HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար բուժօգնություն և սպասարկում է առաջարկում ամենաէժան և անորակ դեղերով

«Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի ասելով` մի քանի տարի առաջ կատարված հիմնանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո կենտրոնում աճել է պետպատվերով բուժվող հիվանդների թիվը։ Ավելացել է նաև պետպատվերի գնային ծավալը՝ 2015թ.-ին այն կազմել է 342,5 մլն դրամ, իսկ 2016թ.-ին՝ 22 մլն-ով ավելի՝ 364,9 մլն դրամ:

Ս.Մոսինյանի տված տեղեկանքի համաձայն ԲՀԿ-ում 2015թ.-ին պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում ստանալու  իրենց իրավունքից օգտվել են ՀՀ կառավարության N318-Ն  որոշումով սահմանված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված 350 քաղաքացիներ: Մեզ տրված գրությանը կցված ցուցակում նրանք 312 էին: Ներկայացված ցուցակներում պետպատվերով անվճար բուժօգնություն ստացողիների գերակշիռ մասը հաշմանդամներ էին: Պետբյուջեի  30,6 մլն դրամով 2015թ.-ին հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն և սպասարկում են ստացել 252 հաշմանդամներ և ընդամենը 32 աղքատության նպաստառուներ: Այս անհավասարաչափությունը շարունակվում է նաև 2016թ.-ին: Մայիսի 30-ի դրությամբ հիվանդանոցային անվճար բուժօգնություն են ստացել 18 նպաստառուներ և 147 հաշմանդամներ:

«Հարցի կանոնակարգման հետ կապված մենք բազմիցս առողջապահության նախարարության հետ քննարկումներ ենք ունեցել: Առաջարկել ենք աղքատության գնահատման համակարգում չգրանցված հաշմանդամների նկատմամբ կիրառել համավճարի սկզբունք»,-ասում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Ստեփան Մոսինյանի ասելով՝ ԲՀԿ-ի սոցիալական անապահովության ծրագրում այս պահին որոշակի դեֆիցիտ է առաջացել. «Հաշվի առնելով, որ սոցիալական անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները անհետաձգելի իրավիճակների դեպքում ազատվում են նաև համավճարներից՝ 2016թ.-ին պետբյուջեից հատկացված 33 մլն դրամը չի բավարարում ժամանակակից դեղամիջոցների ապահովման և բուժող բժիշկների աշխատավարձի մասնաբաժինը հաշվարկելու համար»,- ասում է նա:

ԲՀկ-ում, Ս. Մոսինյանի ներկայացնելով, լեղապարկի վիրահատության համար պետպատվերով նախատեսված 115 հազար դրամի 55 տոկոսը վճարվում է վիրահատող բժիշկների աշխատավարձ: Այսուհանդերձ նա վստահեցնում է, որ իր ղեկավարած բժշկական կենտրոնը 100 տոկոսով ապահովվում է պետպատվերով հիվանդանոցային բուժում ստացող հիվանդների դեղորայքը և ապահովված է նախատեսված լաբորատոր –գործիքային  սարքավորումներով:

ԲՀԿ-ում հիվանդանոցային անվճար բուժում ստացող հիվանդները, սակայն նկատում են, որ պետպատվերի դեպքում դեղերը բարձրորակ չեն. «Շունչս կտրվում էր, սրտիս կլապանն էր հիվանդ: Մեր գյուղի՝ Շնողի բժշկուհին ինձ ուղարկեց Ալավերդու հիվանդանոց: Ես երեխի բանակի թղթով հիվանդանոցում պառկեցի: Շատ գոհ եմ բժշկուհի Հ. Մարանյանի հոգատարությունից: Հա, սիստեմաներ են միացրել, բայց դժգոհ էի: Մթոմ ինչ դեղորայք էին սրսկում, երկու ասեղ սրսկում են անում:  Չեն ասում մնացած դեղերը չկա, բայց չեն սրսկում, չեն բուժում: Բժշկուհի Մարանյանն ասաց՝քո սրտի կլապաններն են հիվանդ, պետք է գնաս Երևանում վիրահատվես: Երևանում որպես նպաստառու սրտաբանական հիվանդանոցում եմ բուժվել: Այստեղ ավելի լավ էին բուժում: Ալավերդու հիվանդանոցում սրտիս կլապանը էխոկարդիոգրաֆիայով հետազոտվելու համար 7 հազար դրամ մուծեցի»,- պատմեց Վեներա Գալինյանը: Վեներայի  7 անձից բաղկացած ընտանիքը ապրում է  17 հազար դրամ նպաստով և 19 հազար դրամ թոշակով: Բժշկուհին հիվանդին բացատրել է, որ էխոկարդիոգրաֆիան իր դեպքում անվճար է:

«Ասացի, չէ, բժշկուհի ջան, կարող է էխոկարդիոգրաֆիայի բժշկուհի Քնարիկ Խաչատրյանը նեղանա: Ամուսինս պարտքով փող ճարեց, տարա հիվանդանոցի հաշվապահությունում 7 հազար դրամ մուծեցի»,-պատմեց Վեներան:

«Պետպատվերով ստացիոնար բուժման ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն առաջանում է,  չի եղել էտենց դեպք, որ էխոկարդիոգրաֆիայով հետազոտության կարիք ունեցող հիվանդը գումար վճարած լինի: Մինչև հիվանդը, բժիշկը, հիվանդի իստորիան չլինի, ես Ձեր հարցերին չեմ պատասխանի:  Ստացիոնար բուժվող հիվանդին բացառվում է էխոկարդիոգրաֆիայի վճարում»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Սպասում էի, որ տնօրենը իմ ներկայությամբ ԲՀԿ-ի հաշվապահությունից կպարզի, թե այդ դեպքում ինչու  է էխոկարդիոգրաֆիայի հետազոտության արտոնություն ունեցող հիվանդից գանձվել 7 հազար դրամը: Դա տնօրենը չարեց: «Ալավերդու ԲՀԿ-ի էխոկարդիոգրաֆիայի սարքավորումը պետպատվերի իրավունք չունի: Այդ սարքավորման պետական պատվեր կարող է տեղադրված լինել մարզի այլ բժշկական հաստատություններում, որի ցանկը մեզ մոտ կա:  Անհրաժեշտության դեպքում ուղեգրում են քաղաքացուն, որպեսզի, ասենք գա Վանաձորում անցնի էխոկարդիոգրաֆիա՝պետական պատվերով: Քաղաքացին հրաժարվում է՝ ճանապարհածախսից և այլ քաշքշուկներից ելնելով: Գերադասում է Ալավերդիում վճարովի անցնել էխոկարդիոգրաֆիայի հետազոտություն»,- բացատրեց Սամվել Լամբարյանը: Սրտային ծանր հիվանդ և սոցիալապես ծայրահեղ աղքատ  Վեներա Գալինյանը  Վանաձորում անվճար էխոկարդիոգրաֆիայի հետազոտության ենթարկվելու համար Շնողից ավտոբուսով չէր կարող մեկնել Վանաձոր, իսկ տաքսիին նա պետք է վճարեր 10 հազար դրամ:  Ալավերդու բնակչուհի Լուիզա Ռեսթևանյանը հիվանդ է սրտանոթային անբավարարություն, շողացող առիթմիա, տախիկարդիա, սրտի ռևմատիկ արատ հիվանդություններով: «Այս պահին երկու երիկամիս վրա էլ ուռուցք ունեմ»,- ասաց նա: Լ.Ռեսթևանյանը 2015թ.-ի և  2016թ.-ի մարտ ամսիներին 7-օրյա ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում. «Իմ վիճակի մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Իմ բոլոր դեղորայքը իրենք են տվել: Չնայած հիվանդանոցից դուրս գալուց հետո նորից ինձ վատ էի զգում, բայց դե խրոնիկ հիվանդ եմ, ես դրա մեղքը ոչ մեկի վրա չեմ գցում»,- ասաց Լ. Ռեսթևանյանը: Վերջինիս ասելով՝ ԲՀԿ-ի էխոկարդիոգրաֆիայի բժշկուհի Քնարիկ Խաչատրյանը իրենառաջարկել է 7 հազարդրամով անցնել էխոկարդիոգրաֆիայի ստուգման: «Ես հրաժարվելեմ»,- հայտնեց տիկին Լուիզան:Շնող գյուղի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ Վանիկ Խառատյանը 2015թ.-ի  դեկտեմբերի 1-ին ԲՀԿ-ում ենթարկվել է ճողվածքի վիրահատության.«Օպերացիայի համար 30 հազար դրամ եմ մուծել՝գրիժայի սետկայի փող: Չեմ հիշում փողը տվել եմ իրենց, թե ես եմ դեղատնից առել: Այսուհանդերձ Վանիկը հիշեց. «Նախապես, երբ բժշկի հետ խոսեցի, բժիշկն ասաց՝ուզում ես սետկան մենք տանք, ուզում ես դուբեր»,- պատմեց Վանիկը: «Եթե մենք մեր հիվանդանոցային դեղատնային ցանցում տվյալ պրեպարատը կամ բուժպարագան չենք ունենում, օրենքը թույլ է տալիս հիվանդի դիմումի համաձայն ինքը դրսից գնի, բերի: Դա գրանցվում է հիվանդի կողմից, որ որպես ծախս ցույց չտանք,- բացատրեց Ս. Մոսինյանը և հավելեց,- Նորից եմ ասում, դա կարող է եզակի՝ 1-2 դեպք լինել: Ալավերդու բժշկական կենտրոնը իր պետպատվերով ստացիոնար բուժվող հիվանդներին կարելի է ասել 100 տոկոսով ապահովում է»,- ասացՍ. Մոսինյանը: Ալավերդու Էնգելս թաղամասի 4-րդ շենքի բնակչուհի Մանուշ Հակոբյանը որպես նպաստառու 2015թ.-ին լեղապարկի պետպատվերով վիրահատության է ենթարկվել  հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում. «Կարծեմ 180 հազար դրամ  է ծախսվել իմ վիրահատության համար: Դրանից միայն մեկ մուծում եմ արել,  հանված  լեղապարկս հետազոտության ուղարկելու համար 6 հազար դրամ եմ մուծել»,- հայտնեց Մանուշը: Ստեփան Մոսինյանի ասելով ԲՀԿ-ի ամբուլատոր և ստացիոնար մասում գործում է հիվանդների բուժման որակին հետևող հանձնաժողով: Նա գովեց  հանձնաժողովին, ասաց, որ ունեն բավականին վերլուծված հիվանդություններ, չմոռացավ նշել, որ նմանատիպ վերլուծություներ են իրականացվել նաև Լոռու մարզպետարանում և առողջապահության նախարարությունում: Հիվանդանոցային անվճար բուժօգնություն ստացող  հիվանդների բուժման որակի վերլուծության որևէ դեպք Ս.Մոսինյանը մեզ չներկայացրեց: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Ս.  Լամբարյանն էլ  հայտնեց, որ 2016թ.-ին մարզպետարանում Ալավերդու ԲՀԿ-ից հիվանդության մասնագիտական մեկ  վերլուծություն է կատարվել, 2015թ.-ին կատարվել են  պետպատվերով բուժվող հիվանդների բուժման մի քանի վերլուծություններ, որոնց արձանագրությունները, սակայն  չեն պահպանվում: «Իմ կարծիքով մարզում որակի հանձնաժողովները իրենց արդյունավետությունը բարձրացնելու շատ տեղ ունեն»,- ասաց Ս. Լամբարյանը:

Ստեփան Մոսինյանի ասելով պետպատվերով ստացիոնար բուժվող հիվանդների դեղերը իրենք են գնում: Պատասխանելով մեր հարցին տնօրենը հայտնեց. «Դեղորայքի որակի կանտրոլ ոչ մեկս իվիճակի չենք անելու»: Սամվել Լամբարյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ պետության հատկացված փողերով հիվանդանոցային բուժում ստացող սոցիալապես անապահով  հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար գնման միջոցով ձեռք է բերվում ամենաէժան և անորակ դեղորայքը. «Օրենքը մեզ ցուցում է տալիս, որ գնման գործընթացում մենք պետք է գնենք ամենաէժան դեղը»,- ասաց  Ս. Լամբարյանը: Ավելի ցածրորակ ունեցող դեղորայքը լինում է ավելի էժան, իսկ ավելի բարձր և առավել հայտնի ֆիրմաների արտադրանք դեղորայքը լինում է ավելի թանկ: «Մենք առնում ենք ամենաէժանը և անորակը: Էստեղ դեղորայքի որակի վերահսկողության հետ կապված պետք է առողջապահության նախարարությունը մի փոքր ուսումնասիրություն կատարի, ավելի հետևողական գտնվի իրեն կողմից լիցենզիա տրվող կազմակերպությունների նկատմամբ: Մենք էժան դեղորայք գնելով՝բուժման որակ չենք կարողանում ապահովել»,-ասաց Սամվել Լամբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter