Ստեփանավանի «Ալեա»-ն և «օրինական» շինարարությունը
Նարեկ Ալեքսանյան
Ստեփանավան քաղաքի «Ալեա» զբոսայգու անմիջական հարևանությամբ շինարարություն է ընթանում: Այն ձգվում է այգու ճեմուղու երկայնքով, մոտ 2-3 մետր է հեռու ստեփանավանցիների և զբոսաշրջիկների սիրելի զբոսանքի վայրից:
Քաղաքացիներին մտահոգում է Ստեփանավանի այցեքարտը համարվող տուրիստական այդ հատվածում կատարվող շինարարությունը, սակայն նրանք այդ առիթով իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում: Դա «Ալեա»-ում և հարակից տարածքներում իրականացվող առաջին շինարարությունը չէ: Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նաև քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Քաղաքապետը հավաստիացնում է, որ շինարարությունն օրինական թույլտվությամբ է արվում` չնայած դեռ չկա ցուցանակ շինհրապարակում, իսկ շինարարարությունը սկսվել է շինթույլտվությունը ստանալուց առաջ (շինարարությունը սկսվել էր դեռ մայիսին, մինչդեռ շինթույլտվությունը տրվել է հունիսի 3-ին): Չնայած այն հանգամանքին, որ շինհրապարակի պարսպի հարևանությամբ գտնվող 4 ծառերը օրեր առաջ անհետացել են, քաղաքապետը նշում է, որ այդ տարածքում շինարարություն իրականացնողները ծառեր չեն հատել ու չեն հատելու, քանի որ տարածքն ընտրել են հենց ծառերի առատության պատճառով: Շինարարներն ասում են, որ այդ ծառերը մինչև պարիսպը կառուցելն են ընկել քամուց:
Այս պահին շինարարական աշխատանքները պարսպից այն կողմ շարունակվում են. առանձնատան հիմքը գցվել է, առաջին հարկի շինարարությունն ընթացքի մեջ է:
[gallery id=580]
Մեկնաբանել