HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանում սողանքային գոտում գտնվող տներն ամեն պահի կարող են փլվել

Գայանե Սարգսյան

Շահումյանի գյուղապետ. «Կրկնվի, ես հո Սողոմոնը չե՞մ…Ասում ենք՝ սպասենք, տեսնենք էս սելավը ինչ ա մեր գլուխը բերում, նոր հետո մեր հիմնական աշխատանքները կսկսենք»

Վաղ առավոտից դույլերով քար ու հող կրող Մելքոնյան ամուսիններին հանդիպեցինք Շահումյան գյուղի Ամառանոցային թաղամասում: Նրանց տունը գտնվում է հունիսի 26-ի առավոտյան սողանքների հետևանքով փլուզված երկու տների հարևանությամբ: Ամուսինները մտավախություն ունեն, որ սողանքը կարող է արագ տարածվել ու վտանգել նաև իրենց տան հիմքերը: Փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանք մտածում են շինանյութով լցնել երկու տների փլուզման հետևանքով առաջացած ահռելի փոսը: Քանի որ այդ հատվածը միջհամայնքային ճանապարհի հարակից պատն է, դրա ամրացման համար նրանք դիմում են մեզ հետ դեպքի վայր այցելած գյուղապետի աջակցությանը:

-Մանուկյան ջան, ճանապարհին չես կարո՞ւմ մի քիչ օգնես,- հարցրեց ամուսինը՝ Ազատ Մելքոնյանը:

-Հլա սպասեք ճամփեքը սարքենք,- պատասխանեց Շահումյանի համայնապետ Էդիկ Մանուկյանը, ի նկատի ունենալով գյուղամիջյան այն ճանապարհները, որոնցից գյուղացիները շատ են օգտվում: -Մինչև ճամփեն սարքեք, ստեղ փուլ կգա,- նկատեց Ազատը:

-20.000 դրամով բարիշել եմ, որ գեղի ճամփեն դզեմ, դու ավտոյով գաս գոնե մինչև ձորը: Էն էլ ասում են, որ լցնեմ, մինչև ամսի 1-ը պետք ա սելավ անի, նորից քշի տանի: Սպասի դա անեմ… Մի օր կանդրադառնանք ստեղ,-շարունակեց գյուղապետը:

-Հմի որ ես դեսն ավտոյով գամ, որ մտնեմ գարաժ, ճամփեն կփլվի: Երկու օրվա մեջ ճաքը մեծացել ա ու շարունակում ա մեծանալ,- հույսը կտրած մեզ է դիմում Ա. Մելքոնյանը:

Փլուզված տարածքի եզրին գտնվող էլեկտրասյունը թվում է` ուր որ է կընկնի: «Ստոլբեն եկել են երեկ ամրացրել, տակից տրոսով կապել են, ասում են՝ չի ընկնի, վերևն էլ որ ստայակներին ա կապած, կարող ա պահի»,- պատմում է տիկին Ժանետան:

Չնայած նրան, որ երկհարկանի տունը գտնվում է առաջացած փոսից մոտ 3 մետր հեռավորության վրա, իսկ սողանքի մեծացող ճաքը տնից ընդամենը 1-2 մետր է հեռու, ամուսինները չեն ցանկանում լքել տունը:

«Չենք աշխատում, թոշակառու մարդիկ ենք, գալիս մնում ենք: Մարշրուտնով ենք եկել, ցեխերով, մի տեղից մի տեղ թռչելով եկել հասել ենք: Երեկ ավտոյով էինք եկել, ճամփեքն էնքան քանդած ա, տակերը լրիվ տվինք ջարդինք: Էսօր ասինք էսպես գանք: Որ սաղս լքենք, գնանք, ո՞նց կըլնի: Մեր հողին տեր ենք, մեր տանը տեր ենք»,- նշում է կինը:

Երկուսով միասին մոտ 120.000 դրամ թոշակ ստացող ամուսինները պնդում են, որ միայնակ չեն կարող լուծել փլուզվող ճանապարհի ամրացման խնդիրը: «Հո չենք կարա էդ թոշակը տանք, որ ճամփի հիմքն ամրացնենեք: Որ գոնե մի քիչ օգնեն, էդ փողը տան, ֆիզիկապես ա, թե հաց տալով ա, էդ հարցն էլ մենք կլուծենք»,- նկատում է տիկին Ժանետան:

Տունը չեն լքում, բայց գիշերել արդեն Մելքոնյանները վախենում են: «Հրեն, շորերս բալկոնում ենք թողել, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, արագ կարողանանք հագնենք, փախչենք»,-ասում է տանտիրուհին ու ցույց տալիս բակում դրված վերնազգեստները:

Ամառանոցային թաղամասում 8 տուն այժմ գտնվում է սողանքային վտանգավոր գոտում: Այս թաղամասում գտնվող տներում սեփականատերերը հիմնականում ամառային ամիսներին են բնակվում: Փլուզված տների տերերը դեպքի օրը գյուղում չեն եղել: Նրանք այսօր առավոտյան են եկել գյուղ ու տեղում տեսել, որ փլված տներից ոչինչ հնարավոր չէ փրկել:

«Պետությունը ո՞րին հատուցի, պատերազմին զենք տա՞, թե՞ սողանքային գոտու դաչնիկին ասի` դաչնիկ ջան, առ քեզ փողդ: Ասիլը հեշտ ա, գործ անելն ա դժվար: Ես ասել եմ՝ ես ի վիճակի չեմ, ես մինիմալ մակարդակով ճանապարհները կսարքեմ: Ում ուզում եք գնացեք դիմեք, ձեր վնասի փոխհատուցումն ուզեք: Իմ բյուջեն նայեցիք: 45 մլն-ը մենակ գնում ա աշխատակազմի ու մշակույթի կենտրոնի աշխատավարձին»,- մեզ է դիմում Է. Մանուկյանը:

Չնայած նրան, որ փլուզումն, ըստ բնակիչների, գրանցվել է կիրակի առավոտյան, սակայն դեպքի մասին լրատվամիջոցներն ու փրկարարական վարչությունում իմացել են երկուշաբթի առավոտյան:

«Ասում են՝ դեպքի օրը գյուղապետը հանգստանալիս ա եղել Քոբուլեթում: Իմացել ա ու եկել»,- ասում է 77-ամյա Ռոբերտ Սարգսյանը, ով փլուզման առաջին ականատեսներից է:

«Էկածս օրը էդ տունը չէր փլվել, շաբաթ իրիկունը մնացել եմ, առավոտը որ զարթնեցի, էդ կողմից ձեն էր գալիս: Ստեղ մեկ-մեկ գողություն ա էղնում: Ասի՝ էս առավոտ գիշերով 7:15 ա, ըտեղ ի՞նչ են անում: Ձենը գնալով շատացավ, 9-նն անց էր, մի հատ ուժեղ ձեն եկավ: Մտածեցի՝ կռիշ են քանդում: Վեր կացա գնացի, հասա էդտեղ, տեսա գետինը ճաքած ա:Հողը ճաքած որ տեսա, ասի՝ ուզում ա հողը փախչի: Նայեմ, տենամ էդ երկու տները չկան, հողը քշել տարել ա»,- պատմում է բնակիչը:

Ռ. Սարգսյանի տունը սողանքային հատվածից մի քանի տուն այս կողմ է: Մինչ այժմ պարբերաբար գյուղում գիշերող Ռոբերտին Վանաձորում ապրող ընտանիքի անդամներն արգելել են գիշերը մնալ: «Տանն ասին` էլ դու գիշերներն էնտեղ չես մնալու, առավոտը գնա, իրիկունը հետ կգաս: Վախում են: Ես էլ էի որոշել, որ չմնամ, որովհետև դե վախելու ա»,- ասում է Ռոբերտը:

Նրա կարծիքով, գյուղի կրած վնասներից առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը Ամառանոցային թաղամասի վտանգավոր գոտում գտնվող տները փրկելն է: «Որ մտիկ ենք անում սաղ գյուղով, առաջնահերթ էս տների հարցը պիտի լուծվի, որ մնացածն էլ չփլվեն: Բերեն քար, հող լցնեն էդ բացված փոսը, որ պահի, տներն ապահով էղնեն»,- ասում է նա:

Գյուղապետը, սակայն, չի կիսում նրա կարծիքը: «Երեկ գյուղապետին ասեցի, ասում ա՝ էսա գալիս ա խոտ հնձելու ժամանակը, պետք ա ճանապարհները սարքենք… Էդ մարդը հո չի ասում` արի իմ դաչեն սարքի, գոնե օգնեն փոսը լցնենք»,- շարունակում է Ռոբերտը:

Վերջին օրերին հորդառատ անձրևներից ու սելվաջրերից վարարած գետն իր ճանապարհին արմատախիլ է արել հաստաբուն ծառեր, ցանկապատեր: Ճանապարհի կեսին գետը փոխել է իր հունն ու ողողել Յուրիկ Դավթյանի գոմը, քշել տարել գոմի մի հատվածը:

«Երկու գոջիներին հազիվ կարեցանք փրկենք,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց բնակիչը` ցույց տալով գետի մյուս ափին գտնվող ուռին,-էն ուռի ծառը տենում ե՞ս, էդ ուռի ծառը իմ հողի մեջ էր, ես էդ հողի հարկն էլ մինչև հիմի տալիս եմ»:

Անգոմ մնացած գյուղացին հիմա կենդանիներին հարևանի գոմում է պահում: «Ցանած կարտոլս էլ ա տարել: Գյուղապետին ի՞նչ կա, գյուղապետն ասում ա՝ ձեր ծախսերով: Ես իմ ծախսով կարա՞մ էս ամեն ինչն անեմ, գետի հունն իրա տեղը գցեմ: Ասում ա՝ ես ճանապարհներն եմ սարքելու… Անտեր գյուղացի… գնա, ոնց ուզում ես ապրի…»,- դժգոհում է գյուղացին` հավելելով, որ ևս մեկ վարարման դեպքում վնասի չափերն այդ թաղամասում ավելի մեծ են լինելու:

Շահումյան համայնքը սողանքների ու սելավաջրերի հետևանքով վերջին անգամ մեծ ծավալի վնաս էր կրել 8 տարի առաջ: «Համայնքային շուրջ 1.5 կմ ճանապարհ դարձել է անանցանելի, վնասվել են գյուղի մի քանի կամուրջներ, գյուղացիների գոմերը, այգիները,-թվում է գյուղապետն ու տեղեկացնում ամենակարևորի մասին,-ահազանգվել է մարզպետարան, մարզպետարանը հանձնաժողով է ստեղծել, հոգատարություն են ցուցաբերել, մարզպետի տեղակալն է անմիջապես եկել»:

-Գործնական ի՞նչ է արվել, - հարցնում եմ:

-Գործնական ղեռ ոչինչ, գործնական միանգամից անհնար է անել: Որոշակի աշխատանքներ արվել են ճանապահների վրա, մինիմալի հասցվել ա: Միանգամից կարա՞ս անես, դրա համար ժամանակ ա պետք, ծավալուն աշխատանք ա պետք, բյուջե ա պետք,- ասում է գյուղապետը:

-Գյուղապետերանն ի՞նչ աշխատանքներ է արել:

-Հեղեղատարները մաքրվել են, մի ոտի կամուրջ նորոգվել ա, խոցելի, խոր, անանցանելի տեղերը բացվել ա, երթուղային տաքսին մինչև վերին կանգառ արդեն գնում ա, նույնիսկ աշխատակիցները գնացել են տնե տուն օգնել, գետի հունն ենք մաքրում, որ սպասվող սելավները մեծ վնաս չպատճառեն,- թվում է գյուղապետը: (Հեղ.՝ Վնասված թաղամասեր տանող ճանապարհները, սակայն, չափազանց վատ վիճակում էին ճանապարհ կոչվելու համար):

-Քանի որ առաջիկա օրերին անձրևներ են սպասվում և սելավի ու սողանքի վտանգ կա, ինչ- որ աշխատանքներ արվո՞ւմ են այդ ամենի դեմն առնելու համար:

-Ընթացքում պիտի որոշվի:

-Այսինքն՝ ե՞րբ ընթացքում:

-Ի՞նչ քայլեր պետք է արվի ըստ ձեզ: Պիտի հենապատ կառուցվի, պիտի ամրացվի: Դիմել ենք, ընթացքի մեջ ա, եթե ճանապարհ չկա, կարող ա՞ մենք վերտալյոտով տանենք: Կռան էլ տանենք, ավելի կարագացնենք, էդ մարդկանց էղածն էլ կտանք կքանդենք: Դրա համար մասնագետ ա պետք, ժամանակ ա պետք… Կրկնվի, ես հո Սողոմոնը չե՞մ: Ինտերնետում կա, որ Լոռու մարզում էլի հեղեղ ա ըլնելու: Մտածում ենք, որ խոցելի գոտի ա, սկսենք նորմալ աշխատանքներ տանենք, էդ էղածը նորից վնասի: Դրա համար ասում ենք՝ սպասենք, տեսնենք էս սելավը ինչ ա մեր գլուխը բերում, նոր հետո մեր հիմնական աշխատանքները կսկսենք: 

[gallery id=581]

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter