HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կենտրոնի թաղապետարանի բուրժուական հաճույքները. բաժնի պետերին կնախանձեր անգամ Լոնդոնի քաղաքապետը

Գագիկ Աղբալյան

Մայիսի 27-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ասել էր, որ քաղաքապետարանը կրճատել է 26 ծառայողական ավտոմեքենա, որոնք սարքին և շահագործվող մեքենաներ են, սպասարկում են պաշտոնատար անձանց և ՓԲԸ-ների:

«Քաղաքապետարանում մշտապես ուշադրության կենտրոնում է եղել բյուջետային միջոցների խնայողությունը: Դա բխում է և համայնքի շահերից, և բյուջեի շահերից: Մեքենաները սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում են պաշտոնատար անձանց, ՓԲԸ-ների»,- նշել էր Երևանի փոխքաղաքապետը:

 Թանկարժեք, անսարք ու չսպասարկվող

«Հետքը» գրավոր հարցման միջոցով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել է տեղեկանք, որտեղ նշված է, որ 26 տրանսպորտային միջոցներից 11-ը անսարք են, իսկ 7-ը չեն սպասարկվում:

Որոշ ավտոմեքենաներ գույքագրման պահին գտնվել են տարբեր վայրերում ու տարբեր վիճակում: Օրինակ` Էրեբունու կոմունալ բաժնի պետի ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան, ըստ տեղեկանքի, գույքագրման պահին գտնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում և չի շահագործվել:

Ավտոմեքենաներից 14-ը սպասարկել են վարչական շրջանների աշխատակազմերին, որոնց գնման համար տարբեր տարիների համայնքային բյուջեից ծախսվել է 177,3 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետարանի տարբեր կազմակերպությունների ավտոպարկերից կրճատվել է 12 տրանսպորտային միջոց՝ 38 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

Կազմակերպություններին սպասարկող ամենաբարձր գին ունեցող ավտոմեքենան 2004 թվականին 6,5 միլիոն դրամով գնված ԳԱԶ-3102 մակնիշի ավտոմեքենա է, որը սպասարկել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ շինարարության բաժնի պետին: Այս կազմակերպությունից ընդհանուր առմամբ օտարվել է 5 ռուսական արտադրության ավտոմեքենա, որոնք չեն սպասարկվում: 

30-40 միլիոնանոց մեքենաներ՝ բաժինների պետերին

Տարեթվով ամենահին ավտոմեքենան Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնին սպասարկող GAZ-2410 է, որի համար ժամանակին վճարվել է 1,3 միլիոն դրամ:

Տրանսպորտային միջոցներից մի քանիսը, որոնք սպասարկել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, ժամանակին ձեռք են բերվել մեծ գումարներով:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավտոպարկից կրճատվել է աշխատակազմին սպասարկող 21,6 միլիոն դրամ արժողությամբ, 2007 թվականի արտադրության Volkswagen Touareg-ը:

Կրճատվել է նաև Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնին ծառայող, 1998 թվականի Mercedes-Benz S 320 տրանսպորտային միջոց, որը 2006 թվականին գնվել է 13,5 միլիոն դրամով: Այս բաժինը 2016 թվականից ղեկավարում է Կարեն Խաչատրյանը՝ մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի երկու տեղակալներից մեկի՝ Միքայել Սամվելյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը նույնպես ընկել է կրճատման տակ: Այն գնվել է արտադրության տարում՝ 2004 թվականին, 22,2 միլիոն դրամով և աճուրդի կհանվի 7,6 միլիոն դրամ մեկնարկային արժեքով:

 Կենտրոնի թաղապետի տեղակալ Միքայել Սամվելյանին սպասարկող Toyota Land Cruiser-ը

Օտարման ենթակա տրանսպորտային ավտոմեքենաներից ցանկում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին սպասարկող, 12,9 միլիոն դրամ արժողությամբ Toyota LC Prado-ն, արտադրությունը՝ 2008 թվականի: Այս բաժինը 2009 թվականից ղեկավարում է Սամվել Միքայելյանը:

 12,9 միլիոնանոց այս ավտոմեքենան սպասարկում է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետին

Կենտրոն վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների և գովազդի բաժնին սպասարկում է և 2008 թվականի արտադրության Mercedes-Benz R 350 L 4Matic, որը համայնքի բյուջեի վրա արժեցել է 30 միլիոն դրամ և հիմա նույնպես օտարման ենթակա է: Ըստ քաղաքապետարանի կողմից «Հետքին» տրամադրած տեղեկանքի՝ այս տրանսպորտային միջոցը վթարված է, սակայն հնարավոր է օգտագործել, գտնվում է Ավետիսյան փ. (Արաբկիր վարչական շրջան) հարակից ավտոտնակում:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ ավտովթարը տեղի է ունեցել 2-3 տարի առաջ, և քանի որ վերանորոգման համար մեծ գումար է անհրաժեշտ, նախընտրել են ուղղակի այն կայանել քաղաքի ավտոտնակներից մեկում: Ավտոմեքենան վթարված վիճակում գնահատվել է 3,5 միլիոն դրամ:

 Համայնքի բյուջեի վրա 30 միլիոն դրամ արժեցած Mercedes-Benz-ը մոտ 3 տարի է` լքված կայանված է Երևանի ավտոտնակներից մեկում (լուս.՝ գնահատող կազմակերպության)

Կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում ամենաթանկարժեքը Կենտրոնի վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանին սպասարկող Mercedes-Benz R 350 L 4Matic մակնիշի ավտոմեքենան է՝ 2003 թվականի արտադրության, որը հենց արտադրության տարում ձեռք է բերվել ոչ ավել, ոչ պակաս՝ 40 միլիոն դրամով (այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 84 հազար ԱՄՆ դոլար): Այս մեքենան այսօր գնահատվել է 3,5 միլիոն դրամ(տես առաջին լուսանկարը):

Վերը նշված բոլոր թանկարժեք ավտոմեքենաները ձեռք են բերվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ և թույլտվությամբ: 2002-2009 թվականներին հենց նա է եղել Կենտրոնի թաղապետը: Իհարկե միամտություն կլինի կարծել, թե իրադարձություններից անտեղյակ է եղել այդ տարիներին քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարած Երվանդ Զախարյանը:

Նշված տրանսպորտային միջոցները երևանցիների գրպանին թանկ են նստել ոչ միայն գնելիս: Դրանց սպասարկումը նույնպես բավականին մեծ ծախսեր է պահանջում: Կամո Արեյանը մայիսի 26-ի հայտնի զրույցում խոսելով նաեւ ներկայացուցչական ծախսերի մասին` ասել էր հետեւյալը. «Այո, մենք չենք թույլ տվել մեծ շռայլություններ: Այսուհետ էլ լինելու ենք զուսպ, բյուջեի հնարավորությունների սահմաններում, հավասարակշռված եւ արժանապատիվ»:

2003-2009 թվականներին, երբ Կենտրոնի թաղապետարանն իրականացրել է այս «հավասարակշռված և արժանապատիվ», «զուսպ»  ծախսերը՝ գնելով բավականին թանկարժեք ավտոմեքենաներ, Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր: 2003-2004 թվականներից այս կողմ համայնքի բյուջեից մեծ գումարներ են ուղղվել Կենտրոնի թաղապետարանի թանկարժեք ավտոմեքենաների սպասարկմանը, սակայն քաղաքապետարանը միայն հիմա է որոշել կրճատել դրանք:

Այս երկու ավտոմեքենաները միասին, համայնքի բյուջեի վրա արժեցել են 53 միլիոն դրամ

Ի դեպ, շահագործման ենթակա ավտոմեքենաներն այս օրերին շարունակում են սպասարկել պաշտոնատար անձանց, մինչեւ աճուրդը տեղի կունենա և դրանք կօտարվեն:

Արձանագրենք ևս երկու ուշագրավ փաստ. բուն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող որևէ ավտոմեքենա չի օտարվել: Իսկ վարչական շրջաններից այս առումով «կորուստ» են ունեցել Էրեբունին, Կենտրոնը, Նոր Նորքը, Շենգավիթը և Քանաքեռ-Զեյթունը: Այսինքն՝ հինգը՝ տասներկու վարչական շրջաններից:

Առաջին լուսանկարում` Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին սպասարկող 40 միլիոնանոց Mercedes-ը

Մեկնաբանություններ (6)

Hayuhi
Հենց այսպես էլ ապրում ենք մեր քաղաքում….
SKK
Որ մեր երկիրը ղեկավար ունենար; քաղաքն էլ ժողովրդի մասին մտածող քաղաքապետ՝ոչ թե մուլյաժ; հաստատ էտ անիմաստ չինովնիկների անիմաստ ծախսերը չէր արվի։ Քաղաքացուն; տնտեսվարողին քերում են; աջ ու ձախ տուգանում; հավաքած գումարներով ինչ որ մի թաղապետարանի բաժնի պետիկի համար ավտոմեքենա գնում։ Աննամուս; անթասիբ ղեկավարներ։ Խելքի եկեք։ Ժողովրդի դատը դաժան է լինելու։ Արդեն էլ համբերելու պատճառ չկա։
Մանուկ
Բայց ինչո՞ւ բուրժուական և ոչ սոցիալիստական։
Արժանի ենք!
Ինչպես հայտնի է, պետությունը ժողովրդի ծառան է, պետական ծառայողը՝ պետության: Ուրեմն էս բազմամլիոնանոց ջիպերով ման եկողները մեր ծառայի ծառաներն են - մենք էլ դեղի, ուտելիքի, լույսի ու վառելիքի փող չունենք! Կարելի է ասել՝ ըտենց պետության ու ժողովրդի ---
Karagiozian
Կենտրոն թաղապետանում իրենց Վատիկանում են կարծում. ներկայիս թաղապետը, չգիտես ինչու, գույքահարկի փողերը ծախսում է կաշառքի (տարատեսակ թույլտվությունների դիմաց գանձած գումարներ) փողերի նման. ախպեր, դրանք տարբեր դրմարկղներ են, կաշառքի դրամարկղի դեմ ոչինչ չունեմ, հավաքել ես, ծախսի ոնց ուզում ես... Ավտոմեքենաների ճոխությունը չոռնիից սկսվեց, նա սիրում է սև, մեծ, թաղման բյուրոյի ավտոյով իրեն ցուցադրել... Դե, չոռնիին անձեռնմխելի է, ուղղակի դպրոց որ չի գնացել, չափի զգացողություն չունի...
չտեսին ինչ ասես
մի անգամ ջիպավոր մի բանի գլուխ այսպես էր նախատում հին ժիգուլիով տարեց վարորդին - յեքա մարդ էս տո, էդ գարշոկով ընչի ես մեյդան մտել ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter