HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-ամյա տղան հաց է թխում, խմորեղեն պատրաստում, ճաշ եփում, կար անում և երազում, որ մայրը տեսնի

«Երազանքնե՞ր… Կարևորը մամաս տեսնի, մնացածը մենք կանենք»: Սա 13-ամյա կապանցի Կարենի երազանքն է:

Խոհանոցում երկուսով զրուցում ենք: Կարենն անընդհատ ժպտում է: 4 տարի է՝ մայրը կորցրել է տեսողությունը, տան գործերը հիմնականում ինքն է անում՝ հաց է թխում, խմորեղեն է պատրաստում, ճաշ է եփում, կար է անում… Մի անգամ թխվածք էր թխել, տարել դպրոց:

Կարենի դեմքին հոգսերի հետքեր չեք գտնի: Նա խոսում է ամաչելով, բայց ոչ խեղճացած: Խոհանոցում հին սպասքապահարանն է՝ մի քանի բաժակ-ափսեներով, մի հին սեղան, մի աթոռ ու տախտակ, որը հարմարեցված է նստելու համար: Կարենը նստում է այդ տախտակին, ես՝ աթոռին: Հարցնում եմ՝ ո՞նց է անցնում օրը, ուսերը վեր է քաշում, թե՝ սովորական: Պահարանի վրա սրբիչով փակել է հացի խմորը. «Մամաս ասում է՝ ինչ լցնեմ, ինչ անեմ, ես խառնում եմ, հետո դնում եմ գազի մեջ»:

Կարենը սովորել է սվաղ անել, մեր գնալու պահին պատրաստվում էր լվացարանը տեղադրել: «Ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել, դռելով-բանով աշխատում եմ, բայց բալգարկայով դեռ չեմ կարողանում»,- նշում է տղան, հետո բացատրում, որ «բալգարկայով» երկաթը պիտի ուղիղ կտրի, եթե ուղիղ չկտրի, կվնասի իրեն: Դրա համար առայժմ վախենում է աշխատել այդ գործիքով:

Բակում, ասում է, չի ուզում, որ երեխաներն իր մասին վատ բան մտածեն. ասեն՝ մամայի բալիկ է, օգնում է մամային: Բայց, շարունակում է, ուրիշ ելք չունի: Դպրոցից հետո Կարենը մնում է խնամքի կենտրոնում: Միայն շաբաթ-կիրակի օրերին է տուն գալիս: Այդ ընթացքում տան գործերն անում են բարեկամները: Դե, նրանք էլ իրենց հոգսերն ունեն, շատ ժամանակ, օրինակ, Շիկահողում ապրող քույրը չի կարողանում գալ, երեխաներ ունի, ընտանիք է պահում: Բոլորին էլ հասկանում է, և ասում է՝ շնորհակալ է, որ օգնում են իրենց:

Կարենը հաճախ բակից ծաղիկներ է բերում մոր համար: Մայրը՝ Լուսինե Առուստամյանը, ասում է. «Երբ Կարենչիկը ծաղիկ է բերում, բացատրում է ձևը, գույնն է ասում, հետո թե՝ մամա, հոտ քաշի»: Հեռուստացույցի մոտ և պատուհանագոգին վարդեր են դրված: Դրանք էլ է Կարենը բերել: Մայրը երբեմն խնդրում է տղային, որ ուրիշի այգիներից կամ բակից ծաղիկներ չպոկի, գողության պես բան է, բայց Կարենն ասում է՝ ի՞նչ անենք, ծաղիկ է: «Ասում է՝ մամ, բերում եմ, որ դու ուրախանաս, ի՞նչ է դառնում որ»,- նշում է Լուսինեն:

Երբ հյուր են գնում, մայրը պատմում է, որ Կարենն ամեն ինչ անում է, որ ինքը գեղեցիկ տեսք ունենա: «Ինքն է իմ ձեռքերի, ոտքերի մանիկյուրը քսում: Տեղ գնալուց ասում է՝ մամա, պիտի աշխարհի ամենասիրուն մաման լինես…»,- նկատում է 42-ամյա կինը:

Լուսինեի տեսության կորուստն առաջացել է տարիներ առաջ, առաջին ամուսինը հարվածել էր, մատը մտել էր աչքը: Տարիներ անց մի աչքի տեսողությունը կորավ, մյուսն էլ միայն թեթև լույս է տեսնում:

Հարևանների կարուձևի աշխատանքերին էլ է օգնում Կարենը, վերմակի երեսներն են բերում, որ կարի: Մտերիմների խոսքով՝ ականջը թեթև երեխա է, մի բանով դիմես՝ կօգնի:

«Կարենչիկին միշտ ասում եմ՝ մարդ պիտի ուժեղ լինի»,- շարունակում է Լուսինեն: Վերջինս երկու անգամ է ամուսնացել, երկու անգամ էլ, ինչպես ասում է, անհաջող ամուսնություն է եղել, բայց դրա համար մեղավորներ չի փնտրում, պարզապես իրար չեն հասկացել: Առաջին ամուսնուց երկու որդի ունի, երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն, երկրորդ ամուսինը ազգությամբ ռուս էր՝ Կարենի հայրը: Կարենը կրտսեր եղբայր է ունեցել, բայց նորածին էր, երբ մահացավ:

«Իմ պատմությունը շատ երկար է»,- ասում է Լուսինեն: Ավագ որդին հիմա դատապարտյալների հիվանդանոցում է: Մոր խոսքով՝ բանակում հոգեկան խնդիրներ են առաջացել որդու մոտ, ինչի պատճառով էլ զինծառայությունը կիսատ է թողել, վաղաժամ զորացրվել: Ամուսնացել է, մի երեխա ունի: Բնակարանային գողության պատճառով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: «Բանակ ճանապարհեցի, բայց հոգեբուժարանից հանեցի»,- շեշտում է Լուսինեն: Միջնեկը որդին էլ երևանյան հիվանդություն ունի: «Հիմա գնացել է ներկ քսելու, աշխատում է, բայց շունչը կտրվում է»,- ավելացնում է:

Լուսինեն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 21 հազար դրամ թոշակ և նպաստ՝ 23 հազար դրամ: Մեր զրույցի ընթացքում թվարկում է այն մարդկանց անունները, ովքեր օգնել են իրեն, չի մոռանում որևէ մեկի արածը: Նաև վատ է զգում դրա համար, ասում է՝ որ տեսնեմ, ամեն ինչ կկարողանամ ինքս անել:

Նախորդ տարի Կարենը նամակ է գրել ՀՀ նախագահին՝ խնդրել, որ օգնեն մոր տեսողությունը վերականգնել: Հաշվարկել են՝ վիրահատությունը 2 միլիոն դրամից քիչ ավել է:

Կարենը քսակ է կարում, մենք հետևում ենք նրան: Մայրը ցանկանում է, որ որդին զինվորական դառնա, Կարենի սրտով չէ: Ասում է՝ ինքն ուզում է առաքիչ դառնալ: Ծիծաղում ենք: Որոշ ժամանակ Կապանում առաքիչ է աշխատել, Լուսինեի ընկերուհին է օգնել այդ հարցում:

«Կարենչիկը շատ է սիրում լողավազան գնալ, որ թոշակս կամ նպաստը ստանում եմ, փող եմ տալիս, որ գնա լողավազան»,- նկատում է մայրը: Կարենին հարցնում եմ՝ լա՞վ է լողում, պատասխանում է՝ այո, հետո ժպտում:

«Ես երազում եմ, որ տղայիս դեմքը տեսնեմ: 4 տարի է անցել, մեծացել է Կարենչիկը, ուղղակի պատկերացնում եմ դեմքը: Մտածում եմ, որ սիրուն տղա է»,- սա ասելուն պես ձայնը խզվում է, ակնոցի տակից արցունքներ են հոսում:

Կարենը կարի մեքենայով կար է անում: Մայրն ասում է. «Կարենչիկ, մի հատ թութաջաղ (բռնիչ) կարի, կակռազ չունենք»: Տղան կարի մեքենայի ասեղն է թելում, մոր հուզմունքից ազդվում է. «Մամա՛, հանգստացի՛ր»:

Մեկնաբանություններ (9)

Taron
https://www.gofundme.com/ bacenk, $5000 dollara petk, aydkan el shat chi
Margarita
Ես երեկ փոխանցեցի 40000 դրամ նվիրատվություն և շատ կցանկանայի, որ մի ժամանակ անց մեզ լուսաբանեն ինչ արդյունքներ կան նբիրաբերություններից և ընտանիքի վիճակից:
Արման
Կխնդրեմ բոլորս միահամուռ ուժերով օգնենք. այս ընտանիքին.. իրոք որ արժանի են...
Անժիկ
Ծանր է նման բաների մասին նույնիսկ լսելը, կարդալը... Մի փոքր ուշադրություն է պետք, հոգատարություն, եւ այսպիսի ընտանիքներում շատ բան կփոխվի: Եկեք օգնենք:
Sara Anjargolian
An update to my comment above - we brought Mrs. Lousineh to Yerevan and she was seen by an excellent eye specialist through the Armenian Eye Care Project. Very unfortunately the specialist here in Yerevan (as well as specialists in the U.S. who subsequently reviewed her case) believe that surgery will not be successful in restoring Mrs. Lousineh's vision. The opinion of all the doctors involved is that there is nothing that can be done. We should all do what we can to help her 3 sons have a brighter future. I am open to suggestions.
Sara Anjargolian
Thank you HETQ for bringing this story to our attention. With the great help of the Armenian Eye Care Project, our Impact Hub Yerevan community will be bringing Mrs. Lousineh to Yerevan to be seen by a specialist this week.
Հետք
Հարգելի ընթերցողներ, Լուսինեի եւ Կարենի համար բացվել է հաշվեհամար Կոնվերս բանկում՝ 1930043042450300: Ցանկության դեպքում կարող եք փոխանցումներ կատարել այս հաշվեհամարին՝ Լուսինե Առուստամյանի անունով: Շնորհակալություն:
Հետք
Քանի որ «Հետքն» ու հոդվածի հեղինակը բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր են ստանում Լուսինե Առուստամյանից որեւէ կոնտակտ փոխանցելու խնդրանքով, որոշեցինք նրա թույլտվությամբ հրապարակել հեռախոսահամարը՝ 093 19-50-19: Լուսինեն եւ Կարենը ապրում են Կապանի Հունան Ավետիսյան փողոցում (հայտնի որպես Հունան թաղամաս): Շնորհակալություն բազմաթիվ արձագանքների եւ օգնության պատրաստակամության համար:
Karen
Հարգելի ժողովուրդ, բացեք որևէ բանկում հաշվեհամար, այդ մարդկանց անունով և հրապարակեք այն: Ես անձամբ, արտերկրում եմ բնակվում, գումար կփոխանցեմ և վստահ եմ կգտնվեն մարդիկ որ նույնպես կպոխանցեն գումարներ, Կարենի մոր վիրահատության համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter