HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արթիկում դեռ հունիսի 24-ի հեղեղումի վնասներն են հաշվում

Հունիսի 24-ին Արթիկում սկսված ինտենսիվ անձրեւն ու կարկուտը վերահաս աղետ չէին կանխագուշակում: Միայն քաղաքի հարավ-արեւմտյան հատվածում սեփական սեկտորի թաղամասերից մեկի բնակիչներն էին որոշակիորեն անհանգստացած՝ հատկապես ջրատարի հարեւանությամբ կառուցված տներում ապրողները:

Ջրատարով հոսող ջրի մակարդակի րոպե առ րոպե բարձրացումն ու մեծ աղմուկով վերեւից թավագլոր իջնող տուֆի հսկայական քարակտորների աղմուկը Արթիկի բնակչուհի Ժաննա Սրապյանին ստիպել էին տանից դուրս վազել: Կինը սկզբում մտածել էր, թե երկհարկանի տան տանիքն է փլվել:

«Ես տունը երկու փոքրահասակ թոռնիկներիս հետ էի ու ուժեղ գփոցի ձեն առա, ընձի թվաց տանիքը փլավավ: Տնից դուրս վազեցի՝ տեսա հարեւաններս կանգնած սելավը կնկարեն: Վախեցա, ասի հիմի ջուրը մեր տուն կլցվի, հենց էդ պահին ջուրը հասավ կամուրջ, հետ տվեց ու մեր 4 մետրանոց քարե պարիսպը փլցնելով՝ լցվավ մեր տունը»,-հիշում է տիկին Ժաննան: Վախից կինը չի կարողացել կողմնորոշվել ու տան երկրորդ հարկում պատսպարվելու փոխարեն թոռնիկներին հարեւանի պարսպից իջեցրել էր նրանց բակ, որ զերծ էր մնացել հեղեղումից:

«Ես մնացի ջրի մեջտեղը կանգնած: Օգնություն կգոռայի, բայց ո՞վ կար, որ գար օգնության: Կանգնած դու քո աչքովդ կտեսնիս, թե էդ քարն ու ավազը ինչ ձեւով կլցվի տունդ, այգիդ, տանդ էղածն էլ ջուրը կքշե կտանի՝ էնքան որ ուժեղ էր,-ասում է Ժաննա Սրապյանը,-էնքան ուժեղ էր, որ երկու կողմից դարպասները պոկեց, քարերը լցրեց տարածք՝ սաղ այգիս ավիրեց: Խոհանոցից սառնարան քշել հասցրել էր նախասրահ, պահարաննների էղած-չէղածը քշեց տարավ»:

Մետրուկեսից ավելի տիղմ ու ավազ է լցված Սրապյանների տան առաջին հարկի սենյակներում: Ջուրը, հունը փոխելով, չէր բավարարվել այգին քարե անապատի վերածելով, ողողել էր տան ամբողջ առաջին հարկն ու հեռանալով՝ թողել բերած ավազահողը, որ 5-րդ օրն է` մաքրում են, սակայն կարողացել են միայն նախասրահի փոքրիկ հատվածը դարձնել օգտագործելի:

Տիկին Ժաննան դժվարանում է գնահատել կրած վնասը, ասում է` միայն խոհանոցի պահարանում 5000 դոլարի սպասք ուներ, վերջերս էլ փափուկ կահույք էր գնել 3000 դոլարով, գազօջախը, լվացքի մեքենան եւս նոր էին ու հիմա ամբողջովին անպիտան են դարձել:

Ես էլ տուն չունեմ՝ մենակ պատերն են

70-ամյա Լյովա Մողրովյանը մտամոլոր քայլում է քաոսի վերածված տան բակում: Ընտանիքի անդամները՝ կինը, հարսը, թոռները ժամանակավորապես տեղափոխվել են ապրելու Պեմզաշենում բնակվող աղջկա տանը: Տղան ՌԴ-ում է՝ մեկ ամիս առաջ էր մենել արտագնա աշխատանքի:

«Տղես ինտերներով տեսել էր՝ զանգել լաց կեղներ, թե պապ ջան, ինչ կըսես, թռնիմ գամ, ի՞նչ էնեմ, ասի չէ, մնա, գաս ինչ բդի էնես՝ էլ տուն չունինք, մնա գոնե փող աշխատի, մենք էլ տեսնինք գլխներիս ինչ գուկա»,-ծերունու աչքերը թացանում են: 

Ասում է երկու օր տանիքում եմ քնել, ընտանիքս Պեմզաշենում է: Աղետի երկրորդ օրը վարչապետն եկել տեսել է իր տան վիճակը՝ քաղաքապետին հրահանգել է տուն գտնել, որ գնի իրենց համար: Մեղադրում է քաղաքապետարանին կատարվածի համար: «Սաղ տեղական իշխանություններն են մեղավոր,-ասում է Լյովա պապը,-թույլտվություն տվեցին, որ սելավատարի վրա պանել դնեն, վրեն հող լցնեն՝ կլուբնիկ աճեցնելու համար: Եթե էդ բանը սարքած չէղնեին՝ դժվար, թե ջուրն ու քարը լցվեր մեր տները: Ռուսաստանից եկած թափով մարդ էր, բերավ-դրավ ծածկեց, ինքն էլ տարվա մեջ մի երկու-երեք ամսով գուկա ըստեղ, հիմի էլ տունը չէ: Էն օր կռանով գուզենք վերեւ բարձրացնենք պանելը, օր տեղ էղնի՝ ջուրն էրթա՝ հարսն ելել իրան կպատռտե: Մեր տներն ավիրվել են՝ իրանք իրանց կլուբնիկի դարդն են»:

Զրուցակցիս պատմելով` մոտ 4 տարի առաջ էլ էր ջրատարում ջրի մակարդակը բարձրացել, սակայն նման չափերի չէր հասել, եւ մարդիկ էլ էական վնասներ չեն կրել ու ամենակարեւորը՝ տուֆի քարհանքերի թափոնները քաղաք չեն հասել: «Էս բակի մեջ 4 ախպոր տուն է՝ երեքս տուժվել ենք: Վարչապետն օր եկել էր Արթիկ, ընձի հենց ըստեղ, իմ տան մեջ խոստացավ, օր տուն բդի առնի, հլը քաղաքապետին էլ հանձնարարեց, որ տուն գտնի: Ես սաղ ապրուստիցս զրկվել եմ, աչքիս հեչ բան չի երեւա, բայց տղուս ընտանիքն հմի փաստացի դուրսն է մնացել ու միակ բանն օր գուզեմ՝ էդ նոր տունն է, որովհետեւ ըստեղ էլ հնարավոր չէ ապրել»:

Բակում հավաքված Մողրովյանները պատմում են, որ ջուրը հունը փոխել եւ լցվել է Լյովա պապի տուն: Տան կահ-կարասին ու անկողնային պարագանները, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկան այլեւս պիտանի չեն օգտագործման: Ինքը՝ Լյովա պապը, դժվարանում է գնահատել կրած վնասը. «Երկու օր ջուրը մետր ու կես տանս մեջ կանգնած էր, հեչ բան չենք հանել նորմալ, էս դեպքից մի քանի օր առաջ 1000 դոլար տվի կամպյուտրն ու սեղանը բերեցի տուն: Տղուս ավտոն է թափելու բան դարձել՝ մի խոսքով: Հմի թոռս բանակ բդի էրթա, տղուս ըսի, թե գոնե էս տարի խոպան գնա՝ կրնանանք նամուսով երեխուն բանակ ճամփենք, թե չէ իմ ու կնոջս թոշակով ու թոռներիս նպաստով հալի չենք հասնի»,-նկատում է զրուցակիցս:

 Ե՞րբ կվերացվեն Արթիկում աղետի հետեւանքները

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը դժվարանում է այս հարցին պատասխանել: Ասում է՝ այս պահին հաշվարկում են քաղաքին եւ բնակիչներին պատճառված վնասը: Հեղեղումների պատճառը քաղաքապետն համարում է հունիսի 24-ին մոտ ժամ ու կես տեղացած անձրեւն ու կարկուտը: Արագածի ստորոտին անասունը արոտի տարած հովիվների վստահեցմամբ՝ կարկուտի շերտ կազմել է 30-50 սմ: Սարերից հոսող ձյունը լցվել է մերձակա ձորակը, որտեղ տարիներ շարունակ տուֆի հանքերը շահագործող կազմակերպությունները թափոններ են կուտակել: Սարերի չհալված ձյունն էլ իր հերթին է բարձրացրել գետակի հունը:

«1930-ից մինչեւ 90-ականները, հանքերի տուֆի թափոնները լցվել են ձորակը,-ասում է Արսեն Աբրահամյանը,-այնինչ պետք է կոնսերվացնեին: Հետագայում էլ հանք շահագործողներն անփույթ են վարվել, տարիներ շարունակ կուտակել են հսկայական թվով ոչ պիտանի քար ձորակում՝ հենց դա է ջուրն իր հետ բերել քաղաք: Հիմա մենք փորձում ենք վերացնել աղետի հետեւանքները, բայց թե կոնկրետ գործողությունները երբ կսկսենք՝ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ վնասներն ենք հաշվարկում: Տուժել են հիմնականում սեփական սեկտորի տները, երկու շենքի նկուղային հարկեր, դպրոցը եւ մանկապարտեզը»:

Քաղաքապետի փոխանցմամբ մարզպետարանում հանձնաժողով է կազմվել եւ նրանք են կատարում վնասների գնահատումը: Տուժել է 41 բնակելի, դրանցից 11-ը գտնվում է առավել վատթար վիճակում: Ուսումնասիրությունները պիտի պարզեն, արդյո՞ք հնարավոր է դրանց ետագա շահագործումը, թե հարկ է, որ ընտանիքները ապահովվեն նոր բնակարանով: Նշենք, որ տուժած բնակելիներում էլեկտրաէներգիա կա, սակայն մարդիկ զրկված են խմելու ջրից ու դույլերով ջուր են բերում անվնաս մնացած թաղամասերից: 

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Միթե՞ հնաչավոր չե այդ տարացքի երեխաներին գոնե երկու շաբաթով տեղավորել պանսիոնատներում: Դրանց թիվը այդքան էլ շատ չէ և մեծ ծախս չի պահանջվում: Ամոթ է: Միայն ցուցադրական միջոցառումներ կարող են կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter