HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանը` կոկաինի տարանցիկ երկիր. լեհ դատապարտյալը ներկայացրել է ձախողված թմրաբիզնեսի մանրամասները

Հայաստան շուրջ 13 կգ կոկաին ներկրած և «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, ազգությամբ լեհ Ռաֆալ Զելբերտը առաջին ատյանի դատավճռով ազատազրկվել է 15 տարի ժամկետով: Ըստ դատական գործի` իրեղեն ապացույց ճանաչված և ոչնչացման ենթակա կոկաինը Զելբերտը ձեռք էր բերել Բրազիլիայից 18 հազար դոլարի դիմաց և վաճառելու նպատակով ցանկանում էր տեղափոխել եվրոպական երկրներ։

Ռաֆալ Զելբերտը Հայաստանում կալանքի մեջ է 2015թ. նոյեմբերից: Հիշեցնենք`  Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալեցին նրան` Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափի` շուրջ 13 կգ կոկաին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու համար:

Գործի նախաքննությունը վարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: Դատաքննության ընթացքում 31-ամյա Ռաֆալ Զելբերտը իրեն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում (ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ): Առաջին ատյանի դատարանի` 15 տարվա ազատազրկման դատավճիռը չի բողոքարկվել:

Ինտերպոլ.  Զելբերտը թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող լեհական-նիգերիական կազմակերպության անդամ է

Գործով ապացույց են ճանաչվել «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի պետի երկու գրություններ: Դրանցով հաստատվել է, որ Ռ. Զելբերտը հանդիսացել է թմրանյութերի ապօրինի շրջանառությմաբ զբաղվող լեհական-նիգերիական կազմակերպության անդամ, որը գործունեություն է իրականցրել եվրոպական մի շարք երկրներում:

Ինտերպոլը տեղեկացրել է, որ 2011թ.-ին Զելբերտը ձերբակալվել է Մալթայում` Նիդեռլանդներից մոտ 400 գրամ «կոկաին» ներկրելու համար, և քրեական այս գործի շրջանակներում ազատազրկվել է չորս տարի վեց ամիս ժամկետով:

«Հետքը» գրել էր Ռաֆալ Զելբերտի` Մալթայում ունեցած քրեական պատմության մասին: Մալթայի դատական ակտերի ռեգիստրի տվյալներով` նա ազատազրկման էր դատապարտվել ոչ միայն կոկաինի ներկրման, այլև «դիազեպամ» տեսակի թմրանյութ պահելու մեղադրանքով: Զելբերտը Մալթայում բողոքարկել էր երկրի գլխավոր դատախազի` իր գործին վերաբերող որոշումն այն մասին, թե որ դատարանում այն պետք է քննվի, և ինչ պատիժ պետք է առաջադրվի: Նա դիմում-բողոքում նշել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը: Մալթայի սահմանադրական դատարանը բավարարել է նրա դիմումը: Իրավունքների համար պայքարի նույն ակտիվությունը չի նկատվում Հայաստանում` արդեն խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության քրեական գործի շրջանակներում: Զելբերտի փաստաբան, հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նա ինքը չի ցանկացել բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը:

Կոկաինը կիլոգրամը պետք է գնվեր Բրազիլիայից 1000-2000 ԱՄՆ դոլարով, և վաճառվեր Եվրոպայում 35000-60000 եվրոյով

Զելբերտն իր ցուցմունքում նշել է, որ 2015 թվականին` Հոլանդիայում բնակվելու ընթացքում, ազգությամբ բրազիլացի ընկերոջից` Էմիլիո Պերեսից, տեղեկացել է, որ Բրազիլիայում բարձր որակի «կոկաին» տեսակի թմրամիջոցի 1 կիլոգրամի արժեքը 2000 ԱՄՆ դոլար է, իսկ ցածր որակինը` 1000 ԱՄՆ դոլար: Քանի որ Հոլանդիայում «կոկաինի» մեկ կիլոգրամն արժեր 35000-60000 եվրո, որոշել է մեկնել Բրազիլիա և իր հետ «կոկաին» տեղափոխել Հոլանդիա:

Ինչո՞ւ հենց Երևանով: Ցուցմունքում Զելբերտը պարզապես նշել է, որ «այդպես ավելի հարմար էր»: Պարզվում է նաև, որ ձերբակալության օրը Զելբերտն առաջին անգամ չէր ժամանում Երևան: Իր հիշելով` մայիս ամսին Բրազիլիայից ժամանել էր Երևան, օդանավակայանից դուրս եկել, ծխել ու հետո միանգամից գնել էր Երևան-Կիև-Պրահա չվերթի տոմս ու մոտ 2 ժամ հետո մեկնել է: Չի բացատրում, թե ինչն է եղել Երևանից անմիջապես Պրահա մեկնելու պատճառը:

Օգոստոս ամսին մեկնել է Բրազիլիա: Էմիլիո Պերեսի ծանոթներից ոմն Էնրիկեն իրեն բերել է 13 կգ բարձր որակի «կոկաին», որի դիմաց ինքը վճարել է 18000 ԱՄՆ դոլար: Դրանից հետո Զելբերտը Հայաստան է ժամանել Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթով: Կոկաինը հաջող անցել է Սան Պաուլոն և Դուբայը:  Ռաֆալ  Զելբերտն  իր ցուցմունքում մանրամասնում է, որ Սան Պաուլոյում և Դուբայում իր ուղեբեռի հետ որևէ խնդիր չի եղել, խոչընդոտները առաջացել են միայն Երևանում: Կոկաինը, ըստ ցուցմունքի, Երևանը շրջանցելու դեպքում պետք է հասներ Հոլանդիա, Դանիա և Նորվեգիա և վաճառվեր կգ-ն` նշված արժեքով:

Գործով վկա, «Վենեցիա պլազա» հյուրանոցի մենեջեր-ադմինիստարտոր Սվետլանա Նավասարդյանն ասել է, որ Զելբերտը հյուրանոցային սենյակի ամրագրումը կատարվել  է booking.com կայքի միջոցով, Ռաֆալ Զելբերտին հյուրանոց չեն զանգել և հարցրել, նրա հետևից մարդ չի եկել: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը, համաձայն դատավճռի, Ռաֆալ Զելբերտը պետք է կրի Հայաստանում` արդարադատության նախարարության քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

Թե այժմ կոնկրետ որտեղ է Զելբերտը կրում պատիժը, փաստաբան Կարինե Խաչատրյանն ասաց` տեղյակ չէ: Դատաքննության փուլում, ըստ նրա,  Զելբերտը ԱԱԾ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ավարտից հետո չի հետաքրքրվել` նրան ուր են տեղափոխել, կամ արդյոք տեղափոխել են, որովհետև նշում է` դա արդեն իր գործառույթների մեջ չէր մտնում: Փաստաբանի խոսքով` Ռաֆալ Զելբերտը Հայաստանում ոչ ոք չունի:

Այս ընթացքում Զելբերտի գործով անընդհատ հետաքրքվում էր բարզիլուհի Մալիկա Աբուսենան: Նա Զելբերտի հետ ծանոթացել է Բրազիլիայում: Երբ Մալիկային տեղեկացրի դատավճռի մասին, նա գրառում կատարեց ուղղված Զելբերտին` հրապարակման նպատակով: Ներկայացնում ենք թարգմանությունը` առանց բովանդակային փոփոխության.

«Եթե ես նորից կարողանայի դեմառդեմ խոսել քեզ հետ… Այնքան տխուր է պատկերացնելը, որ այդ բոլոր տարիները դու անցկացնելու ես բանտում:

Նայիր քեզ. դու խոսում ես ավելի քան երեք լեզուներով, Եվրոպայի քաղաքացիություն ունես, բարետես, երիտասարդ տղամարդ ես, որ այնքան շատ հնարավորություններ ունի լավ կյանք ունենալու համար, ինչո՞ւ ես կործանում կյանքդ:

Գիտեմ, որ դու աթեիստ ես, բայց հավատա ինձ, Աստված գոյություն ունի և նա ուզում է, որ դու զղջաս և դառնաս նոր մարդ, որովհետև այն, ինչ դու անում ես, ոչ միայն հանցագործություն է, այլև մեղք` Աստծո դեմ:

Նա միշտ տալիս է նոր օր, հնարավորություն` նոր կյանք ունենալու ու ամեն ինչ վերսկսելու համար: Ես քո կողքին եմ ու երբեք չեմ թողնելու քեզ, և հենց հնարավոր լինի` կգամ Հայաստան այցելելու քեզ: Մալիկա Աբուսենա, 26 տարեկան, Լրագրության ֆակուլտետի ուսանող, Ռաֆալ Զելբերտի հարսնացու»:

Առաջին լուսանկարում` Ռաֆալ Զելբերտը` աջից

 

Մեկնաբանություններ (3)

James Barcelona
I'm writing in 2023. I'm not sure why he thought it was easy. I was recently in Yerevan and couldn't get a titanium spoon nor an over-sized toothpaste tube through security.
Aram
Armenian jails are civilized jails. He'll have a better time serving sentence in Armen jail, than anywhere else. The government should ship him to Poland to serve sentence there.
minas
Stupid of him to think that it will be easy to smuggle it through Yerevan. The airport in Yerevan is small and has only 1 or 2 flights an hour so the staff have ample time to check every one. Why not go directly from Dubai to your European destination? Anyway, I hope there is some sort of extradition agreement between Armenia and Poland and this will be his last attempt.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter