր թատրոնը շատ խղճուկ թվաց, չափազանց, ինչպես և մենք՝ հայերս, առհասարակ:

Էսօր էլ գնացի Սեզանի, Ռենուարի և այլոց ցուցահանդեսը տեսնեմ, բայց էն տեսակ հերթ էր, որ սարսափեցի ու փախա: Հիմա էլ 11 անց կես ա վրացի ուսանողը դաս ա սովորում, ակնոցավոր ռուսը թերթ ա կարդում, Պ-ն էլ Քվինտիլիսնոսից հետո գուլպաներն ա լվանում: Ես էլ ձեզ պաչիկներ եմ ուղարկում: 

Գլխավոր լուսանկարում՝  Ռաֆայել Իշխանյանը կնոջ՝ բյուրակն Անդրեասյանի հետ: 1960-ականներ: (Լուս.՝ Իշխանյանի ընտանեկան արխիվից:

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
Շատ հրաշալի է գրված։ Եվ հումոր կա, մի լավ ծիծաղեցի։ Եվ իրական է։ Լեզվական ռումով էլ հետաքրքիր է։
Ծովինար Չիլինգարյան
:D
Qam
Հարգելի հեղինակի մոտ մեջբերումներն շատ ավելի լավ են ստացվում քան սեփական մտքերի շարադրումը` այն ել քաղաքական թեմաներով: տակ դեռժատ դոռոգոյ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter