HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՀՀ փոխոստիկանապետը հանցագործ է

Լուսանկարում պատկերվածը ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանն է: Հայաստանի իրավապահ մարմինները նրան մինչ օրս որեւէ մեղադրանք չեն առաջադրել եւ չեն կալանավորել: ՀՀ նախագահ, գերագույն հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նրան պաշտոնանկ չի արել՝ չնայած բոլոր հիմքերը կան: Այս պաշտոնյայի հրահանգով է դաժան ծեծի ենթարկվել լրագրող Հայկ Գեւորգյանը: Հ. Վարյանն անձամբ է լրագրողից խլել նրա ֆոտոխցիկը:

«Ինձ խփել են լուսանկարելու համար: Խփելը ո՞րն է՝ տշելով մի քանի մետր տարան: Ոստիկանապետի տեղակալ Վարյանն անձամբ խփեց՝ կարող եմ էդպես ասել: Վարյանը 12 հոգու հետ եկավ ուղիղ իմ վրա, լուսանկարչական ապարատը ձեռքիցս խլեց, ես ասացի՝ պարոն Վարյա՞ն, ինքն էլ ասաց՝ հեսա կտենաս, ու միանգամից իր հետ եկածները առանց մի խոսքի հարձակվեցին վրաս, ու հենց Վարյանի աչքի առաջ, իր հովանավորությամբ սկսեցին խփել դուբինկաներով: Մեջքիս էին խփում, գլխիս, ոտքերիս: Թե քանի հոգով հարձակվեցին` չեմ կարող ասել, միայն այն էի զգում, որ ծոծրակիցս բարձրացնում էին, խփում էին, գցում հատակին, նորից էին բարձրացնում, նորից խփում, նորից գցում հատակին: Հետո հենց այդտեղից արնաշաղախ գցեցին իրենց «Վիլիսը», կալանավորեցին, տարան Նորքի ոստիկանություն: 1,5 ժամ հետո, երբ տեսան, որ շատ վատ եմ, զանգեցին «Շտապ օգնություն», տարան Նորքի հիվանդանոց»,-պատմում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը:

Ապրիլի 13-ի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների ընթացքում ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել լրագրողների նկատմամբ: Ռուսական OPT հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել եւ ջարդել նրա տեսախցիկը: «Չորրոդ իշխանություն» թերթի թղթակից Մհեր Ղալեչյանին ծեծել են եւ մեկ օր պահել Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում: Ռետինե մահակներով ծեծել են նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի մեկ այլ թղթակցի` Ավետիս Բաբաջանյանին: Նրան տարել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ անցկացրել է ամբողջ գիշերը:

Այսօր բոլոր հիմքերը կան ինչպես ապրիլի 5-ին լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացրած հայտնի օլիգարխների թիկնապահներին, այնպես էլ ապրիլի 13-ին լրագրողների ծեծը կազմակերպած բարձրաստիճան ոստիկան Հովհաննես Վարյանին կալանավորելու համար: Սակայն այս բոլոր հանցագործներն ազատության մեջ են եւ ցանկացած պահի նորից կարող են հարձակվել լրագրողների վրա: Իշխանությունները նրանց պահում են հենց այդ նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter